20.12.2011

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ «ՎԱՄՊԻՐՆԵՐ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՐՈՏԻԶՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հավանաբար քսաներորդ և ներկա՝ քսանմեկերորդ, դարի նորագույն առասպելաբանությունը չունի ավելի գայթակղիչ էջ, քան  վամպիրները:
Բելետրիստները գրում են նորանոր վեպեր, կինոռեժիսորները առանց հոգնելու նկարահանում են նորանոր կինոնկարներ: Ինտերնետում բացվել են հազարավոր կայքեր: Հանկարծ բոլոր ժողովուրդները հայտնաբերեցին, որ իրենց բանահյուսության մեջ, այսպես կոչված «ցածր» առասպելաբանության մեջ, վամպիրները ներկա են: Դա ոչ միայն սլավոնական հայտնի ուպիրներն են, այլ նաև աֆրիկյան adze-ը և asanbosam-ը, արաբական algul –ը, գերմանական alp-ը, ֆիլիպինյան aswang-ը, մալազիական bajang-ը, շոտլանդական Baobhan-sith-ը, հնդկական Bhuta-ն, պորտուգալական Bruxsa-ն, իռլանդական Dearg-due-ն և այլն:
Վամպիրներին այնպիսի նշանակություն է տրվում, որ կարծես մարդկային գոյության խնդիրների լուծումը գտնվում է հենց նրանց էության մեջ: Արյունարբու դիկտատորների իրական գործերը մարդկանց ավելի քիչ են հետաքրքրում, քան վամպիրները՝ երևակայական արնախումները:
Արևմտյան Եվրոպայում վամպիրների նկատմամբ հետաքրքրությունը սկսեց աճել ռոմանտիկական գրականության սկզբնավորման հետ: Դա կապիտալիզմի դարաշրջանում մարդկային գոյության կարևորագույն կողմերից մեկի համար գտնված լավագույն փոխաբերություններից էր՝ Ֆրանկենշտեյնի, ռոբոտների, մարդագայլերի, ուրվականների հետ միասին: Ցավոք հայ գրականության և արվեստի գործիչները չհասկացան վամպիրի լեգենդի նշանակությունը մեր ժողովրդի մշակույթի համար: Միակը Խաչատուր Աբովյանն էր, որ հասկացավ այդ լեգենդի նշանակությունը, և այսօր վամպիրների մասին հանրագիտարանում միակը հենց նրա՝ ռուս մի ճանապարհորդի պատմած լեգենդն է: Խ. Աբովյանի ժառանգությունը դեռևս զարմացնում է մեզ:
Որպես տեղեկանք՝ համառոտ շարադրենք այդ առասպելը:
Հայկական լեռներում ապրում էր մի վամպիր, որը քնած ժամանակ ոտքից ծծում էր այն համարձակի արյունը, որը փորձում էր հաշվել վամպիրի տիրապետության տակ գտնվող ձորակների քանակը: Ի վերջո գտնվում են երկուսը, որ կարողանում են խաբել վամպիրին. քնում են ոտնագլուխ, և վամպիրը չի կարողանում գտնել ոտքերն ու սատակում է: Ձորակների թիվը 365 էր, որից կարելի է եզրակացնել, որ վամպիրի մասին հայկական լեգենդը, ինչպես վամպիրների մասին շատ այլ լեգենդներ, կապված է անմահության գաղափարի հետ:
Բայց անշուշտ Խ. Աբովյանը այսքանը շատ քիչ պետք է համարեր այսօրվա վամպիրական լայնարձակ ինդուստրիայի կողքին: Նա ցավով պետք է նշեր, որ այս հարցում էլ մենք ետ ենք մնում աշխարհի շատ ժողովուրդներից:
Սակայն ակնհայտ է, որ այդ բացը պայմանավորված չէ մեր ժողովրդի ստեղծագործական երևակայությամբ, այլ հայ հետազոտողների պարզ ծուլության արդյունքն է: Ավելին. ես համարձակվում եմ պնդել, որ վամպիրների մասին բալկանյան-սլավոնական լեգենդը, որի հիմքի վրա նկարահանվում են հարյուրավոր ֆիլմեր, դեռ չի գտել իր իսկական հեղինակին:
Դիմենք փաստերին. հին հունական դիցաբանությունը, որի հարստությունը մինչ այսօր զարմացնում է մարդկությանը, վամպիրների մասին ոչինչ չգիտի: Նա գիտի միայն մարդակեր կանանց, օրինակ՝ Լամիային, որը Լիբիայի թագուհին էր: Նրա զավակներին սպանել էր Հերան, և նա թափառում է երկրի վրա՝ սնվելով երեխաներով: Նա նաև գայթակղում է տղամարդկանց, իսկ հետո խժռում: Բայց մեզ հետաքրքրող առասպելի գլխավոր հերոսը արական սեռի էՀին հույներին հատուկ էր կանանց այսպիսի սարսափելի ունակություններով օժտելը (Գորգոնա Մեդուզա և այլն), իսկ տղամարդկանց հանդեպ նրանք ավելի ներողամիտ են: Անտիկ շրջանում տղամարդ-վամպիրների մասին ոչինչ չգիտեին:
Այդ ամենը հուշում է, որ բալկանյան տարածքում վամպիրների մասին լեգենդները շատ ավելի ուշ՝ միջնադարյան ծագում ունեն: Պարզելու համար, թե որտեղից և ինչպես ծագեց այդ առասպելը, մենք պետք է տանք մեզ տրամաբանական հարց՝ ո՞րն է բալկանյան թերակղզում VII դարից հետո տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունը: Պատասխանն ակնհայտ է՝ պավլիկյան և հայկական ծագում ունեցող այլ աղանդավորական խմբերի հայտնվելը, որոնց այստեղ էին աքսորել բյուզանդական կայսրերը: Եվ այստեղ հետազոտողները մեզ կարևոր կռվան են տալիս. իսկապես այդ աղանդավորական խմբերի մեջ կար վամպիրի պաշտանմունքը, հատկապես բոսնիական բոգոմիլների շրջանում: Դա կարող է դիտվել որպես աղանդավորների կողմից մեռելներից հարություն առնելու քրիստոնեական գաղափարի աղավաղում, երբ մեռելները հարություն են առնում նյութական, գռեհիկ իմաստով: Նկատենք, որ ռուսական վամպիրների մի տարատեսակ կոչվում է «երետիկ»:
Բայց իսկույն կարող է առաջանալ այն հակաճառությունը, թե դա սլավոնական լեգենդի և աղանդավորական պրակտիկայի փոխազդեցության արդյունքն է: Հիշենք, որ սլավոնական վամպիրի անունը ուպիր է: Ուպիրները նախապես եղել են սլավոնական բարձրագույն աստվածություններից՝ մինչև Վելեսի պաշտանմունքի հայտնվելը: Այսինքն ուպիրները պետք է դրական ասոցիացիաներ տային նույնիսկ այն բանից հետո, երբ դադարեցին պաշտվել որպես բարձրագույն աստվածություններ, ինչպես դա տեղի ունեցավ Վելեսի դեպքում: Բացի դրանից «ուպիր» բառը պարզ իմաստ է կրում և  հավանաբար կապված է «ուպիրատսյա» ՝ համառել բայի հետ, հետևաբար՝ «օպոռա» (հիմք) բառի հետ: Հայերն ունեն ապառայժ բառը, որ իմաստով մոտ է ռուսական բային: Այսինքն ստուգաբանությունը համոզում է, որ ուպիրները գոյության հիմքը ապահովող աստվածներ են: Արյունախմության հետ, հետևաբար, առնչություն չունեն:
Փորձենք բացատրել «վամպիր» բառը հայերեն: Ռուսական «վենգր» բառի դիմաց հայերենը ունի «հունգար» բառը: Այսինքն վամպիրը հայերենում պետք է հնչի մոտավորապես ինչպես «համպիր»: Այդ բառը կապենք հայերեն «համբույր» բառի հետ: Դա տրամաբանական է, քանզի սովորաբար այդ ամենը տեղի է ունենում հայտնի սցենարով: Վամպիրը, որ գեղեցկատես տղամարդ է, գիշերը գայթակղում է երիտասարդ աղջկան և այն պահին, երբ իբրև թե պետք է համբուրի աղջկան, ժանիքները խրում է աղջկա վիզն ու ծծում նրա արյունը: Վամպիրհամպիր» բառը պարզապես նշանակում է «համբուրող»:
Սա անարառկելի փաստ է, որ ցույց է տալիս, որ հայ աղանդավորները վամպիրների գաղափարը բերել են Հայաստանից և նրանց սլավոնական բոգոմիլ աշակերտները միայն յուրացրել են այն: Վամպիրները կապ չունեն սլավոնական լեգենդների հետ և հայկական «համբույր» բառի ազդեցությամբ է, որ «ուպիրները» ստացել են իրենց այժմեական նշանակությունը:
Կա նաև մեկ այլ կարևոր ցուցում: Բալկաններում վամպիրական կենտրոն համարվում է Տրանսիլվանիան: Բայց հատկապես Տրանսիլվանիայում ենք գտնում հայկական ամենամեծ գաղութը մեզ հետաքրքրող դարաշրջանում: Դա պատահական լինել չէր կարող:
Բայց անշուշտ կան և պետք է լինեն նաև հակափաստարկներ: Ամենակարևոր հակափաստարկը ակնհայտ է. հայերը համարյա ոչինչ չգիտեն վամպիրների մասին: Կարծես վամպիրիզմի երևույթը իսպառ բացակա է հայոց մեջ: Սակայն դա թվացյալ է:
Հայերը ունեն բազմաթիվ դարձվածքներ և բարդաբանություններ՝ կապված արյան հետ: Դրանց առատությունը արդեն պետք է կասկածներ առաջացներ: Ինչո՞ւ հայերը, որոնք արյան հետ կապված այդքան դարձվածքներ ունեն, իսկ հայերի համար նույնիսկ քարի մեջ արյուն կա, չունեն համապատասխան լեգենդներ: Լեզվաբանության մեջ կա Սեպիր-Ուորֆի հիպոթեզը, ըստ որի լեզուն, բառապաշարը արտահայտում են ժողովրդի մշակույթը և պատմությունը, նրա կենսաշխարհը: Ամեն մի ժողովրդի համար գոյություն ունի միայն այն, ինչ լեզվում համապատասխան նշանակում ունի: Բայց պետք չէ այդ դարձվածքները կապել մեր արյունոտ պատմության հետ: Դրանք հավանաբար ավելի վաղ ծագում ունեն:
Հենց հայերենում ենք գտնում այնպիսի դարձվածքներ, որոնք չկան աշխարհի այլ ժողովուրդների մոտ և որոնք աներկբա ապացուցում են վամպիրության տարածվածությունը հայերի մեջ: Դա «քաղցրարյուն» և «դառնարյուն» ածականներն են, որոնք հիմնականում կիրառվում են երտասարդ աղջիկների համար: Ռուսներն, օրինակ, պարզապես «քաղցրիկ» են ասում: Բայց ինչպե՞ս կարելի կլիներ իմանալ երիտասարդ աղջկա քաղցրարյուն կամ դառնարյուն լինելը, եթե չես փորձել նրա արյունը: Այս վերջինը ցույց է տալիս, որ հին հայերը եղել են չափազանց կրքոտ: Կարելի է ենթադրել, որ կրքոտ, սիրահարված տղամարդիկ կորցրել են իրենց գլուխը և համբուրելու ժամանակ ատամները խրել են երիտասարդ աղջիկների պարանոցը, ընդհուպ մինչև արյան հայտնվելը: «Համբույր» բառը այս լույսի տակ վերաիմաստավորվում է. այն «ըմպել արյուն» դարձվածքի աղավաղված արտասանությունն է: Որպեսզի այս ամենը դատարկ ֆանտազիա չթվա, հիշեցնեմ «թուշդ կծեմ» (բրբռ. «խածեմ») դարձվածքը: Վամպիրների լեգենդը սեփականել փորձող ռուսների մոտ այդպիսի դարձվածք չեք գտնի: Պատկերացրեք ռուս տղան ռուս աղջկան ասում է. «ուկուշու տվոյու շչոկու»: Ռուս աղջիկը առնվազն իր սիրեցյալին տարօրինակ մարդ կհամարեր:
 Մյուս կողմից այս դարձվածքից պարզ է դառնում, որ հայերի մոտ սիրած աղջկան կծելը դրական՝ կրքի բարձրագույն արտահայտություն է համարվել, և նրանք շատ ներողամիտ պետք է լինեին վամպիրների՝ համբուրողներիհանդեպ:
Այսինքն՝ այսօր վամպիրների մասին պատմվող բացասականը սլավոնական զրպարտություն է հայկական սեքսուալության, հայկական էրոտիկ սովորությունների հասցեին:
Հայտնի է, որ հեթանոսական Հայաստանում եղել են ազատ սեռական բարքեր. հելենիստական դարաշրջանում սրբազան պոռնկության ամենակարևոր կենտրոնը գտնվելիս է եղել հենց Հայաստանում: Քրիստոնեության ի հայտ գալով հայերի սեռական սովորությունները կտրուկ փոխվել են: Հեթանոսական գեղեցիկ սեռական սովորությունները, այդ թվում՝ վամպիրությունը՝ համբույրը, սիրածի թուշը կծելը պետք է, որ  անաղարտ ձևով պահպանված լինեն հայ աղանդավորների մեջ:
Եկել է ժամանակը, որպեսզի ողջ աշխարհը, այդ թվում հոլիվուդյան ռեժիսորները, իմանան ճշմարտությունը վամպիրների մասին: Իսկ մեր պարտականությունն է անաղարտ ձևով պահպանել նախնյաց սովորությունները:

Комментариев нет:

Отправить комментарий