13.01.2012

Արտակ Համբարձումյան «Նստացույցը իմ աչքերով»


Հոկտեմբերյան ցուրտ օր էր, շա~տ ցուրտ օր, ընկերներով «քաղաքական զբոսանք» էինք կատարում Ազատության Հրապարակում, շուրջբոլորը մտերիմ և արդեն հարազատ դարձած դեմքեր էին,   չնայած սառը եղանակին, տանը մեզ անհամբեր սպասող համակարգիչներին ու տաքուկ բազմոցներին`մեր մտքով անգամ չէր անցնում հեռանալ հրապարակից,    շատերի համար այդքան սպասված նստացույցի վերջին օրն էր,  և պետք է վճռվեին հետագա անելիքները, բայց այդ վճիռը արդեն պարզ էր նաև նստացույցի սկզբի օրերին. մարդիկ քիչ էին, իսկ այդքանով լուրջ քայլ անելը կլիներ արկածախնդրություն:  
Ժողովրդի սակավությունը  փորձում էինք արդարացնել  իշխանությունների կողմից Երևանի բլոկադայով, Մարտի 1-ից հետո նստացույցի հանդեպ առաջացած վախով և այն բոլոր օբյեկտիվ պատճառներով, որ կարելի էր գտնել՝ փորձելով շրջանցել գլխավորը`ժողովրդի ճնշող մեծամասնության անտարբերությունը, Սովետից ժառանգած ստրկամիտ մտածողությունը և հետույքը (գրգռող ու օնանիզմի մեծագույն հնարավորություններ ընձեռող)  տաքուկ բազմոցներից  բարձրացնելու անկարողությունը, սակայն այդ իրականության  գիտակցումը անկոչ հյուրի պես մեխված էր   բոլորիս ուղեղներում` դեռևս ամառային հանրահավաքներից,  և այն կարծես ճզմում էր մեզ ներսից, այրում ու ոչնչացնում`այլ ելք չթողնելով, քան  ազգիդ մեծամասնության կործանիչ հարմարվողականությունը փաստելը: Մի երևույթ, որի արդյունքում տեղի է ունենում Հանրապետականների շարքերի նոսրացում` երազում իրենց օլիգարխ պատկերացնող երիտասարդներով, այդ համրավողականությունն է նաև հանգեցնում դեսպանատների մոտ կուտակվող հերթերին ու գերմանական խանութների թալանին: Եվ որքան թույլ էին այդ մարդկանց արդարացումները, որոնք իբր ցանկանում էին գալ, բայց ճանապարհների անօրինակ փակվածության պատճառով չէին կարողացել,  ի վերջո մեր մեջ էլ կային շրջանից եկողներ, որոնք գտնում էին գալու հնարավորություն` անգամ ոտքով,  և ինչպես էր ստացվել, որ նրանց համար գտնվում էին բաց ճանապարհներ , իսկ մյուսների համար` ոչ: Սա հասարակ քաղաքացիների  արդարացումներն էին, որոնց մեջ մեծ ցանկության դեպքում կարելի էր նաև որոշակի օբյեկտիվ կողմեր գտնել,  սակայն կար նաև մեկ այլ զանգված` նախկին «ընկերների» ու դաշնակիցների զանգվածը: Ասում են, որ ավելի ընդունելի է հզոր թշնամին, քան դավաճան ընկերը, որը խոցում է թիկունքից`սպանելով ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին ու նրա այնքա՜ն նուրբ ու զգայուն մասնիկները, որոնք ձուլվում են տարիների մտերմությունից ու հավատարմությունից:  Բայց սա մարդկային  մի զանգված է, որոնց վերաբերյալ Վիսոցկին  տվել է շատ դիպուկ բնորոշում. «Про таких песни не поют»:
Նախկին դաշնակիցներ: Առաջին հայացքից թվում է, թե նորմալ բառակապակցություն է և շատ ընդունելի քաղաքականության մեջ, բայց մեր պայքարը լոկ մի  քաղաքական ուժի պայքարը չէ մեկ ուրիշի դեմ, այլ ժողովրդի պայքարն է սեփական պետության համար, և միթե՞  մարդկանց մի խումբ կարող է դառնալ սեփական ժողովրդի նախկին դաշնակիցը:  Այս մարդիկ ունեին իրենց բացատրությունը`հարթակը իրենց դուր չէր գալիս, այսինքն հարթակի կազմը: Արդարության համար պետք է նշել, որ ես ինքս էլ ի սկզբանե չսիրեցի հարթակի ձգողականությունը, մարդկանց մի զանգված հանրահավաքների սկզբից բարձրանում էին այնտեղ, կարծես ներքևում կանգնածներից իրենց առավել վեր դասելով, այնինչ այնտեղ պետք է լինեն միայն նրանք, ովքեր զբաղվում են կազմակերպչական հարցերով և պետք է ելույթ ունենան, այնինչ այդ հրապարակի ժողովուրդն է գլխավորը և որոշիչը: Սրանք դժգոհություններ են, որ չեն կարող չլինել, դուք գիտե՞ք մի ընտանիք, որտեղ ամեն ինչ հարթ է, սակայն երբ նորմալ ընտանիքում խնդիրներ են լինում, ընտանիքի անդամները   չեն թողնում և միանգամից հեռանում, այլ քննարկում են, լսում մեկ-մեկու և հանգում փոխհամաձայնության: Ի վերջո ընտանիքն էլ կարելի է լքել, բայց սեփական ժողովրդին`երբեք:
Երբ հայտարարվեց  նստացույցի ավարտի մասին ես ժողովրդի մեջ էի՝ նրանց կողքին, ովքեր  8 օր շարունակ ցրտի  ու ինչն առավել  դաժան էր`զուգարանազուրկ պայմաններում մնացել էին այդտեղ, մնացել կանգնած`առանց դժգոհության, իսկ այժմ այդ մարդիկ պետք է գնային, լքեին իրենց նոր տունը`հույսի տունը: Նորմալ էր նրանց դժգոհությունն ու բողոքը. մի կին աղաղակում էր. «քվեարկությու~ն, քվեարկությու~ն», բայց ախր ինչ քվեարկություն, հարգելիս, ոչ ոք էլ չէր ցանկանում հեռանալ, բայց դա էր իրականությունը` մեր հասարակության` կործանման շեմին լինելու մասին գլխավոր վկայությունը: Վազգեն Մանուկյանները, թերևս, այդ սակավաթիվ ժողովրդին էլ կուղղեին դեպի Բաղրամյան Պողոտա,   եթե, իհարկե, երբևէ բախտ ունենային այդքան նվիրված կողմնակից ունենալու, բայց նա չարեց դա՝ այն մարդը, որի ճշմարտացիությունը միշտ հասկացվում էր հետո` առավել խորքային վերլուծության արդյունքում:
Սակայն որքան էլ ճշմարտացի չէր թվում կայացված որոշումը, այդուհանդերձ, բոլորս տխուր էինք, կարծես մի բան կոտրվել էր մեր մեջ. մարդու համար ամենադաժան վարկյանները նրանք են, երբ գտնվում ես հուսահատության մեջ և գիտակցում ես սեփական անձի`իրականության վրա ազդելու անկարողությունը:
Մեր «քաղաքական զբոսանքը» ավարտվեց, երբ հատեցինք  ազատության քաղաքի «սահմանը» և մտանք գորշության, մռայլության ու անտարբերության քաղաք, և, կարծես, ճակատագրի քմծիծաղը լիներ. ազատության քաղաքը գտնվում էր մեր ողորմելի իրականության խորհրդանիշը հանդիսացող անբնակ փողոցի կողքին, որտեղ իրենց աննպատակ զբոսանքն էին իրականացնում հարյուրավոր պարապներ և անտարբերներ: Նրանց ոչինիչ չասող, դատարկ դեմքերից  մեր տխրությունը աստիճանաբար վերածվեց   դժգոհության և զայրույթի,  գորշությունը սովորականից ավելի էր  կրկնապատկվել  և վերածվել խավարի, այսպիսի պահերին է, որ մարդը սկսում է ընկնել ծայրահեղությունների մեջ, հավանաբար նշանավոր զինվորական Մազմանյանն էլ էր այպիսի հոգեվիճակում, երբ տեսնելով սեփական զորքի տկարությունն ու վախկոտությունը`որոշեց նրանց աչքի առաջ ինքնասպան լինել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ծայրահեղականությունը երբեք էլ օգտակար չի լինում, դա եղավ նաև նշանավոր զինվորականի դեպքում:
Մռայլ ու խավար փողոցները ուղեկցում էին մեզ ամենուրեք, չէին փրկում անգամ գորշ քաղաքի զտարյուն գեղջկական կառույցների լույսերը, շուրջբոլորը վեր խոյացող այդ կառույցները, կարծես, քարե սահմանաբաժաններ լինեին  մեր ու անտարբերության համաճարակով վարակված  այդ մարդկանց միջև: Սակայն մեր և նրանց տարբերությունը մեծ չէր, պարզապես նրանք դեռ չէին տեսել Ազատության Հրապարակից ճառագող լույսը, որը մեզ կրկին  իր մոտ էր կանչում: Այդ նստացույցը վերջացավ՝ չկատարելով իր առջև դրված խնդիրը, բայց այն կատարեց մեկ այլ մեծ խնդիր, միասնականացրեց և համախմբեց ժողովրդի մի հատվածին, զորեղ հատվածին:
Շուտով դատարկվեց Ազատության հրապարակը, մարդիկ վերադարձան իրենց տաք և հարմարավետ տները, որոնք ավելի հաճելի չէին  հրապարակի ցուրտ և անհարմար վրաններից, նրանցից ոմանք միգուցե հուսահատված էին, միգուցե հիասթափված,  բայց դա ժամանակավոր զգացողություն էր, ժամանկավոր հետ քայլ, որին պետք է հետևեր երկու քայլ դեպի առաջ, դեպի ազատություն:  Հաջորդ հանրահավաքին ես տեսա այն դժգոհող կնոջը, որը հուսահատված էր, ես տեսա բոլոր նրանց, ովքեր 3 տարի անդադար պայքարել էին և պայքարում են: Ազատության պայքարը նման է անբուժելի հիվանդության, որը սակայն չի վնասում , այլ ընդհակառակը՝ կրթում է, կոփում և ստիպում դիմանալ, դիմանալ`կանգնելով քո նմանների կողքին և  տարածել Ազատության հրապարակի լույսը խավարի քաղաքում:  

Комментариев нет:

Отправить комментарий