14.02.2012

Արմեն Օհանյան «ՄԵՆՔ ԱՆԿԱԽԱԿԱՆ ԵՆՔ»

Միշտ էն կարծիքին էի, թե մանկության ու պատանեկության զգացողություններս ու հիշողություններս շատ անձնական են, բայց այսօր, երբ «թշվառ, մութ ու ցուրտ» մանկությունս իմ փոխարեն ջանադրաբար ողբացողները հեռուստաէկրաններից այն պատկերում են որպես դժոխք, անկեղծորեն սրտնեղում եմ:  Ասելիքս առաջին հերթին սերնդակիցներիս է ուղղված. եթե անգամ անցումի «ավերակներն» էին մեր խաղադաշտը, մեկ է, ինքնարժեւորման ու կայացման հերոսական ուղի ենք անցել նաեւ մենք` թիկունքում «ծառայող» երեխեքը:

Մենք` «վերակառուցման» շրջանի մանուկներս, դեռեւս փոքր էինք, որ հստակ գիտակցեինք Համազգային շարժումը ու նրա գաղափարները, մեզանից կրտսերները օրորվեցին հենց այդ հզոր ալիքների վրա, իսկ մենք ձայնակցում էինք հայրերին ու մայրերին, որ բռունցք արած գնացել էին ասելու «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Հետո, երբ մեծերը պատերազմում էին կամ հացի խնդիր լուծում, հենց նույն «մութ ու խավարի տարիներին» աներեւակայելի արկածներով լի կյանքով էինք ապրում, որ սարոյանական պատմվածքների չգրված հատորյակներ են: Մի կարգին հոկտեմբերիկ ու պիոներ չդարձած` մեր սերունդն ինքնադրսեւորման այլ հնարավորություններ ստացավ: Դեռ փոքր էինք, բայց մեզ վրա ընկավ կենցաղային հոգսի բաժին, ընտանիքի թթվաշահամ օրապահիկ հացին ուրախության աղ լցնելու պատրաստակամությունը մեզ վերածեց իսկական փոքրիկ «պապաների», մեր մանկության ազատությունը զուգակցվեց պատասխանատվությամբ: «Բարձիթողի» մեծացողներս սթափ ու պատասխանատու էինք, գրեթե չէինք տրտնջում` բոլորս մեկ էինք. մեկը` մի քիչ շատ, մյուսը` մի քիչ քիչ: Հիշում եմ`մենք դվիժոկ չունեինք, ակումուլյատորից էինք փոքր հեռուստացույցը միացնում ու ձմեռային երեկոներին բակի երեխեքով վառարանի կողքին քուրսի նստած` կլանվում էինք սերիալով, եւ անգամ ամենափոքրերը գիտեին, որ «հարուստները նույնպես լացում են»: Այդ տարիներին նախագահի մասին շատ էր խոսվում, գրեթե ամեն ինչ կապվում էր նրա հետ: Մեկ էլ հիշում եմ` ահագին մեծ տղա էի, ծննդյանս օրը հատուկ ինձ համար տապակած միակ ճուտը խոզավարի կերել էի, եղբորս էլ բաժին չէի հանել, հետո մեղքի զգացողությունից, թե ամոթից` հուզվել լաց էի լինում ու հայհոյում էի նախագահին, մերոնք վրաս ծիծաղում էին, թե Տեր-Պետրոսյանն ի՞նչ կապ ունի, բայց ծնողներիս բացատրություններն ինձ հետաքրքիր չէին, ինձ դպրոցում ընկեր Մելքոնյանը ասել էր, որ ինքն է մեղավոր, որ մենք վատ ենք ապրում: Հենց էդպես էլ ասել էր. «սաղ Լեւոնն արեց», ես էլ կրկնում էի: Նրա մասին խոսելիս բոլորը Լեւոն էին ասում, նույնիսկ իր մասին պատմվող անեկդոտներում «իկ»-ն ու «չիկ»-ն այդպես էլ չկպցրեցին անունի պոչից, որ այսօրվա իշխանավորներին այդքան սազում է: Հստակ զգացվում էր` պետությունը գլուխ ունի, որը դատարկ չի: Ասածս երեւի թե պարզ է. մենք մի սերունդ ենք, որ սովետը քիչ ենք տեսել ու լավ չենք հիշում, անմիջականորեն չենք մասնակցել անկախության հաստատմանը, բայց եղել ենք ներկա ու կիսել ենք անկախության կայացման դժվարին առաջին տարիների դառնությունները ու հպարտությունն ավագների հետ հավասար, պատերազմին շատերս անմիջականորեն չենք մասնակցել, թեեւ հիշում ենք պատկերներն ու պատմությունները, ականատեսն էինք երկրաշարժի, տնտեսական ցնցումների, ու կար մեկը, ով մեր մանկապատանեկան պատկերացումներով երկրի մեծն էր ու ամեն ինչի պատասխանատուն եւ ամանորի գիշերը շնորհավորում էր մեզ, մենք էլ նայում էինք մեր ծնողներին, որ հասկանանք` պետք է սիրե՞նք, թե՞ ատենք այդ մարդուն: Բայց մենք անցման զավակներն էինք, եթե կուզեք, առաջին անկախական սերունդը, եւ մաքուր էին մեր ուղեղները ցանկացած իդեալոգիաներից` թե՛ կոմունիստական, թե՛ նժդեհացեղակրոնական:

Հացի, ջրի հերթերում կոփված, հասարակական տրանսպորտից կախված երթեւեկող, կացնով զինված պատանի փայտահատների մեր արտասովոր սերունդը, այնուամենայնիվ, ձեւավորեց ետխորհրդային կամ «անցումային» պայմանական անվամբ աշխարհայացքը` «բեկորային» կամ կցկտուր, դեսից-դենից հավաքագրված, բայց միեւնույնն է արդեն` ոչ սովետական: «Անցումային» միտքը ինքնաճանաչողության բարդ եւ հետաքրքրական ուղի անցավ` այսօր էլ չզլանալով ինքնաիմաստավորման տարբեր մոդելներ կառուցելուց: Մեզանից շատերը ինքնամեկուսացման, ինքնափորփրման կամ դրան հաջորդող անմիտ, ավելի ստույգ` մեծամիտ ինքնագոհացման թմբիրի մեջ հայտնվեցին: Անցումային էկլեկտիկան ներքին մեծ խնդիրներ էր առաջացնում մեզ մոտ, երբ բացվում էր մտածելու եւ ընտրություն կատարելու հարց: Մյուս կողմից, մանկուց դիմադրող իմ սերունդը դեռեւս չէր կորցրել իր այդ տրամադրվածությունը, եւ մեզանից շատերը հետո ջարդում էին ԱԺ-ի դարպասները ու ծեծում մարդկանց, հետագայում մեզ էլ ծեծեցին ապրիլյան մի գիշեր, ու փորձով հաստատվեց, որ ծեծով հարց չի լուծվի:

Ուսանող տարիներին սկսեցի հետաքրքրվել շարժման պատմությամբ, շատ բաներ հստակվեցին, շատ բաներ էլ` ոչ այնքան, առնվազն ինքս ինձ համար պարզեցի, որ ընկեր Մելքոնյանը խորապես սխալվում էր:

Հիմա համոզված եմ, որ անկախականների իմ սերունդն է  գալու  կերտելու Հայաստանի Հանրապետության ապագան, սերունդ, որը զերծ է խորհրդային անցյալից եւ չի հասցրել ընդգրկվել կոմսոմոլի շարքերը, եւ որի մանկությունն ու պատանեկությունն անցել են անկախության առաջին տարիներին, հետեւապես կա հույս, որ մեր երկրում կհաղթանակի առողջ դատողականությունն ու բանականությունը: Մեր սերունդն է, որ պետք է այսօր վերջապես ստանձնի երկրի համար պատասխանատվություն, որ պետք է համախմբվի` ոչ միայն պաշտպանելու մեր սրբապղծվող ու արժեզրկվող մանկությունն ու պատանեկությունը, այլեւ մեր եւ մեզնից հետո եկող սերունդների ապագան:

Ի վերջո, եկել է թե՛ հասկանալու, թե՛ հաշիվ պահանջելու, իրերն իրենց անուններով կոչելու եւ թե՛ վերջապես պետությունը կայացնելու մեր` հայկական ժամանակը:

Комментариев нет:

Отправить комментарий