07.01.2012

Գևորգ Թումանյան «ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ»

Քաղաքապետը
վեց տեղակալ ունի
օրական
մեկ տեղակալի ծեծում է

յոթերորդ օրը
քաղաքապետը հանգստանում է

***
Յոթերորդ օրը
քաղաքապետը հանգստանում է

առավոտյան
անոթի
թիկնազորով եկեղեցի է գնում

իր
սեփական եկեղեցին
սեփական աբեղայով
քահանայով և ժամհարով
սեփական հրեշտակապետերի դասով
և զվարթուններով

եկեղեցում
անհամբեր սպասում են
սեփական հավատացյալները

***
Քաղաքապետի պատվերով
քաղաքում
տարեկան
նոր արձան է դրվում

անցյալի
մեր փառապանծ արքանների
նախարարների իշխանների
զորավարների գիտնականների արձանները

առեղծվածային կերպով
բոլորը
հետագայում նմանվում են
քաղաքապետին

***
Ով
դեմ է ինձ
պարսավում
քննադատում է ինձ
սատանայի որդի է

սիրում է կրկնել
աստվածաբան
աստվածավախ
քաղաքապետը

***
Մովսեսը
քառասուն տարի
իր ժողովրդով
անապատում եղավ
որ հրեան
հրեա դառնա

ինձ
իմ որդիներիս
հարազատներիս ընկերներիս
և քաղաքիս
այդքան ժամանակ է պետք
որ քաղաքը
քաղաք դառնա

Комментариев нет:

Отправить комментарий