22.03.2012

Համբարձում Համբարձումյան «Կորեական դելիկատես»


Տոնական սեղանի մոտ նսած էին Ֆաֆը, Գազանը, Վլեն, Գոնչը: Ոչ նոր տարի էր, ոչ էլ հավաքվածներից մեկի ծննդյան օրն էր կամ էլ պաշտոնապես նշվող հիշարժան օր, բայց սեղանն իրոք տոնական էր, որովհետև Վլեն մի թևավոր խոսք ուներ, ասում էր` «Էս թվին, երբ էլ խմիչք ու ծամելու բան լինի` տոն ա»: Վլեի բացատրությունը բավարար էր, որ ընթրիքը տոնական համարվեր, որովհետև  սեղանին դրված խմիչք կար, և ծամելիքն էլ վառարանի վրա եփվում էր, բայց ընթրիքը տոնական էր նաև այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում ընկերներով առաջին անգամ էին միասին սեղան նստում ու բաժակ բարձրացնում: Գոնչը երկու օր առաջ էր եկել Ռուսաստանից, Գազանը մի քանի ամիս առաջ էր վերադարձել պատերազմի դաշտից, Վլեն ու ֆաֆն էլ  մի քանի օրվա տարբերությամբ վերջերս էին ազատվել «ուղղիչ աշխաանքային» գաղութներից:

20.03.2012

Առաքել Սեմիրջյան «ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...»


Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Լուսանկարը` Գերման Ավագյանի
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի վրա պառկած են անմեղ երիտասարդներ, որոնց միակ մեղքը ազատ հայ լինելն էր: Նրանք ընկան թշնամու արձակած փամփուշտներից ու իրենց արյունով ներկեցին Երեւանի փողոցները: Այդ ներկված փողոցներով ես չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, թե գետնին ոտք դնելը մեղք է:

19.03.2012

Գայանե Առուստամյան «Ավարայրի ճակատամարտը Ձերժինսկու դպրոցում»


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացի մասնակիցները հերթական անգամ հայտնվեցին "դե ժավյուի" գրկում: Ջոն Կիրակոսյանի անունը վրան կարկատած երկաթե Ֆելիքսի անվան դպրոցում տեղամասը բացվեց նշանակված ժամին: Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք, համակիրներն ու համքարությունը զուսպ ու պատրաստակամ տնտղում էին ռեժիմի դրածոների՝ ընտրական հանձնաժողովի անդամների վարքագիծը: Տարիներ շարունակ յուրացնելով եւ կատարելագործելով մաքուր հայկական  "ընտրությունների" ամբողջ սպեցիֆիկան, դրանք գործընթացը սկսեցին բոլորիս ծանոթ սցենարով: Հանձնաժողովի նախագահը՝ Արաբկիրի թաղապետի տեղակալ Գրիգոր Շահնազարյանը, անդաստիարակ չինովնիկի տոնով սկսեց խոչընդոտել դիտորդների ու հատկապես լրագրողների աշխատանքը:

18.03.2012

Գայանե Բաբայան «Ամեն վայրկյան սպասում եմ, որ որդիս տուն կմտնի»


«էդ օրը առավոտը վեր կացանք, ոնց էի ուրախացել, որ  մարտի մեկն ա, դե, սեփական տանը ձմեռը մի քիչ հարմար չի, ու գարունը իմ ամենասիրած սեզոնն ա, բայց  հիմա  էս գարունը  դառել ա դժոխք: Տիգրանը առավոտյան վեր կացավ, ասեց` մամ ջան, մարտի մեկդ շնորհավոր, ինքը շատ նուրբ հոգի ուներ, ուշ էր արթնացել էդ օրը, որովհետեւ գիշերը մեքենան էր սարքել, հետո ինձ տարավ շուկա, հետո գնաց աշխատանքի ու այնտեղ իմացել էր, որ առավոտը  ժողովրդին ծեծել են Օպերայի հրապարակում»:

Առաքել Սեմիրջյան «Մարդ լինելու տասը օրը»

Լուսանկարը` Գերման Ավագյանի
-Դեմքդ ծանոթ է, տղա՛ս, - վախվորած ինձ մոտեցավ ավտոկայանում կանգնած մի ծերունի, բայց միանգամից էլ փոշմանեց: Մի՞թե ծպտյալ ոստիկան է` մտքում ասաց ծերունին, բայց բացահայտ էր մտքի ասածը, որ անմիջապես հասկացա, նա էլ հասկացավ, որ ես հասկացել եմ, ու ավելի վախեցավ: Մի երկու մետր ետ քաշվելով ասաց.

13.03.2012

Գայանե Բաբայան «ՄՈւՍԱՆ ՆԱԵՎ ԾԵԾՈՂ Է»



Երգչուհի Շուշան Պետրոսյանն այս օրերին ոչ միայն Հ1-ի, ինչպես միշտ է, այլ նաեւ  իշխանության կողմից չհարգված  թերթերի ուշադրության կենտրոնում է, Հոլիվուդի աստղերը կնախանձեին հայաստանյան այս աստղի սկանդալային  կարգավիճակին, քանի որ հայ ժողովուրդը վերջապես պարզեց հայրենիք ու սեր երգող երգչուհու մուսայի էությունը, այսինքն` այն, որ նրա  չափազանց երիտասարդ մուսան ընդամենը կամակատար ու ձեռքերը կապած լրագրող ծեծող է, ու մտածեցին, որ արվեստագետի ընտանիքում ծնված այս երգչուհին որքան է ետ գնացել... դեպի իր գովերգած իշխանությունը:

11.03.2012

Արտակ Համբարձումյան «Գարունը այնքան ծաղիկ էր բերելու...»


Ի~նչ տհաճ զգացում է, երբ փորձում ես խորը շունչ քաշել այնուհետ երկար ու հաճելի արտաշնչելու հույսով, բայց սիրտդ ծակում է`փչացնելով այդ ամբողջ ակնթարթային բերկրանքը, այդպիսի պահերին թվում է, թե սիրտդ է ցավում, երբեմն, անգամ, մտածում ես, որ լուրջ առողջական խնդիրներ ունես, սակայն իրականում դա սիրտը չէ, այլ միայն մկաններն են, որ սեղմում են`թույլ չտալով լիաթոք շնչել:

10.03.2012

Կարինե Աշուղյան «ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՔ»

1.ՍԵՒ ԳԱՐՈՒՆ

Սեւ գարուն էր`
Դիմակավոր
Դիպուկահար,
Ձեռքերի մեջ`
Զենք մահացիր,
Անձնծաղիկ
Աչքերի մեջ`
Շիրմածաղկի
Մարգագետին:
Սեւ գարուն էր`
Ազատության
Հրապարակ
Ու հարթակում
Ոլորեց ձեռքն
Արդարության:
Ոտնակոխեց
Վրանները
Եղբայրության,
Խարույկները
Հուսաբորբոք
Եւ հալածեց
Դեպ մահառիթ
Փակուղիներ:

08.03.2012

Արփի Ոսկանյան «ՄԻՆՉԵՎ ԱՔԱՂԱՂԻ ԿԱՆՉԵԼԸ»


Լուսանկարը՝ Անի Ոսկանյանի
Արթնացա դռան զանգից։ Դեռ մութ էր։ Ընկերուհիս մեռելի պես քնած էր։ Թվաց երևի՝ մտածեցի։ Դեպքերից հետո մեկ-երկու անգամ պատահել էր։ Բայց նորից զանգեցին։ Ոտնաթաթերի վրա մոտեցա դիտանցքին։ Չհասցրի նայել, «Ոստիկանությունից ենք, բացեք»՝ ասին։ Ընկերուհուս արագ ծածկեցի ու կասկածներ չհարուցելու համար, թե ինչ-որ բան եմ թաքցնում, իսկույն բացեցի դուռը՝ առանց վրաս շոր գցելու, գիշերանոցով։ Երկուսն էին։ Մեկը ներկայացավ որպես  գլխավոր ոստիկանապետ, մյուսը՝ որպես ոստիկանապետի տեղակալ։ Հայտնեցին, որ Հանրապետության նախագահը հրավիրում է ինձ իր նստավայր։
- Շատ բարի,- ասի,- շնորհակալ եմ։
Ժպտացի հնարավորինս լայն՝ դրանով հայտնելով ցտեսությունս։ Ոստիկանները նույնպես ժպտացին, բայց երևում էր՝ հեռանալու միտք չունեն։
- Կներեք, չեմ կարող ներս հրավիրել,- ասացի հնարավորինս անվրդով,- տունս թափթփված է... Այս ժամին հյուր չէի սպասում։
Ոչինչ չպատասխանեցին։ Էլի ժպտացի։ Ժպտացին ի պատասխան։ Դուռը չէի կարող փակել, կանգնած ինչ-որ բանի էին սպասում։ Ակնհայտ էր, որ խոսակցությունը կիսատ է։
- Ճաշի՞ եմ հրավիրված, թե՞ ընթրիքի,- հարցրի՝ ճարպկորեն շրջանցելով հիմնական հարցը, թե ինչ նպատակով եմ հրավիրված։ Ոստիկանները զարմացած իրար նայեցին, հետո ինձ, և նրանց հայացքում հեգնանք ու լկտիություն հայտնվեց։ - Լավ, ե՞րբ. այսօ՞ր, վա՞ղը, մյո՞ւս օրը... Թե՞ երբ կամենամ։
- Հիմա,- ասաց ոստիկանապետը,- մեզ հետ։
- Հիմա՞...
- Հի-մա, հի-մա, հի-մա...- հեգնանքով հեգեց տեղակալը։

05.03.2012

Գայանե Բաբայան. «Ցուցարարների ՊԱՅՔԱՐԻ ԳԻՇԵՐԸ»

zz
Մարտի 1
Մյասնիկյանի արձանի մերձակա հրապարակ

Մարտի 1, ժամը 9.21 րոպե: Ցուցարարների վրա բաց թողնված գազն արդեն թունդ  զգալի է, բոլորը թաշկինակները քթներին հպած են, հրապարակը լքողներ չկան, թեեւ պատերազմական վիճակն արդեն զգալի է` մարդկանց հայացքները դեպի երկինք են,  ուր թռչում են լուսային հրթիռները. վայրկյանները մոգական են, որովհետեւ ժողովուրդը իրապես չգիտի, թե իշխանության հաջորդ զենքը որն է լինելու: Բարձրախոսին մոտեցողներն ասում են՝ «Ժողովուրդ, սա խուճապի համար է, հանգիստ կանգնեք, չվախենաք»: Նիկոլ Փաշինյան. «Սիրելի ժողովուրդ, թաշկինակները թրջած դրեք... մենք պարտավոր ենք պաշտպանել Հայաստանը թեկուզ մեր կյանքի գնով...»: «Ազատություն»՝ մի քանի րոպե շարունակ վանկարկում են: Այնուհետեւ` «Թուր-քեր, հե-ռա-ցեք»: Շանթ Հարությունյան. «...յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում մի անգամ դուրս է գալիս փողոց, նվաճում է իր՝ քաղաքացու իրավունքը, հանուն իր երեխաների, հայ ժողովուրդը, ցավոք, ոչ մի անգամ կռիվ չի արել, ճակատագրի կամոք այդ բարձր պատիվը տրված է մեր սերնդին: Սա կոչվելու է հայ ժողովրդի բոլոր զավակների պաշտպանության օր»: Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդ ջան, ո՞նց եք, դուխներդ տեղն ա՞, մենք ստեղ կանգնած էսօր հաղթելու ենք, նրանք մինչեւ լուսաբաց փախչելու են»:

04.03.2012

Առաքել Սեմիրջյան. «Արջամկան նահանջ տարի»

Երկիրը պտտվում էր իր առանցքի ու հետն էլ արեգակի առանցքի շուրջը` չգիտեմ ինչպես, չգիտեմ ում կողմից դրված ժամանակացույցով, բայց ասում են` տարվա մեջ, այսինքն` 365 օրվա ընթացքում մեկ պտույտ էր անում, ճիշտ նույն ժամին հայտնվում էր երկնային նույն կետում ու, որ ամենահետաքրքիրն է, նույն դիրքով: Մի անգամ չեղավ, որ կամ ուշանա, կամ մի փոքր շուտ գա, կամ էլ ընդհանրապես որոշի մի պահ կանգ առնել: Ասում են` ինչ-որ ձգողական ուժեր իրար ձգում են ու միաժամանակ վանում, որ մեկը շատ չմոտենա ու չայրվի մյուսի էներգիայից, մյուսն էլ շատ չհեռանա ու չհայտնվի ուրիշների ձգողականության դաշտում:
Ինչպիսի ճշգրիտ հաշվարկ, ինչպիսի Աստվածային բացարձակ ներդաշնակություն, սակայն արի ու տես, ժամ ժամի, օր օրվա, տարին տարու վրա վայրկյանները հավաքվում են բոնուսի պես կաթիլ-կաթիլ ու կյանքին պարգեւում եւս մեկ օր: Էդ մեկ օրն էլ չորս տարվա մեջ հասունանում ա, հասունանում ու ձմռան վերջին ամսվա վերջին օրը երկնում, դրա համար էլ ամբողջ տարին անվանում են նրա պատվին: