12.02.2012

Ռիմա Գրիգորյան «Սառը արեւ»


9-րդ դասարանում էի սովորում: Դպրոցում շարադրություն տվեցին գրելու «Իմ պատկերացրած հայը», «Իրական հայը» կամ նման մի վերնագրով. լավ չեմ հիշում: Ընդհանրապես չէի ուզում շարադրություն գրել, որովհետեւ զգացի, որ պարտադրանք կա. գրել մի բանի մասին, որ անցել է մեկի մտքով, իսկ քեզ այդ պահին չի էլ հետաքրքրում: Այնուամենայնիվ այդ անգամ չհաջողվեց չգրել: Ընտրեցի տրված վերնագրերից մեկը եւ փորձեցի գրել: Նման վերնագրերով շարադրություններում հավանաբար պիտի գրեի Մասիսը սիրող մի հայի կամ ինչ-որ հերոսի մասին, որի մասին երեւի վաղուց ամեն ինչ գրվել է: Ես ուրիշ շարադրություն գրեցի:
Չգիտեմ ՝ հիմա կսիրեի շարադրությունս թե ոչ, բայց այն ժամանակ վստահ էի, որ ուրիշ բան եմ գրել՝ տարբերվող ու հետաքրքիր: Պատմում էի մի լրագրողի մասին, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում հալածանքների էր ենթարկվում, բայց անկախ ամեն ինչից շարունակում էր իր աշխատանքը: Երբ եկավ գնահատականներն իմանալու օրը, ուսուցչուհիս՝ տիկին Ազատյանը, հատուկ անդրադարձավ իմ շարադրությանը՝ խիստ ասելով, որ իմ գրածը ընդհանրապես կապ չունի վերնագրի հետ, եւ առհասարակ ես լավ չեմ գրել, ցածր եմ ստացել: Ես սիրեցի իմ այդ շարադրությունը բոլորից լքված, անտեսված երեխայի պես, որովհետեւ ոչ ոք չընդունեց նրան: Հետո տիկին Ազատյանը սիրեց ինձ. ես իրեն գաղտնի տալիս էի հանրահավաքների տեսասկավառակներ, երկրի անցուդարձից էինք խոսում, իսկ դպրոցի միջանցքի պատից փորձում էր ժպտալ Սերժ Սարգսյանի նկարը: Այդպես էլ ժպտալ չսովորեց այդ նկարի մարդը, ու ժպտալ չկարողանալու վրեժը կախեց երկրի բոլոր պատերից, բայց պատերի տակ մարդիկ շարունակում էին ժպտալ, կարողանում էին ժպտալ: Եվ տխրեց նկարի մարդը, որ վաղուց չժպտացող այս երկրում մարդիկ դեռ ժպտում են:
 Արդեն հինգ տարի է անցել, բայց այս ընթացքում լրագրողներին հանգիստ չտվեցին, իսկ հինգ տարի առաջ տիկին Ազատյանը ինձ ասում էր, որ աշխարհի բոլոր երկրներում էլ  այդ խնդիրը կա, բայց պարտադիր չէր, որ ես դրա մասին գրեի, որովհետեւ ինչ-որ առումով բնական է անկախ լրագրողներին հալածելը: Հիմա՝ հինգ տարի հետո, ես շարունակում եմ իմ շարադրությունը: Այս ընթացքում հասկացա, որ անկախ լրագրողներին հալածելը հատկապես բնորոշ է մեր երկրի նման երկրներին, որտեղ բացակայում կամ խիստ վտանգված է ազատ խոսքը, չկան լեգիտիմ իշխանություններ, իսկ անկախ, օբյեկտիվ լրագրողը դառնում է ճշմարտությունը քաղաքացուն հասցնելու գրեթե միակ միջոցը: Իշխանություններն էլ սկսում են վախենալ այդ լրագրողից, որովհետեւ բացահայտվում են իրենց կեղծիքները, աթոռների տակ թաքցրած գաղտնիքները, հետո այդ ճշմարտությունը վնասում է իրենց եւ  փորձում են պատժել, որ հանկարծ «էլ չարություն չանեն»: Հրաշագործ մի ձեռք իշխանության բարձունքից այս մարդկանց գլխին խաղ է խաղում, ներկայացում սարքում՝ սկսած իրենց անձը վիրավորած, բարոյական վնաս հատուցած հոդվածի պատճառով դատի տալով, վերջացրած ինչ-որ հանցագործության մեջ մեղադրելով, բանտեր նետելով, անգամ կյանքից դուրս նետելով: Բազում դեպքեր են եղել, երբ լրագրողները մահացել են կասկածելի հանգամանքներում, իրականությունը այդպես էլ չի պարզվել, բայց բոլորին պարզ է եղել, որ Հայաստանում թե մեկ այլ տեղ այս լրագրողից կյանքը չի հեռացել, այս լրագրողից կյանքը խլել են:
 Երեկ առավոտյան սառը արեւի տակ քայլում էի Երեւանի փողոցներում: Փողոցները սառույցով էին պատվել, ու ոչինչ, որ մարդիկ կարող են ընկնել: Հետաքրքիր է՝ ու՞մ եմ մեղադրանք ներկայացնելու, եթե ընկնեմ ու վնասվածք ստանամ: Հետաքրքիր է…
Հա, քայլում էի սառը արեւի տակ, ու թարմ էին մտքերը: Այդ ժամանակ, երբ քայլում էի Երեւանի փողոցներով, որտեղով ամեն օր աշխատանքի էր գնում Հայկը, չգիտեի, որ մինչ ես քայլում եմ, իրեն չեն թողել, որ քայլի, մտածել են ՝ հանկարծ կընկնի սառույցի վրա, ու շքախմբով տարել են ոստիկանություն, բերման են ենթարկել եւ որոշել, որ իրենց սառը խցերին արեւ է պետք: Որոշել են ու վերջ, իսկ փողոցները թող սառցակալեն, փողոցներին արեւ պետք չէ, փողոցներին քայլողներ էլ պետք չեն: Բայց հիմա փողոցը լցվել է քայլողներով՝ Հայկի փոխարեն եւ հանուն Հայկի քայլողներով: Համացանցում բոլորը խոսում են Հայկի մասին՝ անկախ քաղաքական հայացքներից: Մյուս կողմից էլ մյուս մասը տեսնում ու ասում է՝ չտեսա, այնպես, ինչպես սառույցի վրայով քայլելիս ասում է՝ սառույց չկա, ձյուն էլ չի եկել: Եվ մինչեւ մի մասը դառնում է արեւ մահվան պես սառը այս երկրում, մյուս մասն էլ ընտրում է սառը մահը, Հայկը նստել է իր խցում, եւ նրա խցի սառը պատերը սկսում են տաքանալ: Ինքը չի մրսի, թեպետ էս օրերին արեւը սառն էր:

Комментариев нет:

Отправить комментарий