10.03.2012

Կարինե Աշուղյան «ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՔ»

1.ՍԵՒ ԳԱՐՈՒՆ

Սեւ գարուն էր`
Դիմակավոր
Դիպուկահար,
Ձեռքերի մեջ`
Զենք մահացիր,
Անձնծաղիկ
Աչքերի մեջ`
Շիրմածաղկի
Մարգագետին:
Սեւ գարուն էր`
Ազատության
Հրապարակ
Ու հարթակում
Ոլորեց ձեռքն
Արդարության:
Ոտնակոխեց
Վրանները
Եղբայրության,
Խարույկները
Հուսաբորբոք
Եւ հալածեց
Դեպ մահառիթ
Փակուղիներ:


Հետո` ամառ`
Գոլ, անհամառ,
Կես- հուսավառ,
Կես- հուսաթափ,
Ամեն տուն` բանտ,
Ու ամեն մարդ`
Ամբաստանյալ,
Մեղադրյալ
Կամ կասկածյալ.
Մեկ- երկուսն են
Ստույգ անմեղ,
«Ձեզ վայելը
Ոչ թե թեժն է,
Այլ ամառը
Այս դառնահամ»`
Ժպիտը ծուռ
Խոստանում է
Դեռ ավելի
Սպառնալի
Կայունություն:

Հետո` աշուն`
Կիսապայքար
Ու կիսահույս,
Ծառի նման
Պտղակուրույս,
Ձմեռ ու ցուրտ`
Աննորտարի,
Ձյունով կարմիր
Ու արնահոտ,
Որ իջնում է
Մութ, անժպիտ
Այս Քաղաքին`
Սոսկումների
Բաց թատրոնին:

Երանի թե
Թեթեւ-թեթեւ
Ձյուների հետ
Ու անձրեւի
Խաղաղություն
Ու Լույս տեղա,
Որ գարունը
Բացվի անահ,
Ծաղկահրաշ
Գարնան հետ հաշտ`
Ամառն ապրենք
Սիրաշռայլ,
Եւ Աշունը
Մեր պտղաբեռն,
Եւ Ձմեռը
Մաքրաբյուրեղ,
Ապա` նորից:
Եվ տոն, ¨ լի
Օրերն անցնեն
Մեկը մեկից
Ցնծուն ու զիլ.
Այս տեսիլը,
Տեր, նվիրիր
Նրան, ով որ
Պիտի գա նոր:



2.ԵՌԱԳՈՒՅՆ

Այն սեւ գիշեր-
Լուսաբացին
Եռագույնից
Գույնը մնաց
Արնակարմիր,
Տասն արդարի
Թափված արյան
Հուշը անթաղ-
Մահակարմիր:

Այն սեւ գիշեր-
Լուսաբացին
Եռագույնից
Գույնը մնաց
Նրանց ու մեր`
Հարյուր-հարյուր
Հազարների
Արնակարմիր
Կսկիծների:

Այն սեւ գիշեր-
Լուսաբացին
Եռագույնը
Խոնարհեցին,
Որ սգավոր`
Սպասում է
Մեր բոլորի
Խոհեմության,
Բարու տոնին:

Կարժանա՞նք,
Տեր, վերստին,
Համազգային
Առավոտին,
Կարմիր Սիրույն,
Հույսին Կապույտ,
Նարնջագույն
Մեր Հավատին:

Եռագույնը
Նորից ու նոր
Կպարզենք վեր`
Դեպի արեւ,
Զի մենք` հարյուր,
Հազար ենք, բյուր,
Եւ երթը մեր
Դեպի Լեռն է,
Դեպի դարեր:




3.ՃԳՆԱԺԱՄ

Օդանավը`
Նույն լեզվով խոսող
Երեք միլիոն ուղեւորներով,
Հայտնվել է
Օդամրրիկների
Անողոք խաչմերուկում,
Ներքեւոմ սեւ ջրեր են
Եւ շնաձկներ`
Արյան համը տեսած:
Օդակայանում`
Հսկիչներ,
Որոնցից մեկը խուլ է,
Մյուսը`հարբած,
Իսկ օդաչուները
/Մեկ, թե՞ երկու/`
Ի ծնե կույր:
Բարձրախոսից
Ծորող ձայնը
Պարբերաբար
Հորդորում է`
«Պետք չէ խոսել
Անկումի մասին,
Եւ անկում չի լինի,
Եւ վերջապես`
Պետք է սովորել,սովորել,սովորել,
Հիմա ողջ աշխարհն է անկում,
Եւ հենց այս դեպքերի համար
Շնորհալին աղոթք ունի,
Կրկնեք ինձ հետ…»:

Բայց բոլորովին պետք չէ,
Որ Եվրախորհուրդը,
ՄԱԿ-ը կամ չգիտեմ` ովքեր,
Ժամանակից շուտ
Վերծանեն չընկած օդանավի
Սեւ արկղը.
Երեք, երեսուն,
Երեքհարյուր մարդ`
Երեք միլիոնից,
Որոնց անունները
Գաղտնիք են նախաքննական,
Հենց օդանավում
Սովորել են
Օդագնացության
Այբն ու ֆեն,
Եւ հույս կա,
Որ օդանավը
Բարեհաջող
Վայրէջք կկատարի
Ազատ, Անկախ
Հայաստանում:


4.ՄԱՐՏԻ 1

Մամ, ասում է փոքրիկ տղան` հինգ տարեկան,
Ինչ լավ է, որ ձյուն է եկել առատ-առատ,
Տանիքներին հագցրել է ձյունե գլխարկ
Ու մաքրել է ձեռքով ձյունոտ` դրսում ինչ կա`
Փողոց ու մայթ, մեքենաներ, անտառ ու դաշտ:
Ձյուների մեջ կգլորվենք, թավալ կտանք,
Ձնեմարդ ու ձնագնդի` ինչքան բան կա,
Էլ չեմ ասում` երբ պահեցինք իմ սահնակը`
Այ, այդ օրից սպասել եմ, որ շուտ ձյուն գա,
Նորից լինի ամենալավ եղանակը:

Մամ, ասում է փոքրիկ տղան` հինգ տարեկան,
Ոնց եմ ուզում, որ ձմեռը չքչանա,
Տոնածառի, Ձմեռ պապի ու ձյան համար…
Համ էլ, մամ ջան, «Հորիզոնով» ու «Հայլուրով»
Կամ երեկ էր, կամ երեկվա մյուս երեկը,
Տեսա, իրոք, ոնց է արդեն գարուն եկել
Հունաստանում, որտեղ ունենք բարեկամներ,
Ու Փարիզում, որտեղ ունեմ Վաչե ընկեր,
Հենց հիմա էլ, տես, «Գազան» է. ի՞նչ երկիր է,
Նայիր, մամ ջան, ինչ ահավոր մարտի մեկ է:

5.ՏՈՆԱԾԱՌ

Երկար-տխուր
Տոնածառին
Հազարաճյուղ`
Ձյունաշղթա,
Ծաղկաշղթա,
Տեղ կա նաեւ
Բիրտ, սեւաձույլ
Շղթաներին,
Խաղալիքներ-
Զարդերի մոտ,
Ճարճատուկի`
Նռնակների,
Գնդացիրի,
Ինքնաձիգի,
Արկերի տեղ:
Ձմեռ պապը`
Սևադիմակ,
Պարկում` պահած
«Չերյոմուխա»,
Ձյունանուշը`
Շատ հնամաշ,
Ձայնը` նման
Մերթ` այս, մերթ` այն
Հաճախորդին:
Երկար-տխուր
Տոնածառից
Ո՞վ է կախել
Ստվերները
Դառնատեսիլ:

Комментариев нет:

Отправить комментарий