05.03.2012

Գայանե Բաբայան. «Ցուցարարների ՊԱՅՔԱՐԻ ԳԻՇԵՐԸ»

zz
Մարտի 1
Մյասնիկյանի արձանի մերձակա հրապարակ

Մարտի 1, ժամը 9.21 րոպե: Ցուցարարների վրա բաց թողնված գազն արդեն թունդ  զգալի է, բոլորը թաշկինակները քթներին հպած են, հրապարակը լքողներ չկան, թեեւ պատերազմական վիճակն արդեն զգալի է` մարդկանց հայացքները դեպի երկինք են,  ուր թռչում են լուսային հրթիռները. վայրկյանները մոգական են, որովհետեւ ժողովուրդը իրապես չգիտի, թե իշխանության հաջորդ զենքը որն է լինելու: Բարձրախոսին մոտեցողներն ասում են՝ «Ժողովուրդ, սա խուճապի համար է, հանգիստ կանգնեք, չվախենաք»: Նիկոլ Փաշինյան. «Սիրելի ժողովուրդ, թաշկինակները թրջած դրեք... մենք պարտավոր ենք պաշտպանել Հայաստանը թեկուզ մեր կյանքի գնով...»: «Ազատություն»՝ մի քանի րոպե շարունակ վանկարկում են: Այնուհետեւ` «Թուր-քեր, հե-ռա-ցեք»: Շանթ Հարությունյան. «...յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում մի անգամ դուրս է գալիս փողոց, նվաճում է իր՝ քաղաքացու իրավունքը, հանուն իր երեխաների, հայ ժողովուրդը, ցավոք, ոչ մի անգամ կռիվ չի արել, ճակատագրի կամոք այդ բարձր պատիվը տրված է մեր սերնդին: Սա կոչվելու է հայ ժողովրդի բոլոր զավակների պաշտպանության օր»: Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդ ջան, ո՞նց եք, դուխներդ տեղն ա՞, մենք ստեղ կանգնած էսօր հաղթելու ենք, նրանք մինչեւ լուսաբաց փախչելու են»:

Ժողովուրդը թեեւ գիտեր, բայց շատ էլ չէր գիտակցում, որ իրականում խաչմերուկներից  անդին ճակատամարտեր, արյուն ու զոհեր են, բայց ահա բարձրախոսին մոտեցավ  մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց.  «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք եւ նրանց քշեցի՜նք...»: ժողովուրդ՝ «ապրե՜ք...»: Շանթ. «Ժողովուրդ, ՀՀ նախագահը հոգով մեզ հետ է, եւ մենք առավոտյան գնալու ենք նրան ազատելու...»: Հրանտ Տեր-Աբրահամյան. «...այստեղ Գավրոշներ են ծնվել, մենք դադարում ենք Գիքոր լինելուց, մենք կանգնելու ենք այստեղ մինչեւ լույս եւ վաղը տոնելու ենք հայ ժողովրդի հաղթանակի օրը... եթե այսօր, այս գիշեր մենք չհաղթենք, մենք չենք կարողանալու նայել մեր երեխաների աչքերին... եթե իշխանությունը համոզվի, որ հայ ժողովուրդը չվախեցավ, նրանք ինքնաթիռով փախչելու են Հայաստանից...»:
Ի դեպ, «Գավրոշների» մասին. իսկապես, հրապարակը լեցուն էր 14-16 տարեկան տղաներով, յուրաքանչյուրի ձեռքին երկաթե ձող... հարցնում էիր՝ «ի՞նչ ես անում այստեղ», ասում էին՝ «եկել ենք միլիցա ծեծենք»: Ու այդ երեխաները վազում էին հենց ամենավտանգավոր տեղերը, հերոսանալու էին գնում ու շատ լուրջ էին տրամադրված իրենց գործին: Գիշերը ես հանդիպեցի մի քանի մայրերի, որոնք իրենց տեսակով միտինգավոր չէին, ուղղակի եկել էին գտնելու ու տուն տանելու իրենց անչափահաս տղաներին, ու շատ դժվար էր նրանց գտնելը, որովհետեւ, ըստ մայրերի՝ տղաներն անջատել էին հեռախոսները ու չէին ուզում գտնվել:

Նիկոլ Փաշինյան. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...»: Այն, որ բարիկադներից այն կողմ արյուն էր թափվում, արյան ու հատկապես մահերի մասին միկրոֆոնով ոչինչ չէր ասվում՝ երեւի ժողովրդին խուճապի չմատնելու համար, միայն կցկտուր հրահանգներ: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը ռազմական ավար ռադիոկապով դիմեց զինվորներին՝ «Տղերք, հանրահավաքի 400 հազար անհատների անունից դիմում եմ ձեզ՝ անցեք մեր կողմը, ձեր զենքը վայր դրեք եւ շուռ տվեք քոչարյանասերժական կլանի դեմ...»: Եւ կային մարդիկ, որ հավատում էին նաեւ այդ ցնորքին, քանզի տեսել էին երկրապահի՝ իրենց կողմն անցնելը: Պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետեւի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետեւը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»:

Պետք է ասել, որ զինվորներին քշելուց ու Մաշտոցի պողոտան դատարկելուց հետո, մի խոսքով, պատերազմական գործողություններից հետո  հրապարակում ծայր առավ երգ ու պարը: Իհարկե, երգերը ռազմաշունչ էին, քանի որ արդեն ստույգ գիտեին, թե տանկերի շարասյուներն ինչ ճանապարհով են Երեւան մտնում եւ ինչքան ժամանակ հետո իրենց կհասնեն: Հրաշալի երգող էր Սամսոն Ղազարյանը՝ «Ի բյուր ձայնից բնության շքեղ» երգը նա լավ կատարեց, հետո էլի երգողներ եղան, հայտարարվեց, որ լավ երգողները թող մոտենան միկրոֆոնին: Ոմանց մոտ չէր ստացվում, կատակներ էլ էին հնչում՝ «էս ժողովուրդը մի լավ երգող չունի՞»: Երգում են՝ «Հիմի է՞լ լռենք», «Զարթիր լաո»... երգերից մեկի տողը՝ «Երկյուղ պատեց կայսեր Օսմանյան», փոխած էին երգում՝ «Երկյուղ պատեց Սերժիկ-Քոչարյան»:

22.17 րոպե: Արարատ Զուրաբյան. «Սիրելի ժողովուրդ, մենք չենք սկսել սա, մենք պաշտպանվում ենք, մենք չենք հարձակվում, բայց Աստված չանի, եթե նրանք առաջ գան, մենք ցույց կտանք, թե ինչ է հայը: Ժողովուրդ, կանգնեք ձեր տեղերը եւ մի վախեցեք»: Նիկոլ. «Ինձ հայտնեցին, որ մենք ազատագրել ենք Պռոշյան փողոցը»:
 22 անց 30։  Նիկոլ Փաշինյան. «Ես ձեզ ուզում եմ տեղյակ պահել, որ ՍիԷնԷն-ը առանց ընդհատելու ցույց է տալիս այս հրապարակը, եւ աշխարհը հետեւում է մեզ՝ հայ ժողովրդին: Իսկ ի՞նչ է նշանակում Սիէնէն-ի հեռարձակումը՝ որ Քոչարյանը այլեւս չի կարող լկտիություններ անել: Մի կես ժամ, ժողովուրդ, եւ ամբողջ աշխարհը կհետեւի մեզ...»: Արամ Սարգսյան. «Սիրելի ժողովուրդ,  քու դուխիդ մեռնեմ, էս ժողովուրդը հատ առ հատ սիրելու ժողովուրդ ա...»:

Եւ այստեղ, ժամը 23-ի մոտակայքում կատարվեց մի շատ գեղեցիկ բան, որցույցտվեց, որ բոլոր հոգեւորականները չեն իշխանական-փափկակյաց. ամբիոն բարձրացավ  մի հոգեւորական եւ աղոթեց ժողովրդի հետ, ամբողջ ժողովուրդը՝ հարյուր հազար եւ ավելի, տերհորհետկրկնեց «Հայր մերը» եւ էլի մի աղոթք՝ «Հույս հավատացելոց»-ը:  Աղոթքից հետոՆիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր պայքարը նաեւ հայ եկեղեցու համար է»: Նիկոլ. «Այսօր, սկսած առավոտյան ժամը վեցից, Ռոբերտն անում է այնպիսի քայլեր, որ իրեն ու իր ընկերՍերժիկին տանում է դեպի կործանում, առաջին սխալը նա արեց առավոտյան, իսկ քիչ առաջ արեց հանցագործություն՝ կրակելով անզեն ժողովրդի վրա...»: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան. «Ալիեւի դրածո, Կեւորկովյան երկու քրեածիններ ուզում են ծնկի բերել ազատության եւ անկախության ուղին բռնած հայ ժողովրդին... նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ այստեղ հավաքված են հայ ժողովրդի լավագույն զավակները, հավաքվել են նրանք, ովքեր իրենց մեջ սպանել են վախը...»:

23.37-ին արդեն հրապարակը լիարժեք մարտադաշտ է հիշեցնում, ավերված տրոլեյբուսի մեջ զրուցում եմ 68-ամյա մի կնոջ հետ, Զեյթունի բնակիչ: 2004-ի ապրիլի 12-ի գիշերն էլ ցուցարար է եղել, այն ժամանակ  լավ ծեծվել է, պատմում էր, թե ոնց իրեն մի անծանոթ կին իր տուն է տարել ու վերքերին սառը թրջոցներ դրել՝ մինչեւ լուսանա: Այս բոլոր օրերին Ազատության հրապարակում է եղել, Օպերայի ծեծի առավոտյան միայն այնտեղ չի եղել, առավոտ ժամը 9-ին Օպերա է իջել՝ արդեն շրջափակված է եղել, արյունն են լվանալիս եղել: Ասաց, որ  դուստրը  չի թողնում, որ ցույցերի գնա, բայց ինքն անհողդողդ է, ասում է. «Բա խուժանների դեմ ո՞վ դուրս գա»:
Մնացած մի քանի ժամը երեք դեսպանատների արանքում ժողովուրդը անցկացրեց բավական նյարդային-անկազմակերպ: Մի քիչ երգերն էին հույս: Ժամը 1-ն անց 30 լուսանկարեցի դերասան Աշոտ Ադամյանին, նա հզոր էր դիտվում կենաց ու մահու դուրս եկած ժողովրդի հետ: Այդ ժամից հետո ժողովրդի շարքերն սկսեցին նոսրանալ, մարդիկ հեռանում էին՝ հավանաբար այն լուրերից ազդված, որ տանկերն արդեն Դեմիրճյան փողոցում են: Բայց կային այնպիսիք, որոնք ոչ մի կերպ չէին ուզում լքել «մարտադաշտը», նրանք ավելի, քան երբեւէ՝ վրեժի էին ծարավ: Եւ Արամ Սարգսյանի խոսքը, որ, իր ասելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն էր ժողովրդին, շատերի կողմից  դժկամությամբ ընդունվեց: Տուն գնալու խնդրանքը նրանց դավաճանություն էր թվում:

21.03.08



Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

Комментариев нет:

Отправить комментарий