21.12.2011

Համբարձում Համբարձումյան «Սկսել ա»


Պաստառ-պատմվածք
Թեև հանրահավաքին կես ժամ կար, Հայկ պապը արագ էր քայլում, շտապում էր, ասես իր վաղաժամ ներկայությամբ  քավելու էր մեղքը, չեզոքացնելու էր այն «հսկայական վնասը», որ հասցրել էր երկրին ու ժողովրդին նախորդ հանրահավաքին իր բացակայությամբ: Նախորդին չէր մասնակցել, որովհետև հիվանդ էր եղել ու մի շաբաթ պառկել էր` անուժ ու կաշկանդված, տնեցիների մուննաթին ու իշխանությանը հանձնված:   Առատ քրտնարտադրությունից թրջված անկողնու մեջ պառկել էր և տանջվել մեղքի անորոշ զգացումից: Անորոշ, որովհետև մի կողմից հարգելի պատճառով է բացակայել, մյուս կողմից` ժամանակ գտա՞վ հիվանդանալու:   Էդ օլիգարխ «օրենսդիրները» կարող են իրենց «կեղծ հիվանդությունը» մեջտեղ հանելով արդարացնել իրենց բացակայությունը, իսկ Հայկ պապը իր կորացած մեջքի վրա զգում էր այդ բեռը, այդ պատասխանատվությունը, որ «հայաստանի ճակատագիրը կախված է մի մարդուց և այդ մեկ մարդը ինքն է»:
Հեռուստացույցի էկրանից մի շաբաթ շարունակ նա լսում էր` «Հայաստանը դու» ես, և պատկերացրեք` հավատում էր: Այո, Հայաստանը ինքն էր, հիվանդ ու խեղճ, իշխանական մուննաթին հանձնված, «փափուկ բարձը» գլխի տակ: Ու մտածում էր Հայկ պապը` եթե Հայաստանը ինքն է  և իր ճակատագիրը իրենից է կախված, ուրեմն էլ ի՞նչ իրավունք ունի ինքն անգործ պառկելու և ափսոսում էր, որ տեղի տվեց տնեցիների խնդրանքներին ու հորդորներին, անկողին մտավ, փոխանակ հանրահավաքի գնար:
Առավոտյան Հայկ պապը փոքրիկ միտինգ էր արել թաղում, փորձել էր նարդի խաղացող իր հասակակիցներին՝ Սաքոյին ու Պատվականին, իր հետ հրապարակ տանել, բայց ապարդյուն: Պատվականը իր ռադիկուլիտն էր մեջտեղ բերել, Սաքոն էլ ասել էր՝ թե որ մի բան սկսվի՝ կգա, ու բարկացած Հայկ պապը ձեռնափայտով  խփել էր նարդու տախտակին, խառնել քարերը, հարամ արել նրանց խաղը: Պատվականին սուտ հիվանդ ու անպատիվ մարդ էր որակել,  Սաքոյին էլ «դամքաշ» էր ասել: Հիմա նա քայլում էր փողոցով, թոթափում հիվանդության ու անգործության հետևանքով առաջացած ծուլությունը և, վերհիշելով ընկերների հետ պատահած առավոտյան միջադեպը, կատաղում էր նրանց  վրա, բարկության պատճառով ավելի ու ավելի շատ վճռականություն հաղորդում իր քայլքին՝ արդեն համարյա չօգտագործելով ձեռնափայտը:
Քայլում էր գլուխը կախ, աջ ու ձախ չնայելով, դեպի նպատակակետը շտապող իր ոտքերի շարժմանը հետևելով և  այդ շարժման թափը ոչ բավարար գնահատելով:  Փողոցը անցնելիս, երբ անհրաժեշտ էր, որ գլուխը բարձրացնի ու հեռուն նայի,  փախցնում էր  հայացքը հանդիպակած քայլող մարդկանցից, ասես նրանց  խամրած աչքերի հարմարվող անտարբերությունը  կարող էր վարակել իրեն, դարձնել իրենցից մեկը: Բայց որքան էլ փորձում էր անտարբերության հանդեպ անտարբեր լինել, չէր ստացվում:  Աբովյան փողոցի սրճարանում մարդիկ էին նստած, սնվում էին, ժամանակ էին վատնում: Հայկ պապը նայեց նրանց ու կանգ առավ: Թվաց ուրիշ աշխարհ է ընկել, ուրիշ երկիր, ուր մարդիկ ապրում են գոհ ու երջանիկ կյանքով:  Ովքեր են նրանք,թալանչի  հարուստներ ե՞ն, անարժան պաշտոնյաններ ու պաշտոնյանների բարեկամնե՞ր : Բոլորը հո այդպիսին չեն, կան չէ նրանց մեջ մարդիկ, որ օգտվելու են պայքարի արդյունքներից, հանրահավաքներին մասնակցող ժողովրդից  էլ շատ,  բայց չեն մասնակցում պայքարին:  Բիզնեսմեններ, որոնց գործը բարգավաճելու է, երբ օլիգարխների մենաշնորհները հանվեն, արվեստագետներ, որ  ապրուստի համար ստիպված չեն լինելու սազն առած իշխանության գովքն անել … Փորները կուշտ է, և դա հերիք է, որ ոստիկանների ապօրինություննրը չտեսնեն, ազգային ժողովի հանցագործ դոդգլուխներին չտեսնեն, մարտի մեկի արյունը չտեսնեն…
Զայրույթը , անարդարության զգացումը չարացնում էին Հայկ պապին և նա ատելությամբ լի մի հայացք գցեց  սրճարանների անհոգի գոյությանը ու շարունակեց քայլել` հյուսիսային պողոտայի անկենդան միջանցքով դեպի սրճարաններով շղթայված Ազատության հրապարակը, որտեղ տրոփում էր Հյաստանի սիրտը, հոգին և խիղճը:
Մաքուր սափրված, կոստյումով ու ճերմակ վերնաշապիկով մի տղամարդ ներքև էր իջնում` հընթացաս ուտելով ձեռքի բուտերբրոդը: Իր գործողության վրա կենտրոնացած, շրջապատին անուշադիր` ախորժակով կծում էր, արագ-արագ ծամում , կուլ տալիս ու նորից մի մեծ պատառ կծում, ասես ուր որ է բուտերբրոդը փախցնելու էին նրա ձեռքից, և նա ջաննում էր մինչ այդ ինչքան հնարավոր է շատ կլլել: Նա քայլում էր ուղիղ դեպի Հյակ պապը և եթե Հայկը չփոխեր իր ուղղությունը, ճանապարհ չտար նրան, բախվելու էին:
-Կեր, կերկոխ եղի, քիչ մնաց,- չարացած նետեց նրա հետևից Հայկ պապը ու արձագանքի չսպասելով շարունակեց քայլել։
Հետո , Ազատության հրապարակում, երբ մտավ հանրահավաքի մասնակիցների մեջ ու իրեն շրջապատեց հարազատ դարձած մարդկանցով, սիրտը ջերմացավ, չարությունը անցավ և արդեն ինքն էլ չէր հասկանում, թե ինչու կոպտեց բուտեբրոդը ծամող տղամարդուն:  
Ոգևորող հանրահավաք եղավ,  հզոր երթ, իսկ երթից հետո, երբ վերադարձան ազատության հրապարակ, ջահելները քոչարի պարեցին: Հայկ պապը հեռվից նայում էր այդ տեսարանին և այնքան վառ էր հույսը, այնքան մեծ էր ոգևորությունը, որ չէր  շտապում տուն գնալ ու տեսնում էր, որ մյուսները նույնպես չեն ուզում թողնել հրապարակը: 
Կեսգիշերին, երբ արդեն պատրասվում էր քնել, Սաքոն հյուր եկավ: Չէր դիմացել մինչև առավոտ, ուզում էր իմանալ, թե ինչ է եղել հանրահավաքին:
-Հը, դե պատմի:
-Լուրերը չես նայո՞ւմ,- հեգնեց Հայկ պապը:
Սաքոն խեղճացավ, գլուխը կախեց:
-Լուրերն ինչ…
Հայկ պապը մեկ ուզում էր պատժել, ոչինչ չասել, բայց չկարողացավ: Վերջիվերջո իր ընկերն էր, վերջիվերջո երեք տարի շարունակ  եկել էր իր հետ հանրահավաքների ու վերջին մի քանի հանարահավաքն էր միայն, որ բաց էր թողել: Սաքոն ամենաարագ հանձնվածներից չէր, ամենաշուտ հոգնածներից չէր:
-Սկսել ա,- ասաց Հայկ պապը:
Ուրախության ու ոգևորության ալիք անցավ նրա մարմնով, ձայնը դողաց:  
 
 

Комментариев нет:

Отправить комментарий