22.01.2012

Գայանե Բաբայան «Ստի դափնիների ժամանակը»

Աշխատանքը` Վարպետ Օնիկի
Ապշում ես` տեսնելով, թե ինչ օրի են եւ ինչ է արժեցել նրանց համար բարեկեցիկ կյանքով ապրելն այս տարիներին: Մարտի 1-ը ցույց տվեց այդ մարդկանց հոգու ավերածությունների իրական վիճակը: Ինչերի՜ են գնացել նրանք` ընդամենը նորմալ մարդկային կյանքի ու երբեմն էլ եթերներով երեւալու` չմոռացվելու համար: Փաստորեն, մի բիրտ թաթ նրանց ստիպել է խաչ խաշել իրենց ստեղծագործությունների, իրենց ազատության ու սրտի վրա ու իջնել, իջնել, իջնել... Գորկու «Հատակից» այն կողմ: Կարող էին գոնե մարտի 1-ի շուրջ իրենց ուղղված հարց լսելիս լրագրողների առաջ փակել աչքերն ու ասել` «ես տխուր եմ շատ, ես չեմ կարող ոչինչ խոսել», կամ` «իմ երեխաները պրոբլեմներ ունեն լուծելու, չեմ ասի ոչինչ», կամ` «ես վախենում եմ»:
Այդ դեպքում կհասկանայինք ու ներողամիտ կլինեինք իրենց հանդեպ, բայց ահա նրանք հանդես են գալիս որպես իշխանական խոսափող, մեղադրում են որպես քաղաքացի հանդես եկողներին, քծնելով` նոր ռուբիկոններ են նվաճում, իսկ երեկոները ոչ թե ժողովրդի մեջ ազատ շրջում են ու ժողովրդական սեր վայելում Երեւանի փողոցներում, այլ մի որեւէ հեռուստատեսությամբ շարունակում են խորացնել որդեգրած պահվածքն ու անդարձ հեռանում են այն ժողովրդից, որը ժամանակին իրենց գնահատում էր: Բայց այդպես պարզունակ չէ Հայաստանի ժողովուրդը, ինչպես իրենք են կարծում:
Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը Հանրապետության հրապարակի բեմում Երվանդ Երզնկյանը չափ էր տալիս ու նվագախումբ ղեկավարում, այնտեղ էր Մարտին Վարդազարյանը, իսկ բեմի հենց առջեւում ոստիկանները ջարդում էին այն ժողովրդին, որոնք համաձայն չէին այդ սուտ տոնի հետ: Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը եւ ջահել-ջուհուլ աստղերը պարտավոր էին չնկատել այդ ջարդը եւ դեմքի սուտ-տոնական ժպիտը պահել: «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»` ասում են նրանք ասուլիսում: Դա նշանակում է, որ երբ մուզիկանտի առաջ մարդ ծեծեն, մուզիկանտ պետք է կույր ու խուլ լինի ու շարունակի մուզիկան: Այսպիսի մտավորականների մի ողջ բանակ մարտի 1-ից մի երկու օր առաջ ստորագրություն էր հավաքել առ այն, որ Ազատության հրապարակը կեղտոտվում է միտինգավորների ներկայությունից, եւ պատմամշակութային արժեքները փչանում են: Նրանց բոլորին իրենց «տեղը դրեց» դերասան Աշոտ Ադամյանը` ասելով, որ Հայաստանում ավելի թանկ բաներ կան այժմ փչացող, քան արձաններն են, եւ, այո, եթե երեխայի իրավունքները չեն պաշտպանվում, նա պետք է Թումանյանի «գիրկը» բարձրանա, որ տեսանելի լինի բոլորին:
Լեւոն Անանյանն ասուլիս է տալիս, էկրանից խոսում է սովորաբար այն մասին, որ երեխաները գիրք չեն կարդում: Մի հարցնող լինի` քո կարդացած գրքերը քեզ միայն հնազանդություն չե՞ն սովորեցրել: Իսկ վերջերս էլ ասել է, որ իրենք «կառուցողական ընդդիմություն» են: Մի երկուսն էլ կային ընդդիմության այդ տեսակից, հրե՜ն, իշխանության թեւի տակ առաջ են գնում: Բա էդ կոչումներ ստացողնե՜րը... ականջդ կանչի, Հրանտ Թոխատյան, ինչպես ավելի բուռն սկսեց խաղալ անմիտ ծաղրածուի դերը, անմիտ հումորներով եւ ծիծաղով ո՜նց է փորձում համոզել, որ հեչ բան էլ չի եղել` տեսեք` մենք ինչքան ուրախ ենք:
Մյուսը` Ազատ Գասպարյանը, այժմ ժյուրի է «ժողովրդական երգի» մրցույթում` Լեյլա Սարիբեկյանի ու մի քանիսի կողքին, դատելով տեսքից՝ նա կամ չի հասկացել, որ մինչեւ վերջ ջնջվում է ժողովրդի աչքում, կամ էլ չի կարող ետ դառնալ եւ շարունակում է շոուն: Նրանք կարծում են, որ մարտից հետո հնարավոր է անպտուղ մշակութից խոսել: Ասենք, ասել՝ դերասաններին պետությունը լավ չի պահում, կամ՝ շոու-բիզնեսը խեղդել է իսկական մշակույթը, կամ էլ խոսել հրատարակչական դաշտի բացերից: Իշխանությունը հասկանում է, որ սրանց պետք է լռեցնել` փող տալով, թե չէ` կսկսեն մարտի մեկից ու ընդհանուր մղձավանջից խոսել: Այո, կեղծ հայրենասիրության դիմակն էլ պատռվեց, թե չէ երգչուհի Շուշան Պետրոսյանը քիչ էր մնում մայր հայրենիքի սիմվոլը դառնար, իսկ «Հայի աչքերի» հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանը` իր սադիստական կոչերով` հայի: Կամ Ռազմիկ Դավոյանի կարծիքը միտինգավորների մասին` «Ազատության հրապարակում պեռաշկու-պիցցայի ու 5 հազարի համար հավաքված ժողովուրդ էր»: Եթե նույնիսկ ինքը հավատում է իր ասածին, ինչո՞ւ չի հնչեցնում իր ցավը, որ ժողովուրդն այնքան սոված է, որ գիշերվա սառնամանիքին նստում է այդ հրապարակում ու իր բաժին «պեռաշկուն» սպասում` ամեն վայրկյան ոստիկանի մահակին սպասելով: Այսպիսին է մեր «ձիու վրա» մտավորականների վիճակը, իսկ ահա Արտավազդ Փելեշյան ազգանունով մեր հանճարին ընկերները քաղցից ու խելագարությունից փախցրին Մոսկվա:
Այս երկրի իշխանությունը չի ներում իր դեմ մի բան խոսացածներին` լինեն մեռած թե կենդանի: Տիգրան Լեւոնյանի մահը մարդիկ հեռախոսով իմացան, որովհետեւ ընդդիմադիր էր, եւ «Հայլուրը» հարկ չհամարեց տեղեկացնել: Նշանավոր նկարչուհիներ Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի ու Լավինյա Բաժբեուկի մահը կամ չհայտնեցին, կամ կես րոպեանոց մի «լուրիկ» ասացին... իսկ երբ իշխանություններին սատարող երիտասարդ երգչուհի Վարդուհի Վարդանյանը «Քաղաքի օրը» ծաղկացնող մի միջոցառումից մյուսին շտապելիս ավտովթարից մահացավ, հեռուստաընկերությունները համազգային սուգ հայտարարեցին` ցուցադրելով, որ միայն իրենց սատարողներին են ոչ միայն ապրեցնելու, այլեւ ճոխ թաղելու: Իսկ Քոչարյանի տված մեդալը ետ ուղարկած բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին իմացանք մի կես-բերան, հետո Զորի Բալայանի խոսքն էր` «Կիլիկիայի» վրայից, որ իր նավագնացության մասին պատմելու արանքում Սիլվա Կապուտիկյանի մահն էր գուժում:

ՀԳ - Հիմա էլ ուշ չէ՝ մեր մտավորականները կարող են ետ կանգնել իրենց անպատվաբեր գծից` տեսնել, լսել ու վկայել իրականությունը, իսկ իշխանությանն ասել` «առ գդալդ, ես քու բորշչը»:


Комментариев нет:

Отправить комментарий