03.12.2011

Համբարձում Համբարձումյան «Երկու ժամ»


Աշխատանքը՝  Էդգար Ամրոյանի և Գարիկ Ենգիբարյանի 
պաստառ-պատմվածք

Զենքը ուսիցս հանում եմ, նստում եմ խոնավ քարին, բացում եմ AK-74ի պահպանակը, հրացանի փողը դնում եմ բերանս և զգում եմ զենքիս սառը շունչը, մատս դնում եմ ձգանին: Պահունակը, իհարկե, հրացանի վրայից հանել եմ, բայց մեկ է՝ չեմ կարող ձգանը քաշել: Բա որ տղերքից մեկը գիշերը շփոթած, իմ հրացանով դիրք բարձրացած լինի, բա որ անզգուշաբար կամ դիտավորյալ լիցքավորած լինի հրացանս, բա որ ես քնակոլոլ իջած լինեմ դիրքից ու լիցքաթափելու տեղը լիցքավորած զենքը...
Դիմացս խորշի խոշոր ժայռաբեկորն է, որի մոխրագույն մակերեվույթին դարչնագույն բծեր կան: Երեք տարի առաջ նույն այս խորշում զինվորը ինքնասպան է եղել: Մտածում եմ՝ նրա ցրիվ եկած ուղեղի հետքերը չե՞ն ժայռաբեկորի վրա:
Դանդաղ, զգույշ, ստուգելու համար լիցքաթափում եմ հրացանս, տեսնում և համոզվում եմ, որ փամփշտանոցի մեջ փամփուշտ չկա: Հենց նստած տեղից զենքս թուրքերի դիրքի կողմը ուղղելով ստուգողական կրակում եմ: Այս անգամ զենքը ծնոտիս տակ եմ դնում, փորձում եմ պատկերացնել՝ ինչպես եմ կրակում, ինչպես է գնդակը ծակում, անցնում մարմինս ու ջնջխում գանգս: Տեսնում եմ գոլ տված արյան մեջ ընկած իմ դին և հենց միայն այդ մտքից զզվանքի ու վախի զգացողություն եմ ունենում:
Վարդանը տարեկան մուծումները չկատարելու պատճառով բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսից էր դուրս մնացել ու բանակ եկել: Այդ երկու տարիների ընթացքում հավանաբար շատ անգամ փորձի ձեռք բերման համար դիահերձարան էին տարել, անտեր մեռելներ էր կտրատել: Մտածում եմ՝ դիակ տեսնելուն սովոր էր, այդ պատճառով իրեն մեռած պատկերացնելով չէր սարսափել ու չէր զզվել, ջնջխված գլխով անշունչ ու անկյանք խորշում փռվելու հեռանկարը նրան չէր կանգնեցրել:
Հիշում եմ, մինչ այդ դեպքը, ընկերուհուս հետ հեռախոսով խոսելիս, երբ ասաց, թե մեր հարաբերությունը ապագա չունի և ինքը ուրիշին է սիրահարվել, սպառնացի, որ ինքնասպանության մասին եմ մտածում: Ընկերուհիս, իհարկե, չհավատաց, լուրջ չընդունեց , ու ես սևեռվեցի ինքնասպանության մտքի վրա, այնքան, որ դիքում եղած ժամանակ միայն դրանով էի ուղեղս զբաղեցնում: Նրա ջգրու եթե ոչ ինքնասպանություն, գոնե իքնասպանության փորձ էի ուզում անել: Հիշում եմ ու արածս ինձ մաքուր էշություն է թվում: Արհամարում եմ ինձ, ամաչում եմ, ինձ Վարդանի առջև մեղավոր եմ զգում:
Չէ, մի պարզ պատճառով ես չեմ կարող հասկանալ, թե ինչ էր զգում այդ պահին Վարդանը . ես չեմ ուզում չապրել:
Գետնատնակի դիտորդը ավագ մուտքի մոտ է գոռում: Խորշի փոքր անցքից նայում եմ ներքև, գետնատնակ բերող ճանապարհով իջնում է վաշտի հրամանատարը: Ժպտում եմ, որովհետև պատկերացնում եմ հենակետի ավագի իրար խառնված վիճակը, ճվճվոցները, ապուշ դեմքը: «Հենակետ». գետնատնակից դուրս գալով գոռում է հենակետի ավագը և գլխի վրա լագանի պես լխկլխկացող սաղավարտը ձեռքով բռնելով վազում է դեպի վաշտի հրամանատարը, ով ինչպես միշտ հեռախոսով ինտերնետ է մտել և հայացքը հեռախոսի էկրանից չի կտրում: «Արա, մի հատ տեղ հասի, նոր լրբի պես գոռա,- հայացքը հեռախոսից կտրելով ասում է վաշտի հրամանատարը,-էդ ի՞նչ կասկա ես դրել, ոնց որ թունավոր սունկ ըլնես»:
Վաշտի հրամանատարը անձնագրով բոզի տղա է: Մի օր կարող է բոլոր դիտորդներին դիրքերից իջեցնել ու նրանց հետ նստել տնական օղի խմել, մյուս օրը գետնատնակում քնած ժամանակ տռելու համար հենակետին տագնապ տալ ու ժամերով ամբողջ անձնակազմը վերևում պահել: Կարող է իր հեռախոսը տալ, որ տուն զանգես, կարող է ձմռան ցրտին անձնակազմին դուրս հանել ու երկար պահել, որ իր հեռախոսային զրույցը չլսենք: Ամեն ինչ կախված է նրա տրամադրությունից, իսկ տրամադրությունը կախված է նրանից հեռախոսի մեջ րոպե, հեռախոսը հոսանքով լիցքավորելու համար բավականաչափ էլեմենտ, սիգարետ, սուրճ ունի, թե չէ:
Վաշտի հրամանատարը լավ տղա է խաղում, մեզ մոտ գումարտակի հրամանատարին ու նրա տեղակալներին բոզ է անվանում, վաշտի յախշիների ու լավերի հետ իբր ընկերություն է անում, նրանք էլ ձևացնում են իբր նրան սիրում ու հարգում են, բայց իրականում բոլորս էլ գիտենք, որ եթե պետք լինի, իր կաշին փրկելու համար մեզ գումարտակի հրամանատարի ձեռքն էլ կհանձնի, ռազմական ոստիկանությունում էլ կբոզանա:
Զենքը ուսիցս հանում եմ, նստում եմ քարին: Հենակետում մեծ քանակությամբ սուրճ ու ծխախոտ, էլեմենտ ու լիցքավորման հնարավորություն կա, տնական օղի ու գինի, մսի պահածո ու հավի բուդ, կարտոֆիլ ու կետչուպ կա, և վաշտի հրամանատարը այդ հաճույքները չի թողնի ու մեր ծառայությունը ստուգելու համար վերև չի բարձրանա: Հանգիստ եմ, որովհետև եթե նույնիսկ բարձրանա, ներքևում կանգնած գետնատնակի դիտորդը պայմանավրված ձևով կհազա և ես կհասցնեմ կանգնել ու զենքը ուսիս գցել։
Ծխում եմ ու պատկերացնում եմ, թե գետնատնակում ինչ է կատարվում։ Հենակետի խոհարարը սև դառը սուրճ է դրել վառարանի վրա ու կարտոֆիլ է կլպում, տղերքը սուսուփուս պառկել են նառերին, հենակետի թուլամորթ ավագը անընդհատ վառարանի մեջ փայտ է գցում, որ վաշտի հրամանատարը հանկարծ չմրսի, իսկ վաշտի հրամանաարը ինչ-որ նոր աղջկա հետ է գրվում ու հենակետի միակ յախշիին, ով նաև ավագի օգնականն է, պատմում է ծանոթության սայթերում ունեցած իր վերջին հաջողությունների մասին, լպիրշ ժպտալով ու լկտի արտահայտություններով համացանցում եղած իր վերջին սիրային արկածի ինտիմ մանրամասներն է բացում։
Ժայռաբեկորի գորշ բծերը նորից ցրիվ եկած ուղեղի հետքեր են թվում և նորից Վարդանին են հիշեցնում։ Մեկ ամիս ու մի քանի օր է անցել նրա ինքնասպան լինելու օրվանից և գումարտակում շատ բան է փոխվել այդ մեկ ամսվա ընթացքում։ Հենակետերում ուտել-խմելը, դիտորդներին դիրքերից իջեցնելը, պոռնո վիճակները պակասել են, իսկ գումարտակում ընդանրապես չոր ուստավ է, ծառայում ենք ըստ կանոնագրքի։ Գրեթե ամեն օր ռազմական ոստիկանությունից, գնդի բարձրաստիճան սպաներից մարդ է լինում։ Գումարտակի անձնակազմի մեկ երրորդին հարցաքննել են, իսկ Վարդանի հետ հենակետում եղած անձնակազմը դեռ ռազմական ոստիկանությունում է։ Բոլորիս ինքնասպանության պատճառն է հետաքրքրում։ Կցկտուր տեղեկություն ունենք, որ ռազմականի քննիչների նախական վարկածով պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են, իբր հենակետի խոհարարը ստիպել է, որ Վարդանը իր գործը անի՝ սուրճ պտրաստի։ Մեզ համար արդեն պարզ է, որ գումարտակի հրամանատարն ու Վարդանի վաշտի հրամանատարը նկատողություն կստանան ու մի քանի տարի պաշտոնի բարձրացում չեն ունենա, հենակետի ավագն ու խոհարարը կնստեն, բայց նաև պարզ է, որ սուրճ դնելու պատճառով ինքնասպան չեն լինում. հենակետում ով ազատ է, ում մոտ լավ է ստացվում, նա էլ սուրճ է սարքում, հենակետում միջանձնային հարաբարությունները ավելի մարդկային են և նույնիսկ ներքևում՝ գումարտակում գործ չանող յախշիներն ու լավերը ինչ-որ չափով գործ են անում, որ ավելի թույլերը իրենց վատ չզգան։
Հիշում եմ՝ Վարդանի դեպքից երկու շաբաթ առաջ գնդի զամպալիտը ասաց, որ վերջին տարվա ընթացքում, հատկապես վերջին զորակոչի զինվորների շջանում ինքնասպանությունների թվի մեծ աճ է գրանցվել և հպարտորեն նշեց, որ մեր գնդում ոչ մի դեպք չի եղել և մեր գունդը եռամսյակի կտրվածքով լավագույն գունդ է ճանաչվել։ Մտածում եմ՝ գուցե Վարդանը այնքան էր ատում ու այնքան էր զզվում գնդի սպայակազմից, որ նրանց վատություն անելու, փաստի առջև կանգնեցնելու համար սեփական կյանքը չխնայեց։
Կանգնում եմ, ժամը որոշելու համար դիտանցքից դուրս եմ նայում։ Արևը դեռ մայր չի մտել՝ նշանակում է ամենաքիչը մի ժամ կա մինչև հերթափոխի գալը։ Մեր դիրքից մինչև ազերիների դիրքը ընդամենը հարյուր հիսուն մետր է և պարզ լսում եմ, թե նրանց դիտորդը ոնց է գետնատնակի դիտորդին ձայն տալիս։ Վստահ եմ՝ ժամ է հարցնում։ Կարծում եմ՝ եթե ուշադիր, կենտրոնացած լսեմ, կորսամ պատասխանը ու կհասկանամ, բայց չեմ լսում։ Ուրիշ ժամանակ ռուսերեն կգոռայի, կհարցնեի, բայց վախենում եմ, որ  վաշտի հրամանատարը կարող է գետնատնակից դուրս եկած լինի ու ինձ լսի։
Նստում եմ, վերջին, սովորաբար ամենադանդաղ գնացող հինգ րոպենների համար պահած, վերջին, թվով երրորդ սիգարետն եմ հանում, վառում։ Գիտեմ, որ հետո փոշմանելու եմ, բայց ժամանակը լռվել, առաջ չի գնում, անքնությունից բժժել եմ, ուղեղս ոչ մտածելու, ոչ հիշելու ընդունակ չի, ու ծխախոտը միակ միջոցն է, որ կարող է սթափեցնել։ Ծխում եմ, կանգնում եմ, սաղավարտով պաշտպանված գլուխս մի քանի անգամ խորշի ժայռին եմ խփում ու ոնց որ թե շողուլի եմ գալիս։
Նորից Վարդանի արարքի շուրջ եմ մտածում ու ինձ մեղավոր եմ զգում, որ այդ ձևով եմ հերթափոխիս երկու ժամը թռցնում։
Ցանկացած զինոր լավ գիտի, որ իր սխալ արարքը կարող է իր հետ ծառայող մնացած տղաների վրա անդրադառալ, իսկ հենակետում կատարած ամենափոքր հանցանքի կամ զանցանքի պատճառով ամբողջ անձնակազմը կարող է ոստիկանությունում հայտնվել, և որ ոստիկանութունում անցկացրած օրերը ծառայություն չեն հաշվվում։ Գումարտակում Վարդանի արարքը չեն հարգում, իսկ նրանց, ում ոստիկանները հարցաքննել էին, վստահ եմ՝ նաև ոստիկանությունում գտնվող հենակետի անձնակակազը, ամենավերջին հայհոյանքներն էին նրան տալիս։ Մեր գնդից կողքի գունդ տեղափոխված Մասկվան էլ էր հենակետում ինքնասպան եղել, բայց նրա մասին միայն լավն էինք խոսում, որովհետև ինքնասպան լինելուց առաջ նա մի նամակ էր թողել, որտեղ գրում էր, որ երազում մահացած հորեղբորն է տեսել, հորեղբայրը իր մոտ է կանչել, ինքը գնում է, և ոչ ոք մեղավոր չի իր մահվան մեջ, դա իր որոշումն է։ Փորձում եմ հասկանալ, թե ինչու Վարդանը թքած ուներ բոլորի վրա։ Մենք մի վաշտից չենք եղել, երբեք չեմ խոսել նրա հետ, բայց նրան հիշում եմ։ Փոքրամարմին, շիկահեր, պեպենոտ երեսով, կապույտ, խաղաղ աչքերով տղա էր։ Իր զինակոչի տղաներից երկու տարով մեծ էր, բայց շատերից փոքր էր երևում։ Չեմ տեսել, որ ինչ-որ սպա կամ զինվոր հատուկ ճնշի նրան։ Ծխելիս, ինչ-որ մեկի հետ զրուցելիս չեմ տեսել։ Եթե շարքի մեջ չէր, գրեթե միշտ մենակ էր։ Զեմերի մոտ կանգնած ժանակ էլ խմբից քիչ հեռու, առանձին էր կանգնում։ Ինքնասպանությունից հետո նրան քաղաքացիական կյանքից ճանաչող նրա զեմը պատմել էր, որ «գռաժդանսկի» աշխուժ մարդամոտ տղա է եղել, զորամասում է դարձել ինքնամփոփ։
Հիշում եմ՝ դեպքի օրը մառախուղ էր։ Պատկերացնում եմ։ Վեցից ութի հերթափոխն է։ Արթուն հերթափոխը ձայն տալուց հոգնում է, բոթբոթելով արթնացնում է Վարդանին։ Նա ընդամենը մի ժամ է հանգստացել, որովհետև երկու ժամանոց հանգիստ է, մինչև դիրքից իջել զենք զինամթերքը, հանդերձանքը հանել, տեղավորել է, միչև խցկվել է նառերի վրա կիպ պառկած տղերքի արանքը, կես ժամը անցել է։ Ոջիլների կծած տեղերը քորելով՝ նա նստում է նառերին ու աչքերը բացելով նայում է վառարանի ուղղությամբ՝ արթուն հերթափոխը սուրճ չի դրել։ Նառերից բարձրանում է ու լամպի աղոտ լույսի տակ իր ճտքակոշիկներն է փնտրում, իսկ արթուն հերթափոխը անմիջապես պառկում է նրա ազատած տեղը և հաջորդ րոպեին արդեն խռռացնում է։ Խռռացնում է նաև հենակետի ավագը, և պարզ է, որ հերթափոխը վերև չի հանելու։ Վարդանը հագնվում է ու, իր հերթափոխի մյուս տղերքին չսպասելով, ճիշտ ժամանակին վերև է բարձրանում։ Թանձր մառախուղ է, բայց դիտախորշի տեղը դժվար չի գտնել, որովհետև գետնատնակի դռան մոտից սկսվող խրամուղին ուղիղ այդ խորշի մոտ է տանում։ Երբ հասնում է խորշին, տեսնում է որ դիտորդ չկա, նշանակում է հենակետի ավագի քնելուց հետո ինչ-որ մեկը չի բարձրացել, նշանակում է՝ իր ժամանակին գալը իզուր էր։ Զենքը ուսից հանում է, հենվում է զենքին ու բժժած կանգնում է, որովհետև գիտի հենց նստեց, քնելու է, իսկ քնել չի կարելի, որովհետև հենակետի ավագը յոթն անց կես գումարտակի հրամանատարին զեկուցում է և հնարավոր է, որ ութից տասի հերթափոխը ինքը բերի, փոխի։ Հենակետի ավագը մի անգամ արդեն քնած բռնացրել է, զենք վրայից տարել է, երկար ստորացնելուց հետո միայն ետ է տվել, և նա չի ուզում նորից դրա միջով անցնել։ Աչքերը փակվում են, կոպերը սոսնձվում են, և մեծ ճիգ է հարկավոր դրանք բաժանելու համար։ Գետնատնակի դիտորդից ժամ է հարցնում, և դիտորդը ասում է, որ անց տաս է։ Դեռ մի ժամ հիսուն րոպե պիտի կանգնի։ Ժամանակը չի անցնում, հերթափոխը թթվել է։ Նրան թվում էր,որ առնվազն քառասուն□հիսուն րոպե անցած կլինի, այնինչ ընդամենը տասը րոպե է անցել։ Կանգնում է, կանգնում է, կանգնում է, ժամ է հարցնում։ «Ձեռ ե՞ս առնում, արա,»- գոռում է գետնատնակի դիտորդը,- էն անգամվա հարցրածից հետո երկու րոպե էլ չի անցել»։ Չի անցնում ժամանակը։ Պետք է ինչ-որ բան հիշել, ինչ-որ բան մտածել, ինչ-որ բան տեսնել։ Նա բացում է աչքերը, բայց շուրջը թանձր մառախուղ է, սև պատ, և ուղեղում նույնպես մառախուղ է, և միակ միտքը, որ ավելի շատ զգացողություն է, այն է, որ ինքը այս աշխարհում մենակ է. կա ինքը , կա մառախուղը և ուրիշ ոչինչ։ Ոտքերը ծալվում են, նա ամբողջ ծանրությամբ հենվում է զենքին և հանկարծ գիտակցում է, որ այստեղ ինքը մենակ չի, իր հետ է AK 74-ը, համարը՝ 194891։ Նորից ժամ է հարցնում ու ներքևից ասում են թե մի րոպե է անցել։ Ժամանակը չի անցնում, սմենը թթվել է, այդ երկու ժամը անտանելի երկար է ձգվում, իսկ եթե երկու տարին էլ այդ երկու ժամվա պես անտանելի երկար ձգվի...
Վարդանը նստում է, լիցքավորում է հրացանը, ինքնաձիգի փողը դնում է բերանը, մատը դնում է ձգանին, քաշում է ձգանը, և այդ պահին աշխարհում երեք բան կար՝ ինքը, ական ու սև պատի պես թանձր մռախուղը։ Նա թքած չուներ մեր վրա, ուղակի մենք գոյություն չունեինք նրա համար, ինչպես որ նա գոյւթյուն չուներ մեր համար մինչև ինքնասպան լինելը։
Ոտնաձայներ եմ լսում, մտածում եմ հերթափոխն է։ Կանգնում եմ, զենքը ուսս եմ գցում ու նշանաբառ եմ հարցնում։ «Հանգիստ»,-լսում եմ Ծերուկի ձայնը։ Նայում եմ դուրս, հենակետի ամբողջ անձնակազմը խրամատ է լցվել։ «Նառերին պառկած էիք, Դիակը քնեց, խռռցրեց, մինչև կհանեինք, էն ղախպեն տագնապ տվեց»,- հարցս կանխելով շուտասելուկի պես ասում է Ծերուկը։ Բախտս չբերեց, դեռ մի քանի ժամ խրամատում պիտի մնայի ու լավ է՝ գոնե Ծերուկի մոտ ծխախոտ կար։

Комментариев нет:

Отправить комментарий