11.02.2012

Գայանե Բաբայան «Հրանտ Մաթևոսյան` 70. իր ու մեր ծմակուտը»


«... Երբ ես եկա, Ահնիձորը կար, Ծմակուտը չկար:
Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի հետ իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելիության մեջ է, քանի ես կամ: Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է լինելու: Ծմակուտը իմ սերն է, վերաբերմունքը, իմ տագնապը` մարդու համար: Ծմակուտը ես եմ...»:
Հրանտ Մաթևոսյան
Երբ մենք նրան կարդացինք, սևեռվեցինք ու պեղեցինք, այլևս համեմատողն էինք` մտածկոտ, վիրավորված և դանդաղ ողջ կյանքում, ապագայի մեջ` վիրժառու, վրիժառու այնքանով, որ մի օր էլ մեր ժամանակն է գալու, որ այո, ճեղքելու ենք քաղքենի պատերը ու` Լինելու ենք: Մի տեղ` Աղունն էինք, որը օժիտ, այո, չուներ, բայց լեզու և ճշմարտություն ուներ: Դա արյունների պայքար էր`  հրեղեն-ջղային արյան դեմ միավորվել էին: Մի տեղ` կինոյի ասպիրանտ Եվա Օզերովան էինք, թեև շատ կարճ ժամանակով եղանք Եվա, առաջ անցանք` լինելու հերթով ամեն ինչ` Շուշան աղջիկ, որը նոր, գտածո ապերիկ է գտել ու մայրություն էր անում, ետպատերազմյան անտղամարդ գյուղում պատեպատ խփվող Շուշան դարձանք, հետո էլ` ամենայն խեղճի վրա տատ դարձած Շուշան...
Այդ գրքերի պեղումը, ուսումնասիրությունը ի՞նչ տվեց մեզ. փոխե՞ց, վիրավորված աղջնակ մեր էությունը ամրացա՞վ, թուլություն սիրող մեր աչքերը չորացա՞ն այլևս չթացանալու պայմանագրով. ոչ, մենք նույնը մնացինք, բայց տեսանք, որ անտեր չենք, մեր տեսակն էլ նկատվել է ու ֆիքսվել է: Նրա գրքերի մեջ մենք մեզ էինք փնտրում: Երբ նա քայլում էր Երևանի փողոցներով. նրան իրենց ճանաչեցնել տվածները արդեն տեր ունեին. հուսով էին, որ նրա մեջ իրենք որոշակի կան, եթե մեկը իր դարդը պատմել է նրան, այդ դարդը արդեն միայն իրենը չի համարում, դարդը իրենից բացի մի Տեր էլ ուներ, և այնպես հեշտ էր այդպես դարդը կրել: Նրա ծննդյան 70-ամյակի օրը Պանթեոնում... Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կերտել է նրան շատ դինամիկ, տարբեր կողմերից նայում ու հասկանում ես արձանը, բայց արձանից հեռու` տանը, նրա լուսանկարները ավելի լավն են: Իսկ հեռուստատեսության միջոցով նրան տեսնել-խոսքը լսելը իսկական հաճույք է, բերանդ բաց լսում, կարոտդ մի քիչ առնում ես: Մնում է` ծուռ սուլի, ասի ահա, ոնց ես. դա էլ հեռատեսիլում չի լինի, դա քո հիշողության մեջ կենդանի ունես: Նրա հետ շփված մարդկանցից ոչ մեկը նրան որպես հեռացածի չի ընկալում, բոլորը միայն կարոտում են: Նա դեմ էր «ակադեմիական» չոր ճառերին, և Պանթեոնում այդպես ճառողները միայն նրանք են, ովքեր օրական եթե մի հինգ հեռուստատեսության և մի յոթ թերթի հարցազրույց չտան, այդ օրը իրենց համար օր չէ: Այսպես ճառողներին ուզում ես ասել` գնա, էլի, լռիր, էլի, ո՞նց չես նրա գրքերում քեզ մի տեղ գտել ու հետևություն արել: Նրա գերեզմանի մոտ ոչ մի խոսք համարյա պետք չէ: Պետք է լուռ այցելել ու ետ գալ տուն` քեզ ժառանգություն թողած ճշմարտության հրճվանքը տողերից ընդունելու: Իր ծննդյան օրը` երեկոյան 10-ն անց 40 րոպեին հեռուստահաղորդում կար. կանաչ դաշտ կար, կարմիր ու սպիտակ ձի, նուրբ երաժշտություն ու երկիր: Իր խոսքը կար` տարբեր ժամանակներում ձայնագրած: Խոսեցին Անդրեյ Բիտովը, Ֆազիլ Իսկանդերը, Ռեզո Գաբրիաձեն ու Ահնիձորից եկած փոքր եղբայր Համոն: Համոյի խոսքը...Լեզվամտածողությունը ...«Ես մենակ եմ մեծացել, իրենք իմ ծնվելուց հետո Երևան են գնացել. իրենց չեմ տեսել, ուղղակի գիտեի` մորս պատմելով և հորս չպատմելով: Ուղղակի` 65 թվին, երբ ես դպրոցական էի, երևի 5-րդ -6-րդ դասարանի երեխա էի, Մոսկվայից նամակ ստացա, հասցեն ռուսերեն գրած, շատ գեղեցիկ ձեռագրով գրած` նամակը ինձ էր հասցեագրել, Մոսկվայի բարձրագույն սցենարական կուրսերից նամակ էր ուղարկել գյուղ, որտեղ իր հերն ու մերը իրենց աշխատանքով փառավոր կան, և կա մի պուճուր ախպեր, որին, երբ շատ փոքր էի «ախպերահաշիվ» էր ասում. ես ուրեմն արդեն ախպեր էի դառել և ինքը նամակ է ուղարկում: Էդ նամակով առաջին անգամ իմացա, թե ինչ բան է ձեռագիրը. ձեռագիրն ինձ համար գյուտ դարձավ, ձեռագրի գեղեցկության տոն դարձավ: Նա ինձ գրում էր` արի քո անունը հայավարի Համո դնենք: Վրա-վրա երկու նամակ եկավ, երկուսն էլ` ինձ: Ես գյուտարար դառա, հայտնաբերող դարձա, Մոսկվան գտա և այն, որ Մոսկվա մեծ ախպեր ունեմ, իսկ նամակի բովանդակությունը ոչ թե մեծ Մայրաքաղաք Մոսկվայի մասին էր, այլ ասում էր` տունը ոնց ա, գոմը ոնց ա, հավուճիվը ոնց ա, և իր սրտի խորքից բխած կարոտը հորը, թե` պապա ջան, քեզ ինչքան եմ սիրում, որ դու խուրջինդ ոսիդ գցեցիր ու ինձ Լորուտ դասի տարար` քրտնած... Նամակը ինձ էր ուղարկել ես պետք է կարդայի նրանց համար, որովհետև կիսագրագետ էին, բայց աշխարհի` բանիմացը, ամեն ինչ գիտեին, բայց ուղակի տառաճանաչ չէին...»:
Հուզմունքախառը պատումը իր ու Մեծ ախպոր զգայական կապի մասին ընթերցողները  գիտեին ու չգիտեին, ու հասկացան, որ Համոյի խոսքը երկար լռությունից հետո ասված խոսք է. դա և զրույց էր Մեծ ախպոր հետ և հասցեատեր ուներ` նրա ամեն բառն ու հուզմունքը կլանողները: Մեծ ախպոր կերպարները իրենց մեջ կրողները Համոյին էլ առան իրենց մեջ, որպես ներկա պահին ապրող ամենաինքը, որպես մեծ գրագետ ու մեծ զգացմունք, որպես պուճուր ախպեր ու ժառանգ, ժառանգ... 
  

15.02.2005  

1 комментарий: