02.02.2012

Համբարձում Համբարձումյան «Ամենամարտունակ բանակը»

Լուսանկարը` Անի Ոսկանյանի
  Պաստառ-պատմվածք

Վառարանի վրա եփվող «գրաժդանսկի» ճաշատեսակների՝ յուղի մեջ տապակվող հավի ներկրված, մուտանտ բդերի ու երշիկով ձվածեղի  ախորժաբեր հոտերը խլացնում են   մարմնիցս եկող դիզվառելիքի հոտը, որ կեսօրին առատորեն ցանել եմ հագուստիս՝ ոջիլի դեմ պայքարելու համար։ Զույգ մոմերի լույսով լուավորված գետնատնակի տարածքը թմրանյութի պես ներգործող բույրերի ազդեցությամբ արդեն խորթ ու օտար չի թվում։ 
Բոյով Ճուտը՝ հենակետի խոհարարը, մեկ վառարանի մոտ կանգնած տապակվող ճաշատեսակներին է հետևում մեկ էլ` մի մեծ քայլ անելով հայտնվում է սեղանի մոտ ու սեղանն է գցում ՝ իր ջանադրությամբ մոտեցնելով գիշերային խնջույքի րոպեները։ Նա քիչ առաջ է վերադարձել գյուղից, ուր  քաղաքացիական շորերում ծպտված, իջել էր հավաքված դիզվառելիքը քաղաքացիական սնունդով փոխելու: Ճանապարհը դժվար անցանելի է, պետք է որ հոգնած լինի, բայց տեսքն առույգ  է։
Համարյա բան չի բերել հետը. երեք կիլոգրամ հավի բուդ, կետչուպ, մոմ, տնական օղի, գինի ու դեռ մի կլորիկ գումար էլ պարտք է մնացել խանութին, որ վճարելու ենք հենակետից իջնելուց ու աշխատավարձ ստանալուց հետո՝ եթե վաշտի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը ամսավճարը չգրպանեն, իհարկե։ Դիզվառելիքը քիչ ենք հավաքել, որովհետև մինչև մեզ է հասնում, տակը բան չի մնում։ Գնդի հրամանատարն ու թիկունքի պետը վրայից «իրենց փայը» վերցնում, ուղարկում են գումարտակ, գումարտակի հրամանատարն ու թիկունքի պետը «իրենց փայը» վերցնում, մնացածը բաժանում են հենակետերին, վաշտի հրամանատարն էլ «իր փայն» է վերցնում հենակետերից։  Գնդի հրամանատարը պահանջում է, որ գումարտակի հրամանատարը չգողանա, գումարտակի հրամանատարն էլ վաշտերի հրամանատարներից է պահանջում, վաշտերի հրամանատարներն էլ պահանջում են, որ ականապատ անտառից փայտ չբերենք, այլ իր թողած դիզվառելիքով տաքացնենք գետնատնակը ու ճաշ եփենք:
Մոսոն ու Ծերուկը հասնում են գետնատնակի մոտ ու «պլաշ-պալատկով»  անտառից բերած փայտը  ցած են գցում։
-Շուտ,- բլինդաժից գոռում է Բոյով Ճուտը,- փեդ ջարդեք, կրակը մարում ա՝ Հովոյենք էսա կգան։
Հիմա արդեն պարզ է Ճտի եռանդի պատճառը. վախենում է, որ Հովոյենք գան ու սեղանը պատրաստ չլինի։ Նայում եմ, թե նա ոնց է արագ-արագ շարժվում, մեկ տապակվող մսի կտորները շրջում, մեկ հացը կտրատում, պահածոյացված մսի տարաները բացում։ Խղճահարության ու զզվանքի խառը զգացողություն եմ ունենում ու հանկարծ հիշում եմ, թե ոնց առավոտյան Հովոն հրամայկան տոնով ջուր ուզեց ու տարա։ Պատկերացնում եմ ինձ կողքից Հովոյի համար ջուր տանելիս ու ինձնից էլ եմ զզվում։
Լսվում են կացնի անհամաչափ տկկոցները ու ջարդվող չոր փետերի ձայները, և մի քանի րոպե հետո ներս է մտնում Մոսոն: Փյատերի խուրցը դատարկում է վառարանի մոտ։
-Արա, էս ինչ մութ ա, բան չի երևում։ Հոգնեցի,- ասում է Մոսոն ու իրեն գցում նառերի վրա։
-Ինչ ես բողոքում, -ասում եմ,-սմենդ թռավ։
Ավանդույթի համաձայն հերթապահությունից դուրս բերված դիտորդներն էին գործերը անում։ Ըստ գրաֆիկի՝ Մոսոն պետք է դիրքում կանգնած լիներ, բայց Բադալյանին՝ հենակետի ավագին, համոզել ու մի դիտորդ էինք թողել դիրքում։ Երկրորդ դիտորդի կողքի խորշում տեղակայված ծանր զենքը՝ ԴՇԿ-ն էլ իջացրել էինք Բադալյանի պահանջով։ Հիմարություն էր իհարկե ԴՇԿ-ն իջացնելը, բայց Բադալյանը «պոռնո» օրերին (բարդակ իրավիճակներին մենք պոռնո էինք ասում), երբ հենակետը մի դիտորդով էր մնում, պահանջում էր ծանր զենքը իջացնել, իբր ազերիները կամ գումարտակի հրամանատարը կարող էին գալ, զենքը տանել, ու զենքը կմնար իր վզին։ Էդ ապուշը, ուրեմն , իր ու մեր կյանքի համար չէր վախենում, ծանր զենքի ապահովության մասին էր մտածում։
Վառարանի ջերմությունը,   յուղի միալար տժտժոցը, մոմերի աղոտ լույսը,  քնապակաս մարմնիս հոգնությունը ինձ դեպի նառերն են տանում։ Կողքիս պառկած Դիակի աչքերը փակ են, բայց անհամաչափ շնչառությունից ու շուռումուռ գալուց երևում է, որ ախորժաբեր հոտերից քունը չի տանում։  Պառկում եմ ու մարմնիս վրա զգում դիզվառլիքի հոտից կատաղած ոջիլների տեղաշարժն ու վրիժառու խայթոցները։ Քիչ անց հոգնածությունը Դիակին հաղթում է ու գետնատանկաում լսվում է նրա խռռոց-ֆսսոցը։
 Սովորաբար հերթափոխը տասնչորս օրը մեկ էր կատարվում, բայց երեսուներկու օր է, որ հենակետում ենք, երեսուներկու օր է, որ սպաներին տարել են Երևան ՝ ժողովրդի ջարդից հետո Քոչարյանի հայտարարած Արտակարգ դրության պայմաններում  Ազատության հրապարակում կամ մի ուրիշ «կարևոր օբյեկտում» հերթապահություն տանելու և մեզ փոխարինող գումարտակում ուղղակի սպա չի մնացել, որ  փոխարինեն։ Երեսուներկու օր շարունակ խիտ գրաֆիկով հերթապահություն ենք տարել՝ գիշերային խնջույքների պատճառով գրեթե չքնելով, և անձնակազմը քնապակաս է, բացի Հովոյից, իհարկե, ով  եթե  լուր չէր լինում, թե հենակետ ստուգայցով մարդ է գալիս, հերթապահության չէր կանգնում:
 Գումարտակի հրամանատարը, որ մենակ է մնացել, տասը օրը մեկ ստուգայցով գալիս է հենակետ։ Այդ մի քանի ժամը ծառայում ենք ոնց որ պետքն է, մնացած ժամանակ հենակետում բարդակ է։  Էն տեսկ «պոռնոգրաֆիա», որ մի քանի զորակոչ առաջ ծառայած տղերքն էլ չեն տեսել։  Ազերիներն էլ գրեթե ամեն գիշեր կրակում են, ու տղերքը հարբած բարձրանում են դիրք՝ զորանոցից ավել հանած փամփուշտները մսխելու, մինչև ինքնաձիգերի փողերը կկարմրեն։ Մեր վաշտի հենակետերից միայն մեր հենակետում սպա կա, նույնը՝ նաև մյուս վաշտերում, ու լավ է, որ ազերիները հեռվից կրակելով սահմանափակվում են,  հարձակման չեն անցնում։ Հավանաբար նրանք չեն էլ պատկերացնում, որ մեր  իշխանությունները կարող էին նաև հենակետերի սպաներին  տանել ժողովրդին զսպելու, որ նրանք սահմանի ապահովությունն էլ վտանգի կենթարկեն, միայն թե իրենց իշխանությունը չվտանգվի:
  Հերթափոխի սկզբնական օրերին էս «պոռնո» վիճակները՝ սպաների վերահսկողության բացակայությունը, գիշերային խնջույքները, պարբերաբար պոստ չկանգնելը, երեկոյան ժամերին խարույկի շուրջ նստելը, աղբյուրի մոտից բռնած կրիայի միս ու հենակետի տարածքից հավաքած ծնեբեկ խժռելը հաճել էին՝ զինվորի երազանքը, բայց երեք շաբաթ հետո արդեն սկսեցի հոգնել էդ անլվա, բարձիթողի վիճակից և զգում էի, որ սրա վերջը լավ չի լինելու, որովհետև ազատության համն առած տղերքը վայրենանում ու կորցնում էին իրենց զգոնությունը, իսկ Հովոն ընդանրապես իրեն տեր ու տիրական էր զգում։
Հարայ-հրոցով գետնատնակ մտան Բադալյանը, Հովոն ու հարևան հենակետերի «յախշիակազմը»։
-Հը, ինչքա՞ն ես բերել,-հարցրեց Բադալյանը Ճտին։
-Հինգ լիտր գինի, իրեք լիտր արաղ։
Բադալյանը պտտվում է վառարանի չորս բոլորը, կեղծ ոգևորությամբ ձեռքերը ցուցադրաբար շփում է։
-Հինգ լիտր գինի, երկու լիտր արաղ՝ էսքանը ո՞նց ենք խմելու,- Բադալյանը սիրում է խմելուց խոսել։ Նրան թվում է, որ դրանով բարձրանում է «լավ տղերքի» աչքում։
-Խի դու էլ ե՞ս խմելու,-ասում է Հովոն ու «յախշիակազմով» հռհռում են։
Բադալյանը շփոթվում է ու իր նվաստացումը քողարկում հիմարավուն ժպիտով։ Ուրիշ մի ժամանակ, ուրիշ մի զինվորի կամ հենց Հովոյի դեպքում հիստերիկ կճվճվար, հենակետին տագնապ կտար, բայց հիմա միայն հիմարավուն ժպտում է ու նեղացածություն է խաղում. ինքը սպա չի, ինքը  «լավ տղերքից» մեկն է, նրանց ընկերնը։
-Կատակ եմ անում, Բադալյան,-ասում է Հովոն, որ Բադալյանը կողքի հենակետի տղերքի մոտ շատ ստորացված չզգա իրեն։
Հովոն ու մյուսները նտում են սեղանին։ Ճուտը վառարանի վրայից արագ վերցնում է տաք ուտեստները ու դնում է սեղանին՝ սկզբում հավի բուդը, երշիկով ձվածեղը, ապա տաքացրած պահածոացված միսը։
-Վեր կացեք, արա, ի՞նչ էք պառկել,- ասում է Հովոն։
Ես,  Դիակը, Բրդոտը, Բիձեն, Մոսոն  նառերից բարձրանում, նստում ենք փայտաշեն սեղանի մոտ ու խնջուքը սկսվում է։ Ճուտը մագնիտաֆոնը միացնում է ու կովկասյան ելևեջներով ռուսական բլատնոյը տարածվում է բլինդաժով մեկ։
Ночью  я  родился  под  забором
Воры  окрестили  меня  вором.
..
  Մի քանի բաժակից հետո Բադալյանը մեզ արգելում է խմել, հիմա  միայն «յախշիակազմն» ու Բադալյանը պիտի շարունակում «հարբոցին»։ Ես խմելու հավես չունեմ, բայց անարդարության զգացողությունը, որին պետք է մի տարվա ծառայությունից հոտո սովորած լինեի, բայց այդպես էլ չէի սովորում,  ճնշում է ներսից. գումարտակ իջնելուց հետո պարտքը մարելու համար մենք պիտի մուծվեինք Բադալյանին, բայց իրանք են խմում։ Ես բարձրանում եմ սեղանի մոտից ու քայլ անելով մեկնվում եմ նառերին։ Տղերքն էլ են ցրվում։ Միայն Մոսոն է նստած մնում «յախշիակազմի» ու Բադալյանի հետ։  Վստահ եմ, որ նա էլ առանձնապես խմելու հավես չունի, բայց նույն զգացողությունը ունի, ինչ ես, և Բադալյանի խոսքը չլսելու տալով նստում, շարունակում է խմել` Հովոյի սառը, մռայլ հայացքի  տակ. հենակետում միայն Հովոն իրավունք ունի Բադալյանին ստորացնել,  «չլսել» նրա հրամանները:
Մի քանի ժամից արթնանում եմ ։ Մագնիտաֆոնը դեռ երգում է։ Մոսոն նառի վրա նստած ճտքակոշիկներն է հագնում։ Սեղանի մոտ նստած տղերքից մեկը հռհռում է։
-Է, Բադալյան, Բադալյան, էրկու բաժակից սատկեցիր։
Նորից են հռհռում։ Բադալյանը գլուխը սեղանից բարձրացնում է ու, մեծ ճիգեր գործածելով, բացում է աչքերը, պլշած նայում իր դիմաց նստած Հովոյին։
-Էդ իմ վրա էք ծիծաղում, հա՞, էդ իմ վրա եք ծիծաղո՞ւմ,- ապուշի պես ժպտում է։
-Բա էլ ում վրա, այ բոզ,-ասում է Ցուլը, ու նորից հռհռում են։
Բադալյանը գլուխը դարձյալ դրել է սեղանին։ Ինքը խմած է, մահացու հարբած է, չի լսում...
Ես ու Մոսոն նայում ենք իրար ու ժպտում ենք Բադալյանի՝ սուտ անջատված լինելու վրա։
-Բադալյանը մեր ախպերն ա, Բադալյանին բան չասեք,- տղերքին աչքով է անում Հովոն։
Հովոյի խոսքերից սիրտ առնելով՝ Բադալյանը աչքերը բացում է ու կտրուկ ոտքի է կանգնում։
-Էն ի՞նչ էիր ասում...
 Ընդանուր հռհռոցի տակ Բադալյանին երկու կողմից քաշում նստացնում են։
-Էդ ո՞ւր,-հարցնում եմ Մոսոյին։
-Գնամ վերև, տեսնեմ Սևակը ոնց ա։
Գետնատնակում կանգնած տնական օղու հոտից ու ծխախոտի թանձր ծխից, Բադալյանի սարքած նողկալի թատրոնից սիրտս խառնում է։ Մոսոյի հետ ես էլ եմ դուրս գալիս։ Սևակի երկու ժամը վաղուց լրացել է, բայց Բադալյանը հերթափոխ չի կատարել, որովհետև հերթափոխի դիտորդներից մեկը Հովոն է, մյուսը Բրդոտը, ով Ճտի հետ գյուղ է իջել ու գիշերվա հանգստի իրավունք ձեռք բերել։
Գետնատնակից սկիզբ առնող խրամուղով բարձրանում ենք վերև։ Քամին քշել է հենակետի վրա կախված ամպերի թանձր ծածկույթը։ Լուսանում է, բայց  տեղ տեղ դեռ կայծկլտում են աստղերը։ Անորոշ տագնապով, ուշքս սեփական ոտնաձայներիս ու ձորում ոռնացող բորենիներին դարձրած՝ քայլում եմ։ Հասնում ենք դիտախորշին,  նշանաբառ հարցնող չկա։
-Սևակ,-ցածր ձայն է տալիս Մոսոն։
 Մոսոն ինքնաձիգը ուսից հանում, պահպանակը իջեցնում է։ Ներս ենք մտնում։ Սևակը խորշի անկյունում, սառը ժայռաբեկորի վրա նստել է՝ գլուխը կախ, բուշլատի մեջ կծկված, զենքը ոտքերի արանքում բռնած։ Շրթունքները ժպտում են, դեմքը խաղաղ ու հանգիստ է. ով գիտի երազում զորացրվել, տուն է հասել։ Արթնացնում ենք։
-Չդիմացա, աչքս կպավ,-ասում է Սևակը,- Էն անասուն Բադալյան ի՞նչ ա մտածում, որ չի փոխում։
-Դեռ մի  ժամ էլ պետք ա կանգնես,-ասում է Մոսոն,-սոված ե՞ս, մի բան բերեմ ծամես։
-Հա, -ասում է,-մեկ էլ մի բաժկ կոֆե բերեք, թե դժվար չի։
-Դիտորդին արգելվում է նստել, խոսել, ծխել, ծիծաղել, հազալ, խնչել, խմել, շռել...,- ժպտալով դիտորդի պարտականություներն եմ հիշեցնում։ -Լավ, կբերենք։
Մտնում ենք գետնատնակ։ Մոսոն զենքը դնում է զինանոցում, մոտենում է սեղանին։ Հովոն ինչ-որ բան է խոսում Բադալյանի հետ։  Մոսոն ձեռքը երկարացնում, մի կտոր հաց է վերցնում, ապա՝ մի կտոր հավի միս։ Միսը դնում է հացի վրա ու շրջվում է։ Հովոն ոտքի է կանգնում՝ աչքերը մոլեգնորեն չռած գոռում է Մոսոյի վրա։
-Հիմա որ մի հատ չափալախեմ, ճիշտ կանեմ։
Մոսոն մի քայլ հետ է գնում՝ զարմացած, ինչպես և մնացած բոլորս, չհասկանալով Հովոյի բարկության պատճառը, իսկ Հովոյի դեմքի մկանները դողում են կատաղությունից, կուրծքը փքված է, ջլապինդ ձեռքերի մկանները՝ պրկված,  կարմրած բիբերը դուրս են պրծել, ասես ուր որ է դուրս կթռչեն ակնախոռոչներից։
-Խփե՞մ,-բարձրացնում է ձեռքը Հովոն։
-Ինչի՞ համար,- Մոսոն ժպտում է։ Կարծում է Հովոն կատակ է անում, իսկ եթե այդպես չի էլ կարծում, ուզում է ցույց տալ, թե լուրջ չի վերաբերվում նրա բարկությանը։
Հովոյի  ապտակից Մոսոն ծռվում, հետ քայլ է անում։ Հացի ու մսի կտորը ընկնում է ձեռքից և հաջորդ վարկյանին ճզմվում Հովոյի ճտքակոշիկի տակ։
-Չես հասկանո՞ւմ,-ու նորից է խփում։
-Հով, պետք չի,- ոտքի է կանգնում Ցուլը։
-Խի՞ ես խփում,-ասում է Մոսոն։
-Չես հասկանո՞ւմ,-ու խփում է։ -Չես հասկանո՞ւմ, չես հասկանո՞ւմ...
Մոսոն հետ քայլ չի անում, գլուխը չի թեքում, լուռ, աներեր, ասես ցավ չզգալով, ընդունում է դեմքին Հովոյի ապտակները՝ բռունցքները սեղմած, սևեռուն հայացքով նայելով Հովոյի դեմքին։ Թվում է հիմա կհասցնի Հովոյի քիթ ու մռութին, բայց չէ, ճիշտ է գնահատում իր հնարավորությունը, եթե խփի, կհասնեն, յախշիակազմով կտրորեն նրան, ու բռնում է Հովոյի ձեռքերը։ Հովոն ձեռքերը ազատում է ու արդեն բռունցքներով է խփում։ 
-Խի՞ ես խփում , արա,-հուզմունքից հևասպառ գոռում է Մոսոն։
 Բադալյանը ու մյուսները  բռնում են Հովոյի ձեռքերը ու փորձում են հանգստացնել նրան։ Հովոն, աընդհատ հայհոյելով, փորձում է արանք գտնել ու էլի խփել Մոսոյին։ Կատաղած գոռում է, որ բաց թողեն իրեն, մայր է հայհոյում Մոսոյին։
-Էդ ո՞ւմ էս մեր քրֆում, այ բոզ,-գոռում է Մոսոն։
-Թողեք, -անասունի պեզ զիլ բառաչում է Հովոն,- ով ձեռս բռնեց, պատասխան ա տալու։
Հովոյի ձեռքերը թողնում են, առաջինը ՝Բադալյանը։ Բադալյանը  չի ուզում նրա հետ գործ ունենալ , որովհետև Հովոն վաշտի հրամանատարին էլ է խեղճացրել: Նախորդ հերթափոխի ժամանակ, երբ վաշտի հրամանատարն ու Հովոն բազար էին անում գետնատնակում, իսկ մենք ու Բադալյանը դրսում կանգնած նրանց բազարի ձայներն էինք լսում, իսկ հետո` ծեծկռտուքի, Բադալյանի դեմքը վախից սփրթնել էր:
Հովոն ձեռքը երկարացնում, վառարանի կրակխառնիչը վերցնում է ու մայր հայհոյելով առաջ է քայլում։ Մոսոն նետվում է դեպի զենքերը, բայց տղերքը բռնում են։
-Խփեք դրան, ես դրա մերը...,-գոռում է Հովոն։
Ու խփում են։ Բոլորով հասնում, խփում են, մի քանիսը հաճույք ստանալով, մյուսները ուղղակի Հովոյի ասածը արած լինելու համար։ Մաշված խեբեից մի կտոր Հովոյի ձեռքերի մեջ թողնելով՝ Մոսոն դուրս է պրծնում շուրջկալից ու վազում է։ Հովոն փորձում է նրա հետևից ընկնել, բայց Բադալյանը կտրում է նրա դեմը ու մի շրխկան ապտակ ստանում դեմքին։ Հովոն դուրս է գալիս։ Բադալյանը հիստերիկ ճվճվալով մոտենում է տապիկին։ Տապիկի ընկալուչը վերցրած, բերանից թուք ու փրփուր շաղ տալով՝ հիստերիկ գոռգոռում է։
-Էս ի՞նչ արիք։ Զանգում եմ զեկուցեմ, Հովո, հորս արև զանգում եմ...
Հովոն ներս է գալիս։
-Զանգի,-ասում է։
Բոլորս էլ գիտենք, որ Բադալյանը չի զանգելու։ Ծանոթ պատմություն է, երկու օրը մեկ նա այդպես հիստերիկանում, սպառնում է զանգել։ Բայց ոնց կզանգի, երբ որ ինքն էլ, մեզ հետ նստած, խմել, հարբել է, մի դիտորդին ու ծանր զենքը իջեցրել է։
-Հովո, էս ի՞նչ արիր, ախպեր,-փափկում է Բադալյանը։
Բադալյանին Ղարաբաղից են տեղափոխել մեր զորամաս։ Այնտեղ վաշտի հրամանատար է եղել, ու երկու զոհ է տվել նրա վաշտը։ Զոհերից մեկը հենակետից փախել է դեպի ազերիների դիրքերը, ականի վրա պայթել, մյուսը, որ նրա դասակի հրամանատարն է եղել, հենակետում «ղումար» է խաղացել, խոշոր գումար է տարվել ու ինքնասպան եղել։ Բադալյանին  պաշտոնազրկել, որպես դասակի հրամանատար մեզ մոտ են ուղարկել, բայց էդքանից հետո  էդ ուսադիրներով անասունը շարունակում է «լավ տղա» խաղալ, «լավ տղերքի» հետ «ախպերություն» անել, իր ցանկությամբ կամ «լավ տղերքի խաթեր համար» գիշերային խնջույքներ կազմակերպել։ Բոզիտղություն կանի, «բոզություն» չի անի։   Անհասկանալի մի տրամաբանությամբ մի փոքր զանցանք կատարած խեղճուկրակ զինվորներին քարշ կտա գումարտակի հրամանատարի մոտ, բայց «լավ տղեն» քիթումռութն էլ ջարդի՝ չի զեկուցի։
-Բադալյան,-փորձում է կատակել Ցուլը,- զինվորդ պոստից փախավ, էս անգամ ռազժալվատ են անելու, ջոկի հրամանատար նշանակեն։
-Գնացեք դրան հետ բերեք, ասեք, որ ձեռ չեմ տա,-ասում է Հովոն։
Աղբյուրի ճանապարհով իջնում եմ ներքև։ Ջուրը պետք է բերեն, հենակետ հասցնեն, բայց գումարտակի հրամանատարը բենզին է խնայում, ու ստիպված, մեր հանգստի հաշվին ամեն օր ուսապարկերով, կապրոնե շշերի մեջ լցված ջուր ենք  կրում բնական աղբյուրից, որ արդեն ցամաքել, տիղմով է պատվել։  Ամռանը դեռ ոչինչ, հաճելի է անտառի միջով իջնել ներքև՝ վայլել ազատ ու անկաշկանդ քայլքի հաճույքը՝ պատկերացնելով թե արշավի ես դուրս եկել կամ հարազատ գյուղի սարերում ես թրև գալիս, բայց ձմռանը մերկասառույցի վրայով իջնել-բարձրանալը ոչ միայն հոգնեցուցիչ է, այլև վտանգավոր։
Գումարտակի հրամանատարը պարբերաբար հայտարարում է. «Ով զինվորի փայը գողանա, բոզի տղա ա», և իսկապես մեր գումարտակում սնունդը շատ ավելի լավ է, քան թե գնդի մյուս գումարտակներում, որտեղ ճաշարանի պետը զինվորին հասանելիք սնունդը իր ֆերմայի խոզերին է մատակարարում, բայց բենզինը փաստորեն գումարտակի հրամանատարը զինվորին հասանելիք բան չի համարում:
Մոսոն աղբյուրից քիչ վերև նստած է՝ ծնկները գրկած, հայացքը գետնին՝ շաղոտ սիզախոտերին հառած։ Հավանաբար հեռվից տեսել է, որ ես եմ եկողը, և հայացքը գետնից չի կտրում՝ տեսնելու, թե ով է։ Նստում եմ  խոնավ ու սառը գետնին  և անմիջապես մարմնովս դող է անցնում։ Նորից թութքս դուրս կընկնի, բայց դա հիմա ինձ շատ քիչ է հուզում։ Մոսոն ծխախոտ է ուզում։ Երկու ծխախոտ եմ հանում ու դատարկ տուփը ճմռելով գցում եմ արահետի աջ կողմում գոյացած աղբի վրա։ Մտածում եմ, որ պետք է տուն զանգել ու ծխախոտ ուզել, որովհետև մինչև սպաներին Երևանից կբերեն, կիջնենք ներքև,  «պալուչկա» կստանանք»,  «սավսալ» կսատկեմ։ Ծխախոտի  գլանակը մատների արանքում սեղմած Մոսոյի ձեռքը,  ասես նրա հոգեկան ապրումները ցուցադրելով,  անհամաչափ դողում է։  Դողացող ծխախոտը շրթունքներից չհեռացնելով՝  ագահորեն ներս է քաշում ծուխը։
-Խփելու եմ էդ բոզի տղուն՝ դրան էլ, Բադալյանին էլ։ Ինչի՞ համր խփեց, հը՞, ինչի՞ համար։ Էն շակալներն էլ վրա տվեցին, խփում են։ Մի մագազին շարելու եմ վրեն, դրա մերը լացացնեմ,- հուզմունքից հևասպառ խոսում է, քիթը պարբերաբար վեր քաշելով ու հազիվ է զսպում լացը։
Ուրիշ ի՞նչ կարող է անել: Զեկուցելը «բոզություն ա» ու եթե Բադալյանը իր կապիտանի ուսադիրներով էդ «համարձակությունը» չունի, Մոսոն ո՞նց զեկուցի, զեկուցելուց հետո նրա անվտանգությունը ո՞վ կերաշխավորի: Գումարտակի հրամանատարը կարող է Հովոյին կանչել, քացու տակ գցել ու կոծկել գործը, որպեսզի իր հենակետերի բարդակը բոլորի սեփականությունը չդառնա, ինքը և իր սպաները նկատողություն չստանան: Դե արի դրանից հետո գումարտակում ծառայի` «բոզի» պիտակը ճակատիդ խփած:
-Ոչ մի բան էլ չես անի,-ասում եմ։ - Դրա պատճառով, գնաս նստե՞ս,  կյանքդ կործանե՞ս, մեզ էլ հետդ քարշ տաս ռազմական։
Հենակետում սպանությունը բացառելու համար չեմ Մոսոյն հանգստացնում: Գիտեմ`  հիմա Բադալյանն ու Հովոն զենքերի մարտական ասեղները հանել են ու առնվազն մի շաբաթ` մինչև կրքերը հանդարտվեն, հերթապահության ժանգոտ երկաթի կտորի վերածված ինքնաձիգներով ենք բարձրանալու: Մոսոյին հանգստացնում եմ, որ հեշտ համակերպվի իր ստորացմանը ու մոռանա, որովհետև ինչքան երկար մտածեց, այնքան ավելի է խորացնելու իր վիճակը, ու դա խանգառելու է  հետագա ծառայությանը:
Հետդարձի ճանապարհը շատ երկար է թվում: Լուռ քայլում ենք, ես առջևից, Մոսոն իմ հետևից` կորացած, մռայլ թախծալի դեմքի արտահայտությամբ, խեղճ, ինչպես մատաղացու գառը եկեղեցու ճամփին: Հիմա նա պետք է դեռ տարի ու չորս ամիս ծառայի ոտնահարված արժանապատվությամբ` ամեն օր, ամեն ժամ վերհիշելով իր ստորացումը և վերապրելով այն: Ժամանակի հետ հուզմունքը, կրքերը կմարեն, բայց նվաստացման դառնությունը չի պակասի, և  դա կճնշի նրան, կկոտրի ներսից` ստիպելով համակերպվել նոր` մանր ու միջին նվաստացումների: Ամբողջ բանակի համակարգն է կառուցված նվաստացման վրա, առաջին իսկ օրից, առաջին վարկյանից, երբ մտնում ես զորամաս, և նույնիսկ դրանից էլ առաջ` կենտրոնական հավաքակայանից գործի է դրվում տարիներ շարունակ հղկված ու մշակված նվաստացման մեխանիզմը, որ պետք է զինվորին կոտրի, ջարդի անհատականությունը, ոտնահարի արժանապատվությունը և դա «շարք» մցնելու, ծառայեցնելու միակ ձևն է, որ առաջարկում-պարտադրում է հայկական բանակը, բայց ամենազարհուրելին այն է, որ նրանք, ովքեր կնվաստանան, ում արժանապատվությունը կոտնահարվի, կճնշվեն ոչ միայն ավելի ճարպիկ ու բանակային կյանքին պատրաստ զինվորների կողմից, այլ նաև սպաների: Այն «լավ տղերքը» , ովքեր հովանավորչությամբ կամ առանց դրա կդիմանան ու հոգեպես չեն ջարդվի, կդառնան սպաների «սիրելիները», «ախպեր-ընգերները»` նվաստացման մեխանիզմի ամենագործուն պտուտակները։ Իսկ այն հատուկենտ սպաները, ովքեր կփորձեն հոսանքին հակառակ գնալ` իրենք կենթարկվեն նվաստացման և ի վերջո կջարդվեն վերևից իջնող մամլիչի ճնշման տակ:  Հիշում եմ առաջին հայհոյանքը, որ բանակում լսեցի սպայի` մեծ քթով, ինքնագոհ, աքաղաքի պես փքված լեննականցի կապիտանի շուրթերից, առավոտյան վերկացի ժամանակ`«Արագ, կովի հաջաթներ, արագ» ու մտածեցի`«էս  ուսադիրներով խեղկատակը չգիտի, որ կովը էդ բանից չունի, ու սրան վաշտ են վստահել»:
Քայլում եմ Մոսոյի աջևից, պարբերաբար գլուխս ետ շրջելով ու նայելով նրա դեմքին, ջրակալած աչքերին, որոնց մեջ արդեն նշմարվում է համակերպվելու պատրաստակամությունը, և ափսոսում եմ, որ քիչ առաջ համոզում էի հետ կանգնել Հովոյին ու Բադալյանին սատկացնելու ծրագրից, և միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ իմ խոսքերը  վճռորոշ նշանակություն չունեին:
Հեռվից նկատում եմ, որ գետնատնակի մոտ կանգնած են Բադալյանն ու Հովոն: Մեզ տեսնելով նրանք հավանաբար թեթեվացած շունչ են քաշում և ներս են մտնում: Հասնում ենք գետնատնակին: Բադալյանը դուրս է պրծնում գետնատնակից,  անտաղանդ դերասանի շինծու ոգևորությամբ մոտենում է Մոսոյին, դեմքը մոտեցնում է նրա դեմքին ու հիստերիկ բղավում.
-Էս ուզում էիր պոստից փախնես, հա՞, ուզում էիր փախնե՞ս:
-Բադալյան,-լսվում է Հովոյի ձայնը:
Բադալյանը էլի ինչ որ բան է ուզում ասել, բայց Հովոն երկրորդ անգամ է գոռում, և նա հետ է շրջվում ու քայլում դեպի գետնատնակը: Դռան մոտ գլուխը թեքում է.
-Ես քո հետ հետո կխոսամ:
Մտնում եմ գետնատնակ, ծխախոտ եմ վերցնում: Նստում ենք գետնատնակի մոտ դրված փայտաշեն նստարանին ու ծխում ենք՝ մեր հայացքները  ամպերով պատված, անհուսորեն մռայլ ու գորշ երկնքին հառած, որոտի ու կայծակի անուրախ սպասումով: Փոքրիկ մագնիտաֆոնի համար պատրաստված «գեբեշկեն» հավանաբար գիշերվա ընթացքում նստել է, ի զորու չէ պտտել ձայներիզը, և այդ պատճառով ռադիո են միացրել:
-Գաղտնիք չէ,-լսվում է հաղորդավարի մետաղական, ռոբոտային ձայնը,-որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է համարվում…
Խրամուղով իջնում է գերհոգնած, ճմրթված դեմքով Սևակը` սաղավարտը հանած, զենքը ձեռքին, անքնությունից, կամ անհարմար քնից բորբոքված աչքերով:
-Էս Բադալյանը լրիվ ցնդել ա՞, վեց ժամ ա՝ կանգնած եմ,- մեզ հասնելով` ասում է նա:
«Վերջ,-մտածում եմ,- հիմա Բադալյանը նոր պատմություն կսարքի դիրքը թողնելու, ներքև իջնելու պատճառով»:

1 комментарий:

  1. Իմ համեստ կարծքով՝ մարդիկ, որոնք բանակի, սահմանի, մարտիմեկյան օրերի մասին ֆեյսբուքի'ց չեն լսել, այլ իրականում են տեսել շատ մեծ խնդիր ունեն, որը էդ ամենը նկարագրելու ցանկությունն ա (երևի մի փոքր էլ պարտավորված զգալը): Նկարագրությունները, միջավայրը, բանակային ժարգոնը ու մնացածը շատ անգամ շեղում են հիմնական ասելիքից: Երկրորդականը առաջնայինից չի տարբերվում ու ամենինչ մի տեսակ լղոզված ա ստացվում: Երևի խնդիրը պատկերների բացակայությունն ա (մի քանի հայտնի բացառություններով) որ ստիպում ա վերարտադրել իրականությունը բոլոր դետալներով, ճշգրտորեն՝ գետնատնակը մագնիտաֆոնով, հոտերով, երաժշտությամբ:

    ОтветитьУдалить