04.12.2011

Առաքել Սեմիրջյան «Մարիոթի աղբարը»

Երթը թեքվեց Ամիրյանի անկյունից դեպի Հանրապետության հրապարակ, իսկ բղավոցներն էլ ավելի ուժգնացան` «խանգարելով» «Մարիոթ» հյուրանոցի հյուրերի հանգիստը: Հյուրանոցի նախամուտքի բարում սուրճ վայելող սփյուռքահայի ականջին ընկավ Նիկոլ... Նիկոլ... Նիկոլ... վանկարկումը: Նա մի պահ գլուխը վեր հանեց սուրճի ըմբոշխնումից ու դիմելով պատուհանից դուրս նայող հյուրանոցի ադմինիստրատորին` հարցրեց.

- Աս ի՞նչ կփղավեն դուրսին մարդիկը... Հյուրանոցի ադմինիստրատորը մի փոքր զարմացած հայացքով պտտվեց հարց տվողի կողմն ու պատասխանեց.
- Դե, Նիկոլ են գոռում, Նիկոլ:
Սփյուռքահայը, ոչինչ չհասկանալով պատասխանից, փորձեց խոսակցությունը շարունակել հստակեցնող հարցի միջոցով.
- Այսինքն` աս մարդիկը Նիկոլ Քիդմենի՞ն կուզեն տեսնալ..., - հարցը տվեց ու անմիջապես հասկացավ, որ հարցը կարող է անհեթեթ հնչել, սակայն ադմինիստրատորը հեչ էլ չզարմացավ ու ասաց.
- Չէ՛, Նիկոլին են ուզում, էն որ ասում էր երեխեքի ապագայի համար ա պայքարում, մեկ էլ, որ մարդիկ ազատ լինեն, չե՞ս լսել` մեկին գումարած մեկ: Սփյուռքահայն ավելի խճճվեց ու ուղեղի «ֆայլերը» լրիվ խառնված` շարունակեց հարցախեղդ անելը.
- Այսինքն` Նիկոլ Քիդմենին ազգանո՞ւնը կփոռան, որ անգլերենով «Քիդ» երեխաներ, իսկ «մեն»` մարդ նշանակած է:
- Չէ՛, ա՛յ մարդ, ի՞նչ Քիդմեն, Նիկոլ են գոռում, Նիկո՛լ, - պատասխանեց ադմինիստրատորը այնպիսի մուննաթով, որ կանխի հետագա հարցերը: Սակայն էդ արհամարհանքը ավելի գայթակղեց սփյուռքահային, ու նա, տեղից վեր կենալով, մոտեցավ պատուհանին ու նայեց երթի ուղղությամբ: Նա մի պահ զարմացավ, որ փողոցում տեսավ հազարավոր հայ երիտասարդների պայծառ ու փայլող դեմքերը, ու անմիջապես գրպանից հանելով ֆոտոապարատը` սկսեց նկարել: Ադմինիստրատորն, այդ բանը նկատելով, աննկատ մի քանի քայլ հետ գնաց, ծոցից հանեց հեռախոսը ու զանգահարեց նախապես անգիր արած համարին. - Նաչալնիկ, ստեղ մի հատ ախպար միտինգն ա նկարում, ի՞նչ անեմ: Հեռախոսի մյուս ծայրում գտնվողն ասաց.
- Եթե կարաս, ձեռից ապարատը գյոզերով թռցրա:
- Չէ՛, նաչալնիկ, ոնց-որ շատ քցիբ ա, ընենց ա էդ ապարատը բռնել, որ ցրելու վարյանտ չկա:
- Դե ուրեմն իրան աչքիդ տակ պահի, հեսա տաս րոպեյվա մեջ մարդ կուղարկեմ:
Հինգ րոպեն չանցած բարի կողքի սեղանին նստած մի քնքուշ տղամարդ հետաքրքրասեր սփյուռքահային հյութ հյուրասիրեց:
- Ես աս հյութը պատվիրած չեմ, - զարմացավ սփյուռքահայը,  սակայն մատուցողը նշեց, որ Հայաստանի մարդիկ շատ հյուրասեր են, եւ կողքի սեղանի տղան կնեղանա, եթե իր հյուրասիրությունը չընդունվի: Սփյուռքահայը քաղաքակիրթ ժպիտով գլխով շնորհակալություն հայտնեց հյուրասեր երիտասարդին ու խմեց հյութը: Մի քանի րոպե չանցած սփյուռքահայը արդեն գլխապտույտի սինդրոմներով բարձրացավ իր սենյակ` մտածելով, որ հայրենիքում կերած ուտելիքներն են ստամոքսը խառնել, քանզի երեւի սփյուռքում սովոր չեն բնական կերակուրներին: Սփյուռքահայը պառկած էր իր անկողնու վրա ու, աչքերը բաց, տարօրինակ երազներ էր տեսնում, թե իբր իր սենյակ են ներխուժել մի քանի պուճուր Նիկո-ներ, որոնք բոլորովին նման չէին Սթիվեն Սեգալին, ու չէր հասկանում, ինչի էր նրանց Նիկո ֆիլմի հերոսի հետ ասոցացնում: Նրանցից մեկը փորփրում էր ճամպրուկը, մյուսը սփյուռքահայի գրպաններում ինչ-որ փաստաթղթեր էր որոնում, իսկ երրորդն էլ նայում էր ֆոտոապարատի նկարած կադրերը: Առավոտյան երբ սփյուռքահայը հայտնվեց օդակայանում, մի ուրիշ հաճելի զգացում ունեցավ: «Աս ինչ թեթեւ անցավ հայրենիքիս մեջ աս մեկ շաբաթը, որ չիմացա ալ ինչ ըրի», - մտածեց սփյուռքահայը ու շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին` մտավ ինքնաթիռ: Ինքնաթիռում նա փորձեց մտաբերել իր` մեկ շաբաթվա հայրենիքում ունեցած վայելքները, որ հայրենիքը` սեփական աչքերով տեսածի շուրթերից ոչինչ չմոռացած, պատմի սփյուռքում իրեն սպասող հայրենակիցներին: Նա ձեռքը տարավ պայուսակը ու պայուսակի ներքեւի մասում շոշափեց նվեր կոնյակը, որ անհոգ պառկել էր պայուսակի ներքեւի մասում` սուջուխին ամուր գրկած: Սփյուռքահայը ինքն իրեն հաշվետվության պես ասաց, ուրեմն, հայրենիքին հողին վրա կանգնեցի, ուտեստները կերա, Արարատն ալ... Ուզում էր մտածել, որ տեսավ, բայց կասկած մտավ մեջը: Մի՞թե Արարատը չտեսա: Նա ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել, թե Արարատը տեսել է, թե ոչ: Այդ պահին մի հանճարեղ միտք ծագեց սփյուռքահայի ուղեղում, որ եթե տեսած լինի, ապա անպայման նկարած էլ կլինի, դրա համար էլ հանեց ֆոտոապարատը ու սկսեց թերթել նկարները: Ի զարմանս իրեն բոլոր նկարները Արարատ լեռն էին պատկերում, այն էլ անամպ ու լուսավոր: Նա չնայած չկարողացավ վերհիշել, թե երբ է կատարել այդ նկարները, սակայն լիովին բավարարված էր, որ ֆոտոապարատի մեջ առկա էին այդ նկարները, ու կարող էր իր ընկերների մոտ պարծենալ Արարատի նմանատիպ նկարներով: Նա, նայելով Արարատի նկարներին, սկսեց ինչ-որ աղոտ բաներ հիշել երեխայի ու մարդու մասին: Ի՞նչ երեխու ու ի՞նչ մարդու մասին է խոսքը: Նա նայում էր Արարատին ու մտածում` երեւի երեխան Սիսն է, իսկ մարդը` Մասիսը, ու մարդը ուզում է, իր երեխայի ձեռքը բռնած, անցնի Արաքս գետը, բայց չի համարձակվում, կամ էլ էնքան ամուր է բռնել, որ վախենում է հանկարծ երեխան գետը չընկնի, դրա համար էլ առաջ չի շարժվում: Իսկ միգուցե այդ երեխան ինքն էր, որ եկել էր հայրենիք` մարդ դառնալու, սակայն չկարողացավ հաղթահարել արգելքը, կամ էլ իր զավակը, ով սփյուռքում ապրելով` չէր էլ ուզում իմանալ, թե ինչ է մարդը: Սփյուռքահայը ինչքան երկար էր նայում Արարատի նկարին, այնքան մտքերը ավելի էին պղտորվում ու միաժամանակ խառնվում էր հոգին: Նա արագ ինքզինքը գտավ ու ինքն իրեն ասաց. «Երկար ճանապարհ ունեմ անցնելու, ավելի լավ է քնաբերը խմեմ ու անկապ բաների մասին չմտածեմ»: Նա երկու հաբ կլլեց, ու արդեն մտքերը պարզ էին: Նա նայում էր Արարատին ու տեսնում էր լուսավոր ու պայծառ մի լեռ, իսկ ամենակարեւորը` անշառ: Էդ անշառությունը սփյուռքահային ամենից շատն էր դուր գալիս, ու էլ ի՞նչ մանուկ, էլ ի՞նչ մարդ, կարեւորը պայուսակում պառկած սուջուխն էր` գրկախառնված կոնյակին, ու անշառ մի լեռ` ֆոտոապարատի մեջ խցկված, որը այդպես էլ հայտնի չէր` ինչու էր էդքան պայծառ ու էդքան լուսավոր:

Комментариев нет:

Отправить комментарий