23.01.2012

Արտակ Համբարձումյան «2012-ի Ոստիկանը»

Աշխատանքը` Սամվել Վանոյանի (Արտ-լաբարատորիա)
Դուք երբևէ լսել ե՞ք գռադի (ռումբի) ձայնը, օ~, իհարկե, հավանաբար  ֆիլմերու՞մ , թե՞ պատերազմի որևէ մասնակից է պատմել: Այժմ մոռացեք այդ բոլոր լսածներն ու կարդացածները, քանզի ոչ ոք չի կարողանա պատկերացնել, հասկանալ   մահվան սպառնալիքի այդ զգացումը,  քանի դեռ անձամբ չի հայտնվել  մահաբեր անձրևի հարվածների տակ, թաքնվել նրա դղրդյունից, ցավեցնելու չափ սեղմել ականջները`այդ  անտանելի ձայնը վանելու համար:  Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայերի մի ամբողջ սերունդ մեծացավ`  գռադի  պայթյունների ձայնը ականջներում, նրանք ծնվեցին, դաստիարակվեցին ու հասունացան Անկախ Արցախում, միմիայն հայկական Արցախում:
Դավիթը այդ սերնդից էր, երիտասարդների այն  սերնդից, որոնք օրեր շարունակ մնացել էին  նկուղներում` պաշտպանվելով թշնամու հարձակումներից, կծկվել ու ճզմվել ահարկու ձայնից`  իրենց մեջ խեղդելով սեփական մանկությունը:   Երբ Դավիթի հայրը  որոշել էր  գնալ առաջին գիծ, նրա մայրը փորձել էր ամուսնուն հետ պահել, լավ իմանալով սպարտացի կնոջ մասին լեգենդն ու նմանատիպ այլ դյուցազներգություններ` փորձել էր հետ պահել`  հարցնելով, թե ո՞վ  պետք է պահի իր ընտանիքը, եթե նա զոհվի, Դավիթի հայրը պատասխանել էր, որ դա կանեն նրանք, ովքեր հետ կգան, ովքեր կկարողանան ողջ մնալ, նա նաև պատգամ էր թողել որդուն. մեծանալ և դառնալ մարդ, որը կանի հանրօգուտ աշխատանք, վեհ կպահի արցախահայի մեծ անունը :
Պատերազմը ավարտվեց,  ոմանք վերադարձան իրենց օջախները, բայց ոչ Դավիթի հայրը, չվերադարձան նաև նրանք, ովքեր պետք է  տեր կանգնեին իրենց զոհված ընկերների ընտանիքներին: Եվ բազում կանայք, Դավիթի մոր պես, ճաշակեցին միայնության ու միայնակ զավակ մեծացնելու անտանելի դառնությունը, նրանց կողքին չկանգնեցին ո՛չ նոր-նոր ձևավորվող պետությունը,  և ո՛չ էլ հարստության ու պաշտոնների անվերջանալի մրցավազքով զբաղված նախկին հերոսները, որոնք կարճ ժամանակում զրկվեցին այդ կոչումից` նսեմացնելով իրենց փառավոր անցյալը: Թշնամին հաղթվել էր, բայց  պատերազմը հաղթած չէր, քանզի հաղթած լինելու համար պետք է նաև հաղթողին վայել ապրել, և ոչ թե գոյատևել,  միթե՞ այդքան հերոսներ զոհվեցին, որպեսզի մի խումբ ստահակներիի համար   արածելու հարուստ արոտավայր թողնեն, արոտավայր, որը կոչվում էր Հայաստան:
Հասունանալուց հետո այսպիսի մտքերը Դավիթի անբաժան ուղեկիցն էին,  նա օրեր շարունակ մտածում էր իր հայրենիքի ներկայի և մառախլապատ ապագայի մասին, սակայն հոր պատգամը նա երբեք չէր մոռացել, և մի գեղեցիկ օր,  արցախյան հեռավոր շրջաններից մեկում զինվորական, իսկ ավելի ստույգ` բանտային,  ծառայությունը ավարտելուց հետո` որոշեց  գնալ Երևան  և ընդունվել ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատություն, որը միակ իրական տարբերակն էր թվում իր չգնահատված հերոս հոր և տառապյալ ընտանիքի անունը բարձր պահելու համար, իհարկե, բանակն էլ վատ տարբերակ չէր ազգին ծառայելու համար, սակայն հայկական բանակ մեկ անգամ ընկնողը երկրորդ անգամ չէր ցանկանա  այնտեղ հայտնվել`բացառություն չէր նաև Դավիթը, ուստի միակ տարբերակը մնում էր արժանավոր ոստիկան դառնալը և ազգին ծառայելը:
Երևան և Ստեփանակերտ, երկու հայկական քաղաքներ` մայրաքաղաքներ, որոնք մեծապես չպետք է տարբերվեն իրարից, հատկապես մարդկանց միջավայրով ու օդի մեջ շրջող տրամադրությամբ,  բայց որքան դժվար եղավ Դավիթի համար նոր միջավայրին հարմարվել,  արհեստածին ու անհեթեթ դժվարություններ հաղթահարել`  հասկանալ այն մարդկանց որոնք իրեն որպես օտարական էին ընդունում, երբեմն նույնիսկ թշնամի, վարձակալած տան հարևանուհու դշխեմ հայացքը, կարծես, ամեն օր կրկներ Դավիթին.
-Ինչու՞ ես շնչում իմ օդը, սա միայն իմ օդն է, դու գնա քո Ղարաբաղինը շնչիր:
 Եվ, իսկապես, որ Դավիթը իր ենթադրություններում    չէր սխալվում, այդ  կինը իսկապես, որ ատելու չափ նողկանք էր ապրում Դավիթից, մի անգամ հարևանների հետ բամբասանքի հերթական նստաշրջանին   մոտեցել էր լսափողին և հայտարարել, որ էտ ղարաբաղցի ջահելնա մեղավոր, որ իր գյոզալ բալեն չի կարում համալսարան ընդունվի, որովհետև ղարաբաղցիների համար բոլոր դռները բաց են ու իրանց երեխեքի տեղը ղարաբաղցիներին են ընդունում: Բայց ի՞նչ էր  արել երիտասարդ Դավիթը չարությամբ լցված այդ կնոջը և նրա նման հոմոհիստերիկուսներին, ոչինչ, պարզապես ինչպես գյումրեցի, վանաձորցի ու մյուս շրջանների հայ երիտասարդները` եկել էր ուսանելու, դառնալու ոստիկան`պատվի և օրենքի պաշտպան: Բոլորը չէին, իհարկե, այդպես.  շուտով գտնվեցին նաև այնպիսիները, որոնք մտերմություն էին անում` կարծելով , թե Ղարաբաղից եկած Դավիթը, հաստատ, Երևանում պաշտոնավոր ազգականներ կունենա ու իրանք էլ կողքից կօգտվեն: Դավիթը, իսկապես, որ ուներ այդպիսի բարեկամներ, բայց նրա պատիվը նրան երբեք թույլ չէր տա բախել մի ազգականի դուռը, ով  պետք եղած ժամանակ չէր եկել միայնակ մոր, զոհված հարազատի կնոջը օգնության, ո՛չ,  դա  բացառվում էր :
Սակայն սա դեռ սկիզբն էր, շուտով, ազգային գաղափարներով ու ապագայի մեծագույն հույսերով ոգևորված Դավիթը զգաց հայաստանյան իրականությունը իր ողջ «գեղեցկությամբ»: Ոստիկանական Ակադեմիան պարզվեց, որ միայն «ընտրյալների» համար է, ընտրյալներ, որոնց պապաներն էլ էին ընտրյալ, սակայն ոչ թե Աստծու,  այլ իշխանավորների կողմից:  Դավիթը`   ունենալով անհրաժեշտ գիտելիքները և պատրաստությունը, դուրս մնաց և չկարողացավ ընդունվել այն հաստատությունը, որը պետք է հանդիսանար ցատկահարթակ դեպի իր երազանքներ, դեպի իր հոր պատգամի կատարում: Այդ օրը նա կոտրված էր, սպանված,  և անարդարացիության զգացումը ծանր մուրճի պես հարվածում էր նրա գլխին, և այդ պահին էր, որ նա հիշեց իր մի վաղեմի ընկերոջը,  որին մեղադրում էր հայրենի հողից  արտագաղթելու համար, այդ ընկերոջ ընտանիքը բավականին լավ էր ապրում, այն եզակիներից էին ովքեր կարողացել էին գտնել հաջողության ճանապարհը այդ մութ միջավայրում, սակայն նրանք էլ գնացին և գնացին ոչ թե վատ կյանքից, այլ  անպատժելիությունից, անարդարության զգացումից,  երբ մի պաշտոնավորի մնացուկ վրաերթի էր ենթարել իրենց ազգականին և կարողացել մնալ ազատության մեջ և շարունակել կյանքը, կարծես, ոչինչ էլ չի եղել, կարծես, մի մորեխ է տրորել և անցել: Նյութական վատ վիճակը, որքան էլ ծանր լինի, բայց տանելի է, սակայն անարդարությունը և դա ամեն օր զգալն ու հասկանալը չափազանց ծանր պատիժ են դրանք լուռ տանելու և համակերպվելու համար:
Դավիթը  մի պահ մտածեց հեռանալու, երկիրը լքելու մասին, բայց ինչպես թողներ մի հող, որը իր հոր և նրա նմանների կյանքն էր արժեցել:  Նրա համար ավելի նախընտրելի էր  պայքարը արդարության և նորմալ, պարզապես մարդկային ու հասարակ և ոչ իդեալական կյանքի համար, սակայն միթե՞ մինչ օրս որևէ մեկը կարողացել է միայնակ փոխել մի ամբողջ երկիր, ամբողջ հասարակարգ,  այն էլ` կլեպտոկրատական հասարակարգ,  ո՛չ, դա անիրական էր, իսկ պայքար այդ ժամանակ տանում էին միայն այն մարդիկ, որոնց Դավիթը համարում էր ղարաբաղցիների դեմ գլխավոր թշնամանք սերմանողներ, ուստի ինքը այդ մարդկանց կողքին անելիք չուներ:
Նա այս մտորումների մեջ էր, երբ խմելու անհագ ծարավ զգաց, լինում է չէ , հատկապես տղամարդկանց մոտ, որ զգում են ալկոհոլի պակասը ստամոքսի սառած անկյուններում, և Դավիթը որոշեց մտնել փողոցի հեռավոր անկյունում  երևացող, արտաքինից  խղճուկ թվացող հաստատությունը` մտածելով, որ երևի այնտեղ են հավաքվում իր նման մենակներն ու խեղճերը: Բայց ինչպիսի~  զարմանք ապրեց Դավիթը, երբ տեսավ այդ փոքրիկ տարածքում խմբված ուրախ մարդկանց,  նրանց հագ ու կապից երևում էր, որ ունևոր չեն, բայց խեղճի տպավորություն էլ չէին թողնում և զվարճանում էին այնպես, կարծես, հասել են երջանկության չտեսնված գագաթնակետին,  ոմանց հագուստին ինչ որ գրություններ էին ամրացված, իսկ դրանց վրա գրված էր «սկսելա՛», սա բավականին տարօրինակ և անհասկանալի թվաց Դավիթին,  «ինչնա ՞ սկսել»- բարձրաձայն մտածեց նա, և կողքից  մի հայացք զգաց իր վրա.
-    Մեր պայքարի հաղթական փուլնա սկսել,- ասաց անծանոթը:
-    Ու ինչի՞ համար եք պայքարում,-  անակնկալի եկած`  հարցրեց Դավիթը:
-    Քո համար ենք պայքարում,- առավել սրելով խոսակցությունը`ասաց այդ   խորունկ ժպտացող օտարականը:
-    Ի՞մ համար,- առավել զարմացավ Դավիթը:
-    Հա, հա հենց քո համար, ինչի դու Հայաստանի քաղաքացի չե՞ս:
-    Չգիտեմ`  դուք ինչպես, բայց ես ինձ էլ եմ համարում Հայաստանի քաղաքացի, Արցախն էլ է Հայաստան,- պատասխանեց Դավիթը`հասկանալով, որ սա այն մարդկանցից է, որոնց  Ղարաբաղում իր ծանոթ քաղաքագետ բիսետկավարները  «Լևոնական» էին կոչում:
 Դավիթը մի պահ մտածեց թողնել և հեռանալ այդ օտար ու թշնամամետ միջավայրից, բայց դա գեղեցիկ չէր լինի, մյուս կողմից էլ ինչպես նստեր այս մարդկանց շրջապատում: Արցախում Հայաստանի ընդդիմության մասին տեղեկությունները շատ չէին, մարդիկ էլ առանձնապես չէին հետաքրքրվում` մտածելով, որ  այնտեղ բոլորը ատում են ղարաբաղցիներին և «Ղարաբաղյան կլանի» տապալման դեպքում բոլոր ղարաբաղցիներին հետ են ուղարկելու, իսկ Ղարաբաղն էլ ծախելու են ազերիներին: Սա էր տարածված տեսակետը, որի վերաբերյալ Դավիթը երկար չէր էլ մտածել, բայց այս մարդը նրա վրա վատ տպավորություն չթողեց, անգամ իր ղարաբաղյան խոսելաձևը, կարծես, վատ չէր ընդունվում, բացի այդ տխուր տրամադրության ժամանակ ավելի հաճելի բան, քան անծանոթ զրուցակիցը չի կարող լինել, ծանոթների հետ բարդ է շփվելը, արտահայտվելը, հատկապես, երբ պետք է պարտությունդ արձանագրես, իսկ անծանոթի հետ այլ է, դա պատասխանատվություն չի պահանջում:
Քաղաքացիության վերաբերյալ Դավիթի պատասխանին անծանոթը միայն ժպտաց և առաջարկեց ծանոթանալ, նրա անունը Օհան էր, բավականին զորեղ և հուժկու մարդու տպավորություն էր թողնում և դատելով իր պահվածքից`  այդ ընդդիմադիրների շրջապատում իրեն բավականին վստահ էր զգում, երևի թե շատ հարգված անձնավորություն էր: Այս գրավիչ մթնոլորտում Դավիթն էլ սկսեց իրեն վստահ ու ազատ զգալ, արդեն չէր էլ խորշում իր ղարաբաղյան խոսելաձևից, երբեմն անգամ  լրիվ բարբառին էր անցնում, չնայած, որ Երևանում անցկացրած առաջին օրերին շատ էր քաշվում դրանից, լեզուն կարծես դրոշմում էր իր ծագումը և շատերի մոտ կանխակալ վերաբերմունքի պատճառ դառնում, բայց ոչ այստեղ,  Օհանին, անգամ, դուր էր գալիս ղարաբաղյան բարբառը:  Այս մարդը, կարծես, գիտելիքի շտեմարան լիներ Դավիթը երբևէ հնարավորություն չէր ունեցել շփվել այդպիսի մարդկանց հետ, նրանց զրույցը բավականին երկարեց` արծարծելով, բոլոր այն թեմաները, որ կարող էին ունենալ երկու նոր ծանոթներ, Օհանի խոսքերը հույս էին ներշնչում Դավիթին ոչ միայն իր, այլև երկրի ապագայի հանդեպ, առաջին անգամ նա տեսավ մեկին ով չէր հայհոյում իր հայրենիքը ու անմիջապես լքելու կոչ անում, Օհանի մեջ զգացվում էր  ազատության անմար կրակն ու պայքարելու վճռականությունը, դա հիացմունք պատճառեց  Դավիթին:
Դուրս գալով այդ նեղլիկ գարեջրատնից` Դավիթը իրեն լրիվ այլ կերպ էր զգում, նա վստահություն ու վճռականություն էր զգում իր մեջ, մինչև վերջ պայքարելու և չհանձնվելու   վճռականություն: Որպես պարտվող վերադառնալ հայրենի տուն Դավիթը չէր ուզում, և ինչպես նա պետք է նայեր իր մոր աչքերին, որի միակ հույսն էր ինքը, ուստի որոշեց մնալ Երևանում և իրականություն դարձնել սեփական նպատակները : Ոստիկան դառնալու նրա որոշումը անբեկանելի էր, և Դավիթը որոշեց  աշխատել որպես շարքային ոստիկան, ինչը ևս նրան կտար իր ցանկությունները իրականացնելու հնարավորություն, ի վերջո ո՞վ է ասել, որ շարքային ոստիկանը ավելի քիչ կարող է օգնել մարդկանց, քան քննիչը կամ առավել պաշտոնավորը, մանավանդ, որ շուտով խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենային և ոստիկանների կարիք էր զգացվում:  Սակայն պարզվեց, որ անգամ որպես շարքային ոստիկան աշխատանքի ընդունվելը բավականին բարդ պրոցես է, առավել բարդ քան որոշ աֆրիկյան ցեղերում տղամարդ դառնալու` ինիցացիայի գործընթացը, որտեղ երիտասարդները տարբեր փորձություններ են հաղթահարում տղամարդ կոչվելու համար: Հայաստանում ոստիկան դառնալու ինիցացիայի պրոցեսը առավել հեշտացված էր, և փորձություններ հաղթահարելու փոխարեն պետք էր պարզապես վճարել, վճարել`   ազգի ծառայողը դառնալու համար: Սակայն Դավիթի դեպքում բացառություն ստացվեց, այն մարդը, որը ընդունում էր աշխատանքի մտածեց, որ ընտրություններին ընդառաջ  ղարաբաղցի ոստիկանը չի խանգարի,  և Դավիթը ընդգրկվեց մի բաժնում, որը ղեկավարում էր Ասաս ածականով մի հայտնի ոստիկան:
Առաջին գործը, որին ձեռնամուխ եղավ Դավիթը դա իր ղեկավարի չափազանց հետաքրքիր ածականի ծագումը պարզելու գործն էր, և պարզվեց, որ «Ասաս»-ի վերաբերյալ բաժնում երկու վարկած էր շրջանառվում. ըստ դրանցից մեկի «Ասասը» դա «ասասին» բառից ծագող անվանում էր, ինչը նշանակում էր վարձու մարդասպան, սա շատ հետաքրքրեց  Դավիթին, բայց պարզվեց, որ երկրորդ վարկածը  չէր զիջում առաջինին, ըստ դրա պետի ածականը ծագում էր ռուսերեն 'сосать' բառից, սա էլ նրա հետաքրքիր սեռական կողմնորոշմամբ էին բացատրում:  Պետի մասին բազում պատմություններ կային, բայց ամենահետաքրքիրը նրա վերելքի մասին պատմությունն էր, որը ավելի մեծ հրաշք էր թվում, քան չինական տնտեսական հրաշքը, պարզվում է, որ Ասասը եղել էր շարքային ոստիկան, սակայն 2008թ.-ի գարնանից հետո միանգամից սկսել էր վերև բարձրանալ և հասել էր բաժնի պետի աստիճանի, չորս տարվա ընթացքում գրանցած այդպիսի վերելքը շատ զարմացրեց Դավիթին, «հավանաբար նա լավ ծառայող է, չնայած իր անվան վերաբերյալ պատմություններին»,-  մտածում էր երիտասարդ ոստիկանը:
Ընտրական շրջանը մոտենում էր և նորընծա ոստիկան Դավիթը մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին, նա շատ էր հարցրել իր գործընկերներին 2008թ.-ի ընտրությունների մասին, բայց ոչ ոք հստակ ոչինչ չէր ասում, ոմանք ասում էին, որ կայֆա ըլնում ընտրությունների ժամանակ, լավ պրեմիաներ են տալիս, ոմանք էլ ասում էին, որ շան տանջանք են քաշում ու օրը երեք անգամ եթե անգամ հաց չուտեն, ապա հայհոյանք հաստատ լսում են: Սա զարմացնում էր Դավիթին, իհարկե, կան վատ ոստիկաններ, որ իրենց պարտականությունները լավ չեն կատարում, բայց ինչպես կարելի է հայհոյել քո ազգակից ոստիկանին, նրան ով կոչված է քեզ պաշտպանելու: Սրանք հարցեր էին, որոնց պատասխանը Դավիթը ստացավ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որտեղ ինքը պետք է կարգ պաշտպաներ:
Ասասի բաժինը հենց մասնագիտացած էր ընդդիմության դեմ գործողություններ կատարելու համար, և Դավիթի`այս բաժնում հայտնվելը պատահական չէր, ոմանք կարծում էին, որ ղարաբաղցուց առավել ոչ ոք չի ատի ընդդիմադիրներին, իսկ իրենց էլ հենց ատողներ էին պետք: 
Ընտրություններից առաջ սա ընդդիմության վերջին հանրահավաքն էր, դրա համար էլ Ասասի բաժինը լրջորեն էր պատրաստվում դրան, սակայն ոչ Ասասը, նախորդ գիշեր նա հարբել էր իր  ղեկավարների հետ և այդ օրը իրեն վստահ չէր զգում, բացի այդ ստիպված էր հագնել իր սովորական համազգեստը, քանի որ էլիտարը, որը հատուկ իր համար էին կարել, գիշերվանից հետո ենթարկվել էր դաշնակների տեռորիստական գործողություններից ավելի զորեղ ու հուժկու զանգվածային գրոհի`Ասասի ստամոքսի կողմից, դա սովորական էր նրա համար ու կեղտի մասին նա չէր էլ մտածում, բայց այդ անգամ ստամոքսը բոլոր չափերը անցել էր,  և համազգեստը երկարատև ընդմիջումից հետո պետք եղավ լվանալ և հագնել սովորական համազգեստը, որպիսին հագնում էին շարքային ոստիկանները: 
Ընդդիմությունը ընտրությունից առաջ բավականին զորեղացել էր, և Ասասին հատուկ հրահանգ էր տրված սադրանքներ կազմակերպել , բայց այդ օրը նա թերացավ, չորս տարվա մեջ առաջին անգամ նշանավոր ընդդիմադիրատյաց Ասասը թերացավ,  մի անտանելի ցավ տանջում էր նրան ներսից ու նա չգիտեր, թե ինչ աներ, մի պահ անգամ մտածեց թե 2008թ-ի դեպքերի համար ուշացումով խիղճն է արթնացել ու սկսել  տանջել 10 երիտասարդների հոշոտմանը մասնակից լինելու մեջ, բայց հետո պարզվեց, որ նրա հետույքն էր քոր գալիս: Լինու՞մ են չէ այդպիսի վարկյաններ, երբ սկսվում է այդ անտանելի քորը, իսկ եթե դու հայտնի ոստիկան ես`շրջապատված` հարյուր հազարավոր ցուցարարներով ու այլ ոստիկաններով, ապա այդ ժամանակ հետույքի քմահաճույքները բավարարելը դառնում է չափազանց խրթին գործ: Ասասը մի պահ ձեռքը մտցրեց տաբատի հետևի գրպանը`փորձելով հասնել էպիկենտրոնին, բայց ոչ,  հագուստի միջով այդ միջնորդավորված քորը չէր բավարարում նրան, և այդ վարկյանին ինչպիսի~ երանություն էր թվում Ասասի համար իր տունը, որտեղ նա մի քանի վարկյանում դեն կնետեր այդ ատելի տաբատը և կքորեր, այնպես կքորեր, որ  եղունգները կմխրճվեին մսակույտի մեջ`հագեցնելով քորի ծարավը: Ասասի աչքերը սկսեցին մի թաքուն ծակ ման գալ, որտեղ կկարողանար  կատարել իր երազանքը, նա ծակեր գտնելու և մտնելու մեծ վարպետ էր, անգամ երբեմն շփոթում էր ինքը մասնագիտությամբ ոստիկան է, թե ծակ մտնող: Այս տանջանքի մեջ էր Ասասը, երբ հանկարծ նկատեց, որ իր ոստիկաններից մեկը զրուցում է ցուցարարներից մեկի հետ, սա չորս տարվա ընթացքում չտեսնված երևույթ էր, իրենք կամ պետք է կռվեն, կամ քաշքշեն, կամ հայհոյեն, բայց ժպտալով զրուցե՞լ, դա անհնարին էր: Ասասը  դա կսպասեր բոլորից, բայց ոչ երբեք Ղարաբաղցի Դավիթից, որին նա արդեն իր ամենավստահելի գրոհայինն էր համարում, սա Ասասի մեջ կասկածներ առաջացրեց, բայց նա զսպեց իրեն` վախենալով ղարաբաղցի  շարքայինի  հնարավոր կապերից: Այդ հանրահավաքը  անցավ խաղաղ, ընդդիմադիրները միաձայն հայտարարեցին ընտրությունների կեղծման դեպքում իրենց հավաքվելու և պայքարելու հաստատակամության մասին և հեռացան:
Դավիթը երբևէ ընտրությունների չէր մասնակցել, այսինքն բանակում էր մասնակցել, բայց այնտեղ ընդհամենը ստորագրել էր աֆիցեռի ասած մարդու օգտին, իսկ ընտրության չէր մասնակցել: Բաժնում արդեն խոսում էին առաջիկա անելիքների մասին, Ասասը ասել էր, որ իրենց կուսակցությունը հաղթելու է ու դա վաղուց որոշվածա, դրա համար էլ պատրաստվում էին ընդդիմության ցույցերին, ասում էին, որ այս անգամ նրանք ավելի էին զորեղ, քան 2008թ.-ին, որովհետև ինֆորմատորներն ու դավաճանները  հեռացվել էին: Շուտով, եկավ այդքան սպասված և միևնույն ժամանակ չսպասված օրը և Դավիթը լսեց, որ ամեն ինչ եղել է այնպես ինչպես Ասասն էր նկարագրել`  իրենց կուսակցությունը հաղթել էր: Դավիթը լավ էր հասկանում ամեն ինչ, գիտեր նաև  այդ «հաղթանակի» գինը: Բայց բոլորը պատրաստվում էին ընդդիմության գլխավոր ցույցին, կայֆի սպասող ոստիկանները ուրախացել էին և սկսել էին հիշել 2008թ.-ի իրենց «սխրանքները»`քաղաքացիական հագուստով իրենց շեֆերի խանութների թալանը, ոմանք էլ հիվանդացել էին և աշխատանքի չէին եկել`փորձելով խուսափել այդ դաժան օրվանից, բայց  Դավիթը որոշեց չհիվանդանալ, որովհետև ինքը կոչում ուներ դա ոստիկանն էր, ինքն էր այն մարդը ով պետք է պաշտպաներ այդ ցուցարարների ցույց անելու իրավունքը:
Երևանյան փողողները լցվեցին մարդկանցով, բոլորը դժգոհ էին ընտրություններից. դրանք կրկին կեղծվել էին, Ասասը հրաման էր ստացել զսպել ցուցարարներին,  Մարտի 1-ից հետո այդ գործը ուրիշին չէին վստահում. նա մասնագիտացել էր մարդկանց հալածելու «արվեստի» մեջ: Եվ սկսվեց այն ինչին սպասում էին որոշ  ոստիկաններ և ինչից այդքան վախենում ու խուսափում էր Դավիթը, հրամայված էր ցրել մարդկանց` ամեն գնով: Ասասը գաղտնի ներքին հրաման էր տվել անգամ չխորշել զենք կիրառելուց: Դավիթը սկզբում իներցիայով շարժվեց ոստիկանների հետ դեպի բազմությունը, շուրջբոլորը տարածվող այդ աղաղակներն ու խառնաշփոթը մի պահ Դավիթին հիշեցրին իր ոչ մանկական մանկությունը, գռադների ձայները կրկին  գրոհեցին նրա ականջները, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի ահարկու էր և անմարդկային, քան պատերազմի ժամանակ, որովհետև սա պատերազմ չէր, սա ծագումով հայի ոճիրն էր հայ քաղաքացու նկատմամբ, որևէ պատերազմ չի կարող համեմատվել այս եղբայրասպանության հետ:  
Շուտով ամբոխի մեջ Դավիթի աչքին երևաց  Օհանը, որը այդքան ոգևորել էր նրան և ոգեշնչել,  Օհանին  քաշքշում էին կայֆ փնտրող ոստիկանները,  Ասասը հեռվից էր նայում` նա երբեք չէր վտանգի իր քոր եկող հետույքը, ոստիկանների մյուս խումբը Դավիթի կողքին էր, նրանց արգելել էին հիվանդանալ և բերել էին ցույցի`  մարդկանց քշելու: Դավիթը երկընտրանքի մեջ էր, մի կողմում Օհանն էր ու նրա գաղափարակիցները ովքեր  պայքարում էին արդարության համար, որի իսպառ բացակայությունից  այդքան տուժել էր նաև Դավիթը, իսկ մյուս կողմում իր կոչումն էր ու ուսադիրները, որին այդքան ձգտել էր նա, և «ի՞նչ կաներ իմ հերոս հայրը»,- մտածեց  Դավիթը և առանց վարկյան անգամ տատանվելու` դեն նետեց իր զենքերը, որոնցով պետք է վնասեր մարդկանց, հայ մարդկանց, նա պոկոտեց իր վրայից  ոսադիրները, որոնք այդ պահին վկայում էին ոչ թե ոստիկան, այլ դահիճ լինելու մասին: Նա    միացավ Օհանին ու մյուս ազատության մարտիկներին, նրան հետևեցին նաև մյուս տատանվողները, որոնց մեջ արթնացավ իրենց խիղճը, կամքը և ամենագլխավորը`մարդը, բայց նրանք չդավաճանեցին նաև իրենց կոչումին`ոստիկանին, որովհետև ոստիկանի պարտքը քաղաքացուն կողքին կանգնելն է, այո՛, կողքին և ոչ թե նրա դեմ: 
Ազատության պայքարը պսակվեց հաղթանակով, դրա մեջ իրենց մեծ ներդրումն ունեցան «Դավիթ» ոստիկանները, որոնք  իսպառ ջնջեցին և պատմության աղբարկղը նետեցին հոմոսովետիկուս մտածողության մենթերին ու ստեղծեցին  նոր ոստիկանին, քաղաքացիապաշտպան ոստիկանին, կամ 2012-ի ոստիկանին:     

Հ.Գ.- Այս նյութը կոչ է`ուղղված բոլոր ոստիկաններին ու պետական ծառայողներին ովքեր շուտով կանգնելու են մեր կողքին, այո՛, հենց մեր կողքին և ոչ մեր դեմ: Եղեք Դավիթ և թույլ տվեք, որ ձեր միջի Դավիթները պարուրեն ձեր հոգին ու մարմինը`դարձնելով ձեզ իսկական քաղաքացի, իսկական ոստիկան:

Комментариев нет:

Отправить комментарий