30.01.2012

Վարդան Ջալոյան «Իշխանությանը նոր արյուն է պետք»

Աշխատանքը` Էդգար Ամրոյանի (Արտ-լաբարատորիա)
Հեղափոխության խնդիրը ժամանակակից աշխարհի ակտուալ խնդիրներից է, այդ թվում հետխորհրդային տարածքում: Հայտնի է, որ “գունավոր հեղափոխությունները” խուճապ առաջացրեցին ոչ միայն հայկական ավազակապետությունում, այլ նաև նրա հովանավոր ռուսական իշխանական շրջաններում:
Վերջիններիս ոչ այնքան հետաքրքրում էր ժողովրդավարության հաստատումը Ռուսաստանում և նրա պրոտեկտորատներում, իսկ ժողովրդավարական գաղափարը օտար չէ ռուսական քաղաքական ավանդույթին, այլ նրանց վախեցնում էր Ռուսաստանի տրոհումը, ինչն իրական հեռանկար էր ելցինյան ժամանակաշրջանում, բայց կարևոր է մնում նաև զրոյականներին:

Ամեն տարի Ռուսաստանի բնակչությունը կրճատվում է մեկ միլիոնով, ինչը վկայում է, որ այն քայքայվող հասարակություն է: Ռուսաստանի ակտիվ բնակչության զգալի մասը հեռանկար չի տեսնում. ըստ Լեվադա-կենտրոնի հարցումների, վերին միջին խավի մինչև 40 տարեկան ներկայացուցիչների կեսը իր ապագան տեսնում է արտագաղթի մեջ: Վերին միջին խավը հասարակության լոկոմոտիվն է, և եթե նրանք ապագա չեն տեսնում, ապա Ռուսաստանի ապագան իսկապես վտանգված է:

Ցավոք, Հայաստանում այնքան ծանր իրավիճակ է, որ Հայաստանում բնակչությունը ավելի արագ է կրճատվում, քան Ռուսաստանում, բայց ժողովրդագրական վտանգը այլևս չի էլ ընկալվում: Պարզվում է “ազատություն տեսնելու” կամ “մութուցուրտ տարիներից” փախչելու դրդապատճառը պակաս կարևոր է, քան անապագա երկրից փախչելու մոտիվը: Ըստ էության, իշխանությունները գնում են այն սցենարին, որ Հայաստանը պետք է դառնա “համայն հայության” տուրիստական հայրենիքը, որտեղ պետք է միայն մի քանի հարյուր հազար մարդ սրճարանի մատուցող կամ պոռնիկ աշխատելու համար:

“Համաշխարհային հայության” կամ “համաշխարհային հայկական քաղաքակրթության” գաղափարների կրողները, գուցե ակամա, բայց հենց այս` “տուրիստական Հայաստանի” գաղափարի համար են աշխատում: Քաղաքագիտական տերմիններով ասած, Հայաստանի սուվերինետետը` ինքնիշխանությունն ավելորդ հարցադրում է իշխանությունների համար:

Հետխորհրդային տարածքի համարյա բոլոր երկրներում կրատոկրատիա է, այսինքն` “իշխանության իշխանություն”: Դա նշանակում է, որ ոչ թե ժողովուրդը` սուվերենն է նշանակել այդ իշխանությունը, այլ ինքն է իրեն իշխանություն նշանակել: Հենց այդ պատճատով հետխորհրդային ընդիմադիրների ընդհանուր լոզունգն է. “Վերադարձնել իշխանությունը ժողովրդին”:

Ըստ ռուսական պահպանողական հրապարակախոսների, “գունավոր հեղափոխություններն” անարյուն են, որովհետև խաղային են` պոստմոդեռնիստական են, լուրջ չեն: Իսկ լուրջ չեն, որովհետև անլուրջ խնդիրներ են լուծում, մի կոռումպացված վերնախավը փոխարինում են մյուսով: Այսինքն, նրանք կարծում են, որ “գունավոր հեղափոխականներն” իսկական քաղաքացիական գիտակցության կրող չեն: Իսկ ձախերը, “գունավոր հեղափոխությունների” տարածման տարիներին, մռայլ կանխատեսում էին, որ “գունավոր հեղափոխությունը” Ռուսաստանում անարյուն չի լինելու:

Կարելի է համարել, որ մարտի 1-ին Հայաստանում փորձ դրվեց. Ի՞նչ կլինի, եթե հեղափոխությունը ճնշվի, արյուն թափվի: Պարզվեց, որ դա այնքան էլ սարսափելի չէ: Կիրգիզիայում իրադարձություններն ավելի արյունոտ էին, և սա կարելի է համարել մոտեցումների փոփոխություն: Բայց, իհարկե, ողջամիտ մարդիկ հասկանում են, որ արյունահեղությունը ոչ մի խնդիր չի լուծում, ընդհակառակը` ավելի է խորացնում ճգնաժամը:

Նիկոլայ Բերդյաևը 1923 թ. գրել է. “Հեղափոխական և հակահեղափոխական բանակների քաղաքացիական պատերազմը սովորաբար պայքար է հեղափոխական և մինչհեղափոխական ուժերի միջև, ուժերի որոնց հեղափոխությունը արդեն հաղթել է: Իսկական հակահեղափոխությունը, որ կարող է վերջ դնել հեղափոխությանը, ոչ թե մինչհեղափոխական ուժերն են, այլ` հետհեղափոխական ուժերը:

Հակահեղափոխությունը, որով սկսվում է հետհեղափոխական ժամանակաշրջանը, չեն կարող անել այն դասակարգերը և կուսակցությունները, որոնց հեղափոխությունը ծանր հարվածներ է հասցրել և դուրս մղել կյանքի առաջին շարքերից: Ֆրանսիայում հեղափոխությունը ավարտեց “հեղափոխության զավակ” Նապոլեոնը, այլ ոչ թե ազնվականները, ոչ թե էմիգրանտները, ոչ թե այն կուսակցությունները, որոնց հեղափոխությունը կյանքից դուրս է մղել: …Գաղափարական հակահեղափոխությունը պետք է ուղղված լինի կառուցել նոր կյանք, որտեղ անցյալը և ապագան միանում են հավերժականում, այն պետք է ուղղված լինի նաև ամեն մի ռեակցիայի”:

Հեղափոխություններն անխուսափելի են, և ռուսական պոլիտտեխնոլոգները առաջարկում են առաջ անցնել և նախապես ձևավորել /հակա/ հետհեղափոխական ուժերը: Ոչ թե հեղափոխությանը հակազդել, այլ առաջ անցնելով հակարևմտյան, հակադեմոկրատական հեղափոխություն անել: Ինչպես գիտեք, Հայաստանում կա այդպիսի “պահպանողական հեղափոխության” նախագիծ, որը սակայն դեռ լուրջ աջակցություն չունի հասարակությունում:

Պատճառներից մեկը պետք է փնտրել մեր իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության մեջ: Նրանք դիտարկում են բնակչությունն իբրև անսահման պաշար, որը կա և կլինի, որի պահպանության համար ջանք գործադրել պետք չէ: Ամեն մի հայաստանցու իշխանությունները դիտարկում են որպես բեռ, որպես ծախսերի և գլխացավանքի աղբյուր: Որքան քիչ բնակչություն, այնքան քիչ գլխացավանք. բնակչությունն այնքան պետք է լինի, որ իշխանություններին նեղություն չտա: Զուր չէ, որ մեր հայրենակիցների մեծ մասն իրեն տեսնում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ այլ երկրի քաղաքացի:

Ներկա իշխանությունները վարկաբեկված են բոլոր տեսակետից: Նրանց վերջին գաղափարական խրամատը բանակն է, որի շուրջ նրանք փորձում են համախմբել շոու-բիզնեսի, հեռուստատեսության ուժերը: Թվում է այդ գործիքները դադարում են աշխատել, և արդեն նրանք մոբիլիզացնում են աջ ծայրահեղականներին, որոնք իրենք էլ աճեցնում են իրենց “օլիգարխիական ջերմոցներում”:

Անցյալ դարի 60-ական թթ. հիմնականում Երևանում ձևավորվեց մի խավ, որի աշխարհայացքը կարելի է բնորոշել որպես լիբերալ-ազգային: Այն կողմնորոշված էր դեպի արևմտյան արժեքները և արևմտյան տիպի անհատականությանը: Նրանք լսում էին ջազ և ռոք, գնում էին մոդեռնիստ նկարիչների ցուցահանդեսները, կարդում էին Սարտր և Ֆոլկներ, ընկերների հետ ժամերով նստում կենտրոնի հայտնի սրճարաններում և այլն: 70-ականներին ձևավորվում է ռաբիսների խավը, որը խուլիգանական տեռորի է ենթարկում քաղքենի երևանցիներին, օրինակ` հիպպիներին: Այսօր հիմնական հեռուստատեսային ալիքները պարզապես հեղեղված են ռաբիս երաժշտությամբ, բազմաթիվ ալիքներով գնում է ռաբիս արժեքների քարոզ: Կարծում եմ, իշխանությունների համար ռաբիսները հիմնական հակահեղափոխական ուժն են:

Ս. Կարա-Մուրզան ռուսական իշխանություններին առաջարկում է. “Հաղթահարել մերձակա, ակտուալ “նարնջագույն հեղափոխության” սպառնալիքը կարող է միայն նոր կազմակերպչական ուժը, զատված ներկա իշխանությունից և նույնիսկ ընդիմադիր նրան, բայց այն պաշտպանող իբրև ռուսական, թող որ անզոր և հիվանդ”: Այդպիսի ուժեր Հայաստանում բազմաթիվ են, բայց նրանց հիմնական մասը նույնքան “անուժ է և հիվանդ”:

Ս. Կարա-Մուրզան համարում է, որ “գունավոր հեղափոխությունները” տեխնոլոգները ստեղծում են “նոր ժողովուրդ”, որին ներշնչել են արհեստական պատմություն, արհեստական արժեքներ և պատկերացումներ. “հիմա մենք պետք է ելնենք այն փաստից, որ առաջացել է գիտության և տեխնիկայի նոր մարզ, որի առարկան ժողովուրդ ստեղծելը կամ քայքայելը` դեմոտեխնիկան: Նրա շրջանակներում կարելի է կառուցել “նարնջագույն հեղափոխությունների” ստեղծման և հակազդման արդյունավետ մոդել”:

Այն մարդիկ, որոնք դուս են եկել հրապարակ և ինչ-որ բան են պահանջում, այդ փաստով իսկ դառնում են ինքնիշխանության` սուվերենության կրողը և փաստորեն իշխանությունները դրան ոչինչ չեն կարող հակազդել, հատկապես եթե իշխանությունները լիովին լեգիտիմ չեն, կեղծել են ընտրությունները, կոռումպացված են և այլն: Այսպիսով, հեղափոխության ելքը կանխորոշված է:

Ռուսական աջ պոլիտտեխնոլոգները կարծում են, որ հակազդեցության միակ արդյունավետ եղանակը ոչ թե բռնությունն է, չնայած այն պետք է կիրառել, եթե այն արդյունավետ է, այլ մի “սուվերենին” այլ “սուվերեն” հակադրելը: Հրապարակ պետք է դուրս գա “մյուս ժողովուրդը” և հայտարարի` մենք այլ կերպ ենք ուզում: “Այս” և “մյուս ժողովրդի” միջև կարող է առաջանալ լարվածություն, նույնիսկ ընդհարումներ, և այդ պահին առաջանում է իշխանության պահանջարկ: Եթե հիշում եք` 2008 թ. մեր իշխանությունները շատ երկչոտ և շատ արհեստականորեն փորձեցին ձևավորել “մյուս ժողովուրդը”, սակայն այն արդյունավետ չգործեց: Հիմնական պատճառը արհեստականությունն էր, իրական ժողովրդական նախաձեռնություն չլինելը: Կարծում եմ, 4-5 տարին բավական ժամանակ էր աջ պոստմոդեռնիստներին “մյուս ժողովուրդ” ստեղծելու համար: Որոշ նշաններ, օրինակ` թռչնաբուծական կազմակերպությունների ակտիվացումը, վկայում է, որ մեր իշխանություններն այդ առումով աշխատանք տանում են:

Հետևաբար կարելի է սպասել, որ մոտակա ընտրությունները, նույնիսկ ընդդիմության լավագույն ցանկությունների դեպքում, անցնելու են լարվածության և բախման միջոցով: “Մյուս ժողովրդի” պահանջները, նրա պատկերացումները և արժեքները պետք է նոր արյուն հաղորդեն հայաստանյան աջ ծայրահեղական ռեժիմին:



Комментариев нет:

Отправить комментарий