05.12.2011

Մեսրոպ Հարությունյան ՀԵՏՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ՝ ԻՐ ԵԶՐԵՐՈՎ


Փաստորեն
Պատմվածք 1

1987 թվականի մայիսի վերջին՝ ավարտական երեկոյի օրը, Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, եւ 1988 թվականի ճիշտ փետրվարի 20-ին՝ երբ օպերայի բակն ալեկոծվում էր, օպերայից մի կանգառ ներքեւ՝ Մարգարյանում, փաստորեն, ծննդաբերեց:
1987-ի մայիսյան էդ օրը պիտի որ տասնվեցուկես տարեկան լիներ, չնայած մայրը հետո, երբ սայթաքելու հետեւանքով աղջկա փորը սկսեց կլորանալ, ասում էր. «Փաստորեն տասնըյոթը վաղուց է լրացել»:
...Ավարտական երեկոյի օրն էր, ավելի ճիշտ երեկոյից հետո, գիշերով, մի քանի բաժակ էլ գինի էր խմել, տուն էին գալիս, այսինքն իրենց դասարանի մի քանի տղաներ իրեն տուն էին ուղեկցում: Սայթաքեց: Ու սայթաքեց փիս մի տեղում: Իսկ էդտեղ՝ հենց փողոցի մեջտեղում (մի այլ տարբերակով՝ պուրակի ծառերի տակ, երրորդ տարբերակով՝ իրենց հսկա բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում) մի ոստ էր ցցված: Ու թարսի պես էդ ոստը, փաստորեն...
Ակաթը, իր ասելով, ճչացել էր, զգացել, որ ցավ առավ ու արյուն է հոսում: Մի խոսքով, երբ տուն հասավ, մայրն էլ զգաց, որ մի բան է պատահել, հետո, ոտքին արյան հետք նկատելով ու սայթաքելն իմանալով, վաշ-վիշ արեց, մտածեց՝ բժշկի դիմի՞, թե՞ չէ:
«Քոռանամ ես, - ասաց, - աղջիկս դժբախտացավ, դե արի ու հետո ապացուցիր, որ կուսությունը սայթաքելուց է կորցրել»:
Այդ պատմությունը մայրը ստիպված էր հետո մի քանի անգամ պատմել, մանավանդ առաջին անգամ՝ բժշկի մոտ, երբ սա զննում էր աղջկան: Հետո ուզում էին ամեն ինչ թաքցնել, բայց երբ հարեւանները սկսեցին փսփսալ, մայրը նորից ու նորից պատմեց սայթաքելու պատմությունը: Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էն էլ՝ ամո՜թ, հինգ-վեց տղայի ներկայությամբ, ու նրանք էլ, ստիպված, օգնել էին...
Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էնքան փիս, որ մի քանի ամիս անց փորը հստակորեն սկսեց կլորանալ: Մայրն աղջկա մարմնի հետ կատարվողը զգաց (բայց դեռ չխոստովանեց ու անգամ աղջկան էլ նորից չտանջեց) այն օրը, երբ համալսարանի իրավաբանականի ցուցակները կախեցին ու իրենք տեսան (չնայած վաղուց գիտեին), որ Ակաթը, փաստորեն, չի ընդունվել: Չորս հատ երեք էր ստացել: Դե, իրավաբանական հենց էնպես էր դիմել, որ հետո ասեր՝ «իրավաբանականից դուրս մնացի, փաստորեն, մի աչոկով», համ էլ, որովհետեւ իրենց դասարանի Արտուրիկն էլ էր իրավաբանական դիմել, իսկ ինքը թաքուն սիրահարված էր Արտուրիկին, բայց վերջինս, էն սայթաքելու օրվանից հետո իր հետ չէր խոսում: Թե ի՞նչ էր իմացել Ակաթին ուղեկցող տղաներից, հայտնի չէ, բայց Ակաթի հետ չէր խոսում:
Դեռ վաղուց դասարանցիներն ասում էին, թե Ակաթը, ճիշտ է իրենց դասարանի գեղեցկուհին չէ, բայց, փաստորեն, ամենացանկալին է: Չէ, դե նրանք ասում էին ամենասեքսուալը, մանավանդ էն երեկոյի շորով: Իսկ Արտուրիկը, որ իրենց դասարանի ամենասիրունն էր, միշտ քիթը ցցած էր: Ակաթին Արտուրիկ անունը շատ էր դուր գալիս: Թեպետ գիտեր, որ գրվում է թ-ով, բայց ինքն իր թաքուն գրառումներում միշտ տ-ով էր գրում ու էդպես էլ արտասանում: Իսկ իր անունից խորշում էր՝ Ակա՜թ: Հերը դպրոցում ընդամենը մի բանաստեղծություն էր անգիր արել՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» - ը, ու ամենից շատ սիրել էր «Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով» տողը, դրա համար էլ աղջկա անունը Ակաթ էր դրել («Հո Կաթ չէի դնելու»,- ասում էր հերը), առանց իմանալու անգամ, թե ակաթն ինչ է նշանակում: Մի խոսքով, 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ օպերայի բակն ալեկոծվում էր, Ակաթը Մարգարյանում ծննդաբերում էր:
Փաստորեն, 17 տարեկանում (թեպետ մայրը հետո բոլորին ասում էր, թե, փաստորեն, 18-ը վաղուց է լրացել) Ակաթը մայր դարձավ: Մանկաբարձների մի մասն օգնում էր՝ դժվար ծնունդ էր, մյուսները՝ «Լրաբեր» ու «Վրեմյա» էին նայում ու լուրեր բերում: Աղջիկ ծնվեց:
Ակաթի հայրն աղջկա փորը կլորանալուց հետո նրանից երես էր թեքել, ոչ տեսնել էր ուզում, ոչ խոսել, իսկ երբ իմացավ, որ աղջիկ է ծնվել «իրա նման լիրբ պիտի լինի, էլի», - ասաց, ու կնոջը պատվիրեց. «Մեր տուն էլ չմտնի, բնակարան վարձիր, թող գնա իր համար ոնց ուզում է ապրի»,-ասաց, իսկ մտքում՝ «Կապույտ աղջիկ, ակաթի...»: «Թո՜ւ, ակաթ էի կարծում»: Թեպետ չգիտեր, թե ակաթն ինչ է: Փառք Աստծո, ձեռքները քարի տակ չէր, միսենյականոց վարձեցին. բայց դե մոր սիրտ էր, չէր դիմանում, ամեն օր գնում էր աղջկան օգնելու՝ երեխային լողացնելու, ճաշ եփելու եւ այլն: Համ էլ ամսական մի քիչ փող էր տալիս, որ աղջիկն ու թոռը կարողանային ապրել: Փաստորեն, հեղափոխությունն անցավ առանց Ակաթի ակտիվ մասնակցության, թեպետ ինքը դպրոցում միշտ էլ ակտիվ աղջիկ էր եղել՝ էլ ջոկատի խորհրդի անդամ, էլ կոմսոմոլի քարտուղարի տեղակալ: Բայց դե մայրանալուց հետո, մանավանդ՝ բացի իրենից հույսը մեկ էլ մոր վրա կարող էր դնել, ինքը, փաստորեն, ակտիվանալու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ցանկություն: Հեղափոխությունից հետո, երբ աղջիկը, փաստորեն, արդեն երեք տարեկան էր, մանավանդ՝ երբ հիսունանոցներն ու հարյուրանոցները փոխելու պատմությունը սկսվեց, ու երբ փողի արժեքը գնալով զրո էր դառնում, իսկ տան վարձն էլ սկսել էին դոլարով ուզել, ապրելը դժվարացավ: Հայրը, փաստորեն, հեղափոխության ցնցումներին չդիմանալով (մոր ասելով էր էդպես) 1991 թվականին, աշխատանքը կառավարական ավտոպարկում կորցնելու ցավից ինֆարկտ ստացավ ու մահացավ՝ էդպես էլ թոռանը չտեսնելով ու աղջկան չներելով: Հոր մահից հետո մայրն Ակաթին վերադարձրեց տուն. համ տան վարձը սկսեցին խնայել, համ էր մայրը հանձն առավ երեխային խնամել, եթե Ակաթը գործ գտնի: Գործ գտավ նոր բացված տոնավաճառներից մեկում: Մայրանալուց հետո, հարեւան տղաների ասելով, Ակաթն էլ ավելի ցանկալի, այսինքն՝ սեքսուալ էր դարձել: Իրենց հարեւանությամբ գյուղից եկած մի աչքաբաց տղա էր վարձով ապրում: Նա էլ հենց գտավ գործը: Այդ տղան սեղանիկ ուներ էդ տոնավաճառում, ու փաստորեն, միասին էին աշխատում, գնում գործի, գալիս: Ակաթն էդ գործին համաձայնեց նաեւ այն պատճառով, որ էդ տղայի անունն էլ Արտուրիկ էր: Դե անունը նաեւ ցանկություններ էր բերում. մեկ-մեկ էլ գործից հետո, գիշերով, միասին տուն գալիս, Արտուրիկ-2-ի մեքենայի մեջ, երբեմն նաեւ՝ երբ մի քիչ ավել փող էր ընկնում ձեռքներն ու կարող էին շուկայի կողքի հյուրանոցում մի սենյակ վերցնել մի քանի ժամով... Տղայի վարձով սենյակն էլ հարմար էր, բայց դե իրենք ամբողջ օրը աշխատում էին, ոչ շաբաթ ունեին, ոչ կիրակի, համ էլ հարեւանները բա որ հանկարծ տեսնեի՞ն...
Մի խոսքով՝ սայթաքում էր: Բայց հիմա արդեն զգույշ էր:
Իրենց դասարանի Արտուրիկին մեկ էլ հեռվից տեսավ 1995 թ. սեպտեմբերի մեկին՝ երբ աղջկան տարավ առաջին դասարան: Իբրեւ պատվավոր հյուր եկել էր նոր ուսումնական տարվա արարողությանը: Մեկ ուզեց մոտենալ, մեկ էլ, դե, էն անեկդոտի նման. «իրա հերն էլ անիծած»: Անեկդոտում «հերն էլ անիծած» - ը ավելի տղամարդավարի էր հնչում, բայց Արտուրիկի հասցեին չուզեց էդ կոպիտ բառերն օգտագործել: Տոնավաճառում անընդհատ տղամարդկանց հետ շփվելը նաեւ հայհոյել էր սովորեցրել, բայց, իհարկե, երբեք երեխայի ներկայությամբ: Ակաթի աղջիկը՝ սիրուն-սիրուն, ուղղակի հրաշք: Երբ տոնավաճառում կողքի աշխատողները հարցնում էին, թե ում է քաշել էդքան սիրուն, ասում էր, առանց ամաչելու ու քաշվելու. «էհ, ես ի՞նչ իմանամ՝ ո՞ր մեկին, հինգ կամ վեց հոգի էին, կարող է բոլորից էլ մի քիչ կա, փաստորեն, խառնուրդ է էլի, սիրուն պիտի լինի»: Էդ օրն էր, որ ընկերուհիներից մեկը հարցրեց. «Ակաթ, բա ինչո՞ւ խմբակային բռնաբարության համար դատի չտվեցիր դրանց»: «Աղջի,-պատասխանեց ինքը,- ի՞նչ բռնաբարություն, ամեն ինչ իմ հոժար ցանկությամբ է եղել, համ էլ մեր դասարանի տղերքն էին, հո նրանց վատություն չէի՞ անելու՝ գնային եսիմ ինչքան նստեին»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին իրենք Արտուրիկ-2-ի մեքենայով Բագրատաշենից էին գալիս: Երեւան մտնելիս ավտոտեսուչները կանգնեցրին: Արտուրիկ-2-ը 1000 դրամանոցը ձեռքին դուրս եկավ: Թեպետ ոչ մի խախտում էլ չէր արել, բայց դե գիտեր՝ եթե կանգնեցրել են, մի բան պիտի տաս: Սակայն ավտոտեսուչներն ու նրանց հետ կանգնած ավտոմատավորներն իրենց տարօրինակ էին պահում: Մեքենայից իջեցրին նաեւ Ակաթին ու սկսեցին զննել, բեռնաթափքը նայել: Ու կանգնեցնում էին բոլոր մեքենաները: Իրենք ոչ մի բան չէին հասկանում: Արտուրիկ-2-ը սրանից-նրանից հետքրքրվեց ու իմանալով եղելությունը, Ակաթին մի կողմ քաշեց ու բացատրեց: Մի խոսքով, քաղաք մտան ահագին ուշացումով, բայց էլ իրենց տոնավաճառի կողմ չգնացին: Ակաթը տուն մտավ թե չէ՝ տեսավ մայրը հեռուստացույցի առջեւ նստած՝ ալիքներն է փոխում: Հաջորդ ամբողջ շաբաթը տոնավաճառը փակ էր, եւ Ակաթը, փաստորեն, հսկայական կորուստներ ունեցավ:
2002
թվականի հուլիսին, Ակաթի փաստորեն 14 տարեկան ու հինգ ամսական աղջիկն էլ անզգուշորեն սայթաքեց: Անտառում: Դասարանով արշավի էին գնացել, դասղեկն իր ուսանող տղային էլ էր բերել, որ խորոված անի: Ու երբ դասղեկի ուսանող տղայի հետ սոճու կոներ հավաքելով խորացել էին անտառում, աղջիկն անզգույշ սայթաքեց, ու... Այդ սայթաքելն ուշ իմացվեց, բայց միլիցիա չդիմեցին. աղմուկի հավես չունեին, համ էլ էն տղայի մանկավարժ ծնողները ձեն չհանելու համար մի քիչ փող էին տվել: Անցուցք էլ չուզեցին անել. համ ուշ էր արդեն, համ էլ բժիշկները խորհուրդ չտվեցին. «Աղջկա ապագան կվտանգեք»,- ասացին:
2003 թվականի ապրիլի էն օրը, երբ ընտրված կամ չընտրվածը (Ակաթին դա իսկի չէր էլ հետաքրքրում, ոչ ընտրությունների էր գնացել, ոչ ցույցերի մասնակցել. գործերը տոնավաճառում լավ էին, փողը կար, սիրածների պակաս էլ չէր զգում, իսկ էդ օրերին միակ մտահոգությունն աղջիկն էր) երդում էր ուտում՝ փաստորեն հավաստիացնելով, թե բոլորին հավասարապես լավ աչքով կնայի, իրենց դասարանի Արտուրիկը ժպտում էր բոլոր ալիքներով, իսկ ոստիկանները նոր հեղափոխության ելածներին էին մահակներով ծեծում, Ակաթի՝ փաստորեն 15 տարեկան ու երկու ամսական աղջիկը հիվանդանոցում ծննդաբերեց: «Փառքդ շատ, Տեր Աստված», - անկեղծորեն ուրախացավ Ակաթը, երբ հիվանդանոցի քույրը դուրս եկավ ու հայտնեց, թե ծնվածը, փաստորեն, տղա է: Ու թոռան անունը Արտուրիկ դրեց: Փաստորեն, հենց էդպես՝ Արտուրիկ, տ-ով: Ակաթը, փաստորեն, 32 (իսկ մոր ասելով՝ 33) տարեկան տատիկ դարձավ:

Комментариев нет:

Отправить комментарий