18.02.2012

Լիզա Ճաղարյան «88-Ի ՇՈԳ ԱՄԱՌԸ»


- Լիֆ կուզե՞ս:
- Ի՞նչ:
- Լիֆ կուզե՞ս
- Ի՜ի՜ի՞նչ
- Պահո՜, ասում եմ` լիֆ կուզե՞ս, լիֆ, Անժելիկա... Քսանով կտամ:
Դե, պատկերացրեք` երեւանյան հուլիսյան շոգ, Օպերայի հրապարակում եռացող միտինգներ, միտինգներին գերազանցիկ աշակերտի պարտաճանաչությամբ մասնակցող` ասֆալտի վրա խաշված, արեւի տակ խանձված կին, որ միտինգից տուն է շտապում ամուսնու ու երեխայի  համար ճաշ պատրաստելու, հետո էլ` երեխային դաս սովորեցնելու, հետն էլ` ամուսնու հետ կռիվ տալու, որ մեկ է` թեկուզ բաժանվելու գնով գնալու է միտինգների: Ինչի՞ բաժանվելու գնով: Որովհետեւ ինքը հասկացել է, որ Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է, ու ինքը քանի որ հասկացել է, որ Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է` դրա հետ հաշտվողը չի մինչեւ մահ-գերեզման:
Պատկերացրի՞ք: Ուրեմն, ա՛յ այս կինը, որ տաքսիով տուն էր շտապում, որպեսզի հասցնի ե՛ւ ճաշ պատրաստել, ե՛ւ երեխային դաս սովորեցնել, ե՛ւ ամուսնու հետ կռիվ տալ հանուն Ղարաբաղի ու Մայր Հայաստանի միացման` շատ դժվարությամբ, բայց հասկացավ, որ ինչ որ լսեց` իսկապես ասվել էր: Ասվել էր հենց իրեն, ասողն էլ անձամբ ինքը` տաքսու վարորդն էր: Եվ որ շատ դժվարությամբ, բայց հասկացավ` վարորդի գլխավերեւի հայելու մեջ շփոթված ինքն իրեն զննեց` գուցե թեթևաբարո կնոջ տպավորությո՞ւն է թողել: Հայելու մեջ երեւացողը ասֆալտի վրա խաշված, արեւի տակ խանձված խամրած հայացքով անշպար կնոջ դեմք էր, ու թեթեւաբարո կնոջ վարկածը հայելին տեղնուտեղը կոպտորեն հերքեց: Հայացքը հայելուց փոխադրեց վարորդի կողմը` երեւի ցնդածի մեկն է:
Կոկիկ հագնված, լավ խնամված երիտասարդ էր` ճտտացնելով ծամոն էր ծամում: Մագնիտոֆոն էլ կար ավտոմեքենայում, ու մագնիտոֆոնի միջից  մի սրտակեղեք կլկլոց հա՛ ահազանգում էր, թե` չէր ուզում, չէր ուզում, Գիքորը քաղաք չէր ուզում, իսկ էդ պնդաճակատ Համբոն էլ, չես հասկանում, թե ինչու, երկու ոտքը դրել էր մի տրեխի մեջ, թե` չէ որ չէ, պիտի տանեմ քաղաք, որ բազազ Արտեմը քեզ մարդ դարձնի:
- Սա է,- ծամոնը ճտտացնելով` շրջվեց, կրծկալը նետեց կնոջ ծնկներին: Կրծկալը ծնկներին` սառել մնացել էր:
- Ուզո՞ւմ ես:
- Չէ:
- Ինչի՞: Փո՞քր է:
Չէ՛, չափն անցավ:
- Ասացի` չեմ ուզում,- արեւի տակ երկար կանգնելուց էր երեւի` ձայնը խզվել էր: Կրծկալը վերցրեց ու շպրտեց առջևի նստատեղին:
- Դուխի կուզե՞ս: 120-ով կտամ:
- Չեմ ուզում:
- Ինչի՞: Թա՞նկ է:
Կասեր` կանգնեք ու, արժանապատվությունն ամեն ինչից գերադասող, սիգապանծ տիկնոջ պես կիջներ ավտոմեքենայից, բայց բենզինի սղության դառը փաստը, փողոցում կրկին ժամերով սպասելու, քաղցած ամուսնու հետ հանուն Ղարաբաղի ու Մայր Հայաստանի միացման «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի տհաճ հեռանկարները ստիպեցին մերժել գուցեեւ ազդեցիկ, սակայն ժամանակավրեպ այդ ցանկությունը:
Գիքորը չուզե՜ց, չուզե՜ց, բայց ճարն ի՞նչ` ազգային մենթալիտետը թույլ չտվեց համառ հոր կամքին դեմ գնալ, ու գլուխը կախ` ճամփա ընկավ քաղաք: Վերջն էլ` Բազազը Համբոյին հասկացրեց, որ եթե Գիքորը չէր ուզում, ուրեմն` մի բան գիտեր:
Հաջորդն «Արյունոտ դրոշն» էր:
- Է՜,- ծամոնը ճտտացնելով լռեց-լռեց վարորդը ու  անսպասելի ծոր տվեց, - մենակ մի դարդ ունեմ` Ղարաբաղը: Էդ էլ որ տան, է՜...
- Ինչը՞,- ականջներին չհավատաց կինը:
- Ղարաբաղը, էլ ի՞նչը: Ղարաբաղն էլ որ տան, էլ պակաս-պռատ չեմ ունենա: Ամեն ինչ իմ շնորհքով ստեղծել եմ:
- Վա՜յ,- քրքջաց կինը,- չէ՜ր ուզում, չէ՜ր ուզում, Գիքորը քաղաք չէ՜ր ուզում:
- Կարգին ուրախ աղջիկ ես: Լավ էլ երգում ես: Թե իրիկունը միտինգ ես գնալու, գամ` տանեմ:
- Չէ, ամուսինս Ղարաբաղը չի ուզում, այստեղ կանգնեք:
- Հասա՞ր: Լավ էլ մարդաշատ կանգառ է: Միանգամից չորս հոգու կիջեցնեմ օպերա: Ութ ռուբլի: Ամեն օր միտինգ անեին, «Ժիգուլիս» կծախեի, քսանչորս կառնեի:
- Էլ Ղարաբաղն ի՞նչ ես անում: Որ Ղարաբաղը տան, միտինգ չի լինելու:
- Էդ մեկը ճիշտ ես ասում,- ու մտքերի մեջ ընկավ:
Կինը դրամը դրեց առջևի նստատեղին` կրծկալի վրա, դուռն զգուշորեն փակեց ու շփոթված վարորդին թողեց, որ ինքնուրույն որոշի` Ղարաբաղն ուզի՞, թե՞ չուզի:

Комментариев нет:

Отправить комментарий