10.01.2012

Ռիմա Գրիգորյան «92 –ից 2012»


92-ին , երբ ծնվեցի , ոչինչ չգիտեի . չգիտեի նաեւ , որ հետո մաման պիտի պատմի նույն 92–ի մասին , պիտի պատմի էն ժամանակ, երբ բոլորը կբողոքեն 92–ից, իսկ մաման կպատմի լուռ հանդարտությամբ , խաղաղ ու անվրդով, այնպես, որ նկուղում ինձ պահելու օրերի, նկուղից վերեւ նետվող ռումբերի, մթում գործվող շորերի մեջ ես կկարդամ երբեք չգրված պոեզիա ու կսիրեմ էդ պոեզիան: Էդ օրերի դժվարությունները ապրած մարդիկ գուցե խրատեն ինձ հանդգնությանս համար, բայց էդ կենդանի պոեզիան ինձ համար նկուղներում լսվող նորածինների լացուծիծաղն է եւ երկնքից իջնող ռումբերը, երբ առաջինը բարձրանում է երկրորդից վերեւ ու ճնշում նրան ՝ նետելով սխալ , իսկ ավելի ճիշտ ՝ ճիշտ տեղ:
92-ին նայելիս` մի կողմում ես եմ ու նկուղներում ինձ եւ այլ նորածինների պահող մեր մայրերը, մյուս կողմում ՝ մեզ համար կռվող մեր հայրերը: 92-ին իմ մորաքրոջ ուսանողական կյանքը էնքան լուսավոր է, որ մթի մասին հաճախ եմ մոռանում: Նա դառնում է լավ մասնագետ, իսկ 92 – ին ծնված մենք խարխափում ենք էլեկտրական լույսերի ներքո
92 –
ից սկսած , 92 – ից հետո ես մեծանում եմ, արդեն սկսում եմ ինչ-ինչ բաներ իմանալ, եւ ինձնից ավելի մեծ կյանքից հիշում եմ անձրեւոտ մի օր, դպրոցի բակ, բոլորիս հիշում եմ ջինսե հագուստ հագած, անձրեւի տակ կանգնած. մեր ուսուցչուհին բացատրում է պահի պատմական կարեւորությունն ու գուցե նաեւ ողբերգականությունը, հետո էդ օրը իմ մեջ հավերժ մնում է հոկտեմբերի 27, չնայած գուցե դա հաջորդ օրն էր: Ես 7 – 8 տարեկան էի եւ գուցե ավելի շատ էի գիտակցում, քան առաջ: Դրանից հետո անընդհատ լսում էի , թե ինչպես էին ինձնից մեծ մարդիկ ասում , որ 27-ը չլինելու դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ , եւ ես անընդհատ պատկերացնում էի , թե, ահա, չի եղել, չար հեքիաթ է, էդ մարդիկ չեն մահացել, մի տեղից հետ կգան , եւ չարը կպատժվի: Փաստորեն դեռ էնքան էլ չէի մեծացել եւ հավատում էի հրաշագործ հեքիաթին : Մեծանալը սկսվեց ավելի շատ դպրոցի վեճերից եւ ընտրության օրերից , երբ դասատուների երեխաները պիտի հանրապետական խաղային , իսկ ես ժամերով կռվեի իրենց հետ, ջղայնացած տուն գնայի ու նորից նույնըԴասատուների մի մասն էլ պիտի գովեր մեր իշխանություններին կամ էլ ասեր՝ երկիրը երկիր չի , երբ ինքն էր ընտրել էդ «երկիրը»: Դպրոցի կռիվվեճերում մի քանի տարի մենակ չմնացի . 4 – րդ դասարանում ինձ միացավ Հերմինեն: Մինչեւ դպրոց գնալը նա գյուղում էր ՝ մեզ հետ , հետո տեղափոխվել էր Երեւան , հետո նրանց ընտանիքը նորից եկավ գյուղ: Չգիտեմ ՝ երբ եմ ծանոթացել Հերմինեի հետ, չեմ հիշում. մեր տատիկները քույրեր են եւ երեւի ի ծնե պիտի ճանաչեինք իրար , միասին խաղայինք , գնայինք մանկապարտեզ , որտեղ ինքը ցերեկները չպիտի քներ , ինձ արթնացներ ու սկսեինք բլբլալ : Հետո մենք հասկացանք, որ էդ տարիքում մի պահ մենք էնքան էլ չենք սիրել իրար , որովհետեւ ես մի քիչ խոնարհ էի ու հեզ , հանգիստ , իսկ ինքը ՝ ակտիվ , չարաճճի, ավելի շփվող , ազատ : Հիշում եմ ՝ մի անգամ ,երբ ինքը Երեւանում էր , ես իրեն երկարբարակ նամակ էի գրել , որից հիմա սովետահոտ եմ զգում , իսկ ինքը ալարել էր իմ նամակին պատասխանել , որովհետեւ երեւի շուտ էր սովետահոտ զգացել :
Ընտրություններ էին . երեւի 2003-ն էր : Ընտրության օրը անգամ ինձ նման հանգիստը անհանգիստ պտտվում էր տեղում ու տեղից տեղ : Հերմինեն եկավ մեր տուն , որ միասին սպանենք ժամանակը : Որոշեցինք գնալ եկեղեցի ՝ անկեղծ ընտրության կնիքը դնելու վստահության համար :Դուրս եկանք տնից : Գյուղը փոքր էր , եւ մարդկանց հարաբերությունները լարվում էին ընտրությունից ընտրություն . մենք քայլում էինք ջղաձգված ու քարքարոտ փողոցներով: Երեք ճանապարհ կար եկեղեցի հասնելու համար. ընտրատեղամասի հետեւով , ընտրատեղամասի դիմացով եւ ընտրատեղամասը շրջանցելով : Մենք ընտրեցինք երկրորդ ճանապարհը եւ անցանք ընտրատեղամասի մոտ հավաքված , սեւ հագած, չսափրված ,պոտենցիալ ընտրակեղծարար ձյաձյաների կողքով: Ճանապարհը շատ կարճ էր, բայց հասցրինք մտածել , թե ինչ են մտածում էդպես կանգնած ու ի՜նչ են ծխում էդպես հանդարտ : Ոչ էդպես հանդարտ , իհարկե , այլ մի քիչ արագ ժամեր անց ծուխ էին դարձնելու քվեաթերթիկները ու եւս հինգ տարի կյանք : Հասանք եկեղեցի, վառեցինք մեր մոմը: Կիսատ մնացած, լրիվ չայրված մոմ կար. մտածում էինք ՝ ուրիշի վառածհանգած մոմը վառու՞մ ենԵրկմտում էինք ՝ վառել թե ոչ , իսկ եթե մոմը վառողը այն պոտենցիալ կեղծող ձյաձյան է եղել եւ Քոչարյանի համա՞ր է վառել
Չեմ հիշում ՝ հետո վառեցինք թե ոչ , բայց հիշում եմ ՝ որոշել էինք վառելու դեպքում խնդրել կատարել այդ մարդու ցանկությունը , եթե բարի է , իսկ եթե չար է , այսինքն ՝ մեր վառած մոմի հակառակ նպատակով էր վառվել , չկատարվեր , չիրականանար ոչ մի դեպքում :
Ընտրություններից մեկի ժամանակ էլ եղբորս ու Հերմինեի հետ քայլում էինք ընտրատեղամասի շրջակայքում : Արդյունքներին էինք սպասում: Մեր բարեկամ տատիկը , ում տունը հենց այդտեղ էր, հրավիրեց մեզ իր տուն թեյ խմելու եւ տաքանալու : Խեղճ կինը շաքարավազի փոխարեն աղ էր լցրել թեյի մեջ : Էդ ընտրությունն էլ քաղցր չանցավ . շատ աղի էր , չմարսեցինք :
Ընտրության գիշերը չէի քնում. միշտ էդպես է եղել. պառկում ու չէի քնում. երեկոյան տվյալներից զգում էի արդեն , որ սրանք անկեղծ ընտրություն անցկացնողը չեն, որ հայլուրը էլի սրանց «հաղթանակն» է գուժելու: Էնքա՜ն հետաքրքիր էր ընտրության գիշերը. պառկում ու հավատում էի , պատկերացնում , որ էս անգամ կփոխվի, չէ՞ որ աղոթել էլ ենք եւ չէի ուզում վեր կանալ, որ չիմանամ. հետո մաման կգար, կասեր, որ էլի կեղծել են, նոր տարին հետաձգվել է, եւ էնքան դժվար կլիներ արթնանալը ու պատուհանից դուրս նայելը, հեռուստացույցին նայելը ու կեղծողներին նայելը, վաղվան նայելը, երբ վաղը դպրոցում չարախնդալու էին իմ « պարտության » վրա, իսկ ես պիտի կառչեի բարոյական հաղթանակից եւ հպարտությամբ, չկոտրվող ձայնով պատասխանեի իրենց հռհռոցներին , որոնցից լսում էի ՝ քեզնից գողացանք քոնը , էլի չկարողացար քեզ պահել քոնը: Ամեն չընտրությանը հաջորդող հինգ տարին թվում էր չանցնող , մտածում էի ՝ էդքան ո՞նց ենք ապրելու , ի՞նչ կմնա մեզնից. հետո հինգերորդ տարում պարզվում էր , որ ապրեցինք
Հետո եկան 2007-ն ու 2008 – ը : Հերմինեն էլի Երեւանում էր ապրում : Էս ժամանակների դեպքերին ես օնլայն միանում էի Հերմինեի միջոցով եւ մինչ թերթերը կարդալը, տեսանյութերը դիտելը թեժ պահին ՝ օնլայն միացում Հերմինեի հեռախոսին: Մի քանի Նոր տարի էլ հեռախոսով իրար շնորհավորելիս Նալբանդյանի «Ազատությունն» էինք արտասանում: Հերմինեն ասում էր , որ ինքը ուզում էր մի քիչ շուտ ծնված լինել եւ 88-ն էլ տեսներ , իսկ ես մտածում էի, որ եթե ինքը 88 – ը տեսներ , 92 –ին չէր ծնվի , բայց լավ է, որ 92–ին ծնվեց:
Ամենադժվարը 2008-ի ընտրության գիշերն ու հաջորդող գիշերներն էին, երբ ինձ էդպես էլ Մեղրիից չհասցրին Երեւան, եւ ես մնացի հեռակա ինֆորմացիայի հույսին: Ամենածանրը, սական, ոչ թե 2008 – ի փետրվարի 19 –ի , այլ մարտի մեկի գիշերն էր, երբ ես արդեն մի քանի օր հաղթական ավարտը գծում էի մարտի մեկի ժամանակացույցում, սպասում էի էդ օրվան, բայց լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ : Էլի պառկեցի քնելու. դժվար էր քնել, եւ քնում էի միայն երազներ տեսնելու ակնկալիքով , իսկ էդ օրերի բոլոր երազներում ես Ազատության հրապարակում էի, բայց էդ օրվա երազները կտրտվում էին . արթնանում էի , հետո փորձում լավ երազ տեսնել մինչեւ էն ժամը , երբ էլ երազ չէր մնացել , որ ինձ մոտ գար , երբ հերթով կրակեցին երազների վրա
Մաման պատմեց քաոսային, անորոշ իրականության մասին: Վեր կացա. նայեցի ամենատխուր մարտի մեկի առավոտին ու էդպես էլ չբացվող գարնանը : Մարտի երեքին իմ ծնունդն էր. դեռ տխուր նայում էի մարտի մեկին , երբ զանգում - հարցնում էին ՝ իսկ ծնունդդ չե՞ս նշում: Կային մարդիկ , որ չէին տեսել մարտի մեկը , չէին իմացել, չէին ցանկացել ու չէին տեսել. իրենք դուրս էին էդ շրջագծից. իրենք գարնան չէին էլ սպասել , դրա համար չէին զգացել, որ գարունը անորոշ ժամանակով կորել է , հետաձգվել , առեւանգվել: Էդ օրվա ամենամեծ « նվերը » Հերմինեի զանգն էր . երկու օր էր , ինչ նրա հայրը քաղբանտարկյալ էր... Դրանից առաջ եւ դրանից հետո էդքան լացակումած ու հավատ փնտրող զանգի չեմ պատասխանել , երբ շնորհավորանքիդ ու շնորհակալության մեջ ո՛չ էն կա, ո՛չ էն , բայց կա ավելինՀինգ տարվա անցնելուն հավատալը ամենադժվարը 2008 – ին էր. կա՛մ ես էի մեծացել, կա՛մ էլ Հայաստանն էր ջահելջահել շատ ծերացել, իսկ ծերանալուն զուգահեռ մահվան վտանգ ես զգում :
Հիմա 2012-ն է . 5 տարին համարյա անցավ : 2012 –ի սկզբին նստած ՝ մտածում եմ , որ նման հինգ տարիներ էլ անց չե՛մ կացնելու :

1 комментарий:

  1. շատ լավն էր...

    իսկ դու ինքդ ի՞նչ ես կարծում, մի՞թե քո տեսակը չի կարողանալու փոխել էս երկիրն ու էս մարդկանց:

    ОтветитьУдалить