05.04.2012

Գայանե Բաբայան «Երանի, երանի քեզ սիրողին»


Ծննդյան եւ Հարության տոներից արդեն Հայաստանում բոլորն են խոսում ու շնորհավորում իրար, Նոր տարվա նման մի բան է դառնում Զատիկը, բայց գնալով ավելի ես համոզվում, որ մեր ժողովրդին մի անգամ էլ է հարկավոր քրիստոնյա դարձնել՝ հրով ու սրով, ինչպես անցյալում, կամ ազատ-արդար ընտրությամբ, որպեսզի նրանք կամ ճշմարիտ քրիստոնյա դառնան, կամ գտնեն-որոնեն իրենց կրոնը: Այսօրվա գովազդած քրիստոնեությունը ավելի լավը չի թվում, քան սովետական անաստվածության քարոզը: Ուշանում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը ցավոք, եւ ՀՀ-ում քրիստոնեության ի պաշտոնե քարոզիչները՝ տերտերականությունն իր ողջ կազմով՝ ամուսնացող եւ չամուսնացող տեսակի, բոլորը մեր աչքին երեւում են այն դպիրները, ծերերն ու քահանայապետերը, որոնք Հիսուսին խաչելու ուղարկեցին: Երանի՜ նրան, ով Հայաստանյայց առաքելական եկեղեցու ջիպավոր, զենքով ու գողական խոսող տերտերին աջահամբույր տալու ցանկություն ունի կամ նրա ձեռքով իր երեխային մկրտելու ցանկություն, երանի՜, որովհետեւ նրա հավատը Աստծո նկատմամբ այնքան մեծ է, որ չի նկատում տերհայրերի վարքն ու բարքը եւ նրա բերանից ելնող կեղծիքը, երբ իրենց ելույթում խառը համ Քրիստոսին են "ալելուա" անում, համ ՀՀ իշխանությանը: Եւ իշխանությանն ուղղված "ալելուան" ավելի կրքոտ է:         

ԵՐԱՆԻ՜ ՄԵԶ


ՀՀ վարչապետը մի հանգի միացած՝ անիմաստ բաներ ասաց առ այն, որ գազի գնի բարձրացումը չի վնասելու թոշակառուներին, որովհետեւ թոշակը նոյեմբերից բարձրացնելու են, իսկ մինչեւ նոյեմբեր ամառ է, գազ պետք չէ: Ասաց ու հաջորդ օրը գնաց հիվանդանոց ընկավ, եւ Զատկի նախորդ օրը ամբողջ հայ ժողովուրդը դողաց նրա առողջության վրա եւ ասաց՝ ավա՜ղ, դա նախատեսված էր, որովհետեւ ուզում են անել այն, ինչ ուզում են՝ որպես վարչապետ բերել նրան, ով արյունով հեռացավ, եւ ում տեսակին Հովհաննես Մկրտիչը "իժերու ծնունդ" էր անվանում: Վարչապետը՝ մի կողմ, նրա ասած անիմաստությունը՝ մի կողմ, հայաստանցի  օր օրի աղքատացողների հույսը վա՛յ թե մնում են աստվածաշնչյան "երանիները": "Երանի՜ ձեզի՝ աղքատներուդ, վասնզի ձերն է Աստուծոյ թագավորութիւնը", "Երանի՜ ձեզի, որ հիմա անոթի եք, վասնզի պիտի կշտանաք: Երանի՜ ձեզի, որ հիմա կուլաք, վասնզի պիտի խնդաք":


ՊԱՏԱՐԱԳ 


Զատկի օրը մեծ պատարագ էր՝ Հ1-ով ցուցադրվող, բեմում Գարեգին Բ կաթողիկոսն էր ու նրա առաջ կանգնած ՀՀ իշխանությունը՝ իրենց կանանցով, իրենց սեփական մտավորականությամբ եւ հնազանդ պաշտոնյաներով: Ամեն ինչ ներդաշնակ էր՝ իշխանություն եւ մարշրուտկաների գիծ ունեցող կաթողիկոս, ափսոս էր միայն իսկական հավատացյալների այն բազմությունը, որ կանգնած էր թիկնապահներից անդին եւ արարողության վերջում ձգտում էր կաթողիկոսի բռնած խաչը համբուրել: Եկեղեցում չկար Քրիստոսի ոգին, որ ասեր. "Վա՛յ ձեզի՝ փարիսեցիներուդ, որ ժողովարաններուն մէջ առաջին աթոռները կը սիրէք ու շուկաներուն մէջ՝ բարեւները, վա՛յ ձեզի՝ կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ, որ անհայտ գերեզմաննէրու նման էք, որոնց վրայով մարդիկ կքալեն  ու չեն գիտեր": Քրիստոսը հավանաբար մի երկու բան էլ ծախու մտավորականներին կասեր, որովհետեւ Նոր կտակարանում կա, դրանց էլ է կպել.  "Վա՛յ ձեզի՝ օրինականներուդ, որ գիտության բանալին վերցուցիք. դուք չմտաք եւ մտնողներուն ալ արգիլեցիք":

Չերեւաց Քրիստոսի սպիտակազգեստ տեսիլքը, որ "վայ" ասեր դրանց, բայց քրիստոնեության տված վնասը մեր իշխանության դեմքներին այնուամենայնիվ զգալի էր. բանն այն է, որ շատ երկար է տեւում պատարագը, եւ մեր իշխանությունն իր կանանց հետ ստիպված եղավ մի քանի ժամ սաղմոս եւ "ալելուա" լսել, եւ զվարճալի էր տեսնել, որ դրանց դեմքերը վերջում դարձել էին 4-օրյա մեռել աղքատ Ղազարոսի դեմքը,  երբ դեռեւս նրան չէր կենդանացրել Հիսուս Քրիստոսը:

ԲԵՐԵՔ ՀԼԱ ԴԱՏԵՆՔ ՈՒ ԴԱՏՎԵՆՔ


"Մի դատէ՛ք ու պիտի չդատուիք",- ասում է Հիսուս Քրիստոսը:  Մեր ժամանակներում իմ ծանոթներից ոմանք ինձ շատ են այդ "խորհուրդը" տալիս: Այնպես, ինչպես իրենք են մտածում կամ իրենց ձեռք է տալիս, որ այդպես մտածեն, ես ասում եմ, որ՝ ոչ, եկեք դատենք ու դատվենք՝ յուրաքանչյուրս մեր մեղքի չափը գրկած, որովհետեւ մեր օրերի Հայաստանում գուցե փրկության ափ տանում է հենց այդ չափը եւ աշխուժորեն դատելն ու դատվելը:


ԵՐԱՆԻ՜ "ՄԱՐԴՈՒ ՈՐՍՈՐԴՆԵՐԻՆ"


Մենք Զատիկին կից հանգստյան օրերին դիտեցինք բոլոր այն ֆիլմերը, որ Հին ու Նոր կտակարանին էին վերաբերում, ու մտածեցինք՝ երանի՜... երանի Հիսուսի ետեւից գնացողներից լինեինք, հենց հրաշքների ականատեսը, որ հեշտ հավատայինք, երանի նրանց, ովքեր միանգամից թողեցին իրենց ձեռքի գործն ու ընտանիքը ու գնացին նրա ետեւից, որովհետեւ այժմյան Հայաստանում շատ դժվար է անպտուղ աշխատելն ու տուն պահելը կամ տուն պահելու փորձ անելը, կգնայինք նրա ետեւից շքեղ բնության միջով, մի գաղափարի մարդկանցով եւ կլսեինք հորդորը՝ "հոգ մի՛ ընէք ձեր կեանքին համար, թէ ի՞նչ պիտի ուտէք, ոչ ալ մարմինին համար, թե ի՞նչ պիտի հագնիք": Հոգ չէինք անի, եթե միայն հանուն հավատի թափվեր երկնային մանանան, եթե վստահ լինեինք, որ մեր առաջնորդն ի վիճակի է 2 նկանակն ու 5 ձուկը 5 հազար դարձնել: Ուշացա՜վ Քրիստոսի  երկրորդ գալուստը, եւ ահա ստիպված ենք մենք մեր գլխի ճարը տեսնել՝ փարիսեցիների մեջ, եւ անհնար եղավ առանց մեղքի ապրելը դրանց մեջ, եւ խեղճ Մարիամ Մագթաղինացին մնաց քարկոծվող...


Ի ԴԵՊ


Ի՜նչ ազնիվ հասարակություն է եղել Հիսուսի ժամանակ՝ մեր հասարակության հետ համեմատած, հիանալի ուղղակի, որովհետեւ երբ նա ասաց՝ "ով արդար է, թող նա գցի առաջին քարը", մարդիկ քարը ձեռքին քարացան, իրենց մեջ էլ գտնելով մեղավորին: Թվում է, եւ երեւի այդպես էլ կա, որ եթե այսօրվա Հայաստանի հասարակության մեջ նա ասեր այդ բանը, յուրաքանչյուրը կձգտեր առաջին քարը ինքը գցել, որ ամենաանմեղը երեւա: Կամ եթե ասեր՝ ով կոռումպացված չի, թող նա խոսի կոռուպցիայից, կկատարվեր այն, ինչ այսօր է կատարվում, մինչեւ սրբություն կոռուպցիայի մեջ խրված մարդիկ կխոսեին կոռուպցիայի դեմ պայքարից: 


ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ


Պատկերացնենք մի պահ, որ Հիսուս Նազովրեցին իսկապես երեւում է մի օր Գարեգին Բ-ի մատուցած պատարագին, որտեղ առաջին աթոռներին մեր իշխանությունն է, ու հենց երեւում է, մեր իշխանավորներից մեկը, ասենք՝ Հովիկ Աբրահամյանը, որոշում է ճարպիկ լինել եւ իր դրախտ ընկնելու գործն էլ դասավորել ու իմանալով, որ այստեղ հարցը կաշառքով չի լուծվում, ոչ էլ Քրիստոսի համար հավատացյալների ձայն առնելով, խելոքացած հարցնում է. "Ի՞նչ գործ գործեմ, որպեսզի յավիտենական կեանքը ժառանգեմ": Հիսուսն էլ, դե հայտնի բան է, որ սիրում էր նրա նմանների հետ զվարճանալ, ասում է. "Բոլոր ունեցածդ ծախե եւ աղքատնէրուն բաշխէ ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետեւէս": Եւ Հովիկ Աբրահամյանն էլ, "երբ այդ բանը լսեց, տրտմեցավ, վասնզի շատ հարուստ էր", եւ Հիսուսը, ի լուր ԱԺ պատգամավորի, նրա շեֆի եւ այն շեֆի, որին մտքում ունի, ասում է. "Աւելի դիւրին է, որ ուղտը ասեղին ծակէն անցնի, քան թե հարուստը Աստուծոյ թագավորութիւնը մըտնէ": Եւ այնուհետեւ ՀՀ իշխանությանը կասի այն, ինչ հայաստանցի ժողովուրդը որպես անեծք է ասում. "Ահա ձեր տունը ձեզի աւերակ պիտի մնայ":


ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՌԱՆ ՎՐԱ


Այնուամենայնիվ Հիսուս Քրիստոսի մեջ ամենասիրելին մարդկային վիճակներում երեւալն է, երբ զգում ես, որ նա խոսում կամ վարվում է որպես մարդ: Այդպիսի վիճակներից է Ձիթենյաց լեռան վրայի "պատումը", երբ մենակ աղոթքի է գնում մեռնելուց առաջ. "Հայր, եթե կուզես, այս գավաթը ինձմէ անցուր, բայց ոչ թէ իմ կամքս՝ հապա թե քուկըդ թող ըլլայ", այդտեղ նա այնքան մարդ է, այնքան անպաշտպան ու սիրելի տղա, նույնիսկ այնպես մեկը, որին հրամայում են մեռնել՝ թեկուզ հանուն ողջ մարդկության, որ պարզապես սիրում ես ու նրա՝ որպես մարդ ապրելու ցանկության կողքին լինելու զգացողություն ես ունենում: Այդ  երկվությունից հետո Ղուկասի ավետարանն ասում է, որ "Երկընքէն  հրեշտակ մը երեւցաւ անոր եւ զօրացուց զանիկա": Մեզ էլ հավանաբար անընդհատ մի հրեշտակ է պետք՝ Աստծո կամ նրա որդու կողմից ուղարկված, որպեսզի զորացնի մեզ: Եւ վերջում՝ շնորհավոր բոլոր նրանց, ովքեր հավատում են Հարությունը, եւ հատկապես նրանց, ովքեր հավատում են Քրիստոսի երկրորդ գալստյանը, այն բանին, որ նա գալու է մտնի 21-րդ դարասկզբի Երեւանի  սնկի պես աճող եկեղեցիները եւ այնտեղի առեւտրականների սեղանները շուռ տալով ասի՝ էս ի՜նչ էիք դարձրել իմ հոր տունը:

Комментариев нет:

Отправить комментарий