09.12.2011

Արփի Ոսկանյան «ՊԵՏՈւԹՅՈւՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈւ ԴԱՍԸՆԹԱՑ»

«Անտերուդուս» գրքից

Սկզբում ցորեն ցանիր.
կարևոր է, որ ժողովուրդը սովից չմեռնի,
կարևոր է նաև, որ կուշտ չլինի,
թե չէ ո՞վ կաշխատի դաշտերում,
քարհանքերում ու շինարարության վրա:
Ապա գիշերային ակումբ ու խաղատուն կառուցիր,
որ նաև զվարճանք լինի ու
վաստակը քամուն տալու տեղ:

Պատվիրիր սիրել զմիմյանս ու բազմանալ,
բարգավաճման համար աշխատուժ է պետք,
ինչպես և կանոնավոր բանակ
սահմանները պաշտպանելու համար,
հարմար առիթի դեպքում` ընդարձակելու:
Չմոռանաս եկեղեցի կառուցել,
որ ժողովրդին ահուսարսափի
և հնազանդության մեջ պահի
և խանձարուրում խեղդի ամեն ընդվզում,
որ սեր քարոզի աշխատանքի հանդեպ
և չափավորություն սննդի ու սիրո մեջ,
որ պսակի մարդկանց ու օրհնի միությունը
և առանձնացնացումն ու մենակությունը նզովի,
քանզի մենակ մարդը մտածում է ու նրանից
ոչ մի օգուտ չկա, այլ միայն վտանգ:
Նույն այդ նպատակով ուշ դարձրու կրթությանը.
մարդուն պետք է հիմարացնել վաղ մանկությունից:
Գիտությանը փող հատկացրու,
խոսիր մշակույթի կարևորության մասին,
բայց գրողներին, նկարիչներին
ու այլևայլ թափթփուկներին երես մի տուր.

առ մրցանակով, մի քիչ փողով, պստիկ փառքով,
պանթեոնում փոսահատկացման խոստումով:
Ծաղրածուներին, աճպարպարներին,
ծիծաղելի արտաքինով մարդկանց
և հատկապես նրանց, որ օժտված են
լավ խոսելու և ոչինչ չասելու ունակությամբ,
քշիր ընդդիմադիր դաշտ,
որ զվարճացնեն ժողովրդին
և չկարողանան արդարացնել հույսերը:
Ինքդ քեզ ընդդիմություն դարձիր,
խոսիր ժողովրդավարությունից, մարդու
իրավունքներից, խոսքի ու խղճի ազատությունից:
Գերտերությունների աչքին թոզ փչիր
ու պարտքեր վերցրու գույքի դիմաց:
Իսկ երբ վերջապես կայունություն հաստատվի,
ուրեմն իսկական ժամանակն է պատերազմի,
պետական գանձարանն ու սեփական
գրպանները թեթևակի ծանրացնելու:
Մտավորականներին քշիր միտինգի,
թող հայրենասիրական ճառեր ասեն,
թարմացնեն ապուպապերի մահվան վրեժը,
արթնացնեն ազգային արժանապատվությունը:
Թող եկեղեցին սրբացնի մարդասպաններին,
«մահ իմացյալ անմահություն է» քարոզի,
«մահ կամ ազատություն» ու նման բաներ:
Հեռուստատեսությամբ կռիվ-կինոներ ցուցադրիր
բռնության արյունոտ տեսարաններով:
Հիշիր` պատերազմը պետության համար
նույնն է, ինչ մուլտֆիլմը մանկան
ու «PLAYBOY»ը` պզուկոտ պատանու.
առանց դրա այս հիմար խաղը
ոչ մի իմաստ չունի:

2006

2 комментария:

  1. ինչ ասեմ... հասկանալի է այս ցասումն ու իրավիճակը հասկանալու փորձը, և որպես ստեղծագործություն իրավունք ունի. բայց... ինչ-որ բան այստեղ պակասում է. իհարկե, պետության բարքը քանդելը բանաստեղծության միչոցով՝ ինքնին շատ դժվար խնդիր է, այնպես որ որպես մի փորձ՝ կարելի է. բայց հարցը բարդ է, բարդ... ես կավելացնեի. ինքդ քեզ սիրիր, շատ սիրիր, անմակարդակներին կազդուրիր, գողանալը գուրգուրիր, գողացիր, պատերազմ արա՝ իբր հողի ու ազգի հանուն, բայց դարձրու այն միջոց՝ պարկդ լցնելու,և մի գաղտնի ֆինտով՝ այնպես արա, որ ամենախելոք ու ամենատաղանդավորդ էլ բան չհասկանա, խճճվի ու կորչի, իսկ թե շատ է խելոք՝ թող որ վտարանդի գնա ու իր ծնողներին մի կաթիլ փող ուղարկի դրսից, շատ դրսից... և այլն

    ОтветитьУдалить
  2. ...իսկապես բոլոր ժամանակների համար...զենքուզրահն է փոխվում միայն,հագուկապը՝ պես-պես,որոշ բաներ էլ՝ կենցաղում՝ քիչ-քիչ,դեմքեր ու դեպքեր կերպարանափոխ... էլ ուրիշ ոչինչ,էլ ուրիշ ոչինչ...

    ОтветитьУдалить