04.03.2012

Առաքել Սեմիրջյան. «Արջամկան նահանջ տարի»

Երկիրը պտտվում էր իր առանցքի ու հետն էլ արեգակի առանցքի շուրջը` չգիտեմ ինչպես, չգիտեմ ում կողմից դրված ժամանակացույցով, բայց ասում են` տարվա մեջ, այսինքն` 365 օրվա ընթացքում մեկ պտույտ էր անում, ճիշտ նույն ժամին հայտնվում էր երկնային նույն կետում ու, որ ամենահետաքրքիրն է, նույն դիրքով: Մի անգամ չեղավ, որ կամ ուշանա, կամ մի փոքր շուտ գա, կամ էլ ընդհանրապես որոշի մի պահ կանգ առնել: Ասում են` ինչ-որ ձգողական ուժեր իրար ձգում են ու միաժամանակ վանում, որ մեկը շատ չմոտենա ու չայրվի մյուսի էներգիայից, մյուսն էլ շատ չհեռանա ու չհայտնվի ուրիշների ձգողականության դաշտում:
Ինչպիսի ճշգրիտ հաշվարկ, ինչպիսի Աստվածային բացարձակ ներդաշնակություն, սակայն արի ու տես, ժամ ժամի, օր օրվա, տարին տարու վրա վայրկյանները հավաքվում են բոնուսի պես կաթիլ-կաթիլ ու կյանքին պարգեւում եւս մեկ օր: Էդ մեկ օրն էլ չորս տարվա մեջ հասունանում ա, հասունանում ու ձմռան վերջին ամսվա վերջին օրը երկնում, դրա համար էլ ամբողջ տարին անվանում են նրա պատվին:

Էդ մի օրը ստեղից-ընդեղից կպցրած վայրկյանների ու միլիվայրկյանների միջոցով ստեղծում ա մի լիարժեք ձմեռային օր` միաժամանակ գարունն ուշացնելով ամբողջ մեկ օրով: Էդ հաշվարկն էլ մարդիկ են հո արել, կարող էին չէ՞ տարվա մեկ այլ եղանակի կպցնել օրը, բայց ձմռանն են կպցրել, երեւի որ թարմ մնա, կամ որ իրենց կամային հատկանիշները կոփեն` չորս տարին մեկ, մեկ օր ավել սպասելով գարնանը: Էդ մի օրվա միջոցով տարիներդ երկարում են, կյանքդ էլ, ու եթե ապրել ես ութսուն տարի, դրա մեջ հաստատ քսան բոնուս օրեր ստացած կլինես: 20 պարգեւված օրեր: Ես դեռ ութսունին չեմ հասել, սակայն քառասունի շեմին արդեն տասը քյար արած ունեմ, չէ տասը հրաշալի օր, ավելի ճիշտ` տասը Աստվածային օր, այնպիսի օրեր, որ չեմ փոխի ուրիշ օրերի հետ:



...

Միքայելը մոտեցավ բարձրախոսին ու, օգտվելով իրեն նվիրված օրվա հնարավորությունից, հայտարարեց .

- Գարնանը մնացել է մեկ րոպե:

Ազատության հրապարակի ժողովուրդն էլ բարձրաձայն սկսեց հաշվել այդ մեկ րոպեի վայրկյանները: Վերջին վայրկյանի ավարտից հետո Միքայելը ավետեց գարնան գալուստը ու սկսեց արտասանել.

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ...

Աչքերս փակ էին: Շարունակությունն էլ չէի լսում: Երբ աչքերս բացեցի, կրկին փետրվարի քսանինն էր: Էդ տասը ավելացած օրերը, ուղեղիս մեջ իրար հերթ չտալով, պտտվում էին: Սկզբից մեկն էր առաջ ընկնում, հետո մյուսը, բայց վերջինը միշտ իր տեղում էր:

Միքայելը վերցրեց բարձրախոսը ու հայտարարեց, որ գարնանը մնացել է մեկ րոպե, ու Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը միահամուռ սկսեց հաշվել վայրկյանները: Հա` չմոռանամ ասել, որ էդ տասը օրերից միակ օրն էր, որ Միքայելը սկսեց ոչ թե Տերունական աղոթքով, այլ`

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ...

Երեւի էդ էլ աղոթք էր` գարնանամուտի աղոթքը, սակայն դրան հերթը չհասավ:

Աչքերս հիմա լրիվ բաց են, հայելուն նայում եմ` ոնց որ երկու տարով ծերացած լինեմ, համ էլ խասյաթս ա մի փոքր փոխվել, ավելի զարմացած եմ նայում աշխարհին, սակայն` կրկին էդ անտեր փետրվարի քսանինն ա: Մտովի փորձում եմ օրս փոխել, փորձում եմ ամեն կերպ Միքայելին խանգարել, սակայն նա կրկին իր մանուշակներով համը հանում ա: Փորձում եմ բացակայել Ազատության հրապարակից, բայց հենց սկսում են վերջին վայրկյանները հաշվել, անմիջապես հայտնվում եմ հրապարակում` խարույկի կողքին կանգնած, զարմացած աչքերով շուրջս նայելով` թե այսքան երկնային հոգիներ որտեղից հայտնվեցին նույն ժամին նույն վայրում: Բոլորն էլ նույն հավատով ու անհամբերությամբ սպասում են գարնանը, իսկ Միքայելն էլ իր մանուշակներով ավետում է գարնան գալը, սակայն այն այդպես էլ չի գալիս:
Աղաչում եմ Միքայելին, որ աղոթի կամ գոնե բանաստեղծությունը փոխի.

Էլի Գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանն էլի յարին կմնա

Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը

Բլբուլի երգը էլի սարին կմնա...


Բայց Միքայելը էլի իրա էշն ա քշում ու մոտենալով բարձրախոսին`

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ...


Նահանջ էր, իսկական նահանջ տարի: Տասը Աստվածային օրն էլ ոնց գողացա ու կպցրի կյանքիս մնացած անիմաստ օրերին... Քառասուն տարվա մեջ ընդամենը տասը օր, որոնք կախված չէին ոչ մի բանից, որ վայրկյանը վայրկյանին, րոպեն րոպեին, օրը օրին կպել էին ու դարձել ամենալիարժեք օրը՝ օր, երբ Միքայելը վերցրեց բարձրախոսն ու աղոթեց.
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ...

Комментариев нет:

Отправить комментарий