07.12.2011

Զառա Հովհաննիսյան - Ես պայքարող արձան եմ

 Պրեֆորմանս. ես պայքարող արձան եմ
ես պայքարում եմ.
լուռ, համր,
առանց խոսքի.
Խոսքերը գրված են
թղթի վրա՝ իմ ձեռքում.
ես կանգնած եմ
քաղաքի տարբեր մասերում,
քարացած,
լռելյայն,
մարդիկ մոտենում,
ու ինձ վրա են փակցնում
իրենց ասելիքը,
բողոքը,պայքարը,
ընդվզումը ձևակերպող
պլակատներ.

ես կին եմ,
կնոջ պատկերը քաղաքում
միշտ գովազդում է
ինչ–որ թեթևամիտ բաներ,
իսկ ես՝ պայքարում եմ.
ես պայքարի արձանն եմ.


 Ներսն ու դուրսը

Մեռած փողոցները
լցվել են կյանքով,
այնպես,
ինչպես սառած մարմինս է
լցվել ջերմությամբ՝
քո հայտնագործումից հետո։

Համր փողոցները
լցվել են կոչերով,
այնպես,
ինչպես ես եմ
լցվում հնչյուններով՝
քո ամեն հպումից ցնցվելով։

Անգույն փողոցները
ներկվել են գույներով,
այնպես,
ինչպես դու գունավորել ես
իմ կյանքի
բոլոր շերտերը։

Զարթնած փողոցներն
ուզում են փոփոխություն,
այնպիսին,
ինչպիսին դու
արեցիր իմ մեջ՝
իմ ներքին
հեղափոխություն։


Խավարը լցրել է տարածքը

Մթության մեջ
խարխափում եմ.
մրսում եմ.
Ցուրտը հասել է
ոսկորներիս,
ու ես փնտրում եմ
հայացքդ....
բայց խավարը
լցրել է տարածքը,
որ չտեսնես,
որ չգտնես,
որ կորցնես ինձ.
Խավարը մարդկանց
վերածեց ստվերի,
որ չնկատի
մեր գոյությունը.
Խավարը ծածկել է
կյանքի տարածքը,
բայց մենք նրան
անդարձ ենք մերժել.
Խավարն էսօր
տարածքում է,
բայց ոչ տերը.
Ինձնից, քեզնից
բխող  լույսն ու
ջերմությունն է,
որ փոխել է
նրա դերը.

Комментариев нет:

Отправить комментарий