05.12.2011

Միխայիլ Զոշչենկո Ազնվազարմուհին


Գրիգորի Իվանովիչը  աղմկոտ հոգոց հանեց, սրբեց ծնոտը թևքով և սկսեց պատմել.
- Ես, իմ եղբայրներ, չեմ սիրում կնիկներին, որ գլխարկ են դնում: Եթե կնիկը գլխարկով է, եթե հագի գուլպաները, հագի չուլքին ֆիլդեկոսի է, կամ ձեռքին մոպսիկ կա, կամ ատամը ոսկյա է, ապա այդպիսի ազնվազարմուհին ինձ համար կնիկ չի սկի, այլ հարթ տեղ:Իսկ ժամանակին ես իհարկե հրապուրված էի մի արիստոկրատուհով: Զբոսնում էի հետը և թատրոն տանում: Թատրոնում էլ հենց համը դուրս եկավ:  Թատրոնում նա ծավալեց իր գաղափարախոսությունն ամբողջ թափով:

Իսկ հանդիպեցի նրան շենքի բակում: Ժողովին: Նայեմ, տեսնեմ` կանգնած է մի ինքնահավանի մեկը: Չուլքիներ հագին, ատամը` ոսկեջրած:
- Որտեղի՞ց եք,- հարցնում եմ,-  դուք, քաղաքացուհի: Ո՞ր համարից:
- Ես,- ասում է,- յոթից եմ:
- Խնդրեմ,- ասում եմ,- ապրեք:
Եվ միանգամից մի տեսակ սարսափելի դուրս եկավ:Հաճախակի սկսեցի գնալ մոտը: Յոթերորդ համար: Պատահում էր` գնում էի որպես պաշտոնական անձ: Իբր` ոնց է ձեզ մոտ վիճակը, ընկերուհի, ջրատարի ու զուգարանի խափանման իմաստով: Գործո՞ւմ է:
- Այո,- պատասխանում է,- գործում է:
Ու փաթաթվում է բայկայից շալով, և ոչ մի ավելորդ մռլտոց: Մենակ աչքերով թրաշում է: Ու բերանում ատամն է փայլում: Հաճախեցի մոտը մի ամիս, վարժվեց:Սկսեց ավելի մանրակրկիտ պատասխանել: Իբր` գործում է ջրատարը, շնորակալություն ձեզ, Վասիլի Իվանովիչ:
Գնալով` ավելի շատ, սկսեցինք մենք նրա հետ փողոցներով զբոսնել: Դուրս էինք գալիս փողոց, թե չէ, ինձ պատվիրում էր թևը մտնել: Թևն էի մտնում ու կողքից քարշ էի գալիս, ոնց որ գայլաձուկ: Համ չգիտեմ` ինչ ասեմ, համ ժողովրդի առաջ ամաչում եմ:
Դե, մի անգամ էլ ասում է.
- Դուք ինչո՞ւ եք,-ասում է,- ինձ փողոցներով ման տալի:  Գլուխս նույնիսկ պտտվեց: Դուք,-ասում է,- որպես որպես ասպետ և իշխանություն ունեցող, տանեիք ինձ, օրինակ, թատրոն:
- Կարելի է,- ասում եմ:
Ու հենց հաջորդ օրը կոմբջիջը օպերայի տոմսեր էր ուղարկել: Մի տոմսը ես ստացա, մյուսը Վասկա-փականագործը զոհաբերեց ինձ:
Տոմսերին նայեցի, իսկ դրանք տարբեր են£ Որն իմն է, նստատեղը ցածում է, որը Վասկայինը` համարյա հենց վերնասրահում:
Ահա, մենք էլ գնացինք: Նստեցինք թատրոնում: Նա նստեց իմ տոմսով, ես` Վասկայի: Նստել եմ վերնահարկում ու ոչ մի տանձս էլ չեմ տեսնում: Բայց եթե արգելապատի վրայով ծռվեմ, իրան տեսնում եմ: Թեպետ վատ: Ձանձրացա ես, ձանձրացա, ցած իջա: Տեսնեմ` ընդմիջում է: Իսկ ինքը քայլում է:
- Բարև ձեզ,- ասում եմ:
- Բարև ձեզ:
-Հետաքրքիր է,-ասում եմ,- այստեղ ջրատարը գործո՞ւմ է:
- Չգիտեմ:
Ու անձամբ դուզ բուֆետ: Ես հետևից: Քայլում է բուֆետով մեկ ու կանգնակին նայում: Իսկ կանգնակին ափսե է: Ափսեի վրա` թխվածք:
Իսկ ես սենց ղազի, սենց չմորթված բուրժույի տեսքով ծածանվում եմ նրա շուրջը և առաջարկում.
- Եթե,- ասում եմ,-  դուք թխվածքի հավես ունեք, մի ամաչեք:Ես կվճարեմ:
- Մերսի,- ասում է:
Եվ հանկարծ  մոտենում է ափսեին անբարո քայլվածքով և համփ` կրեմովը, ու խեղդում:
Իսկ  ինձ մոտ փողը   գյոլ չի տվել: Ամենաշատը երեք թխվածքի է: Նա ուտում է, իսկ ես անհանգստությամբ ջեբերս եմ պրպտում, շոշափում եմ գրպանի մեջ` տեսնեմ ինչքան փող ունեմ: Իսկ փողը քչից քիչ է:
Կերավ նա կրեմովը, համփ` մյուսը: Ես անգամ կռինչ արձակեցի: Եվ լուռ եմ: Համակեց ինձ մի տեսակ բուրժուական ամաչկոտությունը:  Իբր` կավալեր եմ, բայց անփող եմ:
Ես պտտվում եմ նրա շուրջը, ոնց որ աքլոր, իսկ նա ծիծաղում է ու հաճոյախոսություններ պլոկում:
Ես ասում եմ.
- Ժամանակը չի՞, որ թատրոն նստենք: Զանգը տվել են կարող է:
- Ոչ:
Ու վերցնում է երրորդը:
Ես ասում եմ.
- Քաղցած փորին շատ չի լինի՞: Կարող է սրտխառնուք առաջացնի:
Իսկ ինքը.
- Չէ,- ասում է,- մենք սովոր ենք:
Եվ չորրորդն է վերցնում:Էդտեղ արյունը խփեց գլխիս.
- Տեղը դիր,-ասում եմ,- հետ:
Իսկ նա վախեցավ: Բացեց բերանը, իսկ բերանում ատամն է փայլում:
Իսկ ես, ասես պոչիս տակը կոծոծ կպած լինի: Մեկ է` մտածում եմ, հիմա էլ հետը ման գալ չի լինի:
- Դիր,- ասում եմ,- դրա մերը...
Նա հետ դրեց: Իսկ ես ասում եմ տիրոջը.
- Որքա՞ն ենք վճարելու կերված երեք խմորեղենի համար:
Իսկ տերը իրեն ինդիֆերենտ է պահում` միամիտի տեղ է դրել:
- Ձեզնից,- ասում է,- կերած չորս թխվածքի համար էսքան-էնքան:
- Ո՞նց թե,- ասում եմ,- չորս: Երբ չորրորդը ափսեում է գտնվում:
- Չէ,- պատասխանում է,- չնայած այն ափսեում է գտնվում, բայց վրան կծվածք է արված և մատով ճմրթած է:
-Ինչպե՞ս թե,- ասում եմ,- կծվածք, ի սեր Աստծո, դուք զվարճալի ֆանտազիաների գիրկն եք ընկել£
Իսկ տերը ինդիֆիրենտ է իրեն պահում` դեմքիս մոտ ձեռքերն է պտտում:
Դե, ժողովուրդը իհարկե հավաքվեց:Էքսպերտները: Ոմանք ասում են` կծվածքը կատարված է, ոմանք` թե չկա:
Իսկ ես շրջեցի գրպաններս` իհարկե, ամեն տեսակ զիբիլ դուրս թափվեց հատակին£ Ժողովուրդը ծիծաղում է: Իսկ իմ ծիծաղը չի գալիս: Ես փողն եմ հաշվում:
Հաշվեցի փողը` ճիշտ չորս հատի է` առանց ավելցուկի: Իզուր էի, մորս արև, վիճում:Վճարեցի: Դիմում եմ տիկնոջը.
- Կերեք, վերջացրեք,- ասում եմ,- ընկերուհի: Վճարված է:
Իսկ տիկինը տեղից չի շարժվում: Եվ քաշվում է ուտի, վերջացնի:
Իսկ ըտեղ ինչ-որ մի հորեղբայր մեջ ընկավ.
- Արի,- ասում է,-ես ուտեմ, վերջացնեմ:
Ու կերավ սրիկան: Իմ հաշվին:
Նստեցինք մենք թատրոն: Մինչև վերջ դիտեցինք օպերան: Ու տուն:
Իսկ տան մոտ նա ինձ ասում է իր բուրժուական տոնով.
-Հերիք է խոզությունը ձեր կողմից: Որոնք առանց փող են, տիկնանց հետ ման չեն գալիս:
Իսկ ես ասում եմ.
-Փողի մեջ չի, ընկերուհի, երջանկությունը: Ներեցեք արտահայտության համար:
Այդպես էլ մենք իրարից բաժանվեցինք:
Դուր չեն գալիս ինձ ազնվազարմուհիները:
1923

Թարգմանությունը` Արփի Ոսկանյանի

Комментариев нет:

Отправить комментарий