Մեր մասին


Մեր պատմության նորագույն շրջանի ամենաարյունոտ դրվագներում, երբ մարդիկ սպանվում ու խոշտանգվում էին փողոցներում և բանտերում, մեր «ականավոր» արվեստագետների ու գրողների մի մասը բացահայտորեն սատարում էր բռնությունը, մյուսները այն հարցին, թե որտեղ էին այդ ժամանակ և ինչով էին զբաղված, պատասխանում էին, որ  իրենք բանաստեղծություն կամ երաժշտություն էին գրում և այդպիսով  փորձում էին «ալիբի» ապահովել իրենց համար:  
Արվեստագետների և գրողների շրջանում լայնորեն տարածված պատկերացում կա, որ գրականությունը չպիտի քաղաքականացված լինի և գրողը  չպիտի խառնվի «քաղաքական կեղտոտ խաղերին»:  Միևնույն ժամանակ այդ գրողների մի զգալի մասը քաղաքական պաշտոններ ունեն և բացահայտ կամ թաքնված քաղաքական գործունեություն են ծավալում Իշխանության ներսում:  Այդպիսվ «խուլուհամր» գրողների  և գրականության  ահռելի քանակություն կա, որն իրականում  զբաղված է Իշխանությանը ծառայելով և նրա դիրքերը ամրապնդելով:  «Գրականությունը և արվեստը չքաղաքականացնելու» կարծրատիպը այնքան խոր արմատներ է գցել մեր գրական դաշտում, որ նույնիսկ գործող վարչախմբին ընդդիմացող գրողների մի մասը չի կարողանում հաղթահարել այն: Իրականում գրականությունը  «քաղաքականությունից հեռու պահելու» քաղաքականությունը Իշխանության  պարտադրանքն ու թելադրանքն է:
Մենք ժխտում ենք այդ պատկերացումը և համարում ենք, որ գրականությունը  չի կարող լինել «ալիբի»,  որ գրականությունը  ոչ միայն պարտավոր է վկայել և ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլև  պատասխանատություն է կրում իրականության ստեղծման համար:

Գրողուցավ