13.03.2012

Գայանե Բաբայան «ՄՈւՍԱՆ ՆԱԵՎ ԾԵԾՈՂ Է»



Երգչուհի Շուշան Պետրոսյանն այս օրերին ոչ միայն Հ1-ի, ինչպես միշտ է, այլ նաեւ  իշխանության կողմից չհարգված  թերթերի ուշադրության կենտրոնում է, Հոլիվուդի աստղերը կնախանձեին հայաստանյան այս աստղի սկանդալային  կարգավիճակին, քանի որ հայ ժողովուրդը վերջապես պարզեց հայրենիք ու սեր երգող երգչուհու մուսայի էությունը, այսինքն` այն, որ նրա  չափազանց երիտասարդ մուսան ընդամենը կամակատար ու ձեռքերը կապած լրագրող ծեծող է, ու մտածեցին, որ արվեստագետի ընտանիքում ծնված այս երգչուհին որքան է ետ գնացել... դեպի իր գովերգած իշխանությունը: Եւ սկսել է նմանվել նրան` պրիմիտիվելու վուլգար, մի բառով ասած` գողական: Տասնյակ տարիներ առաջ, երբ Շուշանը սկսեցիր գործունեությունը երգարվեստում, կարելի է ասել, որ նա սիրվեց ու ընդունվեց որպես երգչուհի, թեեւ պետք է ասել, որ սովետական տարիներին նա չէր կարող երգչուհի  դառնալ, քանի որ մի փոքր լեզվական արատ ուներ, բայց ժողովուրդը նրան ընդունեց որպես հզոր թափի երգչուհի, մանավանդ, որ գիտեր ծագումը` դուստրն է Արաքս Մանսուրյանի,  քրոջ դուստրն է Տիգրան Մանսուրյանի եւ եղբոր դուստրն է դաշնակցական տիկին, գրող Ալվարդ Պետրոսյանի... Բայց թե ինչ պատահեց, որ Շուշան Պետրոսյանը կամաց-կամաց իր արվեստը դրեց իշխանության ոտքերի տակ ու նվիրեց տիրող կուսակցությանն ու իշխանությանը` էդ էլ ինքը կիմանա, բայց, որ նրան այլեւս համարեցին պատվերով երգող երգիչ ու իշխանության զենք` դա փաստ է... ու այսօր, երբ ամեն ինչ պարզ է դարձել, որովհետեւ հոսած արյունը յուրաքանչյուրին իրտեղն է դրել, Շուշանի պարագան լրիվ բացառիկ հայտնություն  եղավ, պարզվեց, որ նա ոչ միայն իր երգով, այլեւ մարմնով է մերձ սպանողներին, ծեծողներին ու բռնացողներին, ու իր  գտած երիտասարդ ամուսինն էլ, որն անմեղսունակ ու անչափահաս չէ եւ պատասխանատու է իր արածների համար` նրանցից է:
 Մարտի մեկի առավոտյան Օպերայի բակում խաղաղ քնած ցուցարարների վրա հարձակված ոստիկանների վարքը նկարելիս ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի հանդեպ կատարած բռնությունների մեջ մեծ դերակատարում ունեցած 6-րդ վարչության աշխատակից Արման Հարությունյանը հատուկ ատելությամբ է վերաբերվել ֆոտոթղթակցին` երեւի ազդվելով իր կողակից Շուշանի վերաբերմունքից` առ տպագիր մամուլը, մի հաղորդման ժամանակ Շուշանը մի այլ երգչուհու խորհուրդ տվեց թերթ չկարդալ, դե, իրենք գիտեն, որ իրենցը հեռուստատեսություններն են, որտեղ ազատ «վարում ու ցանում են», շոու են անում, «Երկու աստղ» են անում: Մինչ դրսում մարդկանց սպանում ու ձերբակալում են, իրենք զվարճանում ու զվարճացնել են փորձում... Արյունոտ մարտի 1-ից հետո եկել է մարտի 8-ը, որն այլեւս հետաքրքիր չէր խիղճ ունեցող յուրաքանչյուր հայ կնոջ համար, բայց ահա Շուշան Պետրոսյանը «Եթեր» շաբաթաթերթում պատմում է իր երջանկության մասին, պարզվում է, որ այն ձեռքը, որն անմարդկային կատաղությամբ կարող է քարշ տալ ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրած  ֆոտոթղթակցին, կարող է մի ավտո ծաղիկ նվիրելով` երջանկությունից սպանել Շուշանին: «...Արմանը, իհարկե, առավոտյան ինձ շնորհավորել էր, բայց մտքովս անգամ չէր անցնի, որ երեկոյան տուն վերադառնալով` այնպիսի տպավորություն կունենամ, ասես շփոթել եմ հասցեն. վերելակից մինչեւմեր բնակարանի մուտքը, իսկ այդտեղից էլ դեպի հյուրասենյակ ու խոհանոց ամենուր ծաղկեփնջեր էին: Ասես կախարդական հեքիաթում լինեի, որտեղ հայտնվել էի սիրածս էակի շնորհիվ, ով լրացնում ու գեղեցկացնում է իմ ամեն մի օրը...»: Ահա այսպիսի սեր` 40-ի շեմը մտնող երգչուհու եւ քսանի շեմն անցած ոստիկանի միջեւ: Իհարկե, սերը տարիք չի հարցնում, ոչ էլ ոստիկանի հետ ամուսնանալն է արգելված, ուղղակի Շուշանը պիտի հասկանա, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ ինքն էլ Ալլա Պուգաչովա չի, այստեղ իր երկրպագուներն արդեն տեսնում են բռնությունները գովերգող երգչուհուն, նրա ոստիկան ամուսնուն եւ բուն իշխանությանը նույն դեմքով...
Որպես վերջաբան` Շուշանին խորհուրդ ենք տալիս այլեւս չխոսել հայրենասիրությունից, կայունությունից եւ, եթե կարող է, նաեւ` սիրուց:



25.03.08

Комментариев нет:

Отправить комментарий