14.12.2011

Գայանե Բաբայան «Երբ ես դիտորդ էի»



Մի անգամ` 2003թ-ին, ձմռան ճքճքան ցրտին ես մի ընտրատարածքում վեց ժամ դիտորդ եղա:
Կրծքիս մի կարտոնի կտոր էի կպցրել` Անկախ դիտորդ Գայանե Բաբայան, ու աթոռին նստած հետևում էի այն ներկայացմանը, որի մեջ ինձ` ուրիշների համար էպիզոդիկ, իսկ իմ ներշնչանքով` գլխավոր դեր էին հատկացրել: Կարծում եմ` երբեք չի կրկնվի «դիտորդությունս»: Բանը այսպես պատահեց: Մի գրող ինձ խնդրեց դիտորդություն անել: Ինչու: Պարզվեց, իր աղջկան է պետք, իր աղջկան խոստացել են գործ տալ, եթե դիտորդներ գտնի:

 
Գրողը այդ առաջարկությունը արեց մեր ընդհանուր ծանոթ մի նկարչի արվեստանոցում, գրողը վատ մարդ չէր և բացի այդ, գրական մամուլում գովել էր իմ բանաստեղծությունները` բացի մեկից, մի բանաստեղծությունս քննադատել էր, վուլգար էր համարել, թեև ընդամենը էրոտիկ էր: Ինչևէ: Չարենցին չեն քննադատում, որ նա էրոտիկ շարքեր էլ ունի, բայց ինձ հեշտ է: Դե` կին եմ, հայտնի չեմ, ապրող մարդ եմ... Տղամարդիկ սիրում են, չէ՞ կանանց բարոյականության դասեր տալ, իսկ իրենք եթե «բարոյական» ու ձանձրալի բաներ էլ են միայն գրում, ուրեմն` կամ մուրազները փորն է մնում, կամ էլ ինչ չեն գրում` չգրածը ապրում են:
Դիտորդ լինելու առաջարկությունը ընդունելու տարին ես շատ լավ մարզավիճակում էի` սիրահարություն, բանաստեղծություն... դեռևս չէի արտասանել «քաղաքական դաշտ» արտահայտությունը, կուսակցություններին ու նրանց լիդերներին համարյա չէի զանազանում իրարից, քաղաքականապես զինված ընկերուհիս դեռևս չէր զանգում ու զվարճանում` «էսօր թերթում ո՞ւմ ես վրաերթ արել», մի խոսքով լավ էր, ես հոգեբանորեն պատրաստվում էի այն բանին, որ ես ուղղակի` ընտրակեղծարարների ահն ու սարսափն եմ լինելու, աչքերս չռած` հսկելու եմ ու բացահայտեմ, և եկել է վերջապես հայրենասիրության իմ ժամը... Որովհետև այն գրողը, որը ինձ խնդրել էր դիտորդ կանգնել` շատ էր խոսում հայրենսիրության ու ազնվության մասին: Դիտորդական առաքելության անցաթուղթս ստանալու գնացի գրողի աղջկա տուն. նա պաշտպանված արարած էր` տուն, կոմֆորտ, իր հանգստությունը պահպանող ամուսին: Աղջիկը հրաշալի տուն ուներ, լավ հայր, փող աշխատող ամուսին, խաղաղություն, աշխատանք էլ շուտով կունենար... Նա ինձնից մեկ-երկու տարի էր փոքր, անգլերենի մասնագետ էր, նրա մի թարգմանությունը ես ամսագրում կարդացել էի, արտասահմանյան արձակ էր` հերոսուհիներն էլ ազատ-տառապյալ կանայք էին, բայց ամեն ինչից երևում էր, որ թարգմանչուհին գործն ավարտելուց հետո չի ուզում մնալ իր թարգամանած մերկ պայքարի այդ աշխարհում, արագ ետ է փախչում դեպի իր կոմֆորտը: Ես` հանրակացարանաբնակս, ազատ մարդս, սակայն մի քանի բանով առաջ էի նրանից` նախ` տուն ու կոմֆորտ չունեի` որ կորցնելու հոգս ունենամ, երկրորդ` ես երբեք չէի կամենա և թույլ տա` որ իմ հայրը կամ ամուսինը ուրիշ կանանց հաշվին ինձ համար կարիերա ապահովեն, ավելի լավ է գայլերի հովիտում` զամբիկի պես ազատ: Լավ չի, ախ, լավ չի, նրանցը նույնիսկ սեր չի, այլ խեղճի հանդեպ խնամակալություն...
Ես ընտրատարածք հասա ահագին քայլելով և շոգելով, ուստի` միանգամից չընկալեցի սպորտդահլիճում հարմարեցված ընտրատեղամասի սարսափելի ցուրտը, նույնիսկ վերարկուս հանեցի` ժպտեցնելով մի երկուսին: Կյանքում շատ բան կմոռացվի, բայց չի մոռացվի հանձնաժողովի նախագահ տիկնոջ անունը` Ժուժոնա: Մազերը գլխի վրա կտրած, գործնական, նա այն կանանցից էր, որոնց մասին Մարգրետ Դյուրասը գրել է «նրան անծանոթ է հեշտանքի զգացողությունը»: Տիկին Ժուժոնան, որ երևի մի տեղ դպրոցներից մեկում ուսմասվար էր կամ դրա նման մի կազմակերպիչ-բան, հանգիստ, բարեպաշտ, գործնական, ամեն տեղ միանգամից նայող իր հայացքով զննեց ինձ` դիտորդությունս արձանագրելուց առաջ: Նրա կողքին, ոտքերի մոտ էլեկտրական սալիկ էր վառվում, բայց չեմ կարծում, թե տաքությունը կարող էր հասնել գրիչ բռնած ձեռքերին, թեև նրա վեջը չէր ցուրտը, նա մեծ, վիթխարի, համաշխարհային կարգի հանձնարարություն էր կատարում` ամենաբարձր պատասխանատվությամբ: Ընտրությունները գնում էին ազատ ու արդար, ոստիկանները դեռևս դահլիճ չէին մտել, ամեն ինչ լավ էր, ես արդեն ձանձրույթից հորանջում էի, մեկ էլ հանկարծ ընտրող կինը ճչաց ու լաց եղավ` վայ բալա ջան ասելով: Տիկինը հանդիպել էր իր վաղամեռիկ դստեր ոչ միայն անվանը, իրենց տան հասցեով, այլև նրա անվան դիմաց ստորագրության: Կինը լաց էր լինում, նրա հետ եկած կինը Ժուժոնային ասում էր «Էս ինչ բան ա, ում եք թույլ տվել», ընդդիմադիր ճակատի երկու լղար վստահված անձինք իրենց բլոկնոտներում նշումներ արեցին, երկու ոստիկանները ներս խցկվեցին անկապ գոռգոռոցներով, Ժուժոնան տիկնոջը դուրս տարավ, թե ներեղություն խնդրեց, թե ինչ արավ` չիմացվեց, տիկինը գնաց, արդար ընտրությունները սկսվեց շարունակվել, բայց ահա մի տղամարդ իր ստորագրությունը դնելուց հետո «դիտորդ»  խնդրեց. «Ես եմ» ասի: Ասավ` մեր շենքի բացակա բնակիչներից մի 20 հոգի քվեարկել են, կարող եմ ապացուցել: Ես, որ առիթ էի փնտրում Ժուժոնայի աչքերին նայելով մի քիչ զվարճանալ, թուղթ ու գրիչ վերցրի, մոտեցա թղթին, ասի որո՞նք են, անունները գրեմ, գնամ պարզեմ: Ժուժոնան ոչինչ չէր հասկանում, ինքը լավ գիտեր, իսկ ես դեռ չգիտեի, որ իմ դիտորդությունը ոչ միայն ձևական պիտի լինի, այլև` ես հենց նրա համար էի այստեղ` որ մի ուրիշ դիտորդ չլինի: Նա զարմացած ինձ էր նայում, սակայն չէր ասում` «պիտի որ` դու մեր կողմից լինեիր», ինքը բան չէր ասում, հետո աչքերիս ժպիտը նկատելով, որոշեց, որ ինձ չի կարելի լուրջ վերաբերվել, որ ես պայքարող չեմ, ձևացնող եմ, իսկ լուրջ վերաբերվեց բողոքող տղամարդուն, որին դուրս տարավ և մի սենյակ կոխեց, երբ ես դուրս եկա, տղամարդը արդեն Ժուժոնայի ձեռքը սեղմելով` հեռանում էր: Հետագայում երբ ես այս դեպքը քննարկեցի քաղաքականապես գրագետ ընկերուհուս հետ, նա ասաց, որ Ժուժոնադ մի 100 դոլար ա տվել` ձենը կտրացրել: Կլիներ: Որովհետև տղամարդը շատ փրփրած էր ու հանկարծ` սիրալիր գնաց: Հետո` ահա թե ինչ կատարվեց: Ինձ մոտեցավ մի ոստիկան` ռաբիզ, նոր-նոր փոր գցած ջահելներից, ու ինձ առաջարկեց սուրճ խմել իր սենյակում: Գնացի, տաք էր: Սուրճը խմեցի, մի քիչ հարցեր տվի, ասի` դո՞ւք էլ եք օգնում ընտրակեղծիք անելիս, լցոնում ե՞ք անելու: Ասավ` չէ հա, քուրս, մեր մոտը ըտենց բաներ չի ըլնում...  
Ետ եկա ընտրատարածք` միանգամից ցուրտը խփեց, քյաբաբի ժամն էր, իշխանության կողմնակիցները քյաբաբ էին բերել, բոլորը ուտում էին, ես երկու հատ կերա` որպես միակ օգուտ դիտորդությունիցս, չէին ուզում ուտել ընդդիմության վստահված անձինք, բայց ի վերջո համոզեցին նրանց... Նրանք հենց տեղում կերոն, աչքները` Ժուժոնային: Ես հանկարծ հոգնեցի այս ամենից` Ժուժոնային մեկ-մեկ գժվացնելուց կամ դեմքի խաղով նրան ցույց տալուց, որ` սաղ էլ տեսել եմ... դե դիտորդ էի` ի վերջո: Եվ ինչ կատարվեց` առանց ցտեսության դուրս եկա ու տուն գնացի: Գնացի, որ վերադառնամ: Բայց չվերադարձա: Երբ հաջորդ օրը գրողին ու գրողի աղջկան պատմեցի ընրության մասին, նրանք ասեցին. «Քե՞զ պետք էր, դու պիտի մի հատ մտնեիր ու դուրս գայիր: Էնքան` արձանագրվեր փաստը, որ գնացել ես...»: Հա, բայց ես տխրել էի: Ես պարտվել էի, գրողի աղջիկն ու Ժուժոնան հաղթել էին, նրանք մի թիմից էին, պարզվեց: Ահա թե ինչպիսին էր իմ դիտորդությունը և չգիտեմ ինչ խորհուրդ տամ այս և առաջիկա բոլոր ընտրությունների դիտորդներին: Շատ վատ կլինի, եթե նրանք իմ տեսակը լինեն:

Комментариев нет:

Отправить комментарий