16.04.2012

Միխայիլ Զոշչենկո «ԱԳԻՏԱՏՈՐԸ»

http://img1.liveinternet.ru
Ավիացիոն դպրոցի պահակ Գրիգորի Կոսոնոսովը գնաց գյուղ՝ արձակուրդ։
- Դե ինչ, ընկեր Կոսոնոսով,- մեկնելուց առաջ ասում էին ընկեր ու բարեկամ,- կգնաք, տեսեք հա՝ գյուղում ագիտացիա արեք։  Մուժիկներին պատմեք, որ այսպես ու այնպես, ավիացիան զարգանում է։ Կարող է՝ մուժիկները օդանավի համար փսոն դնեն, քցվեն մի քիչ։
- Դա վստահ եղեք,- ասում էր Կոսոնոսովը,- կը ագիտացնեմ։ Ուրիշ բաները չգիտեմ, բայց որը որ ավիացիայի մասին է, մի անհանգստացեք, կասեմ։
Գյուղ Կոսոնոսովը եկավ աշնանը և գալու առաջին իսկ օրը ուղևորվեց Խորհուրդ։
- Ուրեմս,-ասաց,- ցանկություն ունեմ մի քիչ ագիտացիա անելու։ Քանզի քաղաքից եմ եկած, ուստի կարա՞մ ժողով անեմ։
- Ի՞նչ կա որ,- ասաց նախագահը,- արեք, վաղը կհավաքեմ մուժիկներին։
Հաջորդ օրը նախագահը հավաքեց մուժիկներին արտակարգ իրավիճակների ցախանոցի մոտ։
Գրիգորի Կոսոնոսովը  ելավ նրանց դեմ, խոնարհվեց և, անսովորությունից հուզվելով, սկսեց խոսել դողացող ձայնով.

- Ուրեմս, էն բանը,-  ասաց Կոսոնոսովը,- ավիացիան, ընկեր գյուղացիներ... Վասնզի դուք, իհարկե, խավարամիտ ժողովուրդ եք, ուրեմն բանից, քաղաքականությունից կասեմ... Այստեղ ասենք թե Գերմանիան է, իսկ այստեղ Կերզոնը։ Էս կողմը Ռուսաստանն ա, իսկ ստեղ... բերանս չբացեմ...
- Էդ դու ինչի՞ մասին ես ասում,- չհասկացան գյուղացիները։
- Ինչի մասին,- նեղացավ Կոսոնոսովը,- ավիացիայի մասին եմ։ Զարգանում ա բանը՝ ավիացիան...Ստեղ Ռուսաստանն ա, իսկ ստեղ այսինքս Չինաստանը։
Գյուղացիները լսում էին մռայլված։ 
- Մի ձգձգի,- գոռաց ինչ-որ մեկը վերջից։
- Չեմ ձգձգում,- ասաց Կոսոնոսովը։- Ես ավիացիայի մասին եմ... Զարգանում է, ընկեր գյուղացիներ։ Հակառակը չեմ պնդի։ Ինչ կա, էն կա։ Չեմ վիճում ու չեմ առարկում...
- Անհասկանալի է,- ձայնեց նախագահը,- Դուք, ընկեր, կխնդրեմ՝ մի քիչ ավելի մասաներին մոտ...
Կոսոնոսովը մոտ կանգնեց ամբոխին  և,  փաթաթած թութունը ձեռքի մեջ ոլորելով, նորից սկսեց.
- Ուրեմս, բանը, ընկեր գյուղացիներ... Կառուցում են եռոպլաններ և հետո թռչում են։ Օդով այսինքս։ Դե, մեկը կարող ա և չպահի իրան, զըմփա ներքև։ Ինչպես էդ օդաչու ընկեր Երմիլկինը։ Թռչելը թռավ, բայց մեկ էլ հնենց կզըմփա, որ փորը ցրիվ կգա...
- Բա հո ծիտ չի,- ասին գյուղացիները։
- Ես էլ էդ եմ ասում,- ոգևորվեց Կոսոնոսովը աջակցումից,- պարզ ա, որ ծիտ չի։ Ծիտը ընկնի էլ, նրա տանձին չի, իրան թափ կտա ու հայդա... Իսկ ստեղ առը հա  քեզ... Մի ուրիշն էլ օդաչու՝ ընկեր Միխայիլ Իվանիչ Պոպկովը... Թռավ, ամեն ինչ փառքով-պատվով, մեկ էլ թըրխկ՝ շարժիչի մեջ անսարքություն... Էնա զըմփաց։
- Է հետո՞,- հարցրին մուժիկները։
- Աստված վկա...  Էն մեկն էլ  ծառերին էր ընկել։ Ու կախված  ա, ոնց որ երեխա։ Ոնց որ  քեֆը տենց ա տվել, հավես ա արել... Տարբեր են լինում դեպքերը... Էն մի անգամ էլ կովը պրոպելերի տակ մտավ։ Որտեղ են պոզերը, որտեղ՝ փորը՝  ջոկել չի լինի... Շներն էլ են պատահում ա ընկնում...
- Ձիերն է՞լ,- հարցրին մուժիկները։- Մի՞թե ձիերն էլ են ընկնում, հարգելիս։
- Ձիերն էլ,- ասաց Կոսոնոսովը։- Շատ հեշտ։
 - Տենում ե՞ս սատանեքին, ականջը խուլ,- ասաց ինչ-որ մեկը,- ինչ են հորինել....Ձիերին են կոտորում։ Ու ի՞նչ, ցավդ տանեմ, զարգանում ա՞ դա։
- Ես էլ էդ եմ ասում,- ասաց Կոսոնոսովը,- զարգանում է, ընկեր գյուղացիներ... Դուք գյուղով, ուրեմս, հավաքվեք, նվիրատվություն-բան արեք։
- Էդ ինչի՞ համար ա նվիրատվությունը, հարգարժան,- հարցրին մուժիկները։
- Եռոպլանի,- ասաց Կոսոնոսովը։
Մուժիկները, քմծիծաղ տալով, սկսեցին ցրվել։

1923


թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Комментариев нет:

Отправить комментарий