15.01.2012

Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը»

 Նախաբան

Պատմությունը, որ պետք է ներկայացնեմ իմ սիրելի ընթերցողին, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` շատ քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում ես կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:
Այո, այո, ես պատրաստվում եմ ձեզ պատմել իմ կատարած անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին:



 1. Մեկնարկ` հանպատրաստից
 
Չնայած որպես իմ ճամփորդության պաշտոնական մեկնարկի օր նշեցի մարտի 3-ը, իրականում այն սկսվել է հենց մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը: Ես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքը լքող վերջին խմբի մեջ էի: Մարտի 1-ի դեպքերի թատերաբեմը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական, ԱԱԾ, բանակային եւ անհայտ ծագման այլ ուժերի կողմից, եւ ինչպես հասկանում եք, այդ տարածքը լքելը առանձնապես հեշտ չէր, մանավանդ որ ԱԱԾ մի քանի օպերատիվ խմբեր հենց սկզբից հետապնդում էին ինձ: Իսկ հետապնդումը կրնկակոխ էր, բառիս բուն իմաստով. պատկերացրեք, մի պահ ինձ եւ ԱԱԾ աշխատակցին իրարից բաժանում էր մետրուկեսից էլ պակաս մի տարածք:Հենց այդ պահին էլ ինձ համակեց զգացողությունը, թե իմ կյանքի առաջիկա ամիսները լի են լինելու հրաշքներով, որովհետեւ ԱԱԾ աշխատակիցը, որ, ինչպես նշեցի, ինձնից մետրուկես հեռավորության վրա էր, նայում էր ինձ ու չէր տեսնում: Քիչ էր մնում` ձեռքս տանեի գլխիս` ստուգելու համար, թե արդյո՞ք «անտեսանելի գլխարկ» չեմ կրում, բայց որեւէ շարժում անելը այս վիճակում անպատեհ կլիներ, եւ ես շարունակեցի կանգնած մնալ` որպես հուշարձան: Բայց ի՞նչ թաքցնեմ, սիրտս բաբախում էր ոչ թե արձանի, այլ հենց նոր համաշխարհային ռեկորդ սահմանած արագավազորդի սրտի նման: ԱԱԾ-ական բարեկամս, սակայն, որ փնտրող հայացքով ուղիղ ինձ էր նայում մի սերժաբոյ հեռավորությունից, կարծես ոչ միայն տեսողությունն էր կորցրել ու լսողությունը (սրտիս չրխկթրխկոցը չէր լսում), այլեւ հոտառությունը. չէ՞ որ ինը գիշեր ազատության խարույկների շուրջ լուսացնելով` ես անտանելի ծխահոտ էի բուրում: Չնայած սրան` հրաշքը տեղի ունեցավ. իմ որսորդը նայեց, նայեց, ու թերեւս բաց թողնելով արտահերթ կոչում ստանալու հնարավորությունը` հեռացավ:
Հետապնդումը սրանով, իհարկե, չավարտվեց եւ դեռ շարունակվելու էր, բայց ԱԱԾ-ական հայրենակիցներս նորից ինձ այդքան մոտ գտնվելու էին միայն մեկ անգամ. ի տարբերություն նախորդի, այս դեպքում մեր միջեւ անթափանցիկ պատնեշ կար, եւ ինձ կարող էին հայտնաբերել, եթե բացեին դուռը, ինչը տեղի չունեցավ, իսկ դա նշանակում էր, որ իմ անհավանական ճանապարհորդությունը դեռ շարունակվելու էր: Առաջին դեպքի համեմատությամբ, այս երկրորդը ամենեւին էլ հրաշք չէր, չնայած` առաջինի չպատահելու դեպքում կարող էր նման հավակնություն ունենալ: Բայց առաջին դեպքը տեղի էր ունեցել եւ բավական բարձր նշաձող սահմանել, այնպես որ` նրա հետ համեմատվելը հեշտ չէր:
Այսպես, ուրեմն, որսորդը հեռացավ` ինձ թողնելով անորոշության մեջ, ու մինչ մտածում էի` կհայտնվե՞մ արդյոք Երեւանի ուղղիչ տանը, թե՞ ոչ, անակնկալ կերպով հանդիպեցի նրան, ով ինձ պետք է հասցներ Թիֆլիս: Այս մարդուն, որին պայմանականորեն կանվանեմ Իմաստուն Ծերուկ, ես վաղուցվանից գիտեի, բայց մոտիկից ծանոթացել եմ 2007 թվականի մայիսին Ազատության հրապարակում նստացույց անելիս, ակցիա, որ հանրությանը հայտնի է «1+» անունով: Այդ մարդը ամենեւին էլ ծերուկ չէ, բայց ինչպես բազմիցս համոզվեցի` իմաստուն է: Եւ եթե պիտի գրեմ, որ նա իմաստուն է, ստիպված եմ նրան նաեւ Ծերուկ անվանել` ժանրի կանոններով: Ի վերջո, «երիտասարդ իմաստուն» ասել չի լինի. եթե իմաստուն է, ուրեմն պետք է նաեւ ծերուկ լինի: Ահա, ուրեմն` Իմաստուն Ծերուկի հետ իմ հանդիպումը շատ պատեհ էր, որովհետեւ նա իմ սակավաթիվ ծանոթներից էր, ով չէր գտնվում ձերբակալության ենթակա անձանց ցուցակում: Նա ոչ մի կերպ չի կարող զանգվածային անկարգություններ կազմակերպողի դերին հավակնել, նաեւ չէր կարող մեզ հետ յուրացնել իշխանությունը, որովհետեւ մարտի 1-ից առաջ էլ ուներ այդ իշխանությունը, հիմա էլ ունի: Կարճ ասած` Իմաստուն Ծերուկը այն մարդկանցից է, որոնց պաշտպանելու համար, ըստ իշխանությունների, իմ ընկերներին ու ինձ հարկավոր էր ձերբակալել:
Իմաստուն Ծերուկին, սակայն, մեր հանդիպումը չվախեցրեց. ընդհակառակը, որոշեց լրջորեն զբաղվել իմ անվտանգության հարցով: Նա գիտեր, որ ԱԱԾ-ն ինձ փնտրում է, գիտեր, որ փնտրտուքի ծավալները գնալով մեծանում են, եւ ես Երեւանում, ապա եւ Հայաստանում չձերբակալվելու շանս չունեմ: Ինչպես արդեն ասացի, նա ի վերջո ինձ տարավ Թիֆլիս, ըստ էության` առանց իմ կարծիքը հաշվի առնելու: Ես ակամա հայտնվեցի այնտեղ: Սա էլ հրաշք էր եւ կարող էր տեղի չունենալ, քանի որ ԱԱԾ-ն շարունակում էր ինձ, հիմա արդեն մեզ կրնկակոխ հետապնդել: Բայց նրանք իմ հետքը Դիլիջանում կորցրեցին. ԱԱԾ-ն այստեղից շարժվեց դեպի Հաղարծին գյուղ, որտեղ ապրում են մայրական կողմի իմ հարազատները, ապա եւ Իջեւան, ուր ապրում են ծնողներս, եղբայրս, ընկերներս: ԱԱԾ-ն հույս ուներ ինձ գտնել այդ կողմերում, բայց մենք այդ մասին իմանալով` Դիլիջանից թեքվեցինք դեպի Լոռվա մարզ: Միանգամից ասեմ` Իմաստուն Ծերուկը Լոռվա մարզում լուրջ կապեր եւ մոտակա անտառների, ձորերի մասին լավ պատկերացում ունեցող մեկը դուրս եկավ: Ուստի նրա համար առանձնապես դժվար չէր մեզ համար զարտուղի, այսինքն` անվտանգ ճանապարհների երթուղի նախագծել եւ տեղացիների օգնությամբ իրականացնել նախագիծը` դուրս գալ հայ-վրացական սահմանի մի ամայի հատված եւ անարգել հատել այդ սահմանը: Ի վերջո, մենք հայտնվեցինք Ջավախքում, եւ այս ճամփորդությունը ինձ ստիպեց մտածել, թե արդյոք Իմաստուն Ծերուկը իր իշխանական դիրքը օգտագործելով` մաքսանենգությամբ չի զբաղվում: Համենայնդեպս, եթե նա կարող է այդպես անարգել հետախուզվողին երկրից դուրս բերել, նույն հաջողությամբ կարող է ապրանքներ ներկրել եւ արտահանել: Այս կասկածներս ավելի խորացան Թիֆլիսում նրա տուն ունենալու հանգամանքով, բայց այս պահին այդ մարդը իմ բարերարն էր, եւ իրավապահ մարմինները փնտրում էին ինձ եւ ոչ թե իրեն:
Իսկ Փարվանա լիճը ես այդպես էլ չտեսա. երբ նրա ափին լինելու ցանկության մասին ասացի ուղեկցիս, նա հեգնեց. «Դու տուրի՞ստ ես, թե՞ հանցագործ»: Իմ այն փաստարկը, թե կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ, ըմբռնում չգտավ, եւ մենք շուտով հայտնվեցինք Թիֆլիսում, եւ Ծերուկը ինձ հանձնելով նոր ուղեկցիս` հեռացավ: Ես այդ ժամանակ չգիտեի, որ Ծերուկի հետ էլի եմ հանդիպելու իմ երկարատեւ ճանապարհորդության ընթացքում, ճանապարհորդություն, որ ինչպես սկսվել էր ակամա, այնպես էլ պետք է շուրջերկրյա դառնար ակամա:

Շարունակությունը կարդացեք այստեղ
Արտատպված է  http://www.nikolpashinyan.com/ կայքից

Комментариев нет:

Отправить комментарий