18.01.2012

Համբարձում Համբարձումյան «Երկխոսություն կամ ջրբաժան»

 պաստառ-պատմվածք

Երբ Լուիզը «փարքինգ» արեց իր ահռելի ջիպը, նկատեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղում հերթապահող ոստիկանը արագ ինչ-որ բան է գրում ու անմիջապես էլ գլխի ընկավ, որ մեքենայի համարներն է գրանցում։ Եթե մեկ ուրիշ օր լիներ, կմտածեր, որ սովորական ընթացակարգ է, բայց սովորական՝ ոչ հանրահավաքային օրերին նման բան չէր նկատել։ Լուիզը արագ իջավ մեքենայից ու վճռական քայլերով մոտեցավ ոստիկանին։

- Էդ ի՞նչ էիք գրանցում։
- Ի՞նչը,- ապուշացավ անակնկալի եկած ոստիկանը։
- Հենց նոր, ինչի՞ համար գրեցիք մեքենայի համարները։ Ի՞նչ իրավունքով։
- Մեզ ասել են գրանցեք, ես էլ գրանցում եմ։
- Ո՞վ ա ասել։ Ձեզ հետ եմ՝ ո՞վ ա ասել։
Ոստիկանը պապանձվեց։ Հիմա նրան դաժան կտտանքների էլ ենթարկես, ծպտուն չի հանի։ Պարզ բան է, որ նրան իր անմիջական պետն է ասել, հո Գորիկ Հակոբյանը կամ էլ անձամբ Սերժիկ Սարգսյանը չէին գալու ասեն, թե՝ էսօր ներս մտած մեքենաների համարները կգրանցես։ Բայց ոստիկանը չի կարող ասել, որ պետն է հրամայել, բա որ պետը հետո գա ու ասի՝ արա, էդ խի՞ ես բոզացել...
Լուիզը չնկատեց, թե ինչպես հասավ Ազատության հրապարակ, որովհետեւ ստորգետնյա ավտոկայանատեղից մինչեւ հրապարակ ընկած ճանապարհին մտքում քիչ առաջվա միջադեպի հնարավոր հետեւանքներն էր հաշվարկում։ Կագեբեն մեքենայի պետհամարանիշով ճշտում է իր անձը, ճշտում են, որ իր ամուսինը բիզնեսով է զբաղվում։ Ամուսնու օդերը փակում են։ Իրենք միանգամից աղքատանում են։ Երեխաները հաց չունեն ուտելու, մեծը կոշիկ չունի դասի գնալու համար։ Վայ Կիկոս ջան, վայ բալա ջան։
Լուիզը երգիծական լույսի տակ էր նայում միջադեպին, բայց գիտակցում էր, որ վախը իրական է ու ինչքան էլ հումորով է հաշվարկներ անում, ներքին անհանգստությունը կա, ունի։ Եթե չվախենար, միտքը դրանով չէր զբաղվի։ Լուիզը մտածեց, որ հենց մենակ իր էդ վախի համար պետք է ազատվել այս իշխանություններից։
Հովն ընկնում էր, եւ հանրահավաքի մասնակիցների թիվը աճում էր։ «Հովն ընկնում է, միտինգը թեժանում է»,- հարթակից ոգեւորում էր Նիկոլը, որովհետեւ եւ հարթակում, եւ հրապարակում կանգնածները գիտակցում էին, որ ինչքան շատ լինեն, այնքան ուժեղ են։ Նիկոլի այդ խոսքերը Լուիզի մտքում ասոցացվեցին ակումբների հետ, ուր նա պարբերաբար հաճախում էր լիցքաթափվելու եւ լավ ժամանակ անցկացնելու եւ որտեղ կեսգիշերին փարթին «թեժանում» էր ու հասնում իր գագաթնակետին։ Լուիզը մտածեց, որ հանրահավաքն էլ մի տեսակի ակումբ է, որտեղ մարդիկ գալիս են լիցքաթափվելու, լավ ժամանակ անցկացնելու, դրական էմոցիաներ ու հույս ստանալու։
Նրա առջեւ մի չորացած, ցածրահասակ տատիկ էր կանգնած՝ հնամաշ, հավանաբար սովետից մնացած ծաղկավոր շրջազգեստով, եւ կողքին մի տղա էր մոտ չորս-հինգ տարեկան, մոտավորապես Լուիզի տղայի տարիքին։ Տատը բռնել էր թոռան ձեռքը եւ, ի տարբերություն Լուիզի՝ ուշադիր լսում էր հարթակում կանգնած առաջնորդների ելույթները՝ նրանց խոսքերում գտնելով իր դժվար կյանքի վերջը ու իր թոռան երջանիկ ապագան։ Լուիզը նայեց շուրջը։ Նրա չորս բոլորը կանգնած էին ծանր կյանքի բեռան տակ կքած ծերեր, միջահասակ կանայք ու տղամարդիկ, որոնց տեսքից միայն կարելի էր հասկանալ, որ դժվար են վաստակում իրենց ապրուստը, իսկ ոմանք երեւի չեն էլ կարողանում վաստակել։ Բայց նրանց հայացքներում հույս ու սպասում կար. նրանք բոլորն էլ ուշադիր լսում էին հարթակում կանգնածների ելույթները։
Լուիզը ամաչեց։ Ամաչեց այն վախի համար, որ ունեցել էր ոստիկանի հետ պատահած միջադեպից հետո, որովհետեւ ինքն իր աչքերում եսասեր ու շահամոլ երեւաց։ Եթե վտանգն իրական լիներ, արդյոք ինքը չէ՞ր հրաժարվի իր սկզբունքներից, արդյոք կշարունակե՞ր հանրահավաքների գալ։
Հետո ամոթի զգացողությունը, որ իր շուրջը կանգնած մարդկանց հանդեպ ունեցած կարեկցանքից էր առաջացել, մի տեսակի հպարտությամբ փոխարինվեց, որովհետեւ Լուիզի մտքով անցավ, թե ինքը առավելություն ունի այդ մարդկանց հանդեպ. եթե նրանք կարիքից դրդված էին հրապարակ եկել, ապա իր ներկայությունը բարոյական դրդապատճառներ ուներ։
Հիմա Լուիզը արդեն նաեւ իր մեծամտության համար էր ամաչում։ Իր ծանոթներից շատերը, նրանք, որոնք ցանկապատել էին իրենց հոգիները եւ չէին ուզում տեսնել, թե ինչ է կատարվում շուրջը՝ երբ իմանում էին, որ ինքը պարտադիր մասնակցում է հանրահավաքներին՝ զարմանում էին։ Լուիզը, ըստ նրանց, ամեն ինչ ուներ հանրահավաքի չմասնակցելու համար։ Բնակարան քաղաքի կենտրոնում, հարմարավետ մեքենա, աշխատող ամուսին, որ ապահովում էր իրենց բարեկեցիկ կենցաղը։ Այդ մարդկանց թվում էր, թե հրապարակում կանգնածներին միայն սոցիալական հարցերն են հետաքրքրում, եւ որովհետեւ իրենք ապահոված են, նշանակում է՝ հրապարակը իրենց տեղը չի։ Իսկ Լուիզը գիտակցում էր, որ իր ընտանիքի չափավոր բարեկեցությունը պատահականության արդյունք է։ Եթե իր ամուսինը ճարպիկ էր ու հաջողացրել էր մի փոքր բիզնես հորինել իր համար, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Լուիզը չէր ուզում, որ իր երեխաները եւ ինքը ապրեն մի հասարակության մեջ, որտեղ բարեկեցությունը պատահականության արդյունք լինի ու հաջողությունը միայն «շուստրիներին» ու «զոռբաներին» ժպտա։ Իր երեխաների ապագայի հանդեպ անհանգստությունը այնքան մեծ էր, որ Լուիզը մտածեց, թե հանրահավաքի կգար, եթե նույնիսկ իրենց հանդեպ հետապնդումներ սկսվեին։ Լուիզը սկսեց ուշադիր ունկնդրել Տեր-Պետրոսյանի ելույթը, որ չտարբերվի շրջապատի մարդկանցից ու չստացվի, թե ձեւական է եկել հանրահավաքին։
«Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը»։
«Երկխոսության ու ջրբաժանի» երկընտրանքը հիմա շատ էր անհանգստացնում Լուիզին, որովհետեւ նա փորձում էր երկխոսել սկեսրոջ հետ ու չէր ստացվում։ Լուիզի սկեսուրը սովետական այն մարդկանցից էր, որ սովետից ժառանգել են վատագույնը՝ վերադասին անվերապահ ենթարկվելու գեշ սովորությունը։ Շատ կուզենար Լուիզը, որ դրա փոխարեն իր դիմաց կանգնած տատի նման սովետից մի շրջազգեստ ժառանգեր սկեսուրը եւ ոչ թե «Շեֆը միշտ ճիշտ ա» կարգախոսն ու «Էս երկրին մի հատ Ստալին ա պետք» դեղատոմսը, բայց սկեսրոջ հարցում Լուիզի բախտը չէր բերել։
Դեռեւս 2007 թ. խորհրդարանական, իսկ այնուհետեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից Լուիզը մասնակցում էր շարժման հանրահավաքներին ու այդ հողի վրա բանավեճեր ունենում սկեսրոջ հետ, որն անվերջ լուտանքներ էր թափում Լեւոնի գլխին։ Հարթակում կանգնածների մեջ իր նախընտրած «դիջեյը» չէր Տեր-Պետրոսյանը, բայց այնքան անհեթեթ մեղադրանքներ էր սկեսուրը առաջադրում՝ «Գյոզալ երկիրը քանդեց», «Գործարանները փակեց, որ մարդիկ չաշխատեն», որ Լուիզը ակամա բանավեճի մեջ էր մտնում։ Բանը հասավ նրան, որ երբ մի օր սկեսուրը հերթական անգամ Լեւոնի բոյը թաղեց, ու Լուիզը զվարճանալու համար հերթական անգամ հարցրեց՝ խի՞ ես տենց ատում Լեւոնին, սկեսուրը պատասխանեց. «Դրա օրոք ատամներս թափվեցին»։ Լուիզը հիշեց, որ Քոչարյանի իշխանության տարիներին ընթացած իր երկու հղիություններն էլ անկորուստ չեն անցել. «Ես էլ Քոչարյանի բոյը թաղեմ, դրա իշխանության տարիներին էլ իմ ատամները թափվեցին»։
Հանրահավաքներին հաՃախ մեծ տղային էլ էր հետը տանում, ու երբ սիրելի թոռը հաջորդ օրերին սենյակում վազվզելով բռունցքը վերեւ էր բարձրացնում ու «Լեւոն՝ նախագահ, Լեւոն՝ նախագահ» բղավում, իրենք ժպտում, ծիծաղում էին, իսկ տատի տրամադրությունը անկում էր ապրում։
Մարտի 1-ին, երբ իրենց լուսամուտի տակ մարդկանց էին գնդակահարում, երբ մեքենաներ էին վառվում, երբ հազարավոր մարդիկ ներքեւում գոռում-գոչում էին, ոստիկանական մեքենաների ազդանշաններն էին ականջ ծակում, սկեսուրը, քթի տակ երգելով, պատուհաններն էր լվանում։ Հոգեխանգարմունքը էլ ո՞նց ա լինում։ Մաշտոց պողոտայի, Պարոնյան փողոցի, Լեո փողոցի շենքերի բոլոր բնակարանների լույսերը անջատված էին, եւ միայն իրենց բնակարանի լույսն էր վառվում, որովհետեւ սկեսուրը «ուբորկա» էր անում։ Լուիզի գլխի մեջ չէր տեղավորվում էդ պատկերը։ Ի՞նչ էր սա։ Ինքնապաշտպանական բնա՞զդ, երբ հոգուդ դռները փակում ես ու քեզ համոզում, որ սա քեզ չի վերաբերվում կամ ավելի շուտ՝ որ ոչինչ էլ չի եղել, թե՞ հոգեկան մեծ ցնցման հետեւանք։ Նման բան երեւի մեկ էլ Ստալինի ու 37 թվի ժամանակ կարող էր լինել, երբ «չեկան» «ժողովրդի թշնամիներին», «հականերին» տանում էր մահվան ու աքսորի, իսկ հարեւանները չէին նկատում։
Լուիզը խաղաղ ու անցնցում իշխանափոխության կողմնակից էր, ու երկխոսությունը նրա սրտով էր։ Նա կեսկատակ- կեսլուրջ զուգահեռներ էր տանում իր ու սկեսրոջ եւ ընդդիմություն - իշխանություն հարաբերությունների միջեւ։ Իր մտքում նա որոշել էր, որ եթե իշխանության ու ընդդիմության երկխոսությունը արդյունավետ լինի, ու արտահերթ ընտրություններ կայանան, իր ու սկեսրոջ «երկխոսությունն» էլ կստացվի։
Լուիզը նորից շուրջը նայեց, որ իր կողքին կանգնած մարդկանց տրամադրությունը հասկանա։ Նրան թվաց, որ այդ մարդիկ ավելի շուտ ջրբաժանի կողմնակիցներն են։ Հատկապես անմիջապես իր կողքին կանգնածները, որոնց հագուկապից էլ կարելի էր հասկանալ, որ աղքատության մեջ են ապրում, իշխանության թալանը, օլիգարխների մենաշնորհը անմիջապես իրենց մաշկի վրա են զգացել եւ չէին ուզենա, որ թալանչի իշխանավորները խաղաղ հեռանան։ Լուիզը պատկերացրեց ջրբաժանի այն արդյունքը, որ իր կարծիքով կգոհացներ այդ մարդկանց, որոնք տարիներ շարունակ թալանվել ու նվաստացվել են՝ օրվա հացի համար գերմարդկային ճիգեր գործադրելով ։ Օլիգարխների՝ հանցավոր ճանապարհներով ձեռք բերած ունեցվածքի հանրայնացում, կոռումպացված ու հանցագործ իշխանավորների արժանի դատաստան, այն է՝ Մկանը իր խնամու հետ թեւ-թեւի տված խնամու«փիսոների» վանդակը, Քոչարյանի ու իր դիզած հարստության վրա` որս, վարչապետին ցցին հանել, իսկ Սերժի՞ն...
Մինչ Լուիզը կմտածեր, թե ինչ պատիժ կարելի է սահմանել Սերժին, հանրահավաքը ավարտվեց, ու սկսվեց երթը։ Արդեն երթի մեջ քայլելու ժամանակ, մասնակիցների ոգեւորությամբ ու ուրախ տրամադրությամբ համակվելով, Լուիզը մտածեց, որ սխալվում էր, որ այդ մարդիկ էլ վրեժով չեն առաջնորդվում եւ կուզեին, որ ամեն ինչ երկխոսությամբ ավարտվի։ Նրանք ընդամենը ուզում են իրենց կյանքը ավելի լավը դարձնելու հնարավորություն ստանալ։ Բայց եթե չստանան...

Комментариев нет:

Отправить комментарий