06.12.2011

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ»

Երկգլխանի հրեշը հետևիցս էր ընկել` բոց արտաշնչելով ու մռնչալով։ Երբ հասավ ու բռնեց ինձ, պարզվեց՝ մի գլուխը Սերժինն է, մյուսը՝ Քոչարյանինը։ Սերժի գլուխը հալից ընկած էր, քրտինքը ճակատից չռռում էր, ու չէր կարողանում շունչը տեղը բերել։ Փոխարենը Քոչարյանի գլուխն առույգ էր ու կայտառ, պատրաստ կերուխումի։ Ու մինչ ես «Հայր մեր»-ի բառերն էի փորձում հիշել...
-Բարև ձեզ,- հանկարծ Տաթևիկ Բաղդասարյանի ձայնով խոսեց Քոչարյանի գլուխը,- եթերում «Հայլուրն» է։ Այս ժամի նորությունները համառոտ։


Այստեղ էլ գլխի ընկա, որ հերթական սարսափ-երազում եմ՝ բան, որ տափակության աստիճան սովորական էր դառել մարտի 1-ի դեպքերից հետո։ Հերթական անգամ կյանքովս «Հայլուրին» էի պարտական. ամեն երեկո թայմեր էի դնում, որ բաց չթողնեմ առավոտյան կրկնությունը։

Ապագայի հայերի համար, ովքեր զրկված կլինեն «Հայլուր» դիտելու դժբախտ երջանկությունից, ասեմ, որ «Հայլուրը» մեր օրերի ամենառեյտինգային սերիալն է, որն ամեն օր, օրը մի քանի անգամ ներկայացնում է երկու ղարաբաղցու՝ ողբերգություններով ու միջոցառումներով հարուստ առօրյան և նրանց տարաբախտ միության շուրջ հյուսվող ինտրիգները։ Բացի այն, որ սա հիրավի նորարարական ու փորձարարական սերիալ է, քանի որ նկարահանված է լրատվական հաղորդման ձևով, Հանրային հեռուստատեսության այլ պրոյեկտների նման այն ունի մի կարևոր առանձնահատկություն ևս, որով շահեկանորեն տարբերվում է սովորական սերիալներից. հիմնական կայֆը «Հայլուրից» ստանում ես այն անջատելիս, անջատելով և բուն այդ գործողությունից՝ անջատելուց։ Այս սերիալի մոլի երկրպագուները, ում շնորհիվ «Հայլուրը» միշտ բարձր ռեյտինգ է արձանագրում, անջատելու համար են դիտում այն։ Սակայն ինչպես ցանկացած մոլուցք, հայլուրամոլությունն էլ ունի ծայրահեղ դրսևորումներ. շատերը չեն դիմանում ու անջատելու փոխարեն ջարդում են իրենց հեռուստացույցները։ Ոմանք էլ այնքան են չարաշահում «Հայլուրը», մինչև ինֆարկտ ու կաթված են ստանում։ Լինելով ամեն բանում չափավորության կողմնակից՝ ես գերադասում եմ «Հայլուրը» դիտել, ավելի ճիշտ՝ անջատել օրեկան երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։

Այդ օրն էլ արթանանալուն պես անջատեցի «Հայլուրն» ու, առավոտվա կայֆաբաժինս ստացած, շտապեցի թերթի կրպակ։ Միջազգային կառույցների ճնշման տակ Քոչարյանը մեղմացրել էր արտակարգ դրության որոշ կետեր, և թերթերը սկսելու էին լույս տեսնել։ Հաճույքով պատկերացրի՝ ոնց եմ «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն» առնում և ուղևորվում խանութ՝ հոգեբանական ճնշում գործադրելով զինվորների վրա՝ հայացքով, կեցվածքով, քայլվածքով ցուցադրելով, որ ժողովրդի ոգին անկոտրում է ու պատրաստ պայքարի մինչև վերջ։ Փողոցը չանցած՝ սարսափով նկատեցի կրպակի մոտ գոյացած հերթը, հանկարծ թերթերը չսպառվեն։ Իշխանությունների կազմակերպած լրատվական սովից հետո դա ոչ միայն չէր բացառվում, այլև շատ հավանական էր։ Ինչ Քոչարյանը արտակարգ դրություն էր հայտարարել ու զինվորներ տեղակայել Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում, գետնանցում մտնելը դարձել էր իսկական փորձություն։ Մտածում էի՝ անցնե՞լ փորձության միջով, թե՞ վտանգել կյանքս։ Ի վերջո ընտրեցի առաջինը։ Քիթս փակեցի ու վազեցի՝ մտքում մշակելով քաղաքապետարանին հասցեագրված նամակի տեքստը, որ հղացել էի նույն այս գետնանցումով վազելիս և որում կենտրոնի բնակիչները խնդրում էին զինվորների համար ժամանակավոր պետքարան կառուցել կամ մոտակա շենքերի բնակարաններից մեկնումեկինը վարձակալել և կամ անհապաղ սահմանափակել կիրառվող հեղուկների քանակը։

Կրպակից ձեռնունայն ու դժգոհ հեռացող գնորդների տեսքից արդեն իսկ կարելի էր կռահել, որ թերթերը լույս չեն տեսել։ Արտակարգ դրության որոշ կետերի մեղմացումը միջազգային կառույցների աչքին թոզ փչելու ձև էր, տպարանները հրաժարվել էին ընդունել ընդդիմադիր թերթերը։ Այնուամենայնիվ հերթ կանգնեցի ու պահանջեցի իմ բաժին «Հայկական ժամանակ»-ն ու «Չորորդ իշխանություն»-ը՝ այդ կերպ պայքարելով լրատվություն ստանալու սահմանադրական իրավունքիս համար։ Վաճառողը հոգնած դեմքով տարուբերեց գլուխը։ Առաջարկեց «Հայոց աշխարհ», «Երկիր», «168 ժամ» և այլ իշխանամետ ու կեղծ ընդդիմադիր թերթեր։ Թերթին այնքան էի կարոտել, որ առա։ Մանավանդ չի բացառվում, որ «Հայոց աշխարհն» էլ «Հայլուրի» կայֆը տա։ Մի բանն էր վատ, այն ձեռքիս տեսնելով՝ զինվորներն ու նրանց հրամանատարությունը ոչ միայն հոգեբանորեն չէին ճնշվելու, այլև կարող էին կարծել, թե իրենց դաշնակիցն եմ ու հին ընկերը։ Թերթը ոլորեցի այնպես, որ անունը չերևա ու խրոխտ քայլվածքով, դեմքիս հանդուգն արտահայտություն տված, պատկերացնելով, թե ձեռքիս «ՀԺ» կամ «ՉԻ» է, անցա զինվորների կողքով։

Խանութի դուռը բացելուն պես քթիս խփեց երկրորդ թարմության մսի և քաղաքական վեճի հոտը։ Շատ մարդ չկար՝ մի տղա, որ գնումներ էր կատարում և մի բիձուկ, որ առևտուրն արել-վերջացրել էր ու ոտը կախ գցել։ Հավանաբար խանութի մշտական հաճախորդներից էր՝ նրանցից, որ մշտապես պարտք են խանութին և պարտավորված են զգում իրենց տնավարի զրույցներ վարել պահապան հրեշտակ վաճառողների հետ։ Հնարավոր է և նրանցից էր, որ միշտ ծարավ են շփման և այդ դեպքում պարտքը՝ խանութից վերցրած ապրանք լինի, թե ծանոթ-բարեկամից վերցրած փող, դառնում է շփման արդարացում ու երաշխիք, իսկ դրա մարման հետաձգումը կամ նոր պարտքի բացումը հինը փակելուց անմիջապես հետո՝ հավերժական շփման առհավատչյան։ Հավանաբար հերթական անգամ պարտքով ապրանք վերցնելուց կամ պարտքը մասամբ մարելուց հետո էլ բիձուկը հապաղել էր դուրս գալ.

- Ես գիտեմ,- ասում էր տղային,- ես քեզ տեսել եմ երթերի մեջ, դու Լևոնին ես ընտրել։

- Չէ,- պատասխանում էր տղան մի տեսակ խեղճացած. երևում էր, որ էլի պարտք է խանութին,- քեզ տեսողությունդ ա քաշել, ես երթերին չեմ մասնակցել։

- Չես խաբի,- բիձուկը մատ էր թափ տալիս տղայի վրա՝ զվարճացնելով վաճառողներին։ Ըստ երևույթին տղայի պարտքը կրիտիկական սահմանին էր մոտենում։

- Խաբելու բան չունեմ,- ասում էր տղան,- որ չեմ եղել, ասեմ եղել ե՞մ։

- Ես լևոնական չեմ, բայց չեմ վախենում,- հանկարծ ասաց բիձուկը և նրա այդ հայտարարությունը զանգվածային ձերբակալությունների ֆոնին այնքան անսպասելի, անտրամաբանական ու տարօրինակ հնչեց, որ շրջվեցի,- էդ Լևոնը չէ՞ր, որ էն շենուբոլ երկիրը քանդեց, ծախեց, կերավ, ազգը սովից ու ցրտից կոտորեց,□ ոգևորվեց բիձուկը հանդիսատեսի ավելացումից։

- Այ մարդ, ինձնից ի՞նչ ես ուզում,- ասում էր հաճախորդը՝ անհամբերությամբ սպասելով, թե երբ է վաճառողն իրեն ճանապարհելու,- ես լևոնական չեմ։

- Խի, կարո՞ղ ա երկրաշարժի օգնությունը չէին ծախում,- բիձուկը տղայի թևն էր քաշքշում,- կարող ա՞ մազութը չկերան։

- Վայ, հորս արև... Իմ գլխին գալովի ա, գիտե՞ս,- խղճահարության հույսով՝ վաճառողուհուն էր դիմում տղան,- չի եղել, որ մետրո մտնեմ ու մլիցեքը խոսքի չկպռշկեն։ Մի անգամ էլ աերոպորտում առանձին սենյակ տարան։

- էդ Լևոնը չէ՞ր, որ 96-ին կեղծեց ընտրությունները,- չէր հանգստանում բիձուկը,- կարող ա՞ Վանոն Լևոնի օրոք չէր։ Էդ ո՞նց տենց վռազ մոռացաք։

- Հիպնոսացրել ա,- բացատրեց վաճառողուհին,- հիշողությունը ջնջել ա, հատուկ բառեր կան ինչ-որ...

- Նա սկի մի հայ կնիկ չի կարեցել ճարի,- ասաց բիձուկը,- բա նա մարդ ա՞, բա նա Հայաստանի պրեզիդենտ առաջադրվելու իրավունք ունի՞։

- Նրա երեխեքն էլ հայ չեն,- միջամտեց մսավաճառը,- դրանց մոտ ազգությունը մորական գծով ա փոխանցվում։

- Դու էն վախտ փսլնքոտ լակոտ ես եղել,- բիձուկը չէր պոկվում զոհից,- չգիտես՝ հոսանքը հողով էին տալիս, մենակ թե ժողովուրդը լույս չունենա։ Հերդ ու մերդ մի կտոր հացի համար հերթերում մարդ են տրորել, որ հիմի գնաս, Լևոնին ընտրե՞ս։

- Այ մարդ, վազն արի, ես իմ ձենն ուրիշի եմ տվել։

- Յա, հլա ասա, տենամ՝ ում ես տվել։ Կասես, բա չէ։ Կարող ա՞ Սերժին ես ընտրել։ Քու նմաններին ես հինգ մատիս պես գիտեմ, Սերժից փողը կվերցնեիր, Լևոնին կընտրեիր։

- Սենց էլ բան կըլնի՞,- տղան մսավաճառին էր դիմում,- լևոնականներն ասում են Սերժին ես ընտրել, սերժականներն ասում են Լևոնին ես ընտրել։ Արի ու ապացուցի։

- Դու մի ապացուցի,□ ասաց մսավաճառը,- դու ասա, մենք կհավատանք։

- Ես քեզ ոչ սերժական եմ, ոչ էլ լևոնական, եղա՞վ,- վիրավորվեց բիձուկը,- ու ասեմ քեզ՝ էլ ոչ հեռուստացույց եմ նայում, ոչ էլ թերթ եմ կարդում,- թերթի մասին ակնարկը ինձ էր ուղղված և նշանակում էր, որ հերթի եմ դրված։ Վաճառողը համառորեն դանդաղ էր սպասարկում, տղան թակարդն ընկածի պես ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել.

- Ուզում ե՞ս իմանաս՝ ում եմ ընտրել, Վազգեն Մանուկյանին։

- Յա,- բիձուկը կարկամեց. տղան տասնոցին էր խփել։ Բայց շփոթմունքը երկար չտևեց,- ես էլ հավատացի։ Վազգենին ես եմ ընտրել։ Ու գիտե՞ս խի, Լևոնի ինատու։ Այ տենց, չեմ վախենում։

- Ես էլ եմ իրան ընտրել,- ասաց տղան ու փորձելով արժանահավատություն հաղորդել ասածին՝ ավելացրեց,- միակ մաքուր թեկնածուն ինքն ա... Վարկաբեկված չի, էլի...

- Որ Լևոնը թողներ պրեզիդենտ դառնար, կվարկաբեկվեր,- ծիծաղեց մսավաճառը։

Ապագայի հայերի համար, ովքեր զրկված կլինեն նախագահական ընտրությունների քարոզարշավում Վազգեն Մանուկյանին տեսնելու ու լսելու հնարավորությունից, ասեմ, որ սույն թեկնածուն սույն (այն է՝ 2008 թվի նախագահական) ընտրություններում շատերի պես ստանձնել էր ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փախցնելու դերը, ու չնայած խոսակցություններին, թե դա արել էր ոչ առանց լուրջ հոնորարի, իներցիայով շարունակում էր «մաքուր» քաղաքական գործչի համբավ վայելել, քանի որ ի տարբերություն մյուս ծախվածների, Լևոնի դեմ դուրս գալու բարոյական ալիբի ուներ՝ 96 թվի կեղծված ընտրությունները։ Ու չնայած այդ թվին նա իսկապես բարձր ռեյտինգ ուներ, հիմա նրա օգտին քվեարկողները կամ ընտանիքի անդամներն էին, կամ էլ այն մարդիկ, որ լռվել-մնացել էին այդ ժամանակներում։ Բայց ոչ բիձուկի, ոչ էլ տղայի խոստովանությունը չէր նշանակում, թե նրանք այդ երկուսից մեկն են, ինչպես չէր նշանակում, թե այդ թեկնածուին են ընտրել։ Բանն այն է, որ Վազգեն Մանուկյանը յուրատեսակ «մակիաժ» էր բոլոր նրանց համար, ով, չնայած բիձուկի պնդմանը, վախից գույնը գցել էր։ Պաշտպանելով նրան իշխանամետների միջավայրում՝ մարդիկ ուզում էին ասել, որ իրենք թեպետև անուղղակի, բայց այնուամենայնիվ Սերժին են ընտրել, ընդդիմադիրների միջավայրում՝ որ ընդդիմադիրներից էլ ընդդիմադիր են։ Այդպիսով նրանց հաջողվում էր պահպանել ընդդիմադրի խրոխտ կեցվածքը՝ մնալով անվտանգության գոտում։ Դատելով մարդկանց քանակից, ով վախը չափելու կարիք ուներ՝ կարելի էր ասել, թե Վազգեն Մանուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել ոչ միայն 1996-ի, այլև 2008-ի նախագահական ընտրություններում։

- Ես Լևոնին չեմ ընտրել, բայց չեմ վախենում,- կրկնեց բիձուկը,- Էդ ինքը պիտի վախենա,- և շարունակեց Տաթևիկ Բաղդասարյանի առոգանությամբ,- որովհետև ազգը պառակտել է, իրար դեմ է հանել, սեպ է խրել մեր ժողովրդի երկու հատվածների միջև... Էն զոհերի արյունն էլ ա իրա վրա։

- Հիմի նրա միակ փրկությունը Իսրայել փախչելն ա,- խորիմաստ արտասանեց մսավաճառը։

Վերջապես վաճառողուհին ավարտեց սպասարկումը, և տղան, չհավատալով այդ երջանկությանը, մի տեսակ վախվորած, դուրս թռավ։

- Բայց դու սուտ ասեցիր, դու Լևոնին ես ընտրել,- հետևից գոռաց բիձուկը ու հավանաբար հետևից դուրս էլ կգար՝ որսը մինչև վերջ հետապնդելու, եթե ես չլինեի։- Սրա նմանների խելքն ա, էլի, որ Լևոնը կերել ա... Ճիշտ չե՞մ ասում, քույրիկ։

Բիձուկը տարիքի զգացումը լրիվ կորցրել էր։ Շնորհակալություն, որ մայրիկ չասեց։ Խանութում անհարմար լռություն տիրեց, որի պատճառը իմ քաղաքական հայացքների անորոշությունն էր։

- Ես գիտեմ,- ասաց բիձուկը,- մեր էս քույրիկն էլ ա լևոնական։

Էլի չարձագանքեցի։ Այս կողմերում ես նորեկ եմ և դեռ չեմ հասցրել խանութից պարտք անել, ազատ եմ խոսքի բռնվելու կամ չբռնվելու տեսանկյունից, վաճառողուհին ինձ սպասարկեց արագ ու գործնական՝ առանց ավելորդ ակնարկների։ Բայց խանութից դուրս գալիս բիձուկը բռնեց թևս.

- Ես թերթերից ջոկեցի,- ասաց խորամանկ՝ ձայնի մեջ համենայնդեպս թաքուն համերաշխություն արտահայտող երանգներ դնելով։- Ձեռքիդ թերթերից։

Իզուր չեն ասում, որ իմաստնությունը տարիքի հետ է գալիս։ Երբեմն, ճիշտ է, տարիքը գալիս է միայնակ, ու չնայած մեր բիձուկը ավելի շատ երկրորդ դեպքն էր, քան առաջին, ինչ-ինչ, մի բան հասկացել էր՝ մեր օրերում տառաճանաչ մարդը կարող է միայն լևոնական լինել։ Միամիտ, զարմացած հայացքս ուղղեցի ձեռքիս թերթին ու բացեցի գալարը՝ այնպես, որ երևա «Հայոց աշխարհ»-ը։ Բիձուկը գույնը գցեց.

- Ես լևոնական չեմ,- բացականչեց։- Բայց չեմ վախենում։

- Ի՞նչ ես ուզում մեր հաճախորդներից,- վաճառողուհին կանգնեց թիկունքիս, խանութի համար ես հեռանկարային և հույսեր ներշնչող հաճախորդ էի,- մարդկանց հանգիստ թող։

- Ինքն ա Լևոնին ընտրել, գիտե՞ս,- ծիծաղելով ասաց մսավաճառը։

- Ե՞ս, երբեք, աչքովդ էլ տեսնես, չհավատաս։ Ես ասի, Վազգեն Մանուկյանին եմ ընտրել։ Ես լևոնական չեմ...

Օգտվելով առավելությունից, որ ունի դեռևս պարտք չարած, «մաքուր» հաճախորդը պարտքերի մեջ խրված-«վարկաբեկվածի» նկատմամբ՝ ազատեցի թևս ու դուրս եկա խանութից։

- Քույրիկ ջան,- բիձուկը դուրս թռավ հետևիցս,- ես լևոնական չեմ, բայց չեմ վախենում։

- Ինչի՞ եք ասում՝ բայց,- այնուամենայնիվ չդիմացա,- ասեք՝ լևոնական չեմ ու չեմ վախենում։ Կամ՝ լևոնական չեմ և չեմ վախենում։ Կամ էլ՝ լևոնական չեմ, դրա համար էլ չեմ վախենում։

- Հը՞,- չհասկացավ։

- Վախենալու բան կա՞։

- Չկա՞...

Նույն այդ պահին Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ խաչմերուկում արտակարգ դրության պայմաններում արտակարգ բան էր տեղի ունենում. մի տարեց, ռուսախոս, նախկինում ինտելիգենտ կին, որ հավանաբար Սբ. Սարգիս եկեղեցուց էր դուրս եկել, «բաշիբոզուկներ», «խուլիգաններ», «ավիրեցիք քաղաքը» և այլ արտահայտությունների ուղեկցությամբ ռեդիկյուլով ծեծում էր մի ջահելի՝ խաթարելով երթևեկությունը։ Կարիք չկա ասելու՝ ջահելն ով էր։ Պայթելու աստիճան տռզած մեկը, որ հավանաբար հատուկ ջոկատի հրամանատարն էր, տատիկի թևն ընկավ ու մի կողմ քաշեց՝ սփոփելով ու մխիթարելով։ Երկու ոստիկան իսկույն կալմեջ արին մեր ծանոթին ու սկսեցին հարցակոխը։ Տղան ուսերն էր վեր քաշում ու գլուխը տարուբերերում՝ փորձելով փարատել ոստիկանների կասկածները։

- Ես լևոնական չեմ,- հանկարծ բղավեց բիձուկը,- բայց չեմ վախենում։

Զինվորները մեզ նայեցին։ Հրամանատարը նույնպես ձգվեց։ Ինձ պետք էր անհապաղ անհետանալ, այլապես կկարծեին քաղաքական հոգեորսությամբ եմ զբաղված։ Բայց սկզբում պետք էր վնասազերծել ծերուկին, թե չէ հետևիցս կարող էր ինձ կասկածի տակ դնող բաներ բղավել ու ոստիկաններին քսի տալ վրաս։ Նայեցի աչքերի մեջ և կրծքային ձայնով, հանդարտ, ինքնավստահ, հատու շշնջացի.

- Հայրենիք։ Ընտանիք։ Հաղթել ենք։

Ապա շրջվեցի ու զինվորների կասկածկոտ հայացքների ներքո մտա գետնանցում։ Քիթս բռնած վազում էի ու մտածում՝ օրհնվի էն կաթը, որ կերել եք, էն ջուրը, որ խմել եք, էն կիսելը... Եթե հանկարծ ինձ բռնեին ու բացատրություն պահանջեին, թե ինչու եմ վազել, կարող էի պատճառաբանել միզահոտը։ Եթե չհավատային, «Հայոց աշխարհը» ցույց կտայի իբրև հավաստիք, որ իշխանամետ եմ։ Ի վերջո, կարող էի ասել, թե Վազգեն Մանուկյանին եմ ընտրել։

Բակ թեքվելուց առաջ շրջվեցի. տղային խցկում էին ոստիկանական մեքենան։ Բիձուկին ոնց թողել էի կանգնած, այդպես էլ մնացել էր։ Մի ոստիկան մոտեցել, հարցուփորձ էր անում, ձեռքը աչքերի առջևով տանում-բերում էր, բայց բիձուկը քար էր կտրել։ Մեր հոգեբանները մեր ամեն ինչի պես ուրիշ են, էլի, հո զոռով չի։ Զինվորներից մեկը ոստիկանին ձայն տվեց ու մատնացույց արեց ինձ։ Մեր օրերում, փառք Աստծո, վհուկներին չեն վառում։ Դեմքիս հանդուգն արտահայտություն տված՝ ցուցադրական անփութությամբ ճմրթեցի «Հայոց աշխարհն» ու գցեցի աղբարկղը։ Տվեց կայֆ։ Իհարկե, ոչ էն աստիճանի, ինչ «Հայլուրն» անջատելը։ Գուցե պետք էր մի երկու տող կարդա՞լ... Ոչինչ, առջևում «Հայլուրի» հիմնական թողարկում կար։

Комментариев нет:

Отправить комментарий