11.03.2012

Արտակ Համբարձումյան «Գարունը այնքան ծաղիկ էր բերելու...»


Ի~նչ տհաճ զգացում է, երբ փորձում ես խորը շունչ քաշել այնուհետ երկար ու հաճելի արտաշնչելու հույսով, բայց սիրտդ ծակում է`փչացնելով այդ ամբողջ ակնթարթային բերկրանքը, այդպիսի պահերին թվում է, թե սիրտդ է ցավում, երբեմն, անգամ, մտածում ես, որ լուրջ առողջական խնդիրներ ունես, սակայն իրականում դա սիրտը չէ, այլ միայն մկաններն են, որ սեղմում են`թույլ չտալով լիաթոք շնչել:

2008թ.-ի գարնանը,  Հայաստանը պետք է շունչ քաշեր, այդ գարնանային շունչն է, որ մարդկանց նոր կյանքով է լցնում, իրար սիրել տալիս,այդ ժամանակ թվում էր, թե ահա ևս մեկ գարնանային շունչ, և երկիրը լիաթոք կարտաշնչի`իր միջից հանելով ամբողջ կեղտն ու գարշանքը, որ կուտակել էին երկրի կոկորդին մնացած  իշխանավորները, որոնք միայն թույն էին շնչում`ապականելով իրենց շրջապատող ամեն ինչ,  բայց 2008թ.-ին Հայաստանի շնչառությունը խանգարվեց, տասը շնչուղիներ, որոնք գարնան բույրն էին բերում դեպի երկրի ներսը` պատառոտվեցին: Այդ պահից Հայաստանի շնչառությունը կանգ է առել, չորս տարի է գարունները չեն բացվում մեզ համար, այլ այնպես ուղղակի երևում են`հիշեցնելով, թե որքա~ն գեղեցիկ կարող են լինել, որքա~ն գրավիչ, հիշեցնում են, բայց չեն տրվում  և չեն տրվի մինչև չմաքրվի մեր երկիրը`դառնալով արժանի գարնանային մաքրությանը:  
Տեսնես, կա, արդյո՞ք, մարդ, որը սիրում է զբոսնել գերեզմանատներում, ես այդպիսիներին չգիտեմ, այդ տարածքները միշտ ընկալվում են, որպես  տխրության, լռության ու ի վերջո մահվան հանգրվաններ, որտեղ կանգ է առած ոչ միայն շնչառությունը, այլև հնարավոր ամեն ինչ,  ճի՞շտ է արդյոք այս ընկալումը, իհարկե, այո: Սակայն այդ դեպքում ինչո՞վ են տարբերվում հասարակ գերեզմանատներից Պանթեոնը և Եռաբլուրը: Ես և իմ նման տարօրինակները սիրում են զբոսնել մեծերի այդ հանգրվաններում , որովհետև  այնտեղ քեզ չես զգում, ինչպես գերեզմանատանը, այլ, կարծես,  հանդիպման եկած լինես, արվեստի ու հայրենասիրության մասին խոսելու ու այդ գաղափարների մարմնավորողներից դասեր քաղելու հանդիպման: Սակայն 2008թ.-ից հետո ես Եռաբլուր չեմ գնում, հայրենասիրության դասերի կարիք կրկին ունեմ, բայց այնտեղ չեմ գնում, քանզի վախենում եմ, որ այն անկեղծ չի թվա ինձ, որովհետև այնտեղ պակասում են տասը խաչեր, տասը կոթողներ, որոնք ինձ  հայրենասիրության դասերից բացի կտային նաև քաղաքացի լինելու դասը, որը պակաս կարևոր չէ, եթե ոչ առավել կարևոր:  Ազատ շնչելու և հերոսի հետ խոսելու համար, նախ պետք է հոգիդ մաքուր լինի, Հայաստանի ոչ մի բնակչի  հոգի չի կարող մաքուր լինել, քանի դեռ Եռաբլուրում չկան ազատ  քաղաքացու պատվին կանգնեցված տասը հուշակոթողները:
Երբ մարդ ծնվում է և առաջին ճիչը արձակում, այդ ժամանակ նրա թոքերն է լցվում նաև որոշակի քանակությամբ օդ, որը մնում է այնտեղ, մինչ նրա մահը և մահվանից առաջ յուրաքանչյուր մարդ տասնհինգ անգամ արտաշնչում է, այդ ժամանակ էլ հենց դուրս է գալիս օդի այն քանակությունը, որ լցվել էր առաջին անգամ աշխարհ գալու հետ: Մեր երկրի համար օդի այդ քանակը  ազատության սերունդն է, որ ծնվեց պետության հետ միասին ,  2008 թ.- Մարտի 1-ին  Հայաստանը տասն անգամ արտաշնչեց ...

Комментариев нет:

Отправить комментарий