07.12.2011

Գայանե Բաբայան «Հյուսիսային պողոտան՝ գիշերը»

Մոտ 20 հացադուլավոր կանանցից մի մասը քնած էր, մի մասն էլ` աշխույժ, բայց կիսաձայն զրուցում էին, որ մյուսներին չարթնացնեն: Խոսում էին Հյուսիսային պողոտայի` բնակության համար անհարմար լինելուց, իրենց կողքի խանութներից, որտեղ օրը երկու մարդ չի մտնում:Կանայք հիմնականում իրար հարեւանությամբ էին պառկած, միայն մի կին էր «առանձին» քունը գերադասել, եւ բելգիացի տղամարդը` հայ ժողովրդի ազատության համար պայքարող փեսա Լյուկն էլ` առանձին, որը քնած էր, եւ որի կինը մի քանի ժամով տուն էր գնացել:
Առանձին քնած կինը արթնացավ, եւ մենք տեսանք, որ նա բոլոր միտինգներին երեւացող դեմք է` վաղուց թոշակառուի տարիքի: Նրան էլ ուղղեցինք հարց` դիմանո՞ւմ եք քաղցին, ցրտին եւ այլ անհարմարությունների: ՀԺԿ անդամ տիկին Էմմա Չոբանյանը պատասխանեց. «ես ամեն ինչի կդիմանամ, աղջիկ ջան, մենակ ոչ լեգիտիմ նախագահին չեմ դիմանա»: Ինչո՞ւ է տիկին Էմման այս տարիքում միացել հացադուլին: «Միացա նրա համար, որ երկրում օրինականություն չկա, հոկտեմբերի 27-ը քիչ էր, հիմա էլ մարտի մեկ արին, մենք չենք մոռանա, թեկուզ հարյուր տարի անցնի»: Տիկին Էմման հին միտինգավոր է, ապրիլի 12 տեսած. «ընդեղ էլ էր նույն պատմությունը` էլեկտրաշոկ, ծեծուջարդ, ջրցան մեքենա... արհավիրքի մեջ ենք մենք ապրում, ո՞ւմ շնորհիվ` թե Ռոբի, թե Սերժիկի: Ի՞նչ է տիրում Հայաստանում` միայն խաղամոլություն, միայն բառ-ռեստորաններ, միայն նարկամանություն, սրանք իշխանություն չեն, այլ մեզ համար կրակ ու պատուհաս»: Կանանց շարժման անդամներից հացադուլի էին ութ հոգի, մի կին Ալավերդուց էր եկել, մի կին էլ` Վանատուրից: «Հայոց կանայք» ինքնաբխվել էին մարտի ութի սարսափի օրերին ու առայսօր միաձույլ մի հատուկ գունդ են: Պետք է ասել, որ բելգիացի Լյուկը շատ սիրված էր հացադուլավորների կողմից, կանայք հիացած էին բելգիացու ուշադրությունից` բելգիացին կարող էր տեղից վեր կենալ ու ծածկոց տանել պոտենցիալ մրսողին կամ շոյել առավել ակտիվ կանանց այտերը, «ա՛յ ուշադիր տղամարդը»` ասում էին Հյուսիսային պողոտայի կանայք ու սազն առած` գովում էին բելգիացուն: Առհասարակ, հայ ժողովրդի աչքերը լցվում են, չէ՞, երբ օտարերկրացին է մեզ համար մի լավ բան անում: Լյուկը ձեռքով, միմիկայով ու մի քիչ էլ հայերենով հասցրել էր բոլորի հետ շփվել ու կնոջ թարգմանությամբ ժողովրդին էր հասցնում իր մենախոսությունը` «իրենց քաղաքական հայացքների համար մարդկանց ինչի՞ են ձերբակալել»: Երբ բելգիացու կինը եկավ, աշխուժություն տարածվեց: Բացի հացադուլավորներից, Հյուսիսային պողոտան հյուրեր էլ ուներ, ցերեկով մի անգամ եկածները իրենց պարտքն էին համարում գիշերն էլ գալ: Լյուկը ինձ հարց ուղղեց. «ազատել ե՞ն նոր քաղբանտարկյալ»: Ոչ` ասացի: Հետո Լյուկը մի բան ասաց, որը լսելով, նրա կին Գայանեն ծիծաղեց, եւ բոլորն ուզեցին իմանալ, թե ի՞նչ էր ասում: Միայն մի բառ հասկացան` «կաշմար»:
Լյուկը երազ էր տեսել` իբր Սերժ Սարգսյանն իրեն խորոված էր մատուցում: Արթուն ժողովուրդը սկսեց արձագանքել, մեկն ասաց. «դե լավ ա, էլի, ուրեմն Սերժիկն արդեն մատուցող ա աշխատում», իսկ մեկն էլ Լյուկին ասաց` «չուտես, թունավորած կլինի»:

Комментариев нет:

Отправить комментарий