25.12.2011

Սեդա Մեսրոպյան «Համենայն դեպս` ես միշտ պատրաստ եմ»

- Ա-զա-տու-թյուն, ա-զա-տու-թյուն, Ա-րեգ, Սա-քո, Տիգ-րան, Սեր-գեյ...
Էս մենք ենք` կենտրոնի ոստիկանատան մոտ: Առայժմ չորս հոգով ենք` Անահիտը, Լիզան, Գայանեն ու ես: Մյուսները Սարյանի մոտից ավելի ուշ են միանալու մեզ: Մայիսի 30-ն է, ու մեր ջահելներին նորից ոստիկանություն են բերել, որովհետև նրանք չարամտորեն փորձել են զբոսնել Ազատության հրապարակում ու խարխլել երկրի ճահճային կայունությունը:
Չորսից ամենահավասարակշռվածը ես եմ:
Մյուս երեքը ժամանակ առ ժամանակ լեռվակռվի են բռնվում ոստիկանների կամ հարևան շենքի` ոստիկանության հետ հաստատ համագործակցող «բոշա» կնանիքի հետ, իսկ ես ջանում եմ պահպանել առայժմ երերուն հանդարտությունը:

Ես հաստատ հերոս չեմ: Հիշում եմ, Հյուսիսային պողոտայի «քաղաքական զբոսանքների» ամենաթեժ օրերին (ինչ թույն արտահայտություն է, չէ՞. քաղաքական զբոսանք) ամեն օր վալերիանկայի հաբերը կուլ էի տալիս ու ճամփա ընկնում զբոսանքի: Նայում էի երթուղայինում կողքիս հանգիստ նստած կամ փողոցով անցնող անդարդ մարդկանց ու մտածում էի` երանի սրանց, որ իրենց պարտավոր չեն զգում գնալ Հյուսիսային: Բայց ի՞նձ ով էր պարտադրում: Մի անգամ մերոնց ասացի. «Սիրտս վկայում է, որ էսօր իմ հերթն է, ինձ են տանելու ոստիկանություն»: Ասացին. «Դու էլ էսօր մի գնա»: «Ո՞նց չգնամ, քաղաքացիական պարտքս թույլ չի տալիս»,- ճոռոմաբանեցի ես ու գնացի: Էդ օրն էլ ինձ չտարան, ու առհասարակ` չտարան: Ինչ-որ տեղ նույնիսկ վիրավորական է: Լավ է` գոնե ընտանիքիս անդամներին մի քանի անգամ տարել են ու մի քանի ժամից էլ բաց են թողել, թե չէ` խայտառակ էինք լինելու: Բայց ինձ ոչ մի անգամ չտարան:
Հա, ինչ էի ասում: Ուրեմն` չորս կանանցով կանգնել ենք կենտրոնի ոստիկանության դեմը ու գոռում ենք.
-Ա-զա-տու-թյոն, Սա-քո, Տիգ-րան, Ա-րեգ, Հա~յկ....
Ու էդպես` կեսօրից մինչև երեկո, երբ վեջապես տղաներին բաց թողեցին:
Արդեն գիշերվա տասն էր, և երբ ես մտա մեր մուտք ու սեղմեցի վերելակի կոճակը, մեր շենքի մոտ մի մեքենա կանգ առավ, ու էնտեղից երիտասարդ մի ոստիկան դուրս եկով ու վազելով մոտեցավ վերելակին: «Եկավ իմ հետևից»,- անցավ մտքովս, բայց առանձնապես չվախեցա, որովհետև ամբողջ օրն էնքան էի «շփվել» ոստիկանների հետ, որ էս հանդիպումն էլ դրա բնական շարունակությունը թվաց: Համ էլ, մտածեցի, վերջապես ինձ էլ կտանեն ոստիկանություն.... Ինչ երկարացնեմ, հիմա լարված սպասում եմ, որ էս ջահել ոստիկանը ինձ մի բան ասի, ասենք` «Հետևեք ինձ» , կամ եսիմ ինչ: Բայց սա ձեն չի հանում: Վերելակը եկավ, մենք երկուսով մտանք ներս:
- Ես` վեց,- ասաց ոստիկանը:
-Ես էլ` հինգ,- մարտահրավերի նման, բայց մի քիչ հիասթափված վրա բերեցի ես ու որոշեցի հարձակման անցնել:- Բայց ինձ թվում էր` դուք իմ հետևից եք եկել:
-Չէ, ինչի՞ պիտի ձեր հետևից գայի,- զարմացած հարցրեց ջահելը:
-Կարծում եմ` դրա պատճառները կան,- չնահանջեցի ես:
-Չէ, ձեր հետևից չեմ եկել,- ավելի զարմացած ու տարակուսած ասաց ոստիկանը:
Էդ պահին վերելակը հասավ մեր հինգերորդ հարկ , ու դռները բացվեցին:
-Համենայն դեպս` իմացեք, որ ես միշտ պատրաստ եմ,- հպարտ-հպարտ հոխորտացի ես ու դուրս եկա:
Վերջին պատկերը, որ տպվեց հիշողությանս մեջ, ջահել ոստիկանի ապշահար , բայց նաեւ մի քիչ հետաքրքրված հայացքն էր, որն անհետացավ վերելակի փակվող դռների ետեւում:
Էդ օրվանից մտածում եմ, թե տեսնես էդ տղան վերցերորդ հարկում ո՞ւմ տուն էր գնում, տեսնես հետաքրքրվե՞լ է`, թե` էս ձեր հինգերորդ հարկում մի կին կա` էսպես ու էսպես, էդ ո՞վ է: Միակ հույսս էն է, որ հարևաններս ասած կլինեն` ընդդիմադիր է, ու ինքը հասկացած կլինի, որ ես էն չեմ նկատի ունեցել, ինչ որ ինքը մտածել է... Բայց դե ամչում եմ հարևաններիս բան հարցնեմ...

Комментариев нет:

Отправить комментарий