15.12.2011

Համբարձում Համբարձումյան «Ընտրությունները բանակում»

պաստառ-պատմվածք
  
Եռագրության առաջին պատմվածքը

 Քարոզարշավ

Շապիկս շրջել , մահճակալիս մոտ նստած  շապիկիս վրայի տռուզ ոջիլներն էի եղունգներով ջարդում, տրաքացնում, երբ լսվեց կանգնած օրապահի ղժղժան ձայնը. «Գումարտակ շարվի, գումարտակ վազքով շարվի»:  Գումարտակի «լավերը», այդ թվում մի քանի սերժանտներ ձենները գլուխները գցեցին, թե բա՝ «արագ շարվեք կամբատն ա շարում, գումարտակի հերթապահն էլ Գիժն  ա»:
Եթե ուրիշ հերթապահ լիներ, նույնիսկ գումարտակի հրամանատարի շարելու դեպքում  կարելի էր և դանդաղ շարվել, բայց Գժի՝ լետենանտ Կարապետյանի հերթապահության ժամանակ  դա կարող էր շատ թանկ նստել, մի քանի շրջան վազքը որ հաստատ երաշխավորված էր: Արագ հագա շապիկս, վրաս գցեցի խեբես, արնոտ եղունգներս շալվարիս վրա սրբեցի և սկսեցի սերժանտություն անել:
«Քիթդ կկծեմ, կթքեմ դեմքիդ». գումարտակ մտավ Գիժը ու ինչ-որ մեկին հարամեց: Գժի մուտքը ազդեցիկ էր, գումարտակը կուտակվեց նեղ միջանցքում  և սկսեց դուրս թափվել շարահրապարակ:   Երբ արդեն շարվել էինք, բուշլատի չկոճկած կոճակներն էինք կոճկում, զինվորական ճտքակոշիկների չկապված քուղերն էինք կապում, Գիժը թողնել տվեց և մենք հետ վազեցինք կացարան: Չորորդ փորձից հետո գումարտակը շարվեց:
Կանգնել եմ շարքի առջևի տողանի  մեջ, ինձուինձ ենթադրում եմ, թե ինչ կարող է գումարտակի հրամանատարը ասել  ընտրությունների հետ կապված և զգում եմ ցեղասպանությունից մազապուրծ եղած ոջիլների խլրտոցը: Տասնհինգ րոպեից գալիս է գումարտակի հրամանատարի  դաստիեարակչական գծով տեղակալը՝ զամպալիտը: Առավոտյան նախագահական ընտրությունների հետ կապված նա  մեզ արդեն շարել - տեղեկացրել է, թե ինչ պիտի անենք և նույն թեմայով երկար չի խոսում:
Ցուրտ է, զինվորական ճտքակոշիկների մեջ ոտքերս, թաթմանների մեջ ձեռքերս սառել են: Գումարտակի հրամանատարը ուշանում է, որովհետև ներքին կապով գնդի  հետ է խոսում, ենթադրում եմ՝ ինչ-որ ցուցումներ է ստանում: Մեզ զբաղեցնելու, տաքացնելու համար զամպալիտը հրամայում է գնդի քայլերգը կատարել: Գնդի քայլերգին  հետևում են «Երազի իմ երկիրը» և «Մեր  հայրենիքը»: Երբ ամեն օր առնվազն առավոտյան տողանին և երեկոյան անվանականչին շարքի մեջ սառած ոտքերով, խլվլացող ոջիլներով զգաստ կանգնած ստիպված ես նույն երգերը երգել, ակամա հակակրանք է առաջանում այդ երգերի հանդեպ:
Կես ժամ անց գալիս է գումարտակի հրամանատարը  և զինվորական ողջյունից հետո բարձրանում է տրիբունա: Նախ նա խոսում է հայրենասիրությունից, տեղեկացնում է, որ մինչև  ընտրություններ ծնողների ու հարազատների հետ տեսակցություններ, արձակուրդներ չեն լինելու, հետո սկսում է բացատրել մեր անելիքը: «Մենք մի ընտանիք ենք» . ասում է, «Հա,- մտածում եմ ես,- ու Սերժն էլ հիմա ձեր պապան ա»: «Մենք մի կոլեկտիվ ենք, ու մենք պտի  մի միտք ունենանք: Մի միտք, մի հավատք, մի թեկնածու, մի որոշում, իսկ էդ որոշումը  մեզնից վերև կանգնած մարդիկ, մեր ղեկավարները արդեն ընդունել են»: Կորցրածը ետ բերելու անհագ մարմաջով ջարդից փրկված ոջիլները մարմնիս վրա խմբակային սեքսով են զբաղված: Ուժերը վերականգնելու համար նրանք մի պահ ստոպ են տալիս և սկսում են արյունս ծծել: Կծած տեղերում անտանելի քոր է գալիս, բայց չեմ համարձակվում քորվել. գիտեմ հրամանատարը քրոզարշավը կթողնի ու ինձնով կզբաղվի: «Դուք էլ լավ գիտեք, թե ով ա մեր թեկնածուն,- ասում է գոմարտակի հրամանատարը,- դա մեր բոլորի հրամանանատարը, մեր բանակի նախարարն է, Սերժ Սարգսյանը»: Այդ ժամանակ զինված ուժերի նախարարը Միքաել Հարությունյանն էր, բայց գումարտակի հրամանատարին կարելի է հասկանալ. Սերժ Սարգսյանը այնքան արագ նախարարից վարչապետ դարձավ, որ գումարտակի հրամանատարը  նրան դեռ որպես նախարար էր ընկալում: Ես ընտրական օրենսգիրքը չգիտեմ, բայց դատելով նրանից, թե ինչպես  զամպալիտը շփոթվեց, երբ գումարտակի հրամանատարը   «մեր թեկնածուի» անունը տվեց, քարոզը օրինական չէր: Մինչ այդ  նմանատիպ  բացատրական զրույցների ժամանակ զամպալիտը երբեք «մեր թեկնածուի» անունը չէր տվել, այլ թվարկել էր  նրա կոչումներն ու տարբեր ժամանակ զբաղեցրած պաշտոնները, քվյաթերթիկում նրա համարն էր ասել: Բանակում զամպալիտը ինչ-որ առումով օրենքի մարդ է և հավանաբար այդ պատճառով նա մինչև վերջ չէր գնացել:
  «Ռեվանշիստները, աբիժնիկները, բաշիբոզուկները». լսում եմ  գումարտակի հրամանատարի ձայնը և զգում եմ, որ ոջիլներս ուղիղ  մայրուղով իջնում են դեպի ամորձիներս, որը նրանց ձվադրման հիմնական տեղն է:   Լսել եմ, որ մայր ոջիլը օրեկան վեց հարյուր ձու կարող է դնել: Դրանց դեմ պայքարում ենք  թունաքիմիկատներով, դիզվառելիքով, շորերը հաճախակի փոխելով, բայց միևնույնն է, եթե գումարտակում գոնե մի ոջիլ կա, դրանք վարակի պես կտարածվեն: Իմ փորձը ինձ ցույց է տվել, պայքարի ամենաարդյունավետ միջոցը , կոշտ ու արյունոտ մեթոդներով պայքարն է, դրանց ջարդել տրաքացնելը, կամ տաք արդուկով վառելը:
Ընդիմության առաջնորդներին տարբեր մակդիրներ կպցնելով և նրանց հանցագործներ անվանելով գումարտակի հրամանատարը ավարտում է իր ելույթը նույն՝ « Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեկնածու»  կարգախոսով:
Հաջորդ օրը գումարտակի սերժանտական անձնակազմին իր սենյակ հրավիրեց զամպալիտը: Ներս մտա սենյակ ու անմիջապես նկատեցի, որ Ռոբերտ Քոչարյանի ապակեպատ շրջանակի մեջ դրված նկարի կողքին դրված էր Սերժ Սարգսյանի  նկարը: Հին նկար էր մեծացրած , որտեղ պատկերված մարդը միայն հեռավոր նմանություն ուներ մեր օրերի Սերժ Սարգսյանի հետ:
Զրույցի թեման և բովանդակությունը նույնն էր, բացառությամբ նրա, որ զամպալիտը սերժաննտներին հորդորում էր  տեղյակ պահել իրեն, եթե ինչ-որ զինվոր քաղաքական այլ հայացքներ ունի: « Երբ կզորացրվեք, դուք ձեր  գլխի տերը կլինեք,-ասում էր նա,- ում ուզում եք ընտրեք բայց հիմա մենք հրաման կատարող մարդիկ ենք»: Նա նաև մեզ խորհուրդ տվեց շառից ու փորձանքից հեռու մնալ և հայտնեց, որ եթե կա այնպիսի մարդ, որ ուզում է ուրիշ, ասենք դաշնակցության թեկնածուին ընտրել, թող առանց վախենալու նախօրոք հայտնի: Զգուշացրեց, որ եթե այնպիսի մեկը գտնվի, որ հիմա լռում է և ընտրության օրը «ուրիշ թեկնածուի» կընտրի, իրենք միևնույնն է կիմանան ու վայ էդ մարդուն:
Ընտրությանը նախորդած օրերին գումարտակում բջջային հեռախոսների որս էր սկսվել, որի նպատակը մեզ արտաքին աշխարի հետ կապվելու հնարավորությունից զրկելն էր: Հեռախոսների որսը իհարկե միշտ էլ եղել է, բայց սպաները հիմա հատկապես ակտիվ են,  պատահական, հանկարծակի զինվորին կանգնեցնում խուզարկում են, ամեն օր կացարանն են ստուգում: Զինվորական օրակարգով նախատեսված է «Զինուժ» և «Հայլուր» ծրագրերի դիտում, բայց, երբ  DVD նվագարկիչ է լինում, նախընտրում ենք Սպիտակցի Հայկոյի, Բոկայի երգերը, կամ սևամորթ ռեփերների տեսահոլովակները նայել: Երբ այլընտրանք չկա «Հայլուր» ենք նայում,  և տեսնում եմ, որ «Հայլուրը» համակարծիք է մեր գումարտակի հրամանատարի հետ՝ այս ընտրություններում մի թեկնածու կա:
Գումարտակի տղաներին առանձնապես չի հեաքրքրում ընտրության արդյունքը, ում հետ  այդ թեմայով զրուցում եմ, ասում է, որ ընտրության ելքը կանխորոշված է: Հիշում եմ Նիկոլ Փաշինյանի մեկ գումարած մեկ ակցիան, «Հայաստանի ճակատագիրը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը:
Տղերքին ընտրության ելքը չի հետաքրքրում, բայց ընտրության օրվան շատ են սպասում: Նրանք ովքեր խորհրդանական ընտրությունների ժամանակ էլ են բանակում եղել, պատմել են, որ այդ օրը «կայֆավատ ա», որ մի պատասխանատու թողնելով գումարտակի բոլոր սպաներին տուն՝ ընտրության են ուղարկում  և գումարտակում կատարյալ «բարդակ ա»:
Ընտրությունների նախորդ օրը, երբ պաշտոնապես քարոզարշավը ավարտվել էր, գումարտակի հրամանատարը մեզ հավաքում է կացարանում: Հրամանատարը իր համազգեստով չէ, զինվորական նրա շորերի վրա ուսադիրներ չկան: Վերջին շրջանում և հատկապես այդ օրը նա մեզ հետ շատ փափուկ է խոսում, ձայնի մեջ ընկերական, մտերմիկ երանգներ ներդնելով: Նա երկար խոսում է փոխադարձ վստահության, հավատարմության մասին , հույս է հայտնում, որ մեր մեջ դավաճաններ չկան: Հրաման բառը չի օգտագործում, որովհետև գիտի զինվորի հոգեբանությունը , գիտի որ ցանկացած հրաման զինվորը տհաճությամբ է  կատարում, որ զինվորի մոտ հրամանը հակառակվելու ցանկություն է առաջանում: Ասում է. «Հնարավոր է, ձեր բարեկամները, ընկերները  ձեզ հետ կապված լինեն, ինչ-որ բաներ ասած լինեն, բայց դուք չպիտի լսեք նրանց. մեր հրամանատարները որոշում են ընդունել և մենք այդ որոշումը պիտի իրականացնենք»: Գումարտակի հրամանանատարը կարող է մեզ հետ այդքան գլուխ չդնել, կարող է  ընտրությունների օրը շարել ու «մեր թեկնածուի» անունը տալ, և արդյունքը նույնն է լ,ինելու,  բայց նա շուտով զինվորական ավելի բարձր աստիճան և պաշտոնի բարձրացում պիտի ունենա և դրան նախապատրաստվելով տարիներ շարունակ յուրացրած պետական դիզվառելիքի ու բենզինի վաճռքի փողերով նոր մետալիկ գույնի Մերսեդես վեցհարյուր է գնել: Ես հասկանում եմ նրան,   հրամանատարը հոգնել է սահմանամերձ գյուղի գումարտակում ծառայելուց , հոգնել է ամռան շոգին, ձմռան ցրտին, մառախլապատ անձրևային եղանակին հենակետեր շրջայցեր  կատարելուց, հոգնել է անընդհատ խնդիրներ ստեղծելող սպաներից ու զինվորներից, հոգնել է գումարտակ-Երևան ճանապարհից, հոգնել է լիտր-լիտր դիզվառելիք հետ գցելուց, նա  ավելի լավ կյանք է ուզում: Հրամանատարը իր գործերը այս գումարտակի հետ ավարտել է, մնացել է մի շատ փոքր հարց լուծել՝ ընտրությունները ճիշտ «կազմակերպել» և նա ջանք չի խնայում դրա համար: Լսել եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանական կուսակցությունը ձայների բավարար քանակ չի ստացել,  և գյուղապետը  հրամանատարին զրպարտել է, իբր նա չի ապահվել ձայները: Ճիշտ է հրամանատարը կարողացել է ապացուցել իր անմեղությունը, բայց այս անգամ նա չի ուզում, որ այդ տհաճ միջադեպը կրկնվի: «Մեր ընտրությունը,-ասում է հրամանատարը,- պիտի էնքան վստահ լինի, որ ոչ մեկին կասկածի առիթ չտա: Ամբողջ գյուղին, գյուղապետին, մեր ղեկավարությանը մեր վստահ ընտրությամբ, մենք պիտի ցույց տանք մեր ուժը: Մենք պիտի մի միտք ունենանք, մի միտք, մի հավատք, մի որոշում, մի թեկնածու»: Գումարտակի հրամանատարը ավարտում է իր ելույթը և  առջևի շարքում նստած Դամբուլին (նրա անունը Յաշա էր, բայց նույնիսկ գնդի հրամանատարի տեղակալները մականունով էին դիմում) հարցնում է.«Ում պիտի ընտրես, Դամբուլ»: «Սերժին»: Ծիծաղում ենք: «Սերժ Սարգսյանին»: Շփոթված Յաշան կարծում է, թե իր «մեր թեկնածուին» անունով դիմելն է ծիծաղ հարուցել, իսկ իրականում ծիծաղում ենք, որովհետև հրամանատարը քիչ առաջ է ասել, որ ոչ մեկին չասենք՝ ում ենք ընտրելու և հիմա ստուգում է: «Բա խի ես Սերժին ընտրելու»: «Դու ես ասել, կամանդիր»: Ծիծաղը  սաստկանում է: «Արա, էսի ինձ էլ, զամպալիտին էլ բռնել կտա, Յաշիկ, դու հո բոզ չես, արա»:
Հրամանատարի ասածը իսկապես զվարճալի է, որովհետև գումարտակում բոլորին հայտնի է, որ Դամբուլը նրա գործ տվողն է, նրա անձնական օգտագործման մատնիչը: «Մի անգամ էլ եմ կրկնում, հատուկ Յաշայի համար, գյուղում, ով ուզում է լինի, եթե մոտենա, հարցնի ում եք ընտրում, ասեք որ իր գործը չի,- լրջանում է հրամանատարը,- իմ մոտ դուք կարաք ազատ խոսեք, բայց գյուղում ոչ տեսել եք, ոչ լսել եք, ոչ էլ պետք ա՝  իմանան, թե ում եք ընտրել»: Հրամանատարը մեզ հրաժեշտ է տալիս և գնում է կացարանի մյուս մասնաբաժինը, որտեղ մնացած երկու վաշտերին են հավաքել: Դուրս եմ գալիս միջանցք և ականջիս է հասնում հրամանատարի ձայնը: Նույն անփոփոխ տեքստն է արտասանում, որ վաշտի սպաների ասելով գնդի հրամանատարից է լսել: «Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեկնածու»: 

  

Եռագրության երկրորդ պատմվածքը

Ընտրություն


Ընտրության օրը գումարտակի հրամանատարը մեզ նորից շարահրապարակում շարում է,   բաժանում է զինվորական գրքույկները և  կարդում է ընտրացուցակի մեր համարները: Հետո նա բացատրում է, թե ինչպես պիտի մեզ գյուղում պահենք:  
Ամբողջ  քարոզարշավի ընթացքում գումարտակի հրամանատարը զինվոր չէր ծեծել, հայհոյանքներով չէր համեմել իր ելույթները, սպառնալիս անուղղակի էր սպառնացել, բայց ընտրության օրը նա իր ռազմավարությունը  փոխեց: «Ես ձեզ չեմ ստիպում, որ մեր թեքնածուին ընտրեք,-ասում է հրամանատարը,- բայց եթե տենց մի հատ խոզի մռութ գտնվի, որ ուրիշ թեքնածուի կնտրի ու մեր գումարտակի վրա բիծ կբերի, ես  ձեզ խոստանում եմ, որ ամբողջ գումարտակին  այնպես  կպատժեմ՝  ոռներիցդ մուխ դուրս կգա, մինչև ծառայության վերջ չեք մոռանա, իսկ որ մենք կիմանանք դրանում չկասկածեք, ընդեղ բոլորն էլ մեր մարդիկ են ու ձևերը գիտեն»:
Մինչև բանակ զորակոչվես, զորացրված ընկերներս պատմել էին, որ իրենց մոտ բաց քվեարկություն է գնացել : Ղարաբաղում ծառայած ընկերս էլ պատմել էր, որ իրենց տարբերանշանները Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով էին փոխարինել ու չորս հարյուր կիլոմետր անցնելով մասնակցել էին ընտրությանը: Հրամանատարի քարոզարշավի ընթացքում  մտածում էի, որ ինչ-որ դրական փոփոխություն է եղել, որովհետև մեր վրա եղած ճնշումները  համարժեք էին պետական հիմնարկներում  աշխատող մարդկանց վրա եղած ճնշումներին, երբ մարդկանց սպառնում են պատժել, աշխատանքից հեռացնել: Բայց հրամանատարի այս վերջին ելույթը  իրավիճակը փոխում էր, սկսում էին գործել բանակային օրենքները: Զինվորին կոտրելու, խեղճացնելու, ենթարկեցնելու լավագույն միջոցը նրա անթույլատրելի արարքի պատճառով մյուսներին պատժելն է: Օրինակ՝ զանցանքը կատարած զինվորին նստեցնել աթոռին, իսկ նրա վաշտը ուժասպառ լինելու չափ վազեցնել:  Այդպիսի պատժից հետո, եթե նույնիսկ տվյալ զինվորի հետ պատժվածները հաշվեհարդար չտեսնեն, միևնույնն է զինվորը մյուսների առջև իրեն մեղավոր է զգում  և նույն «սխալը» էլ չի գործի: Փաստորեն  ամենաարդյունավետ, ամենաաշխատող մեթոդը  հրամանատարը վերջին օրվա համար էր պահել:
«Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեքնածու»  ավանդական կարգախոսը ասելուց հետո գումարտակի հրամանատարը մի կարճ դադար է տալիս, «Առաջ Հայաստան» է բղավում և զգաստ, գլուխը բարձր կանգնած նայում է հեռուն: Նայում եմ նրա հայացքի ուղղությամբ և ժպիտս չեմ կարողանում զսպել. այնտեղ սահմանն է  և ազերիների հենակետերը:
 Ելույթից անմիջապես հետո  գումարտակի հրամանատարը  նստում է իր Մերսեդես վեցհարյուրը և գումարտակը զամպալիտին թողնելով մեկնում է Երևան: Գումարտակում սպայական անձնակազմից մնացել են զամպալիտը և զամպատեխը, որոնք գյուղի բնակիչ են: Մյուս բոլոր սպաները ազատ են արձակվել և գնացել են  «մեր թեկնածուի» օգտին քվեարկելու:
Ըստ համարներ հաջորդականության Զամպալիտը մեզ խումբ-խումբ շարում է և  ուղղարկում է քվեարկության, ապա մեքենայով գնում է ընտրատեղամաս: Ես վերջին խմբի մեջ եմ:
Քսան հոգուց բաղկացած մեր խմբով շարվում ենք, վերջին ցուցումներն ենք ստանում և շարքով քայլում ենք դեպի զորամասի դարպասները: Զորամասի տարածքից դուրս գալուն պես, ինչպես և հրամայված էր, մեր շարքը կազմալուծվում է: Գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամաս իջնում ենք փոքրիկ, երեք չորս հոգուց բաղկացած խմբերով: Հին ծառայողները, որ խորհրդանական ընտրություններն էլ էին բանակում անցկացրել, ճիշտ էին՝ «կայֆավատ ա»։  Ծխելով, զրուցելով, կատակելով քայլում ենք , գլխներիս սպա չկա և մեզ ազատ ենք զգում:    Պատահել է, որ հրաձգարան գնալիս , կամ հենակետեր մեկնելու նախօրեին գյուղի միջով անցնենք, բայց միշտ զենքով ու հանդերձանքով, երգով ու շարքով, սպաների գլխավորությամբ։ Կարոտել ենք քաղաքացիական հագուստով մարդկանց տեսքին,  մարդկային անկեղծ զրույցին, աննպատակ թրև գալուն: «Պատկերացրեք,-ասում է տղերքից մեկը,- Աբովյան փողոցավ ենք քայլում»։ Այդ պահին  մեր կողքով գնդի հրամանատարի մարտական գծով տեղակալի Վիլիսն է անցնում:  Շրջվում ենք դեպի մեքենան ու պատվի ենք առնում: Գնդի հրամանատարի տեղակալը նշան է անում, որ իջեցնենք մեր ձեռքերը: Գումարտակի հրամանատարը ասել է, որ ոչ մի սպայի այդ օրը գյուղի մեջ պատվի չառնենք, բայց  բարձր աստիջանի ուսադիրներ տեսնելիս մեր ձեռքերը  բնազդաբար  բարձրանում են: Վիլիսից հետո երկու ՊՆ համարանիշներով Զիլեր են անցնում: Առաջին գումարտակի տղաներն են, որոնց մարտական հենակետերից իջացրել են հատուկ ընտրության համար, հենակետերում միայն կանգնած դիտորդներին թողնելով:
Ճանապարհին  պատահած բոլոր գյուղացիները զինվորական շորերով են. գյուղի տղամարդկանց զգալի մասը պայմանագրայիններ են, մի մասը պատերազմի ժամանակ գյուղի  ինքնապաշտպանական մարտերին են մասնակցել, գումարտակն էլ գյուղին կպած է, զինվորական հագուստ ձեռք գցելը հեշտ է և գյուղացիները շորի վրա փող չեն ծախսում: Հույս ունենք, որ գոնե աղջիկ կտեսնենք:
Շենգավիթցի Բոյովը պատմում է, որ խորհրդարանական ընտրությունների իրենց ընտանիքը Հանրապետականից  քսան հազար, Բարգավաճից տասնհինգ հազար դրամ է վերցրել, բայց իրենք գնացել, «Իմպիչմենտ դաշինքին են ընտրել»: «Ըտենց բան ա ազատությունը, կաարաս ընտրության վրա փող աշխատես -ասում է Կիշկեն,- թե չէ հիմա մեզ ասում են գնացեք Սերժին ընտրեք ու որպես ընտրակաշառք մի հատ խտացրած կաթ էլ չեն տալիս»:
« Ես Սերժին չտեմ ընտրի». զգուշացնում է լոռեցի Նժդեհը: Նրա ծնողները ընդիմադիր են,  մինչև զորակոչվելը ընդիմության միտիգներին է մասնակցել: «Հետոյի մասին չես մտածում». ասում է Աբովյանցի Կյաժը: « Ի՞նչ տեն անի, ուշունց տեն տա, մի քանի սիլլա տեն տա, կուբախտ տեն նստացնի, թող անեն»:      «Բա որ,- Նժդեհի բառբառը հեգնելով արտահայտվում է Երևանցի Չամուռը,- կամբատը քո պատճառով գումարտակին պատժի, կարալ տես երկու հարյուր հոգուն պատասխան տաս քո արարքի համար»: Չամուռը գումարտակի այն «լավերից» է, որոնց սպաների մեկի պատճառով բոլորին պատժելու  մեթոդը ձեռնտու է, որովհետև նրան հնարավորություն է տալիս այդ մեկի վրա «կեղտ բռնել» ու նրա վրա իշխանություն ունենալ:
Քայլում ենք և նկատում եմ, որ անջատ խմբերը մոտեցել են իրար և մեր քայլքը  համաչափ է, ինչպես շարային քայլքի ժամանակ՝ ձախ, ձախ, ձախ-աջ-ձախ : Ոտքս փոխում եմ, բայց կարճ տարածություն անցնելուց հետո նկատում եմ, որ նորից տղերքի քայլքին համաձայն եմ քայլում: Վերջում արդեն համարյա շարքով ու շարային քայլքով ենք գնում: Մեզնից անջատ, մեր ետևից գալիս է Նժդեհը:
Ընտրատեղամասում մեզ է միանում Զամպալիտը: Նա մեքենայից իջնում է և կարգադրում է սպասենլ մինչև ինքը կկանչի: Ընտրատեղամասում հերթ է, գյուղապետի մեքենաները անընդհատ նոր մարդիկ են բերում՝ մեր պես հրամանով քվեարկող գյուղացիներ։ Զամպալիտը բարձրանում է երկրորդ հարկ, որտեղ քվեախցերն են: Նրա հետևից վերև է բարձրանում գնդի հրամանատարի մարտական գծով տեղակալը: Մինչ մեր հերթը կհասներ, գյուղապետի Նիվան ու Ֆորդը մարդկանց երեք խմբաքանակ են բերում: Նայում եմ գյուղապետին՝  նույն ավատատիրական կեցվածքը, դեմքի նույն դաժան ու բութ արտահայտությունն ունի , ինչ որ  գումարտակի  հրամանատարի մոտ եմ տեսել:  Հիմա հասկանում եմ նրանց հակասության պատճառը՝  մեկ սահմանամերձ, աղքատ գյուղի համար երկու «իշխանը» շատ են:
Աստիճաններով բարձրանում եմ վերև, անցնում եմ զամպալիտի կողքով և նորից նույն սխալը՝ պատվի եմ առնում: «Հասնենք գումարտակ, ձեռտ քամակդ եմ մցնելու».- ժպտալով ասում է զամպալիտը : Մեր վրա ուշադրություն դարձնող չկա, բոլորը թքած ունեն իմ պատվի առնել-չառնելու վրա, չեմ հասկանում, թե թոզ փչոցին ում համար է:
Մտնում ենք ընտրասենյակ, հերթով ստանում ենք մեր քվեաթերթիկները և ծրարները, զամպալիտի ու մարտական գծով տեղակալի անթարթ հայացքների ուղեկցությամբ մտնում  ենք քվեախցիկները: Մտածում եմ.«Էս հո քվեախցիկ չի, սա քվեախուց ա»:
Ետդարձի ճամփին ավելի ազատ ենք մեզ զգում: Խանութից կոլա ու կորժիկ ենք առնում, ուտել-խմելով քայլում ենք: Բացառությամբ զամպալիտին պատվի առնելը, ես ամեն ինչ «ճիշտ» եմ արել, բայց հիմա էլ մտածում եմ՝ ջոկիս զինվորները սխալ արած չլինեն: Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե ջոկիս զինվորը իրեն սխալ պահած լինի: Գումարտակի հրամանատարը շարքից դուրս կկանչի, կասի.«Էլի դու, արա, դու որ սրա սերժանտը լինես, սա էլ էս պիտի լինի, էլի», ու վերջում էլ կավելացնի ՝ «Կթքեմ վրեդ, ձի»։
Կես ճանապարհին Նժդեհը զգուշացնում է, որ  «մեր թեկնածուին» չի ընտրել, որպիզի  եթե հետո  հրամանատարը պարզի, իրեն չմեղադրենք, որ չի ասել: Աբովյանցի Կյաժը Նժդեհին մի կողմ է տանում: Նրանց խոսակցությունը չեմ լսում, բայց պարզ է՝ Կյաժը խորհուրդ է տալիս , որ նա դրա մասին  էլ  չխոսի:
 Մոտենում ենք գումարտակին և հեռվից նկատում ենք ուղղեփակոցի մոտ կանգնած զամպալիտին: Կյաժը ասում է, որ շարվենք: Նրան հիշեցնում ենք, որ մեզ հրահանգել են  գյուղի միջով  առանց շարքի գնալ-գալ: «Ես գիտեմ՝ ինչ եմ անում». ասում է Կյաժը: Նրա ասածը լսում ենք, շարվում և շարքով ենք առաջ գնում. Կյաժը խելացի ու անչար տղա է, նրան և սպաներն են հարգում, և զինվորները: «Երգով,-ժպտում է զամպալիտը,-հաղթած զինվորները պիտի երգով գումարտակ մտնեն»: 
Երբ  մոտենում ենք զամպալիտին երգը թողնում ենք, որովհետև  երգելու ժամանակ պատվի չեն առնում, իսկ բարձրաստիճան սպաները (եթե կարելի է ոջլոտ գումարտակի քոսոտ զամպալիտին այդպես ասել) սիրում են դա: Զամպալիտը տեղում է տալիս և ինչ-որ բան է հարցնում: Հարցը չեմ լսել, բայց բոլորի հետ գոռում եմ.«Ճիշտ այդպես» և մտածում եմ .«Էս ոջլոտ գումարտակում ինչքան եմ ռոբոտացել, սերժանտացել, դոդացել»:


  Եռագրության երրորդ պատմվածքը

Արտակարգ դրություն

Ընտրության հաջորդ օրը՝ առավոտյան տողանի ժամանակ գումարտակի հրամանատարը  հրապարակում է գյուղի ընտրատեղամասում գրանցված ընտրության արդյունքը: Հայտարարում է, որ «մեր թեկնածուն» փառահեղ հաղթանակ է տարել և դրան մեծապես նպաստել է մեր վստահ ընտրությունը: Ընտրությանը մասնակցելու համար ազատ արձակված գումարտակի սպաները դեռ չեն վերադարձել և առավոտյան տողանը կարճ է տևում: Գումարտակի հրամանատարը կարգադրում է արտաքին տեսքը կարգի բերել֙ պատրաստվել շարային ստուգատեսի և բաց է թողնում մեզ: Ցրվելուց հետո ոջլոտները սկսում են միջատների սպանդը, որովհետև շարային ստուգատեսի ժամանակ ստգվում էր նաև  ոջիլի առկայությունը: Ջրի սակավության պատճառով գումարտակի լվացարանը մեկ ամսից ավել է, ինչ փակ է, և պարտաճանաչ զինվորները սափրվելու պարագաները վերցնելով լծվում են ճաշարանից կամ ցայտաղբյուրից ջուր հայթայթելու գործին:  Ես նստում եմ հեռուստացույցի դիմաց, չոր-չոր թրաշվում եմ և լուրերով լսում եմ, որ «մեր թեկնածուն»  գրեթե բոլոր տեղամասերում հաղթել է ձայների մեծ տարբերությամբ:
Հաջորդ մի քանի օրերը անցնում են բանակային սովորական օրակարգով, բացառությամբ նրա, որ սպաներին պարբերաբար շտաբ են կանչում և հրահանգավորում են:
Գիտենք, որ ընդիմությունը ընտրության պաշտոնական արդյունքները չի ընդունում և Երևանում խոշոր ցույցեր են անցկացվում: Լսել ենք, որ ժողավրդին զսպելու համար սպաներին Երևան են տանելու և անհամբեր այդ օրվան ենք սպասում: Իմացել ենք, որ հարևան գնդից զինվորներ են տարել Երևան: Գումարտակի տղաներից շատերը, հատկապես Երևանցիները և մայրաքաղաքին մոտ գտնվող շրջանների բնակիչները  հույս ունեն, որ մեր գումարտակն էլ Երևան կտանեն: Ավելի հեռատեսները հասկանում են, որ զինվորներին  զբոսնելու կամ հարազատներին տեսակցելու համար չեն  Երևան տանում, այլ գուցե հեց իրենց բարեկամներին զսպելու համար: Քննարկում ենք, թե ով ինչպես կվարվի, եթե  մեզ տանեն, ժողովրդի առջև կանգնեցնեն և  հրամայեն առաջխաղացման դեպքում կրակել: Բոլորն էլ էն մտքին են, որ զենքը հրաման տվողի վրա կշրջեն, բայց հեռվից խոսելը իհարկե հեշտ է և ոչ մեկն էլ չի կարող ստույգ ասել, թե ոնց կվարվի։
Սպաների աշխատանքայի օրը  ավարտվել է, բայց  բոլոր սպաները գումարտակում են մնացել: Գումարտակի հերթապահը  արագ անցկացնում է երեկոյան անվանականչը և մեզ ուղղարկում է քնելու
Պառկել եմ անկողնուս մեջ և պատուհանից հետևում եմ շտաբի անցուդարձին: Մոտ մեկ ժամից մի ավտոբուս է գալիս, որի մեջ գնդի մյուս գումարտակների սպաներն են : Մեր գումարտակի սպաները մտնում են միջանցք, վաշտի հերթապան բացում է զինանոցի դուռը  և սպաներին զենք և  հանդերձանք է տալիս: Հաջորդ օրը վաշտի հերթապահությունը ես պիտի ընդունեմ և հիմա միայն նրա մասին եմ մտածում, որ  զինանոցի հանձնում-ընդունումը ճիշտ անեմ, այնպիսի բան չընդունեմ, որ սպաները ստացել և իրենց հետ Երևան են տանում:
Երկու օրից բարձրանում ենք հենակետեր: Բացառությամբ մեր հենակետի, մեր վաշտի պահպանության տակ գտնվող մյուս բոլոր հենակետերի ավագները և ավագի օգնականները զինվորներ են: Գումարտակում մնացել է միայն գոմարտակի հրամանատարը. նրա տեղակալները վաշտի սպաների հետ մեկնել են Երևան:
Մեր հենակետի ավագը թուլամորթ  անհաջողակի մեկն է, գումարտակի քավության նոխազը և հավանաբար այդ է պատճը, որ նրան Երևան  չեն տարել: Հենակետերը լիովին զինվորների տրամադրության տակ են, միայնակ մնացած գումարտակի հրամանատարը իվիճակի չի բոլոր հենակետերը ստուգել: Թեև մեր հենակետի ավագը սպա է, բայց ամենից բարձիթողի վիճակը մեր մոտ է: Այդ վիճակը մենք զինվորներով անվանում ենք «պոռնո»: Սովորաբար յուրաքանչուր հերթափոխը  հենակետ բարձրանում է երկու շաբաթով, բայց լսել ենք, որ առնվազն   հինգ շաբաթ  պիտի հենակետում մնանք, մինչև որ սպաները Երևանից գան: Հույս ունենք, որ սպաներին երկար կպահեն մայրաքաղաքում. ինչքան երկար նրանց պահեն, այնքան երկար մեր մոտ «պոռնոն» կշարունակվի:
 Նախորդ հերթափոխների ժամանակ  հենակետում միայն ավագի մոտ էր հեռախոս լինում, բայց հիմա տղերքը հաջողացրել են իրենց հետ երկու հեռախոս բարձրացնել: Հենակետում ելեկտրականություն չկա և հեռախոսները էլեմենտներից պատրաստված յուրատեսակ մարտկոցներով ենք հոսանք հաղորդում, որոնց «գեբեշկա» ենք անվանում: Հենակետի ավագը  օրվա մեծ մասը հեռախոսով ինչ-որ աղջկա հետ սիլի-բիլի է անում, կամ կնոջ հետ ընտանեկան հարցերն է քննարկում: Նրան լիցքավորման քարտով ապահովում ենք, որ մեզ հանգիստ  թողնի:
 Հենակետին հատկացվող դիզվառելիքի մեծ մասը վաշտի հրամանատարը սեփականացնում է, մնացածը  հավաքում ենք գյուղում փոխանակում կատարելու համար, իսկ գետնատնակը տաքացնում ենք ականապատված տարածքից բերվող փայտով: Երկու-երեք օրը մեկ, մութը ընկնելու պես գյուղ «դեսանտ» ենք իջեցնում, որ տնական «կալոշի» օղի ու գինի, ոչ զինվորական սնունդ բերի:
Հենակետի ավագի հոր ծննդյան և ձմռան վերջին օրն է: Այդ նշանավոր օրը նշելու համար հենակետի խոհարարին գյուղ «դեսանտ» ենք իջեցրել, որ ավագի ծանոթ խանութպանի մոտ հավաքված դիզվառելիքը  խմիչքի հետ փոխանակի և ապառիկով սնունդ վերցնի:  Տղերքը անտառից ահագին փայտ են բերել, փոքր մագնիտաֆոնի  համար ութ էլեմենտներից բաղկացած հզոր «գեբեշկա» ենք պատրաստել: Դիրտախորշից իջեցրել ենք ծանր զենքը և երկրորդ դիտորդին: Բրդոտը գետնատնակի դիտորդի հետ փայտ է ջարդում, Բիձեն  ծոգեխաշած մսի տարաներն է բացում,  Դիակը դրսում փորված փոքրիկ պահեստից ձուն ու երշիկն է բերում: Մի քանի օր է, որ զինվորական սննդակարգը խախտելով ձու, երշիկ, շոգեխաշած պահածո չենք կերել, այս օրվա համար ենք պահել:
Ներքին կապով մեզ հետ կապվում են և փոխանցում են  գումարտակի հրամանատարի  հրահանգը, որտեղ նա զգուշացնում է, որ հակառակորդը գիշերը կարող է ակտիվանալ և հրահանգում է ուժեղացնել զգոնությունը, կրկնապատկել դիտորդների թիվը:
Հենակետի ավագից վերցնում եմ հեռախոսը, գետնատնակից դուրս եմ գալիս  և խրամատ մտնելով զանգում եմ ընկերուհուս: Ուզում եմ նրան ասել, որ սիրում եմ նրան, կարոտել եմ , որ մեկ երկու ամսից ինձ արձակուրդ են տալու, բայց նա վերցնում ու հուզված ձայնով ասում է. «Չես պատկերացնի, այստեղ ինչ է կատարվում, մարդկանց ջարդելով հանեցին ազատության հրապարակից, հիմա էդ  զանգվածը  իմ պատշգամբի  տակ է, մեքենաներ են վառվում, խանութների ցուցաղեղկեր են ջարդվում, դուրս եկա պատշգամբ, որ  մարդկանց դույլով ջուր իջեցնեմ, կրակեցին գնդակը կողքովս անցավ դիպավ պատին, չես պատկերացնի ինչ ա կատարվում, հեղափոխություն ա»: Իսկապես չեմ պատկերացնում, թե Երևանում ինչ է կատարվում, կարծում եմ՝ ընկերուհիս չափազանցում է,  հուզված ձայնը  նրա դյուրազգացությանն եմ վերագրում:
Երբ վերադառնում եմ գետնատնակ, տեսնում եմ, որ  հենակետի խոհարարը  գյուղից վերադարձել է և  ուսապարկից  հանում, փայտաշեն սեղանի վրա է դնում իր հետ բերած  առևտուրը ՝ երեք լիտր օղի, հինգ լիտր գինի, երկու կիլոգրամ հավի բուդ, կեչուպ, մայոնեզ, մոմ, էլեմենտ: 
 Մինչ  հավի մուտանտ՝ յուրաքանչյուրը երևի մեկ կիլոգրամ կշռող բդերը վառարանի վրա տապակվում են, մենք նստում ենք սեղանի մոտ, ներս ենք ուղղարկում  վատորակ տնական օղու առաջին չափաբաժինը, ՊՆ երշիկով ու   շոգեխաշած մսի պահածոյով  ձվածեղ ենք ուտում:  Երբ հավի միսը արդեն պատրաստ  էր, ժամանում են մեր հյուրերը՝ վաշտի մյուս երեք հենակետորի ավագները, այդ հենակետերի «լավերը»: Նրանք լիցքաթափում են զենքերը և միանում են մեզ: Խմում ենք անփորձանք ծառայության կենացը, լավ ընկերության կենացը, ծնողների կենացը: Խմում ենք պառկածների՝ զոհված տղաների, նստածների՝ գաուբախտներում կամ ուղղիչ գաղութներում գտնվողների  և կանգնածների՝  հենակետ պահողների, կանգնած դիտորդների կենացը: Խմում ենք և հիշում ենք, որ մի կանգնած դիտորդ էլ մենք  ունենք: Ես ու հենակետի ավագը գետնատնակից դուրս ենք գալիս, ավագը ձայն է տալիս կանգնած դիտորդին: Դիտորդը ասում է, որ թուրքերը կես ժամ է, ինչ անընդհատ կրակում են: Ներս ենք մտնում գետնատնակ ու փոխանցում ենք դիտորդի ասածը: Տղերքից մի քանիսը  իրենց  АК-ները  վերցնում, լիցքավորում են, բարձրանում են վերև: Գետնատնակից դուրս եմ գալիս, ծխում և լսում եմ մեր  АК-ների չընդհատվող կրակահերթի ձայնը:
Տղերքը վերևից իջնում և պատմում են, որ Էջմիածինցի Ֆազը այնքան է կրակել՝ ինքնաձիքի փողը կարմրել է, ծխախոտը կարմրած փողով է կպցրել: Ֆազը ցույց է տալիս իր պահեստատուփերը՝ չորսն էլ դատարկ են, հարյուրքսան փամփուշտ կրակել է: Ես  մի բաժակ էլ եմ խմում, պառկում եմ ընդանուր նառերին  ու Խատուբայի  երգերի տակ քնում եմ:
Արթնանում եմ: Հյուրերը գնացել են, հենակետի տղերքը նառերի վրա իրար  կպած պառկել, քնել են, հենակետի ավագն էլ իր տեղի վրա է խռռացնում:  Սեղանի մոմը վառվել վերջացել  է, միայն մրված ապակիով լամպն է թույլ  լուսավորում գետնատնակը: Խատուբան դեռ երգում է «Քնարիկ, Քնարիկ, հեռախոսդ խուրդի՝ գնանք բաղնիք»: Ինձ աքցանի մեջ առած մարմինների արանքից դուրս եմ  գալիս, նայում եմ պատից կախված ժամացույցին՝ յոթն անց կես  է: Ես 7-9 հերթափոխի մեջ եմ:  Փորձում եմ իմ հերթափոխի տղաներից գոնե մեկին արթնացնել, բայց չի ստացվում: Մոտենում եմ ավագի տեղերին, որ նրան արթնացնեմ, բայց նրա փսխուկի և ոտքերի հոտից ետ եմ շրջվում: Հագնվում եմ, վրաս եմ գցում զրահաբաճկոնը, վերցնում եմ ինքնաձիգս ու սաղավարտս, դուրս եմ գալիս գետնատնակից: Ծխելով բարձրանում եմ դիտակետ ու մտնում եմ խորշ: Դիտորդը սաղավարտը գլխին, հրացանը  ուսին գցած նստել է քարի վրա ու քնել է: Քնածին արթնացնում եմ՝ վախվորած չորս կողմն է նայում: Հանգստացնում եմ, ասում եմ՝ ոչ մեկին չեմ ասի, որ  քնել է, ասում եմ, որ իջնի ներքև ու քնածներին արթնացնի:
Ինն անց տասնհինգ իջնում եմ ներքև, գետնատնակի  դուռը բացում եմ, թթված սպիրտի հոտը սրտխառնուք է առաջացնում: Անաղմուկ արթնացնում եմ 9-11 հերթափոխը: Նրանք արագ հագնվում և բարձրանում են վերև: Մոտենում եմ ավագի ցանցավոր մաճակալին մի քանի քացի եմ տալիս, արթնացնում եմ ավագին: Հարևան հենակետը ներքին կապով կապվում է, զգուշացնում է, որ գումարտակի հրամանատարը իրենց  հենակետից դուրս է եկել ու ստուգայցով մեր հենակետ է գալիս:  Գետնատնակում այնպիսի «պոռնո» է, որ հնարավոր չի նկարագրել: Հենակետի  ավագը սակրավորական բահով իր փսխուկն է հավաքում, երկու հոգի ծանր զենքն են վերև բարձրացնում, գետնատնակն ենք կարգի բերում, խմիչքի դատարկ շշերն ենք կորցնում, չոր-չոր թրաշվում ենք: Ես ձեռքս եմ վերցրել հենակետի երեք հեռախոսները և չգիտեմ, թե որտեղ պահեմ դրանք: Հեռախոսներից մեկը միացված է, զանգ է գալիս: Ընկերուհուս համարն է, վերցնում եմ: «Քոչարյանը,-ասում է,- արտակարգ դրություն է մտցրել»: «Հետո կխոսենք,-ասում եմ,- մեր մոտ էլ ա արտակարգ դրություն»: 


Комментариев нет:

Отправить комментарий