09.01.2012

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ»


 
Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղի մի երիտասարդ հանրապետական ինձ պատմել է մի դեպքի մասին, որին ականատես է եղել 2008-ի պատմական նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղի հանրապետական ակտիվը ավտոբուսով գնացել էր /ընդդիմադիրը կասեր՝ տարել էին/  Արտաշատ, մասնակցելու իրենց կուսակցության կողմից կազմակերպված նախընտրական ցույցին: Թեկնածուի ճառից հետո միամիտ գյուղացիները պատրաստվում էին գոռալ «Առա~ջ, Հայաստան», բայց այդ պահին միացան բարձրախոսները, որոնք խլացրեցին նրանց թույլ ձայները:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Ոչ միայն այն պատճառով, որ շուտով կրկին ընտրություններ են լինելու: Հիմնական պատճառը մշակույթի նախարարության վերջին հրամանագրերից մեկն էր ֆոնոգրամաների օգտագործման մասին, որը հասարակական բավական թեժ բանավեճի թեմա դարձավ: Հրամանագրի կողմնակիցները պնդում էին, որ այն կբարձրացնի շոու-բիզնեսի պրոֆեսիոնալիզմը, ընդիմադիրները՝ որ Հայաստանում դեռևս չկան համապատասխան տեխնիկական հնարավորություններ և դեռ վաղ է ամբողջովին անցնել «կենդանի ձայնին»:
Կլինեն մարդիկ, որոնք վերոհիշյալ հանրահավաքը կդիտարկեն որպես շոու, որն անցկացվում էր ֆոնոգրամայի ուղեկցությամբ: Հետաքրքիր կլիներ լսել ֆոնոգրամայով անցկացվող միտինգների կողմնակիցների և հակառակորդների կարծիքները: Ցանկության դեպքում կարելի է պատկերացնել այդպիսի հնարավոր բանավեճ:
Ֆոնոգրամայի օգտագործման կողմնակիցները կբողոքեն քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակից, իսկ  ֆոնոգրամայով հանրահավաքների հակառակորդները, որ ֆոնոգրամայի արգելումը կմեծացնի քաղաքական պրոֆեսիոնալիզմը, ինչպես համարում է իմ լավ ծանոթներից մեկը:
Քաղաքակական շոուն Հայաստանում հարուստ պատմություն չունի: Նրա առանձին դրսևորումները կարելի էր հիշել 2003-ի ընտրություններում, բայց իր ողջ հմայքով և ընդգրկումով այն իրեն դրսևորեց 2007-08 թթ. ընտրություններում: Դեռ 10 տարի առաջ քաղաքական շոուն Հայաստանում դեռևս անհնար էր, այն պարզ պատճառով, որ չկար շոու բիզնես, չկար շոու բիզնեսի գոյության համար անհրաժեշտ «աստղաբույրը»: Հայաստանն այլ ապրանքների հետ համատեղ ներմուծում էր նաև շոու բիզնեսի «աստղերին»,` հիմնականում Ռուսաստանից և Սփյուռքից: Հիշում եք այն հայտնի անեկդոտը, երբ երեխային հարցնում են, թե մեծանաս ով ես դառնալու, եւ երեխան պատասխանում է՝ «սփյուռքահայ երգիչ»:
Այսօր դրությունը կտրուկ փոխվել է: Սա այն բնագավառն է, որտեղ ներմուծումը հաջողությամբ փոխարինվել է տեղական արտադրությամբ, և նույնիսկ արտահանվում է Ռուսաստան և Սփյուռք: Ռուսական «աստղերը» սոսկ ձայնակցում են մեր աստղերին, իսկ Սիրուշոն համարում է, որ կարող է մրցակցել Սաշա Բելովի հետ: Եթե դատենք սոսկ բաներային գովազդի վիճակագրությամբ, ապա բջջային կապից հետո ամենահաջողակ բիզնեսը Հայաստանում հենց շոու բիզնեսն է. «աստղերի» դիմանկարները պաստառներին ավելի շատ են, քան խորհրդային տարիներին Լեոնիդ Իլիչ Բրեժնևի պատկերները: Նրանք մեր երկրի ամենահայտնի մարդիկ են և նրանց հետ կարող են մրցել միայն քաղաքական որոշ գործիչներ: Աշոտ Ղազարյանը էկրանին ավելի քիչ չի հայտնվում, քան բարեպաշտ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Կարապետիչի քաղաքական կշիռը պայմանավորված է նրա «ադամանդների»  հաջողությամբ:
2007 -ի ընտրությունների օրը համընկավ Եվրատեսիլի հետ: Հաղորդավարն այն կարծիքը հայտնեց, որ Եվրատեսիլի բջջային զանգերն ավելի կարևոր են, քան խորհրդարանականն ընտրությունները: Շոու բիզնեսի ազդեցության ուժը հավասարվել է քաղաքականին, և նրանք իրար փոխադարձաբար լրացնում են:
Հավանաբար շատերն են նկատել, որ իշխող կուսակցությունները և Իտալիայում, և Ռուսաստանում, և Հայաստանում նույն կարգախոսն են որդեգրել: Առաջնությունը իհարկե պատկանում է Իտալիային և, ինչպես հայտնի է` կարգախոսը հնարել է հեռուստատեսային և ֆուտբոլային մագնատ Բեռլուսկոնեն: Նրա կուսակցության անվանումը՝ Forza Italia, կարելի է թարգմանել և «Առաջ, Իտալիա», և «Հուպ տուր, Իտալիա»: Իտալիայում այդպես են վանկարկում ֆուտբոլասերերը: Բեռլուսկոնին առաջինը հասկացավ շոու բիզնեսի ուժը և իր կուսակցությունում ընդգրկեց բազմաթիվ երաժշտական և սպորտային «աստղերի»: Ինչպես նրա, այնպես էլ Պուտինի քաղաքական հաջողությունը տպավորիչ էր: Որոշ դժվարություններով, բայց շոու քաղաքականության գործոնը աշխատեց նաև Հայաստանում: Մեկ այլ ուշագրավ զուգահեռ. ինչպես Բեռլուսկոնին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը սպորտսմենների և երգիչների ամենալավ բարեկամներն են:  Նկատեմ, որ ռուսական հանրայինն իր հեռուստահաղորդումների լիցենզիաները գնել է Բեռլուսկոնիի հեռուստաալիքներից և համապատասխանաբար՝ հայկական հանրայինը նմանակում է ռուսական հանրային ալիքին: Այս երեք երկրներում շոուն և քաղաքականությունը արդեն «երկվորյակ եղբայրներ»  են՝ դժվար տարբերակելի: Հիշեցնեմ, որ այդպես էր բնութագրում Մայակովսկին Լենինի և Կուսակցության կապը:
Հայաստանում Հանրապետականը, Ժողովրդական կուսակցությունը, Դաշնակցությունը, Բարգավաճն ուղղակի կամ անուղղակի վերահսկում են մի շարք հեռուստաընկերություններ: Դա հուշում է, որ քաղաքական շոուն շարունակելու է իր հաղթական երթը: Ընտրողներին մնում է միայն գուշակել. ֆոնոգրամա են լսում, թե՞ կենդանի ձայն: Եւ արդյոք տիկին Պողոսյանի նախաձեռնությունը կտարածվի նաեւ նախընտրական քարոզարշավի վրա, թե ոչ: Կարծում եմ, որ ոչ, մինչեւ որ չհայտնվի իշխանությունը ներկայացնող մի այնպիսի պրոֆեսիոնալ գործիչ, որը կարողանա ելույթ ունենալ առանց ֆոնոգրամայի, նման օրենք մեզ դեռ չի սպառնում:

2009 թ.

Комментариев нет:

Отправить комментарий