19.03.2012

Գայանե Առուստամյան «Ավարայրի ճակատամարտը Ձերժինսկու դպրոցում»


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացի մասնակիցները հերթական անգամ հայտնվեցին "դե ժավյուի" գրկում: Ջոն Կիրակոսյանի անունը վրան կարկատած երկաթե Ֆելիքսի անվան դպրոցում տեղամասը բացվեց նշանակված ժամին: Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք, համակիրներն ու համքարությունը զուսպ ու պատրաստակամ տնտղում էին ռեժիմի դրածոների՝ ընտրական հանձնաժողովի անդամների վարքագիծը: Տարիներ շարունակ յուրացնելով եւ կատարելագործելով մաքուր հայկական  "ընտրությունների" ամբողջ սպեցիֆիկան, դրանք գործընթացը սկսեցին բոլորիս ծանոթ սցենարով: Հանձնաժողովի նախագահը՝ Արաբկիրի թաղապետի տեղակալ Գրիգոր Շահնազարյանը, անդաստիարակ չինովնիկի տոնով սկսեց խոչընդոտել դիտորդների ու հատկապես լրագրողների աշխատանքը:
Պահանջում էր իրեն չնկարել, որովհետեւ կարող է "լավ դուրս չգա": Տեղակալը կամ քարտուղարը՝ Կենտրոն թաղապետարանի անխոնջ ծառա, "Կերենսկու ժամանակներից նստած հաշվապահ" Արթուր Խոջայանը, որը ներկայացնում էր իշխող ՀՀԿ-ն, գլուխ էր գովում, թե փորձառու է, որ ընտրություններին մասնակցում է դեռ 98 թվականից, ու ջանում էր մի կողմից լավ հարաբերություններ հաստատել բոլորի հետ, մյուս կողմից՝ վերահսկել համատիրությունների նախագահների գլխավորությամբ զառամյալ բնակիչների կոլեկտիվ այցելությունները տեղամաս: Ինչպես միշտ, հանձնաժողովի անդամ կանանցից մեկը պետք է լիներ բալզակյան տարիքի մի կին՝ ասող-խոսող, կոֆե դնող, բոլորին բրդուճներ առաջարկող ու հակառակորդի ուշադրությունը շեղելու կոնկրետ առաքելություն ունեցող, որը պետք է նաեւ անհրաժեշտության դեպքում ամենավտանգավոր վստահված անձի կամ լրագրողի "գլխին սարքեր", խառնաշփոթ ստեղծեր՝ նրան չեզոքացնելու նպատակով: Հետո բոլորի համար անսպասելի սկսեց ճչալ, թե՝ հեռու տարեք սրան՝ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մուրադյանին: "Շնչում ա վրաս, չեմ կարըմ, թող վրաս չշնչի, հեռու գնա",- ծղրտում էր տիկին Անուշիկ Սահակյանը: Հետաքրքրվեցինք ու պարզեցինք, որ երկրիս Անվտանգության խորհրդի քարտուղարի  կուսակցության ներկայացուցիչն է: Մինչ կհաստատվեր լռություն, եւ արդեն երկու անգամ "գազել"-ներով տեղամաս կհասցնեին կիսակենդան թոշակառուներին, որոնք քվեարկելուց հետո առանձնակի գորովանքով էին մոտենում հանձնաժողովի նախագահին ու ցտեսություն ասում, երեւացին թաղի թուլեքի խմբերը: Սրանց կոորդինացնում էր հանձնաժողովում  դատարանների ներկայացուցիչը՝ Արսեն Ամիրյան անունով հաստագավակ մի երիտասարդ, որի հիմնական գործը բջջային հեռախոսով ինչ-որ մարդկանց հետ անընդհատ կապ հաստատելն էր ու հասարակությանը մինչ այդ պահն անհայտ, բայց "քուչում հարգված" թեկնածու, ըստ մեր տվյալների՝ քաղաքապետ Գագոյի "ախպերություն" Արա Սիմոնյանի վստահված անձի հետ խորհրդակցելն էր: Սա մի շեկ տղա էր, կարծես դժոխքից նոր դուրս թռած, կարմիր դեմքով, բաշը վառվող, չպատճառաբանված ժպիտը դեմքին, որ ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս դպրոցի բակ, անկյուններում ինչ-որ բանակցություններ վարում քուչի թուլեքի հետ, ներս գալիս ու զրույցը շարունակում  Արսեն Ամիրյանի հետ: Հետեւանքը եղավ այն, որ կարճահասակ, սեւ շորերով, սեւ գլխարկով, մարտի 1-ի բանդաների ղեկավարների նմանությամբ մի արարածի գլխավորությամբ թուլեքը նախ եկան-ընտրեցին-գնացին եւ վերադարձան մոտ մեկ ժամ հետո: Արսեն Ամիրյանի միջոցով բացահայտեցին Նիկոլ Փաշինյանի վստահված անձին ու փորձեցին դուրս հրավիրել նրան: Չստացվեց: Հեռացան ու դարանակալեցին բակում, եւ երբ Սուրեն Մարտիրոսյանը կարճ ժամանակով դուրս եկավ տեղամասից, այլանդակ հայհոյանքներով նրան ներքաշեցին լեզվակռվի մեջ: Տեղամասի մոտ կանգնած Պետրոս Մակեյանը, եւս մի քանի ընդդիմադիրներ փորձեցին կանխել վեճը, ու թուլեքը ծեծկռտուք հրահրեցին: Կողքի տեղամասում ընտրություններին հետեւող Պետրոս Մակեյանի որդին տեղ հասավ ամենաթեժ պահին ու հայտնվեց հարվածների տակ: Անհասկանալի էր, թե ինչպես հայտնվեցին պարեկապահակային ոստիկանության խմբեր, ու իրենք էլ հարձակվեցին Մակեյանի ու նրա համախոհների վրա, այն դեպքում, երբ ակնհայտ երեւում էր, թե ով ում է ծեծում: Ոստիկանները բռնել էին Մակեյանի ձեռքերը: Մայորը, որը համառորեն չներկայացավ, այդպես էլ չասաց, թե ով է իրենց կանչել, ու ինչպես են իմացել միջադեպի մասին: Ասաց միայն, թե տղերքը ասել են՝ գնացեք Ձերժինսկու դպրոց, բան կա: Այն տպավորությունն էր, որ ավազակներն ու ոստիկանները հստակ թիրախավորել էին կոնկրետ մարդկանց: Պետրոս Մակեյանին, որդուն ու Նիկոլ Փաշինյանի վստահված անձին վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց: Իսկ ներսում չհաջողվեց իրականացնել ոչ լցոնում, ոչ այլ խարդախություն, որովհետեւ ընդդիմությունը զուսպ համառությամբ հետեւում էր ընթացքին: Բայց քանի որ մեռելահոտ "էլեկտորատը" ռեժիմի գործածության հիմնական նյութն էր, նրանց հաշվին էլ իրականացավ Ազգային ժողովն ամբողջացնելու միսիան, որ մի պահ հանձնաժողովի նախագահ Շահնազարյանին թվացել էր անիրականանալի, ու նա հայտնվել էր ներվային դողերոցքի մեջ եւ չէր կարողանում հաղթահարել անգամ ՕԵԿ-ի Անուշիկի հոգատար վերաբերմունքի ու նույնիսկ պառավող դեմքով, մինի յուբկայով, ասպիրինի կոճակներով ներկած մազերով բլանդինկա Հռիփսիմեյի՝ ԲՀԿ պատվավոր ներկայացուցչի եփած տաք սուրճի շնորհիվ: Երբ փակեցին տեղամասն ու հաշվեցին քվեաթերթիկները, պարզվեց, որ 1.959 ընտրողից եկել էր միայն 451-ը: Շատ խորհրդանշական թիվ ստացվեց՝ Ավարայրի ճակամարտի թիվը: Նույնիսկ հարբած փղերը կային՝  թաղի սեւազգեստ ու ռեժիմի կոմուֆլյաժավոր  հաստավիզ խմբերի տեսքով: Հարբած էին թե չէ՝ վիճելի հարց է, որովհետեւ անպատժելիության "կայֆը" գլխներին էր տվել:
Ինչ վերաբերում է "արդյունքներին", ապա Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել էր այդ թաղի մղձավանջի մեջ ապրող 187 մարդ, ընդդեմ՝ նույն մղձավանջի մեջ մեռնող 237 հոգի:

Комментариев нет:

Отправить комментарий