20.03.2012

Առաքել Սեմիրջյան «ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...»


Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Լուսանկարը` Գերման Ավագյանի
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի վրա պառկած են անմեղ երիտասարդներ, որոնց միակ մեղքը ազատ հայ լինելն էր: Նրանք ընկան թշնամու արձակած փամփուշտներից ու իրենց արյունով ներկեցին Երեւանի փողոցները: Այդ ներկված փողոցներով ես չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, թե գետնին ոտք դնելը մեղք է:
Չեմ կարողանում նայել նաեւ այն ջիպերին, որոնք իրենց անվադողերով տրորում են արյունով ներկված փողոցները: Չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, որ արյունը, ներծծվելով քրքրված կոշիկներիս մեջ, ետեւիցս ոտնահետքեր կթողնի, որոնք ինձ կհետապնդեն ու կոչնչացնեն որպես մի մեղսագործի, ով առանց ետ նայելու քայլեց արյունով ներկված փողոցներով: Արյունոտ ոտնահետքերը գնում են մինչեւ Բաղրամյան պողոտա ու հետ վերադառնում յուրաքանչյուր հայի օջախ: Փորձում եմ ապաշխարություն գտնել եկեղեցում, սակայն ոտքերս չլփալով խրվում են արյան փոսի մեջ... Փրկիր, Հիսուս: Մինչեւ ծունկս մխրճվում եմ արյան մեջ, որի ակունքը Բաղրամյան պողոտայից մեծանում ու մի փոքրիկ վտակից դառնում է վարարող գետ: Երեւանի կենտրոնում արդեն երեւում են արյան շիթեր, որոնք հրաբխի լավայի պես ժայթքում են վերեւ ու արյան կաթիլները ցրում աջ ու ձախ: Կաթիլները թռչում են դեմքիս, ու ես ինձ զգում եմ որպես ամենավերջին անպետքություն, քանզի ձեռքերովս ու մարմնովս չեմ կարողանում փակել գետնի տակից դուրս եկող արյան շիթը: Ոտքս չեմ կարողանում դնել գետնին՝ վախենալով, որ կխեղդվեմ արյան գետում, որը գոյացավ գարնան առաջին ու միաժամանակ վերջին օրը: Չնայած իմ խեղդվելու վախին, պագոնավորները, օլիգարխները, իշխանավորները, Ղարաբաղից բերված ուժերը լողում են այդ գետում ու բերանները արյուն լցնելով՝ պղպջակներ արձակում: Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա արյուն չէ, այլ գարնան կակաչներն են ծածկել փողոցները, սակայն կակաչներին որտեղի՞ց այդքան կարմրություն: Իմ արյունն եմ թափում գետնին, որպեսզի խառնվելով սպանված երիտասարդների արյանը, մի փոքր լուծի գոնե այդ արյան թանձրությունը ու ինձ թույլ տա՝ ոտքս դնեմ գետնին, սակայն արյունս չի ընդունվում` ոչ այն պատճառով, որ տարբերություն կա, այլ` որ գարնան առաջին օրը չխառնեցի այն: Դրանից հետո ցանկացած գործողություն պարզապես խնդրանք է, որպեսզի թույլ տրվի՝ ոտքդ դնես գետնին ու վստահ լինես, որ այն չի դիպչի փողոցում ընկած հայրենակցիդ աճյունին: Սկսում եմ ելքեր որոնել, դիտավորյալ չեմ ասում՝ քայլեր ձեռնարկել, քանզի ցանկացած քայլ կնշանակի դիպչել գետնին: Լեւիտացիային էլ չեմ տիրապետում, որ թռչելով տեղաշարժվեմ: Մնում է մի տարբերակ. փակվել ու սպասել՝ երբ արդարության մեռոնը կլվանա այդ անմեղ պատանիների արյունները, իսկ նրանց, ովքեր այսօր խրախճանում են արյունների մեջ, հենց այդ նույն արյունը նրանց կխորտակի՝ իրենց ցինիզմի ու լկտիության համար, իսկ ամենակարեւորը` այն պարզ պատճառով, որ արյան վրայով չի կարելի քայլել, առավել եւս` իշխանության գալ:

Комментариев нет:

Отправить комментарий