18.03.2012

Գայանե Բաբայան «Ամեն վայրկյան սպասում եմ, որ որդիս տուն կմտնի»


«էդ օրը առավոտը վեր կացանք, ոնց էի ուրախացել, որ  մարտի մեկն ա, դե, սեփական տանը ձմեռը մի քիչ հարմար չի, ու գարունը իմ ամենասիրած սեզոնն ա, բայց  հիմա  էս գարունը  դառել ա դժոխք: Տիգրանը առավոտյան վեր կացավ, ասեց` մամ ջան, մարտի մեկդ շնորհավոր, ինքը շատ նուրբ հոգի ուներ, ուշ էր արթնացել էդ օրը, որովհետեւ գիշերը մեքենան էր սարքել, հետո ինձ տարավ շուկա, հետո գնաց աշխատանքի ու այնտեղ իմացել էր, որ առավոտը  ժողովրդին ծեծել են Օպերայի հրապարակում»:

Ավանի սեփական տներից մեկում ապրել եւ 23 տարեկանում մարտի մեկին գնդակահարվել է Տիգրան Խաչատրյանը: Նրանց շունը երկու օր առաջ սկսել է ոռնալ եւ ոռնոցը դադարեցրել է Տիգրանի մահվան ժամից: Տիգրանի երիտասարդ, սեւազգեստ  մայրիկին մենք հանդիպեցինք զոհերի քառասունքի օրը, Մյասնիկյանի արձանի մոտ, հետո այցելեցինք նրանց տուն: Տիկին Ալլան որդու լուսանկարները փռել էր սեղանին եւ խոսում էր որդու մասին` ջանալով իրեն պինդ պահել, որ կարողանա շատ խոսել: Նրա կողքին էր 8-ամյա դուստրը` Էվելինան, որը զրկվել էր ավագ եղբոր գուրգուրանքից, բայց շատ էլ չէր գիտակցում, որ էլ չի տեսնելու Տիգրանին: Մայրն անընդհատ վերհիշում էր այն պահը, երբ որդին վերջին նախադասությունն ասելուց հետո քաղաք է իջել, եւ հետագա ողջ մղձավանջը` որդուն սպասելիսԻնքը միակ մայրիկն էր, որ քառասունքի օրը, գերեզմանոց գնալուց զատ, որոշել էր եւ գալ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ մոմեր ու ծաղիկներ էին բերում զոհերի հիշատակին: Հարցնում եմ, թե ինչո՞ւ եկավ: Ասում է. «Ես չէի կարող քառասունքի օրը չգալ այնտեղ, որտեղ իմ երեխան զոհվել էր, ես չեմ պատկերացնում, որ կարելի էր չգնալ: Իմ երեխուն էնքան քիչ չեմ սիրել, որ էդ օրը ես չգնայի, դա իմ պարտքն էր, ես հլա պետք ա գնամ էն դալանի մոտ, որտեղ ինքը զոհվել է»:  Թե ինչ դալանի մասին է խոսքը, տիկին Ալլան չգիտի, լսել է միայն. «Մեզ դեռ կոնկրետ ոչ մի բան չեն ասել, բայց ես գիտեմ, որ զոհվածներին էդ դալանից են տարելես ուզում եմ գնամշենքերի բնակիչների հետ խոսեմինքը էնպես  արտաքին ունի` աչքի ընկնող էր, ու դրա համար չեմ կարծում, որ հարեւաններից տեսած չլինեն, հետո ինքը հագել էր կապույտ ու սպիտակ բոթասներ ու մարզահագուստով էր, ինձ թվում ա, որ եթե ինքը ընկած լիներ, էդ բոթասների սպիտակը գոնե մթության մեջ կերեւար»: Մորը այսպես 50 օրից ավելի է, որ  տանջում է այն գաղտնիքը, թե ինչպես սպանվեց իր լուսավոր տղան, ուզում է ինքնուրույն ճամփա ընկնել` ինչ-որ բան պարզելու. «Ես ուզում եմ մինչեւ պարզվելը գոնե իմանամ, թե մահը  վայրկենակա՞ն ա եղել, թե՞ կարող էին իրան օգնել, բայց չեն օգնել, ուշացրել են...»: Իսկ պետությունից պահանջում է «օբյեկտիվ անել հետաքննությունը, ես չգիտեմ` ոնց կլինի, հլա որ միայն մահվան թուղթ ունեմ ես»: Մահվան թղթում, որ նույնպես սեղանի վրա էր, ախտորոշված էր` «գլխուղեղի վնասվածք»:
Տիգրանի մասին իմացանք նաեւ, որ շատ զգացմունքային, բարի, մի քիչ էլ ամաչկոտ, փոքրիկ քույրիկին գրկած դպրոց տանող, ծեր տատիկին սեր ցույց տվող տղա է եղել: Բանակում ծառայել է, գյուղինստիտուտի ուսանող է եղել եւ միաժամանակ աշխատել է: Տիգրանը կյանքում մի անգամ է միտինգի գնացել` Արթուր Բաղդասարյանի` Օպերայում կազմակերպածինԱրթուրի  հերոսական բառապաշարին  հավատացել է եւ շատ ոգեւորված է եկել միտինգից, մայրն ասում է, որ նույնիսկ մի բանաստեղծություն էր բերել միտինգից` «գարուն է գալիս, Սերժիկն է լալիս, Սերժիկ ջան, գնա, Արթուրն է գալիս», մորն ասել է` «Մամ, պատկերացնո՞ւմ ես, Արթուրին ուզում էին դիմացի շենքից խփեն, բայց ինքը չէր վախենում»: Հետո մայրը չուզենալով ասաց. «Ես չեմ էլ ուզում ասել, թե ինքը ում է ընտրել, ջղայնացած եմ, ես  ինձ էլ չեմ ներում, մենք ոչ Սերժ Սարգսյանին ենք ընտրել, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդհանրապես մեր փողոցը կամ Արթուրին էր ընտրում, կամ Լեւոնին»: Տիգրանը «քաղաքականացված» տղա չի եղել, մորից է միշտ հարցրել անկախացման տարիներից ու մի առիթով ասել է. «Ես զարմանում եմ` պապան ո՞նց չի գնացել Ղարաբաղ կռվելու, որ ես էն ժամանակ լինեի, անպայման կգնայի»: Այն պահից, երբ Տիգրանը իմացել է, որ առավոտյան Ազատության հրապարակում հարձակվել են ժողովրդի վրա, դադարը կորցրել է. «Եկավ, ասավ` մամ, իջնում եմ քաղաք, ասի` տենց բան չանես, սիրտս վատ բան ա գուշակում, ձայն չհանեց, գնաց, պտտվեց, եկավ, նորից ասավ` իջնում եմսկսեցինք վիճելեթե ես իմանայի, ես ոտքը կջարդեի, չէի թողնի տնից դուրս գաամուսինս ասեց` Տիգրան, չիջնես, վտանգ կա, ու իրա վերջին բառերը` «մամ, որ վտանգ էլ լինի, պետք ա իջնեմ»:
Տիգրանին գիշերը հայտնաբերել է հայրը.  «Ամուսինս արդեն խելագարվել էր, գնացել էր քաղաք, գիշերվա երեքին Ավան  բարձրանալիս  մի հատ սկոռի էր տեսել  դեպի մորգ եկող, ասում ա` սիրտս ընենց վատ բան գուշակեցգնացել ա, տեսել ա` Տիգրանը չի, ընենց ա ուրախացել, ասում ա` Տիգրանի նման, շեկի վրա տղա էր, ես նկարներում նայում եմ, երեւի էդ Գոռ Քլոյանին ա նմանացրել, Տիգրանը Գոռին նմանություն տալիս ա: Հետո ամուսինս ասում ա` ասեցի սպարտիվնով մի տղա հո չկա՞, ասել են` չես վախենա՞, որ բարձրացնենք, տակի դիակն էլ տեսնես, ասել ա` չէ, ասում ա` բարձրացրեցին, տեսա Տիգրանն ա, գլուխը արյան մեջ, եկավ ասեց, ասի` չէ, սուտ ա, հնարավոր չի…»: Քիմիկոս-մանկավարժ մայրն ասում է. «Ես Տիգրանին անմեղ զոհ եմ համարում, հլա նայեք, ինքը էնքան ուրախ, կյանքով լեցուն, իրա կյանքի էն ամենալավ տարիներն էին, որ պետք ա կյանքը վայելեր, ես Տիգրանին 20 տարեկանում եմ բերել, ուսանող էի, ինչ դժվարությամբ եմ պահել, հետո Արամս ա ծնվել, հետը համալսարան էլ էի սովորում, էսօր նստել-իրա ամբողջ մանկություն եմ վերհիշել»: Եւ հետո` «ես մինչեւ հիմա չեմ հավատում, ամեն վայրկյան իրան սպասում եմ, ամուսինս էլ հիվանդացավ, շատ ծանր ա տանում, չի համակերպվում»: Այն հարցին, թե` ինչ է կարծումիր որդին ի վերջո ինչո՞ւ գնաց, որոշեց պաշտպա՞ն կանգնել ծեծվածներին, տիկին Ալլան  ասաց.  «Ես մտածում եմ, որ ինքը ավելի շատ հետաքրքրությունից ա դուրս եկել, որ գնա-տեսնի` ճի՞շտ են ասում: Ես անձամբ չեմ պատկերացրել, որ կարող ա պատահի մարդկանց ծեծեն, էլ չեմ ասում` սպանեն, ես պատկերացրել եմ, որ կարող ա ջրցան մեքենայով ցրեն, բռնենբայց եթե ես իմանայի, որ քառասունքի օրը կարող է նորից  մարդկանց ծեծեն կամ սպանեն, ես էլի կգայի, էլ երեխուցս հետո ի՞նչ վախ…»: Խոսակցության վերջում տիկին Ալլան ասաց. «Մենակ խնդրում եմ, որ քաղաքական կողմնորոշում չտաք նյութին»:
24.04.08

Комментариев нет:

Отправить комментарий