11.12.2011

Գրիգոր Խաչատրյան «Ճառ՝ ասված գրողների փողոցում»


Մեր ծննդյան փուչ օրից մեր վրա ոտանավոր են կարդում՝ ասելով՝ անգիր արա, կարդա, գրիր, արտասանիր, մտապահիր, իմ ժիր մանուկ, մեր բարձրաբերձ, բարձիթողի, վանքապատկան, անապական գրքերն անթիվ, գանձերը ծով, հույսի սպիտակ առագաստով հասցրու բաց ծով, արնոտ լեռներում, հայոց լեռներում, վշտի լեռներում, մինչև անարգ մահու սյուն գոռալ, կրկնելով անդադար ազատություն:
Սակայն մի անմեղ սիրո, չբոլորած 17 գարուն և ակնթարթ, հասկացա, որ կարդացածս գրականությունն է իմ և միջավայրի հակասությունների պատճառը, քանի որ այդ գրականությունից հավանաբար անզգուշորեն մեղր էի քամել- ուտում, մի մութ անկյունում, մյուսները՝ օձի թույն կամ էլ «մի կաթիլ մեղ» էին կարդացել, կերել, վախից պառկել ու քնել, մինչդեռ պատգամներ կային երկնքում և պատգամավոր հրեշտակախումբ:

   Արդյունքը եղավ այն, որ 1968թ.ի մառախլապատ մի առավոտ, երբ որպես դիակ դեռ կատարյալ չէի, դալկացած ձեռքս բարձրացավ հրաժեշտի թաշկինակ թափահարելու գեղարվեստական գրականության ըներցանությանը: Դա փախուստ էր վիրտուալ իրականությունից, բայց  ոչ ազդեցությունից, ինչպես տեսնում եք, որի պատճառով էլ այսօր այստեղ ենք` գրողների փողոցում, գրողի ծոցում, քանի որ փախուստի մեջ էլ կա մի վերադարձ, շարունակեք ժպտալ:
   Ուսման ծարավի պարտադրանքով ցուպը ձեռքին Փարիզներում, Վենետիկներում դեգերած գրողների ձևավորած միջավայրում է ընթանում մեր կյանքը`զազիր ու նանիր կինո-թատրոնով, երգ ու սցենարով, հեռուստառադիոլրագրողներով՝ ամենուր շրջապատված նրանց անդուլ հոգատարությամբ. մեկի բանաստեղծությամբ  սիրում ենք՝ լուսամփոփի պես աղջկան, մյուսի սցենարով ատում՝ արնախանձ սարդին, մեկի թատերգությամբ լքում հայրենիքը` ցոփ արոտավայր հարուստների զեխ, մյուսի հոդվածով ծալովի ցուպն էստաֆետային գրպանը դրած վերադառնում՝ ավանդելու ճարպակուտակ հոգիները հայրենաբաղձ, մեր վերջին հույս, խնամարկու, փառքի պատում, լույս գերեզման ու պանթեոն տուֆից սարքած տուֆտա քաղաք Երևանում:
   Մեր մայրենի հայերենի ուսուցչուհին ամեն տարի բույն էր հյուսում ու երգում. երեխաներ եթե ձեզ որևէ մեկը հարցնի, թե ո՞վ է հայ բնության ամենամեծ երգիչը, անմիջապես պատասխանեք` Րաֆֆին ու սկսվում էր` «տեղ- տեղ քյաֆուր վարդը բաց է արել իր թերթերը», որ հառնում է գանգատուփում սլանալիս դաշտավայրով Արարատյան, ուր տեսնելով վարդապետի ` սպասում ես որ խենթանա, աշնանը միշտ Տերյանի հետ, մանուշակն էլ՝ Բակունցին, լճակի մեջ հուսահատ Դուրյանին ես քեզ հետ տեսնում նստարանին դպրոցական և սարսափից վեր ես թռնում  քո երազում դու հերթական:
   Ստացվել է մի փակ շրջան` գրողը ձևավորում է հասարակական գիտակցությունը, այն ձևավորում է միջավայր, միջավայրը ձևավորում է հաջորդ սերնդին և սերնդի գրողներին, նրանք ձևավորում են հաջորդ հասարակության գիտակցությունն իրենց պատկեր, նմանությամբանվանակոչում գրողներով դպրոց, փողոց, քաղաք, գյուղեր ու ավաններ, տեղադրում արձաններ, կառուցում են թանգարաններ, գրում, կարդում, սրբագրում, տպագրում, հաշիշով օծուն ու բալասանով,  գիշերն հեշտագին:
    Հայտնի է, որ գրողը, տխուր ու մոլոր, հավասար քայլով, չափելով ճամփան, սնում է յուր կերպարներին գրական յուր ներաշխարհի երակներով հոսող զգխլիչ, բուրումնավետ, արբեցնող կենսահյութով, որի հետևանքով ինչքան բնական և հավաստի են բացասական հերոսները մեր գրողների մոտ, նույնքան լալագին ու մտացածին` դրականները:
   Եվ ծերունին լուռ չարչարանքով  բերում է ճիշտ եզրահանգման. մեր գրողներից ոչ մեկն իրեն որպես հումք չկարողացավ օգտագործել դրական կերպարի մարմնավորման գործընթացում այդպիսինը չլինելու պատճառով, որ իրենից բացի ուրիշ զոհ չլինի:
    Իսկ բարձրացած հարցին՝ ուրեմն էս գյուղում մի շոֆեր, կամ տղամարդ չկա՞, հնչում է թույլիկ  «կա»  պատասխանը, բայց դա էլ գրողներինը չի, ժողովրդինն է` Սասնա Դավիթ թուր կեծակին, որ չլինելով ստախոս կամ խորամանկ, համենայնդեպս ընդվզեց միայն այն պահին, երբ հոր ոսկիներն էին տանում:
  Բայց դա էլ էր մեզ շատ, ու հեռախոսը ֆրոնտից հազաց շիֆր՝ ասելով, որ էպոսը առավոտյան կանուխ, որը շատ կարևոր հանգամանք է հայ նոր գրականության համար որպես ժամանակի պարագա, դուրս է եկել տնից և չի վերադարձել՝ հրամայելով մեզ երկար ապրել. գտնողին ու գտնվելիքն էլ համարել անվավեր:
Ուրեմն չի՞ք, դե մենք էլ փոխարինեցինք Քաջ Նազարով, ում նկատմամբ, մեր արտիստների ու
մտավորակաների անշահախնդիր, ողջամիտ, կաթոգին սերը եփվեց, թափվեց, հառնեց զանց փյունիկ մի կայարան, կայունության սիրո մատյան, հրո ատյան, ժանգոտ պատյան արդարության և հորդորներ տեսողությանթե կույր պետք է լինել դա չտեսնելու համար, իսկ ես ասում եմ՝ եթե կույր լինեիք, ձեզ կներվեր, բայց դուք եք ասում, որ տեսնում եք:
   Մեր էպոսի հերոսն այսօր խելառության կոչ է անում, որ հաճո է մեր սրտին, և ինչպես հայտնի գովազդն է ասում՝ նմանիլ չես կրնար դուն, որը դու չես, բոց անհուն, այսինքն ողջամտությունն ասում է՝ դողդոջ է, գույն չունի, մյուսն ալ ըսավ կմեռնի, բացառությամբ ոմանց և հատկապես մատենադարանի հարթակին հայտնված ձենով Օհան Դուրյանի, որպես բալասան տրտում ցավերի:
 Բայց և ցավոք էպոսի օրինակը բավարար հիմք չէ  այս հարցում ժողովրդին ապավինելու համար` ժողովրդական հեքիաթների պատճառով, չնայած որ նույն ծաղկից մեղուն մեղր է քամում, օձը՝ թույն:
  Ժուկով ժամանակով` իննսունականներին, Միրաբոյի կամրջից բավական հեռու, Ռիալտո կամրջի բազրիքին հենված, Երևանի պետհամալսարանի մրահոն մի ուսանողուհի՝ Իսահակյանի ջանը խուտուտ տվող դիրքով, «Գարուն» ամսագրում տպված մի աշխատասիրության մեջ, անգթորեն համեմատել էր հայկական և անգլիական հեքիաթի հերոսներին՝ հրապարակելով հույժ կարևոր պետական գաղտնիք, այն է` հայկական դրական հերոսը կարող է ստել, խորամանկել՝ վերջնական նպատակ ունենալով մի կճուճ ոսկի գտնել, թագավորի աղջկա հետ պսակվել, առոք փառոք ապրիլ, մեռնիլ աննշան, հեք աշխարհի մեկ ոստը գոս:
   Իսկ անգլիականը չի ստում, չի խորամանկում, և վերջնական նպատակը, հարիֆի պես, հազար կյանք ունենալն ու հազարն էլ սրտանց որևէ մեկին օգնել, փրկել մատաղ անելն է՝ սեփական ծառը ջրելու շառից-փորձանքից հեռու մի անկյունում հաշտ ու խաղաղ մարդկություն փնտրելու փոխարեն: Եվ հիմա էլ այդ հերոսները շարունակում են իրենց միսիան՝ մերը մեր, նրանցը իրենց մոտ հեքիաթը իրականություն դարձնելով. մերը ստում է ու խորամանկում, կյանք է խեղում, խլում, քշում, մատաղ անում, կճուճ տաշում, նրանցը՝ կյանքեր փրկում և փնտրտում արդարություն արդեն աստեղային պատերազմներում
Անկախ նրանից, թե ինչպես է աշխարհը վերաբերվում ամերիկյան կինոյին և քաղաքականությանը, եկեք մեր միակ փրկություն միասնական հավաքական ուժով արժանին մատուցենք այն գաղափարախոսության, քաղաքականության արժեքային համակարգին, որ եվրոպականի հետ միասին խարսխված է այդ հերոսի վրա, որը քրիստոնեական է նաև ու բարեբախտաբար  պարտադրվում է այլ երկրների, որոնց թվում՝ նաև մեզ՝ գիտակցել տալով, որ 1700ամյա քրիստոնեությամբ, աշխարհագրական կամ արտաքին տվյալներով չենք ասիացի, եվրոպացի, խոլ բեդուին, այլ հերոսի, բարոյահոգեբանախոհափիլիսոփայական արժեքային համակարգի  ընտրությամբ:
Հիշեք Եվրամիության առջև ստանձնած մեր պարտավորությունների կատարումը անցած ընտրություններում, ուր մեր երկրի ջոջերը, ցուցադրելով պոչերն ու հավատարմությունն իրենց՝ մեր հեքիաթի հերոսներին, ԵԱԽՀ-ի գնահատականները որակեցին որպես ոտնձգություն՝ ուղղված դարերի խորքից եկած մեր բիբլիական ազգային բարեմասնություններին՝ ասելով՝  էտ ու՞մ եք ստի ու կեղծիքի մեջ մեղադրում, բա հայոց մեծ ազգին անցումային փուլում չեք ճանաչո՞ւմ, թե՞ հիմա գնամ, բերեմ, կտրեմ էն ծառը, որի վրա կապիկություն էիք անում էն ժամանակ, երբ մենք խաչքար էինք տաշում, ջնջում հազար:
   Այո, երիցս ճիշտ էր Կամոն. «Վտանգավորը նրանք են, որոնք մեր անունից ոչ ճիշտ բաներ են ասում», և այստեղ արդեն մարգարեացավ Ուլյանով Վլադիմիրը՝ ասելով. «Ժողովուրդը դեռ կհիշի և կգնահատի քեզ Կամո` Սիմոն Տեր-Պետրոսյան»:
   Ակնհայտ է, որ դրական կերպարի ներմուծումը, պատվաստումը այլևս ոչ թե ձախողված է, այլ երկիր հայրենին հասցրել է, ասում են, կործանման եզրին, բայց ինչ եզր կործանման և ոչ կործանում, երբ հենց մեր բակում անգլիական Համլետիկն ու Ջոնիկը բռնել են մեր Արամիկին, Արթուրիկը միջին խաղեր ա տալիս, որ Ռոբերտիկը մեր Ստեփանիկի գնդակը գողանա, ռուսական Վալոդիկն էլ Տիգրանիկի գուլպան է վերցրել պարտքի դիմաց, ու ոչ մի վարդապետ էլ չի խենթանում:
   Հերոսը պետք է առաջանա, ինչպես ավտոբուսում, հայեցի անվանակոչվի ու գժվի տեղում, հենց մեր հայկական հողի վրա, մանավանդ որ դրա համար ավելի քան բավարար հիմքեր կան, և գժվողը պետք է լինի գրողն ինքը՝ ասելով՝ երկիր ես քոնն եմ բայց իմը չես դու, գործը չթողնելով վարդապետներին, որ խենթանան:
   Ուրեմն գրողը ինքը պետք է լինի հերոսը, որ չլինի մասին,  նկարագրություն, ինչպես Աբովյանի միտն եկած Աղասին, այլ   մեծ  ալքիմիկոսը՝ Նարեկացին, որն իր բացասականը խոստովանության միջոցով վերածեց  դրականի, ինչին ասում են հիմա հոգեթերապիա՝ հաստատելով գրողի ազդեցության նշանակությունն ու  կարևորությունը ազգային մենթալիտետի ձևավորման շնորհակալ գործում, ի փառս հայրենյաց և ի սարսափ թշնամյաց, օ՛ն անդր, հառաջ, մեկ ձախ մեկ աջ:
   Աշխարհն անցիր, 88 - ի դեպքերից հետո իշխանության եկած այդքան կտրիճ գրող՝ քնարի տեղ սուրը ձեռքին, կարգախոսով ու  ճակատով լուսապսակ, ոչ ոք չունի: Թողած Կարսում իրենց այգին ժամանակին ու գրականությունը, ինչպես ես, բայց և ուշացած, գրականության ընթերցանությանը և Կարինե Քոթանջյանին չասած մնաս բարով՝ մերժեցին վիրտուալ իրականության մեջ դրական հերոսի իմացյալ մահը փնտրել-կերտելու բանական զոհաբերության փորձերը՝ նախընտրելով իրական կյանքի ու գործի միջոցով դուրս գալ և դուրս բերել փակ շրջանից իրենց և մեզ: Ձևավորել, կյանք տալու համար նրան` սպասումից անշարժացած, անշարժ ցեղի անշարժ մարդուն:
Ավաղ` արդյունքում  նա, ում սպասում էինք և որ եկել էր, սպանվեց, իսկ մյուսը հետապնդվում և տարասբուլբայական ջանքերով հասարակությանը ուղենիշեր է ցույց տալիս՝ նորից գրելու միջոցով: Մենք անում ենք այն, ինչ անում  էին հրեաները իրենց մարգարեների հետ, հետո նստում թախտին, սպասում մեսիային, իսկ երբ գալիս էր, չէին տեսնում, ինչպես Մհերը Ագռավաքարում վաղուց արդեն ավարտված գյուղատնտեսական գենինժեներական աշխատանքների ավարտին է սպասում, մենք՝ Մհերին կամ տրամվայ առանց ռելսերի, Զատկի կղզու արձանները՝ այլմոլորակայինների, մեզ՝ ուրիշը, և պտտվում է ֆեբոսի կառք կարուսելը տերյանական արևի շուրջը՝ ձգել-դարձնելով մեր սպասումը մասնագիտություն, հայկական ժողովրդական նկար, Արտաշատի սևաչ խաղող,Գառնու խոյակ, առուն ի վեր փռված փշատ, մառախլապատ մի մոռացում՝ պարգևելով մի նոր սպասում:
   Գրողների փողոցը սև խոռոչն է այն, որն իր ծայրով աստանդական, նոթերը կիտած, կապված  Տոլստոյի հետ, դեմ հանդիման, որն էլ իր հերթին՝ Նար Դոսի, Չարենցի և քաղաքի բոլոր մյուս, հատկապես գրողների անուններով փողոցների հետ, ուր գալիս և անհետանում են մեր գրողները, հանց Բերմուդյան եռանկյունու քավարանում, սպասելով իրենցով որևէ փողոցի անվանակոչության, արձանի կամ հուշատախտակի
  Հերթով գալիս, անց են կենում, անհետանում նաև նրանք, ում կպել է կեծակի պես մայիսյան «գրողի ծոց գնաս» անեծքը, լեղապատառ ձեն տվող հայ ժողովուրդը՝  ծնվող, մեռնող և սուրացող գրողի ծոց շարունակ, վերադառնալով ի շրջանս յուր:
    Հայերենում թուղթուգիր նշանակում է հմայություն, ուրեմն երբ թղթի վրա ես գրում, թուղթուգիր ես անում` դառնալով գրող, գիրկդ վեր է ածվում ծոցի` ծովածոցի, գրողի ծոցի, և քո տարածը գրողի տարած է, ցավը՝ գրողուցավ, բաժինդ՝ գրողի բաժին:
   Հետևաբար քանի փորումս շունչ կա, բերանումս լիզու, ես լեղապատառ ձենս կթռցնեմ քաջ որսկանի գյուլլի պես, որ տիեզերքն իր վախճանին կհասնի, և արևը մի բուռ մոխիր կդառնա, եգիպտական բուրգերը՝ կաթի փոշի, բայց մենք, առնետների ու խավարասերների հետ ձեռք ձեռքի տված, այս փողոցում, ուր ծնվել ենք, մեծացել ու ջուրը խմել սառնորակ, եղել ենք, կանք ու կշատանանք:

հայ - շվեցարական «ուտոպիական հանդիպումներ» նախագծի
շրջանակներում ներկայացված գրական պերֆորմանս:
գրողների փողոց սեպտեմբերի 12, ժամը 13.00,Երևան 2003թ.

Комментариев нет:

Отправить комментарий