08.12.2011

Տիգրան Պասկևիչյան «ՈՒՐԻՇ ՏԵՂԸ»

ԸՆԿԵՐՈՋՍ՝ ՍԱԳՈ ԱՐՅԱՆԻՆ
Եթե դու քաղաքը չես,
ավելի լավ է
հեռանալ այդ քաղաքից
ու գնալ, գնալ ուրիշ մի տեղ։

Տեղն ուրիշ է, գիտե՞ս։
 
Ժամանակը չի ծածանվում
գլխավերեւում,
իսկ կոկորդն ի վեր սողացող հնչյունը
չի հավակնում լինել՝
ոչ օգնության կանչ,
ոչ էլ առավելեւս,
հուսահատ աղաղակ։

Տեղն ուրիշ է, գիտե՞ս։
 
Դրան անուն չես տա, որ հետո,
ինչպես պատահում է, սովորաբար,
օտար քաղաքի օտարալեզու
քարտեզի մեջ բան փնտրելիս,
սխալմամբ չասես մի բառ,
որն այդ լեզվով, ասենք,
նշանակում է ա՛հ։

Տեղն ուրիշ է, գիտե՞ս։

Ավելի լավ տեղ չկա,
եթե, իհարկե, փնտրածդ
գերեզմանը չէ ուրիշի՝
ուրիշ ժամանակներում,
ուրիշ մահով մեռած մեկի,
որին հարազատ կոչելու
երկյուղն է ըստիպում
գնալ քաղաք (հերիք չի իբր)
ու հիանալ լեշի
բա-րե-մաս-նու-թյուն-ներ-ով։

Նորից ասե՞մ, ինչ է

Եթե դու քաղաքը չես,
ավելի լավ է հեռանաս
այդ քաղաքից
ու գնաս մի տեղ,
ուր հայելիները ցույց են տալիս
քո ծննդյան ճիշտ օրն ու ժամը,
ուր առագաստները հալածում են քամիներին,
ուր փարոսները կուլ են տալիս
ծովեզերք փնտրող նավերին,
ուր չկա կարեկցանք
(
փրկության սեւագրություն

Գեներիդ դատարկ,
դատարկ տիկերը
ցամաքում են տեղի,
ուրիշ,
այլ տեղի կարոտից,
բայց լցվում են
քամով, ավազով ու հարդով
փոշով՝ հատկապես (… դեղին, դեղին


Комментариев нет:

Отправить комментарий