28.04.2012

Արփի Ոսկանյան «Նարդի քցող ոստիկանները»


Նկարը՝ Սամվել Վանոյանի
-Շշմելու երկիր ա Հայաստանը, աշխարհում նման երկրներ քիչ կան, եթե կան առհասարակ, մարդը միայն էստեղ ա ազատ, Ամերիկան ի՞նչ, Ամերիկայում մարդը ռոբոտ ա, ստրուկ,- ասում էր Լյովը բացօթյա սրճարանում նստած, որտեղ սիրում էր անցկացնել իր հայաստանյան երեկոները, եւ իր ասածն ապացույցի կարիք չուներ, որովհետեւ ինքն էր իր ասածի կենդանի ապացույցը, որ Ամերիկան թողած, բազում գեղատեսիլ հանգստավայրերը թողած, իր ամառային արձակուրդը Հայաստանում էր անցկացնում։ «Երկիրը տարեցտարի փոխվում է»,- ասում էր Լյովը:

18.04.2012

Զառա Հովհաննիսյան «Դու երիտասարդ ես»

Հեղինակ՝ Արման Գրիգորյան


Դո՛ւ, երիտասարդ ես,
ԲՀԿ–ական.
Դա քեզ տալիս է
կյանքդ, որպես վայելք
վատնելու իրավունք.
քո իդեալը
այն  օլիգարխն է,
որն ունի թանկարժեք
մեքենաներ,
կալվածքներ
ու ճորտեր.
դու երազում ես
նման կյանքի մասին,
արդեն ծերացած
երիտասարդ։

16.04.2012

Միխայիլ Զոշչենկո «ԱԳԻՏԱՏՈՐԸ»

http://img1.liveinternet.ru
Ավիացիոն դպրոցի պահակ Գրիգորի Կոսոնոսովը գնաց գյուղ՝ արձակուրդ։
- Դե ինչ, ընկեր Կոսոնոսով,- մեկնելուց առաջ ասում էին ընկեր ու բարեկամ,- կգնաք, տեսեք հա՝ գյուղում ագիտացիա արեք։  Մուժիկներին պատմեք, որ այսպես ու այնպես, ավիացիան զարգանում է։ Կարող է՝ մուժիկները օդանավի համար փսոն դնեն, քցվեն մի քիչ։
- Դա վստահ եղեք,- ասում էր Կոսոնոսովը,- կը ագիտացնեմ։ Ուրիշ բաները չգիտեմ, բայց որը որ ավիացիայի մասին է, մի անհանգստացեք, կասեմ։
Գյուղ Կոսոնոսովը եկավ աշնանը և գալու առաջին իսկ օրը ուղևորվեց Խորհուրդ։
- Ուրեմս,-ասաց,- ցանկություն ունեմ մի քիչ ագիտացիա անելու։ Քանզի քաղաքից եմ եկած, ուստի կարա՞մ ժողով անեմ։
- Ի՞նչ կա որ,- ասաց նախագահը,- արեք, վաղը կհավաքեմ մուժիկներին։
Հաջորդ օրը նախագահը հավաքեց մուժիկներին արտակարգ իրավիճակների ցախանոցի մոտ։
Գրիգորի Կոսոնոսովը  ելավ նրանց դեմ, խոնարհվեց և, անսովորությունից հուզվելով, սկսեց խոսել դողացող ձայնով.

15.04.2012

Տաթև Այաս «Բանաստեղծություն գրիր»

Թե երկիրդ քարքարոտ է ու չորային,
բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի:

Մեր նախագահը, որ բանասեր է կարծեմ
պայմանագրերի ետևում ոտանավոր է գրում
մենության, տխրության,
իսկ հուսահատ պահերին` հրաժարականի մասին…
ու ընդդիմությունը հայհոյում է հանգավոր,
ու մենք գոռգոռում ենք ռիթմով:

06.04.2012

Առաքել Սեմիրջյան «Ինձ ողջերի մեջ կփնտրեք»

Բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

Պահքի վերջին օրը անցավ ամեն տարվա պես, ու զատկվա գիշերը` ինչպես միշտ դիմավորեցի պետքարանում` ստամոքսի խանգարումի ու աղիքների հաճախակի կծկումների նոպաների տառապանքների մեջ: Մի տարի չեղավ, որ զսպեմ ինձ ու յոթ օրեկան ծոմից հետո աստիճանաբար մտնեմ սննդակարգի նորմալ ռիթմ, դրա համար էլ դեռ հին մեղքերից չազատված` բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

05.04.2012

Գայանե Բաբայան «Երանի, երանի քեզ սիրողին»


Ծննդյան եւ Հարության տոներից արդեն Հայաստանում բոլորն են խոսում ու շնորհավորում իրար, Նոր տարվա նման մի բան է դառնում Զատիկը, բայց գնալով ավելի ես համոզվում, որ մեր ժողովրդին մի անգամ էլ է հարկավոր քրիստոնյա դարձնել՝ հրով ու սրով, ինչպես անցյալում, կամ ազատ-արդար ընտրությամբ, որպեսզի նրանք կամ ճշմարիտ քրիստոնյա դառնան, կամ գտնեն-որոնեն իրենց կրոնը: Այսօրվա գովազդած քրիստոնեությունը ավելի լավը չի թվում, քան սովետական անաստվածության քարոզը: Ուշանում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը ցավոք, եւ ՀՀ-ում քրիստոնեության ի պաշտոնե քարոզիչները՝ տերտերականությունն իր ողջ կազմով՝ ամուսնացող եւ չամուսնացող տեսակի, բոլորը մեր աչքին երեւում են այն դպիրները, ծերերն ու քահանայապետերը, որոնք Հիսուսին խաչելու ուղարկեցին: Երանի՜ նրան, ով Հայաստանյայց առաքելական եկեղեցու ջիպավոր, զենքով ու գողական խոսող տերտերին աջահամբույր տալու ցանկություն ունի կամ նրա ձեռքով իր երեխային մկրտելու ցանկություն, երանի՜, որովհետեւ նրա հավատը Աստծո նկատմամբ այնքան մեծ է, որ չի նկատում տերհայրերի վարքն ու բարքը եւ նրա բերանից ելնող կեղծիքը, երբ իրենց ելույթում խառը համ Քրիստոսին են "ալելուա" անում, համ ՀՀ իշխանությանը: Եւ իշխանությանն ուղղված "ալելուան" ավելի կրքոտ է:         

Արփի Ոսկանյան «Կողքի սենյակը»

Հայրս ու Գայանե Բաբայանը իրար չէին ճանաչում, երբեք չէին հանդիպել եւ տեղյակ չէին միմյանց գոյության մասին։ Ու թեպետ երկուսն էլ լոռեցի էին, չգիտեմ ծանոթանալու դեպքում ինչ տպավորություն կգործեին միմյանց վրա։ Հայրս նման չէր Գայանի սիրած հերոսներին, ողջ կյանքում պաշտոններ էր վարել, իսկ Գայանը իշխանություն ունեցող մարդկանց չէր սիրում։ Գայանը սիրում էր մարդկանց, որոնք իրենց մեջ խեղճություն ու տառապանք են կրում, հորս ունեցածը խեղճություն չէր, այլ հեզություն, եւ հոգին տառապանքով ծվատելու համար էլ իմաստուն էր։
Գայանը պայքարի մարտիկ էր եւ սրբազան պատերազմի մեջ էր կեղծիքի դեմ։ Հայրս հիանում էր պայքարի ոգով բռնված կանանցով, բայց պայքարի ոգին իրեն խորթ էր։ Հայրս հրեշտակ էր ու հրեշտակի անուն էլ ուներ՝ Ռաֆայել։ Գայանը հրեշտակ լինել չէր կարող, որովհետեւ կին էր ծնվել։

04.04.2012

Սոնա Աբգարյան «Ճգնաժամի հիմնը»

Բարձրախոսը պայթում է` քանդելով ֆորմաները:

Ես պայքարող պոետ եմ,

և իմ ջղայնությունը նվեր է,

ես զբոսնելու եմ ինչպես շունը,

և իմ պատմությունը լինելու է անվախ:

Ծնվել է հիասթափված մարդը,

բայց նա չի կոտրվում և չի կոտրվի երբեք:

Ես պատկերում եմ նկարներ,

որոնք հարվածներ են`

ուղղված սրբապատկերներին:

Մի շրջվեք, նայեք նրանց ուշադիր.

ճարպոտ լռությունը ձեռ է առնում մեզ: