29.01.2012

Համբարձում Համբարձումյան «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ»

պաստառ-պատմվածք

Երեւի նրանց ծնողները շատ էին սիրել էս փոքր երկիրը, էս երկրի հողն ու ջուրը, որ իրենց աղջիկներից մեկի անունը Հայաստան, մյուսի անունը Բուրաստան էին դրել: 2008-ի նախագահական ընտրության քարոզարշավի ժամանակ մեծ քույրը՝ Հայաստանը, ութսուներկու, փոքրը՝ Բուրաստանը, յոթանասունհինգ  տարեկան էր: Ինչ խոսք, նրանց ծնողների տրամաբանությունը ճիշտ էր. նախ Հայաստան պիտի լինի, որ հետո բուրաստան դառնա:Դժվար կյանք կամ, ոնց որ ինքն էր ասում՝ "դաժան ճակատագիր" էր ունեցել Հայաստան տատը: 37-ին կուլակի մեղադրանքով Սիբիր էին աքսորել նրա հորը, հետո մահացել էր մայրը, ու փոքր քրոջն ինքն էր պահել-մեծացրել, ամուսինը գործարանի մամլիչի տակ էր մահացել, որդին ռուսական դպրոցը ավարտել, Ռուսաստանում ռուսական ինստիտուտն ավարտել, ռուս կնոջ հետ ամուսնացել, ռուսացել էր եւ տարին մի անգամ էր զանգահարում՝ Նոր տարվա գիշերը կամ իր ծննդյան օրը: "Ծննդյան օրը հիշում ա, որ կաղամբի միջից չի դուրս եկել, ու արագիլը չի լույս աշխարհ բերել, ես եմ ծնել",- ասում էր Հայաստան տատը:
Բուրաստանի բախտն այս կյանքում ավելի շատ էր բերել: Մինչեւ ծերություն ամուսնու հետ էր ապրել, ամուսնու մահից հետո էլ որդու, հարսի ու թոռների հետ էր ապրում: Որդին ու թոռներն էլ ամեն օր պահանջում էին, որ Բուրաստան տատը դուրս գա գործից, բայց նա չէր համաձայնում: Նա մտածում էր, որ քանի դեռ ոտքերն ու ձեռքերն աշխատում են, բազմանդամ ընտանիքի ընտանեկան բյուջեի ճեղքվածքը պիտի իր ուժերի ներածի չափով լցնի: 
Հայաստանն ու Բուրաստանն աշխատում էին գործարանի դրսի տարածքի հավաքարար: Ամեն առավոտ ժամը յոթից մինչեւ ինը նրանք ցախավելով ավլում-մաքրում էին գործարանի տարածքը, մինչեւ տասներկուսը պահակակետում սպասում էին նոր առաջադրանքների, եւ եթե գործ չէր լինում, տուն էին գնում: Նրանց երկուսի միացյալ ամսական աշխատավարձը հիսուն հազար էր: Շատ չի, եթե նկատի ունենանք, որ ձմռանը ձյուն է գալիս, աշնանը տերեւաթափ է լինում, քիչ էլ չի, եթե հաշվի առնենք, որ ամռանն ընդամենը մի քանի ժամ էին աշխատում:
Այդ օրը նրանք սովորականից շուտ էին ավարտել իրենց գործը, բայց երբ ցանկացել էին դուրս գալ, նրանց ասել էին, որ սպասեն, որովհետեւ ավտոբուսով գործարանի աշխատողները միտինգի պիտի գնան: Հայաստան տատը, որ տանը հեռուստացույց չուներ, քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, անգամ չգիտեր, որ նախագահական ընտրությունների ընտրարշավն է գնում, զարմացել էր, թե՝ "էս ի՞նչ խաբար է", եւ քաղաքականապես ավելի հասուն Բուրաստանը բացատրել էր, որ իրենց տանելու են Սերժի հանրահավաքին:
Գործարանի  աշխատողներով ավտոբուսը կանգնեց Հյուսիսային պողոտայում, որի երկայնքով տասնյակ ավտոբուսներ էին շարված: Աշխատողներն իջան ավտոբուսից եւ մյուս խմբերին միանալով՝ մնացած ճանապարհը ոտքով գնացին: Գործարանի փոխտնօրենն ամրակազմ բանվորներից երկուսին հրահանգեց պարզել այն պաստառը, որ իրենց հետ բերել էին: Պաստառի վերեւում խոշոր տառերով գրված էր. "Առաջ Հայաստան", իսկ ներքեւում՝ մանր տառերով գործարանի անվանումը: Գործարանի բանվորներն արագ էին քայլում, եւ Հայաստան տատը չէր հասցնում նրանց հետեւից: Բուրաստանը պարբերաբար շրջվում ու աստիճանաբար հետ մնացող Հայաստանին ասում էր, որ ավելի արագ  քայլի: Հանրապետության հրապարակում Հայաստանը տեսադաշտից կորցրեց Բուրաստանին եւ գործարանի խմբին: Հայաստանի մարզերից ու մայրաքաղաքից տարբեր գործարանների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների խմբեր էին հավաքվել հրապարակում: Գրեթե բոլոր խմբերը "Առաջ Հայաստան" գրություններով պաստառներ էին պարզել: Հայաստանը հույսը կտրել էր, որ մարդկային այդ հոծ բազմության մեջ կնկատի Բուրաստանին եւ կգտնի իր խումբը: Նա ուշադիր նայում էր վերեւ պարզված պաստառներին, տասնյակ պաստառների մեջ փորձում գտնել իրենց "Առաջ Հայաստանը" եւ շարժվել այդ ուղղությամբ: Հանկարծ նա նկատեց քրոջը, որը  ձեռքով իր մոտ էր կանչում եւ գոռում. "Էս կողմ արի, առաջ արի, Հայաստան": Հայաստանը գտավ ու կրկին կորցրեց իր խումբը, որովհետեւ նրա տեսադաշտը դարձյալ փակեցին: Նա կանգնել էր ու մոլորված չորսբոլորն էր նայում: Մարդկանց հոսանքը առաջ էր քշում  նրան: Ամբիոնից ինչ-որ մեկը գոռում էր՝ "Առաջ Հայաստան", պաստառների վրա գրված էր՝ "Առաջ Հայաստան", եւ Հայաստանը մեքենայորեն առաջ էր քայլում ու քթի տակ փնթփնթում. "Դե զահլա տարաք էլի, գալիս եմ էլի՝ առաջանում եմ":
Ընտրություններին երկու օր էր մնացել, Բուրաստանը Հայաստանի տուն գնաց ու քրոջն ասաց, որ անձնագիրը տա՝  Սերժի մարդիկ փող են բաժանում: Տարիքի հետ Հայաստանը սկսել էր լավ չըմբռնել իրավիճակները, տարիքի հետ նրա խելքը գնալովի-գալովի էր դարձել: "Փող ե՞ն տալիս,-հաճելիորեն զարմացավ Հայաստանը,-էդ ի՜նչ բարի, լավ մարդիկ են":  "Ախչի, էս թվին ո՜վ ա ձրի բան տալիս,-ասաց Բուրաստանը,- փողը տալիս են, որ ձենդ Սերժին տաս": Հուզված ու ահաբեկված Հայաստանը կոկորդը բռնեց, կմկմալով ինչ-որ բան էր ուզում ասել, բայց կոկորդից ընդամենը մի քանի անհոդաբաշխ հնչյուններ դուրս թռան, կարծես իսկապես խոսելու կարողությունը նրանից վերցրած լինեին, կարծես ձենը առած լինեին: Բուրաստանը ծիծաղեց մեծ քրոջ միամտության վրա ու ասաց. "Հայաստան, չես հասկանո՞ւմ, փողը տալիս են, որ գնաս Սերժ Սարգսյանին ընտրես": Բուրաստանի բացատրությունից հետո միայն Հայաստանի ծերացած ու ծանրացած ուղեղը գիտակցեց, որ իրեն լավություն չեն անում, ընտրակաշառք են առաջարկում:
Ընտրությունների նախորդ օրը Հայաստանին այցելեց մի սեւազգեստ, մուգ ակնոցներով երիտասարդ, տեղեկացրեց, թե ընտրացուցակի որերորդ համարի դիմաց պիտի "պտիչկա" դնի, եւ նրան վերադարձրեց անձնագիրը, որի մեջ Թումանյանի պատկերով հինգհազարանոց էր դրված: Հայաստան տատը սովետական ռուբլուց հետո շատ զրոներով դրամին այդպես էլ չէր սովորել, դրամի արժեքը չէր պատկերացնում ու դրանց վրա պատկերված դիմանկարներով էր տարբերում փողը: Նա գիտեր, որ Թումանյանի պատկերով մեկ թղթադրամը համարժեք է Չարենցի պատկերով հինգ թղթադրամին, բայց չգիտես ինչ տրամաբանությամբ նրան թվում էր, թե Չարենցի պատկերով հինգ թղթադրամներն ավելի մեծ ուժ ու զորություն ունեն, քան Թումանյանի պատկերով մեկ թղթադրամը: Հայաստան տատը սիրում էր, երբ իր մոտ շատ թղթադրամներ էին լինում, թեկուզ դրանք թեթեւ քաշային թղթեր լինեին: "Տղա ջան, էս Թումանյանի փոխարեն ինձ հինգ հատ Չարենց տուր",-ասաց Հայաստան տատը սեւազգեստ երիտասարդին: Երիտասարդը ճռճռան հինգհազարանոցը վերցրեց ու իր անձնական փողերից հինգ հատ ճմրթված հազարանոց տվեց Հայաստանին:
Գիշերը Հայաստան տատը շատ անհանգիստ քնեց: Վատ երազները հանգիստ չէին տալիս նրան: Երազում ինքը հյուսերով, ծաղկավոր շրջազգեստ հագած փոքր աղջիկ էր: Կանգնած էր խորը ձորի պռնկին, ձորի մյուս կողմում կանգնած էին մյուսները՝ Բուրաստանը, սեւազգեստ երիտասարդը, գործարանի փոխտնօրենը եւ տնօրենը, գիշերային ու ցերեկային պահակները, բանվորները, Սերժ Սարգսյանն ու էլի ինչ-որ մարդիկ: Նրանք պաստառներ էին պարզել: "ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ" գրություններով տասնյակ պաստառներից բացի Թումանյանի պատկերով մեկ, Չարենցի պատկերով հինգ պաստառներ էլ կային: "Առաջ Հայաստան, առաջ Հայաստան",- միաբերան գոռում էին նրան: Ինքը գիտակցում էր, որ սա երազ է, որ ինքն իրեն չի կարող կողքից տեսնել, չի կարող փոքրիկ աղջկա տեսք ունենալ, բայց միեւնույն է՝ վախից դողում էր: "Առաջ Հայաստան, առաջ Հայաստան",-անդադար գոռում էր իր դիմաց կանգնած խումբը: "Ախր ո՞նց առաջ գամ, ախր ձորը կընկնեմ, անդունդը կգլորվեմ",-արտասվում էր ինքը: Հանկարծ իր իրական տեսքը ստացավ, ոտքը բարձրացրեց, որ քայլ անի, եւ զարթնեց:
Քանի դեռ Հայաստանը քնած էր, մտածում էր, որ երազ է տեսնում, բայց երբ արթնացավ ու վերլուծեց երազը, մտածեց, որ տեսածն իրականություն է:

Комментариев нет:

Отправить комментарий