 |
| Լուսանկարը՝ Անի Ոսկանյանի |
Արթնացա դռան զանգից։ Դեռ մութ էր։ Ընկերուհիս մեռելի պես քնած էր։ Թվաց երևի՝ մտածեցի։ Դեպքերից հետո մեկ-երկու անգամ պատահել էր։ Բայց նորից զանգեցին։ Ոտնաթաթերի վրա մոտեցա դիտանցքին։ Չհասցրի նայել, «Ոստիկանությունից ենք, բացեք»՝ ասին։ Ընկերուհուս արագ ծածկեցի ու կասկածներ չհարուցելու համար, թե ինչ-որ բան եմ թաքցնում, իսկույն բացեցի դուռը՝ առանց վրաս շոր գցելու, գիշերանոցով։ Երկուսն էին։ Մեկը ներկայացավ որպես գլխավոր ոստիկանապետ, մյուսը՝ որպես ոստիկանապետի տեղակալ։ Հայտնեցին, որ Հանրապետության նախագահը հրավիրում է ինձ իր նստավայր։ - Շատ բարի,- ասի,- շնորհակալ եմ։
Ժպտացի հնարավորինս լայն՝ դրանով հայտնելով ցտեսությունս։ Ոստիկանները նույնպես ժպտացին, բայց երևում էր՝ հեռանալու միտք չունեն։
- Կներեք, չեմ կարող ներս հրավիրել,- ասացի հնարավորինս անվրդով,- տունս թափթփված է... Այս ժամին հյուր չէի սպասում։
Ոչինչ չպատասխանեցին։ Էլի ժպտացի։ Ժպտացին ի պատասխան։ Դուռը չէի կարող փակել, կանգնած ինչ-որ բանի էին սպասում։ Ակնհայտ էր, որ խոսակցությունը կիսատ է։
- Ճաշի՞ եմ հրավիրված, թե՞ ընթրիքի,- հարցրի՝ ճարպկորեն շրջանցելով հիմնական հարցը, թե ինչ նպատակով եմ հրավիրված։ Ոստիկանները զարմացած իրար նայեցին, հետո ինձ, և նրանց հայացքում հեգնանք ու լկտիություն հայտնվեց։ - Լավ, ե՞րբ. այսօ՞ր, վա՞ղը, մյո՞ւս օրը... Թե՞ երբ կամենամ։
- Հիմա,- ասաց ոստիկանապետը,- մեզ հետ։
- Հիմա՞...
- Հի-մա, հի-մա, հի-մա...- հեգնանքով հեգեց տեղակալը։