08.12.2011

Վարդան Ջալոյան «Գաբրիել Գարսիա Մարկեսը և Խաչատուր Աբովյանը»


Ո՞ւմ ծանոթ չէ հայ գնչուի խորհրդավոր կերպարը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից: Վեպի` հայ գնչուի մասին պատմող հատվածից դժվար չէ համոզվել, թե ինչ անսահման խոր տպավորություն է թողել այդ զարմանալի անձնավորությունը դեռևս մանուկ Գաբրիելի վրա:
Հայ գնչուի ով լինելու գաղտնիքը հավանաբար դեռ երկար պետք է հուզեր եթե ինքը` մեծ գրողը չպատռեր խորհրդավորության վարագույրով պատված կնճիռը իր ինքնակենսագրական գործում, որը 1997 թ.-ին լույս ընծայվեց Նյու-Յորքում: Մարկեսը գրում է, որ այդ հրաշալի մարդը իրեն անվանում էրԽաչատուր Աբովյան: Խաչատուր Աբովյանի` Մեծ Լուսավորիչի նկատմամբ պատկառանքով հանդերձ, մենք ևս այդպես անվանենք այդ անձնավորությանը, քանզի «հայ գնչու» անվանումը էլ ավելի անհամապատասխան է նրա համար

Մեծ գրողը ամենայն լրջությամբ պնդում է, որ իր հերոսը 1948 թ.-ին դուրս է եկել տնից, Եվրոպա ուղևորվելու միջոցին պատահմամբ ընկել է Բրազիլիա ուղևորվող նավ և այնուհետև ունեցել բազմաթիվ արկածներ, որի ընթացքում բազմաթիվ անգամ կտրել-անցել է ողջ Ամերիկա մայրցամաքը` հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք:
Սակայն ամենաանհավանականը Խ. Աբովյանի պատմության մեջ այն է, որ նա պնդում էր, որ դարձել է ճակատագրի դաժան կատակի անմեղ զոհ:
Նախախնամությանը ցանկալի է եղել, որ իր բոլոր դեգերումների ընթացքում նա գեթ մեկ անգամ նույնիսկչի կարողացել հանդիպել իր հայրենակիցներից որևե մեկին, հարցնելու իր հայրենիքի վշտերից և կիսվելու իր սեփականով: «Հարյուր տարվա մենություն» բառերը հաճախ էին դուրս թռչում նրա շուրթերից, որը նրա դառնացած սրտի աղաղակն էր: Եվ ինչպես չդառնանար, եթե դարձել էր ճակատագրի «պարապ վախտի խաղալիքը»: Ահա այսպես մանուկ Գաբրիելը ընդհարվում է մենակության տիեզերական գաղտնիքի հետ:
Մարկեսի շնորհիվ մենք ծանոթանում ենք Խ. Աբովյանի կյանքի այն հատվածի հետ, որ հայ ժողովրդին մնում էր անհայտության քողով ծածկված: Մենք իմանում ենք Խ. Աբովյանի կյանքի այն հատվածի հետ, որ հայ ժողովրդին մնում էր անհայտության քողով ծածկված: Մենք իմանում ենք, որ Խ. Աբովյանը հաճախ էր հիշում իր կյանքի առաջին` հայկական շրջանը, որ նա հաճախ էր հիշում իր մանկությունը, ուսանողական տարիները, և հատկապես իր լուսավորական գործունեությունը իր հայրենիքում:
Մեծ Լուսավորիչը իր կյանքի երկրորդ շրջանում հավատարիմ էր մնացել իր ազգին հատուկ ծարավին դեպի գիտեկիքը: Այդ տարիները նրա համար զուր չէին անցել, քանզի իր ողջ ժամանակը Խ. Աբովյանը նվիրել էր գիտությանն ու ուսմանը: Նա ուսումնասիրել էր և բարձրագույն մաթեմաթիկա, և հարաբերականության տեսություն, և դարվինյան, և մենդել-վայսմանյան կենսաբանություն, և հոգեբանություն, և փիլիսոփայություն, և էլի տասնյակ այլ գիտություններ, այդ թվում չէր երկնչել նաև էզոթերիկ և էկզոտիկ գիտությունների առաջ` ալքիմիա, աստրոլոգիա, խիրոմանտիա հոգեգողություն, կախարդանքի և գուշակության բոլոր ուղղությունները: Կարծում ենք, մեր ընթերցողին նույնիսկ կարիք չկա համոզելու Մեծ Լուսավորիչի գիտելիքների ընդարձակության իրողության մեջ. այդ փաստը նրան հայտնի է «Հարյուր տարվա մենություն» վեպի համապատասխան տեղից:
Աշխարհի ամենամեծ գիտնական դարձած Խ. Աբովյանը, մենք ևս Մարկեսի հետևությամբ չերկնչենք այդպես անվանել Մեծ Լուսավորիչին, տենչում էր, կարելի է ասել` շտապում էր իր հսկայածավալ գիտելիքները օր առաջ, ժամ առաջհաղորդել իր հայրենակիցներին, բայց, ինչպես գիտենք, նախախնամության դաժան ձեռքը մշտապես նրան զրկում էր այդ հնարավորությունից: Այդժամ Խ. Աբովյանը հուսահատվելով, որ ճակատագիրը նրան կտա այդ բաղձալի հնարավորությունը, որոշում է իր հսկայածավալ գիտելիքները փոխանցել մանուկ մարկեսին:
Սա աստեղային ժամ էր, ինչպես ասում էր ավստրիացի մեծ արձակագիր Ստեֆան Ցվայգը, երբ աշխարհի երկու մեծերը գտնում են իրար: Նկատեմ, որ Ուսուցչի և Աշակերտի հարաբերությունները կրում էին անկեղծ, մտերմիկ բնույթ: Խանդաղտանքի պահերին Խ. Աբովյանը սիրում էր իր սիրելի և միակ աշակերտին կոչել հայկականացված անունով` Գաբրիել Գարսևանի Մարկոսյան, կամ պարզապես` Գարսիկ:
Իր անսահման աշխատասիրությամբ իր ուսուցչին չզիջող աշակերտը նախևառաջ սովորում է աշխարհաբար և գրաբար հայերենը, որպեսզի կարողանա ընթերցել հրածալի իմաստություններով լեցուն մատյանները, որոնք Խ. Աբովյանը գրել էր զարմանալի իրադարձություններով հարուստ իր կյանքի ընթացքում: Մանուկ Գաբրիելը երդվում է իր ուսուցչին, որ կարևոր իրադարձություններով և խոր ու օգտակար գիտելիքներով լեցուն այդ մատյանները մի օր կհասցնի Հայաստան և կփոխանցի մեր գիտնական հայրենակիցներին` Մատենադարան:
Այդպիսի հնարավորություն, ինչպես գիտեք, երիտասարդ Մարկեսին շուտով տրվում է: 1967 թ.-ին առաջադեմ լրագրողին, որ համակրում էր կոմունիստական գաղափարները, հրավիրում են Խորհրդային Միություն: Իր ուղևորական ճամպրուկում, բացի ճանապարհորդական անհրաժեշտ պիտույքներից, նա բերել էր նաև Խ. Աբովյանի ձեռագիր մատյանները և իր վեպըգրված հայերեն` ի պատիվ և ի հիշատակ իր Մեծ Ուսուցչի: Փառասեր երիտասարդը հույս ուներ ոչ միայն նվիրել ձեռագիր մատյանները դրանց իսկական տիրոջը` հայ ժողովրդին, այլ նաև իր վեպով մի նշանակալի տեղ գրավել հայ գրականության մեջ, տեղ` որ հավասարժեք կլիներ իր Ուսուցչի` Խ. Աբովյանի զբաղեցրած տեղին:
Սակայն եթե ճակատագիրը դաժան է, ապա խորհրդային Միության սեղանակալները նրանից հետ չէին մնում: Վառվռուն հույսերով տոգորված երիտասարդին սպասում Էր մեծ հիասթափություն, նույնիսկ երկու հիասթափություն: Նախևառաջ հայտնենք, որը Խ. Աբովյանի ամերիկյան կյանքի վարպետորեն արված պատումն էր և կրում էր նույն` «Հարյուր տարվա մենություն» անունը, մերժվեց «Սովետական գրականություն» ամսագրի կողմից` որպես բուրժուական հոռի ուղղություններին` մոդեռնիզմին և էրոտիզմին տուրք տված ստեղծագործություն:
Ի՞սկ Խ. Աբովյանի ձեռագիր մատյանները, կհարցնեք դուք: Ավաղ, այստեղ նույնպես պատանի Մարկեսին սպասում էր միայն հիասթափություն: Նրան չհավատացին, նույնիսկ ծաղրեցին, չխորացան այդ մատյանների բովանդակության մեջ, համարեցին գրական միստիֆիկացիա: Բայց երբ երիտասարդ և անհայտ կոլումբիացի լրագրողը ցանկացավ ետ ստանալ այդ ձեռագրերը, պարզվեց, որ դրանքանհետացել են: Գուցե դրանք այլևս չկան, գուցե փոշոտվում են մի ինչ-որ անկյունում: Ցանկանում ես հավատալ, որ այդ ձեռագրերը դեռևս լույս աշխարհ կգան, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցեն հայ հանճարի մեծությունը: Այսպես դաժան նախախնամությունը ևս մեկ անգամ կատակեց տառապյալ Լուսավորիչի հետ, այս անգամ` հետմահու, թույլ չտվեց հանդիպելու Խ. Աբովյանին իր ժողովրդի հետ: Աստեղային ժամը չկրկնվեց:
Հապա՞ Մարկեսը: Նա վիրավորված հայ բյուոկրատների ամբարտավանությունից, բարկության պահին ոչնչացնում է իր վեպը, որի համար ինչպես խոստովանում է իր գրքում, բազմիցս զղջացել է, և որը, նկատենք, կարող էր դառնալ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայ վեպը: Նա երդվում է այլևս չհիշատակել հայերին և Հայաստանը իր ստեղծագործություններում և խուսափել հայ մարդկանց հետ հանդիպումներից: Միակ բացառությունը, ինչպես գիտենք, նա կատարում է «Հարյուր տարվա մենություն» վեպում, քանզի անկարող էր տուրք չտալ իր Մեծ Ուսուցչի հիշատակին:
Ահա այս նշանակալից և, ով գիտե, հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձությունից տասնյակ տարիներ անց, իր կյանքի մայրամուտին, կախարդական իրապաշտության լավագույն վարպետը հանկարծ բացում է իր կյանքի գաղտնիքը ծածկող վարագույրը: Գաղտնիք, որ նույնքան հրաշալի ու կախարդական է, որքան իր գրականությունը:

2 комментария:

  1. Այստեղ գրված է, թե իբր Աբովյանը կորել է 1948-ին, բայց իրականում կորել է 1848-ին: Իսկ եթե 1848-ին Մարկեսը պատանի է եղել, 1967-ին քա՞նի տարեկան պետք է լիներ:
    Բայց ամենակարևոր հակասությունը՝ Աբովյանը ծնվել է 1809-ին, իսկ Մարկեսը՝ 1927-ին: Եթե հաշվի առնենք, որ Աբովյանը շատ երկար է ապրել, ուրեմն 1930-ականների երկրորդ կեսին, երբ Մարկեսը պատանի էր, նա պետք է լիներ շուրջ 125 տարեկան: Համարյա թե հավանական չէ:
    Մի խոսքով, շատ գրավիչ էր գրված, հափշտակված կարդացի, իսկ երբ սկսեցի մտածել, գտա այս հակասությունները:
    Արշակ Ադամյան

    ОтветитьУдалить
  2. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить