29.02.2012

Կատյա Գրիգորյան «Քառորդ ժամ»

Բայց ես որոշել էի բաց չթողնել գարնան առաջին օրը...
 Նա ձեռքը սեղանին զարկեց ու պատառաքաղը դանակի հետ հայտնվեց գետնին...նա առհասարակ ձեռքը սեղաններին զարկելու սովորություն չուներ...աչքերս մի պահ կանգ առան նրա հայացքի մեջ...կարծեմ այդ պահին համաձայնություն կար աչքերիս մեջ...նոր էր ճաշել, ճաշելուց հետո էլ սովորություն ուներ մի քառորդ ժամ մեկնվել ու հանգստանալ...ես վստահ էի, որ նա ճիշտ է ու ավելի քան վստահ էի, որ համաձայն եմ նրա հետ: Էդպես համոզված կամ ինքս ինձ համոզելով հավաքեցի սեղանին մնացած եղած չեղածը..      Համոզվածությունս  քննության չենթարկելու համար սկսեցի ինձ զբաղեցնել...բացեցի ծորակը, պարզվեց լվանալու ոչինչ չեմ թողել. աղբի հետ ամաններն էլ գցել եմ աղբամանը...փակեցի ծորակը: Նա ինձ ասում է, որ գոնե այսօր պետք է խելամիտ լինել, իսկ ես չգիտեմ ինչու հենց այսօր ուզում եմ փախչել տնից, ստորաբար,,, այս վերջին միտքը մտածում էի արդեն երթուղայինում: ես ընդամենը քառորդ ժամ ունեի համոզվելու համար, թե այսօր մեզանից ով էր խելամիտը...նա առանց զարթուցիչի էր քնում՝ ուղիղ քառորդ ժամ...

21.02.2012

Տիգրան Պասկևիչյան «ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՂՈԹՔ»

«ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՂՈԹՔ» գրքից


Լուսանկարը՝ Գերման Ավագյանի
ՀԵՐՈՍՆԵՐԸ

Մենք սպասեցինք, նրանք չեկան,
արտասվեցինք ու դառնացանք,
որոշեցինք ոչ մի անգամ
էլ չմատնել և չուրանալ։

Եվ մատնված անհայտության,
և մութի մեջ խարխափելով-
արդարության դուռը գտանք…
փակ էր, քանզի նրանք չեկան։

Եվ տրվեցինք արբեցումի,
հայհոյեցինք բարի ու չար,
մեզ ծաղրեցին, անարգեցին,
մեզ ասացին. «Նրանք չկան»։

Մենք լռեցինք, իբր գիտենք
նրանք ուր են ու երբ կգան։
Մեզ ասացին. «Դուք՝ ամենքդ,
հերոսներ եք, նրանք չկան»։

Ու մենք երկար չսպասեցինք
ու նստեցինք հացի սեղան.
մեզ մատուցված քաղցր գինին
մեր արյունն էր… ՆՐԱՆՔ ՉԵԿԱՆ։
1987

18.02.2012

Լիզա Ճաղարյան «88-Ի ՇՈԳ ԱՄԱՌԸ»


- Լիֆ կուզե՞ս:
- Ի՞նչ:
- Լիֆ կուզե՞ս
- Ի՜ի՜ի՞նչ
- Պահո՜, ասում եմ` լիֆ կուզե՞ս, լիֆ, Անժելիկա... Քսանով կտամ:
Դե, պատկերացրեք` երեւանյան հուլիսյան շոգ, Օպերայի հրապարակում եռացող միտինգներ, միտինգներին գերազանցիկ աշակերտի պարտաճանաչությամբ մասնակցող` ասֆալտի վրա խաշված, արեւի տակ խանձված կին, որ միտինգից տուն է շտապում ամուսնու ու երեխայի  համար ճաշ պատրաստելու, հետո էլ` երեխային դաս սովորեցնելու, հետն էլ` ամուսնու հետ կռիվ տալու, որ մեկ է` թեկուզ բաժանվելու գնով գնալու է միտինգների: Ինչի՞ բաժանվելու գնով: Որովհետեւ ինքը հասկացել է, որ Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է, ու ինքը քանի որ հասկացել է, որ Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է` դրա հետ հաշտվողը չի մինչեւ մահ-գերեզման:

14.02.2012

Արմեն Օհանյան «ՄԵՆՔ ԱՆԿԱԽԱԿԱՆ ԵՆՔ»

Միշտ էն կարծիքին էի, թե մանկության ու պատանեկության զգացողություններս ու հիշողություններս շատ անձնական են, բայց այսօր, երբ «թշվառ, մութ ու ցուրտ» մանկությունս իմ փոխարեն ջանադրաբար ողբացողները հեռուստաէկրաններից այն պատկերում են որպես դժոխք, անկեղծորեն սրտնեղում եմ:  Ասելիքս առաջին հերթին սերնդակիցներիս է ուղղված. եթե անգամ անցումի «ավերակներն» էին մեր խաղադաշտը, մեկ է, ինքնարժեւորման ու կայացման հերոսական ուղի ենք անցել նաեւ մենք` թիկունքում «ծառայող» երեխեքը:

12.02.2012

Ռիմա Գրիգորյան «Սառը արեւ»


9-րդ դասարանում էի սովորում: Դպրոցում շարադրություն տվեցին գրելու «Իմ պատկերացրած հայը», «Իրական հայը» կամ նման մի վերնագրով. լավ չեմ հիշում: Ընդհանրապես չէի ուզում շարադրություն գրել, որովհետեւ զգացի, որ պարտադրանք կա. գրել մի բանի մասին, որ անցել է մեկի մտքով, իսկ քեզ այդ պահին չի էլ հետաքրքրում: Այնուամենայնիվ այդ անգամ չհաջողվեց չգրել: Ընտրեցի տրված վերնագրերից մեկը եւ փորձեցի գրել: Նման վերնագրերով շարադրություններում հավանաբար պիտի գրեի Մասիսը սիրող մի հայի կամ ինչ-որ հերոսի մասին, որի մասին երեւի վաղուց ամեն ինչ գրվել է: Ես ուրիշ շարադրություն գրեցի:

11.02.2012

Գայանե Բաբայան «Էլ մեզ իր մեջ կրողը չկա »


Ահա 5 տարի է, որ մենք չենք տեսնում Հրանտ Մաթեւոսյանի դեմքը, չենք որսում պահը, որ մի խոսք ասենք նրան` ցանկացած, որովհետեւ կարեւորը այն զգացողությունն էր, որ մենք խոսում ենք Հրանտի հետ, իսկ նա գիտեր այն հայացքները, որոնք սիրահարվածի էին, ու հետագայում ինքն էլ, երբ գրողների միության միջանցքում հանդիպում էր, բարեւում էր Հրանտավարի` «ա-հա, բա-րեւ, ո՞նց ես» ու հետո ծուռ սուլելով գնում-գալիս էր միջանցքում...

Գայանե Բաբայան «Հրանտ Մաթևոսյան` 70. իր ու մեր ծմակուտը»


«... Երբ ես եկա, Ահնիձորը կար, Ծմակուտը չկար:
Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի հետ իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելիության մեջ է, քանի ես կամ: Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է լինելու: Ծմակուտը իմ սերն է, վերաբերմունքը, իմ տագնապը` մարդու համար: Ծմակուտը ես եմ...»:
Հրանտ Մաթևոսյան

09.02.2012

Գագիկ Ղազարէ «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ»


Գործող անձերը` Ընկերներ:

Ինչ-որ տեղ, Երևան քաղաքում: Նստած են սեղանի շուրջ: Սեղանին, ափսեի մեջ խնձոր կամ այլ պտուղներ, սովորական դանակ: Երկու ապակե գավաթներում ջուր: Խնձորը մաքրում են ու ուտում: Ետնաբեմում ու նախաբեմում հնարավոր է բեմադրել երկխոսությունից դուրս, երևակայական ամեն ինչ, ըստ բեմադրիչի:
 Ա. - Ասում ես, ինչ ասե՞ց:

02.02.2012

Համբարձում Համբարձումյան «Ամենամարտունակ բանակը»

Լուսանկարը` Անի Ոսկանյանի
  Պաստառ-պատմվածք

Վառարանի վրա եփվող «գրաժդանսկի» ճաշատեսակների՝ յուղի մեջ տապակվող հավի ներկրված, մուտանտ բդերի ու երշիկով ձվածեղի  ախորժաբեր հոտերը խլացնում են   մարմնիցս եկող դիզվառելիքի հոտը, որ կեսօրին առատորեն ցանել եմ հագուստիս՝ ոջիլի դեմ պայքարելու համար։ Զույգ մոմերի լույսով լուավորված գետնատնակի տարածքը թմրանյութի պես ներգործող բույրերի ազդեցությամբ արդեն խորթ ու օտար չի թվում։ 

01.02.2012

Արփի Ոսկանյան «ՄԱՐԳՈ ՏՈՏԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ»


Մարգո տոտան սովորական հայ կին էր, որ մանկուց երազում էր ընտանիք կազմելու մասին։ Երբ լրացավ նրա երեսուն տարին, նա տագնապով հայտնաբերեց, որ իր կյանքի երազանքն իրականանալու մտադրություն չունի, եւ դիմեց փորձված, ավանդական միջոցի. ամեն առավոտ, լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած էր, քնած էին եկեղեցու պահակը եւ ինքը՝ Տեր Աստված, նա ուղեւորվում էր եկեղեցի՝ առաջինը Աստծուն բարլուս անելու, քանի դեռ վերջինս խնդրանք կատարելու ուժն ու բարությունը չէր սպառել։ Բայց շուտով պարզվեց, որ շատերն են երազում ընտանիք կազմել՝ ապավինելով նույն ավանդական միջոցին։ Լարված մրցակցությանը դիմանալու համար Մարգո տոտան ստիպված էր լինում հերթ կանգնել լույսը չբացված, երբեմն էլ, երբ ընտանիք կազմելը դառնում էր օրակարգի անհետաձգելի հարց՝ եկեղեցին փակելու պահից՝ առաջ ընկնելով իր մրցակից-բախտակիցներից։ Տասնհինգ տարի շարունակ ցուցաբերած ամենօրյա, տքնաջան, անխոնջ եւ անբեկանելի համառության շնորհիվ Աստված վերջապես տեղի տվեց եւ անսաց Մարգո տոտայի աղոթքներին՝ նրան ուղարկելով ամուսին երեք երեխայի հետ։ Իրականացավ Մարգո տոտայի մանկական, կարելի է ասել՝ կյանքի երազանքը, եւ ինչպես լինում է երազանքների իրականացումից հետո, նրա հոգին պատեց խոր թախիծը, որի արմատավորմանը նպաստում էր մեկնարկած ճգնաժամային տարիքը։