29.02.2012

Կատյա Գրիգորյան «Քառորդ ժամ»

Բայց ես որոշել էի բաց չթողնել գարնան առաջին օրը...
 Նա ձեռքը սեղանին զարկեց ու պատառաքաղը դանակի հետ հայտնվեց գետնին...նա առհասարակ ձեռքը սեղաններին զարկելու սովորություն չուներ...աչքերս մի պահ կանգ առան նրա հայացքի մեջ...կարծեմ այդ պահին համաձայնություն կար աչքերիս մեջ...նոր էր ճաշել, ճաշելուց հետո էլ սովորություն ուներ մի քառորդ ժամ մեկնվել ու հանգստանալ...ես վստահ էի, որ նա ճիշտ է ու ավելի քան վստահ էի, որ համաձայն եմ նրա հետ: Էդպես համոզված կամ ինքս ինձ համոզելով հավաքեցի սեղանին մնացած եղած չեղածը..      Համոզվածությունս  քննության չենթարկելու համար սկսեցի ինձ զբաղեցնել...բացեցի ծորակը, պարզվեց լվանալու ոչինչ չեմ թողել. աղբի հետ ամաններն էլ գցել եմ աղբամանը...փակեցի ծորակը: Նա ինձ ասում է, որ գոնե այսօր պետք է խելամիտ լինել, իսկ ես չգիտեմ ինչու հենց այսօր ուզում եմ փախչել տնից, ստորաբար,,, այս վերջին միտքը մտածում էի արդեն երթուղայինում: ես ընդամենը քառորդ ժամ ունեի համոզվելու համար, թե այսօր մեզանից ով էր խելամիտը...նա առանց զարթուցիչի էր քնում՝ ուղիղ քառորդ ժամ...

  Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդիկ կային...մարդի՞կ, բոլորս այնտեղ էինք, նույնիսկ դու , որ երբեք այնտեղ չէիր եղել. այդ օրը քեզ մտովի քարշ տվեցի ինձ հետ, հենց այդ օրը, երբ ձեռքդ զարկեցիր սեղանին, ու երկուսս էլ համոզված էինք որ իրավունք ունես, որովհետև...դու միշտ էլ գիտեիր, որ «այս ամենը խաղ է», ես քեզ բերել էի մտովի ինձ հետ որ արդարացնեմ փախո՞ւստս..Ներիր , մի գուցե և «այս ամենը խաղ է» , բայց ես խաղալու ու խաղարկվելու մեջ իմ ընտրությունն արել էի..
   Եվրոպական դեսպանատների առաջ իրականությունը բացել էր իր տեսահորիզոնը...նստեցի պատվանդանի ետնամասում..մի ձայն բարձրախոսով հայտնում է. «Քառորդ ժամից...»,- նրա ձայնը խլանում է, ոչինչ չեմ լսում, ես լսում եմ կողքիս նստած մի տղամարդու, որն ի՛նձ չի պատմում, ես ուժ չունեմ նման պատմություններ լսելու, ընկերներին է պատմում .«թշնամին որ թշնամի ա , արա, փախնելու տեղ ա տալիս.:  Կալցո արին ու տվին -սպանին...արա. ..... .. ...... ..»..մի պահ ուզեցի  վեր կենալ, տեղս փոխել, գոնե հայհոյանքները չլսելու համար, բայց գլուխս բարձրացրեցի թե չէ, հասկացա, որ էլ գնալու տեղ չկա..հրապարակը լիքն է նման մարդկանցով. լղոզված ու արնաշաղախ դեմքեր, աչքեր, կոտրված գլուխներ, կապված ձեռքեր...չգիտեմ ինչու հիշեցի քեզ, քառորդ ժամն անցել է, ուրախ էի, որ տանն ես, բայց մոռացա գոնե  գետնին ընկած պատառաքաղն ու դանակը հետս բերել...ասում են երեկ զենք զինամթերք , ական ու չգիտեմինչական է եղել վրանում խաղաղ քնած ժողովրդի մոտ..բա ես անզեն ո՞նց եմ նստել էստեղ, գոնե դանակն ու պատառաքաղն ինձ հետ բերեի...բերեի , որ ի՞նչ անեի,  էստեղ հա՞ց են բաժանում...մի անգամ ինձ ասացիր «այդ ամենը խաղ է» էնտեղ նույնիսկ սնունդ են բաժանում մարդկանց պահելու համար»...Գիտե՞ս, ամեն օր Ազատության Հրապարակում կանգնած լինելով մի անգամ գոնե էդ սնունդի հոտը քիթս չընկավ, թեև հացադուլի հոտ էլ չէր գալիս հրապարակից ու ինչ մեղք, եթե մարդիկ վրաններում քո լսած զենքի փոխարեն սնունդ էին ստանում..
   ... մի քառորդ ժամ անց ես արդեն մի քանի հայհոյանք սովորել էի ու մտքումս մեխանիկորեն կրկնում էի դրանք, կրկնում էի հասցեագրված...«Քառորդ ժամից..».-հայտնում է մի ձայն  հարթակից, այսինքն , էլ ի՞նչ հարթակ .պատվանդանի վրայից, «քառորդ ժամից...» ձայնը խլանում է, չեմ լսում թե ինչ է ասում, որովհետև «գլուխկոտրուկ» դարձած մի ամբողջ ազգ սկսում է վանկարկել...դադարում եմ մտքումս հայհոյել..սիրտս այդ վանկարկումից սկսում է աշխատել...վեր եմ կացել. փնտրում եմ ընկերներիս, բայց դա սկզբում էր, հետո մոռացա նրանց ու ուղղակի ճեղքելով մտա մարդկանց մեջ, ուրիշ մի բան էի փնտրում...ինչպես պատմեմ քեզ , թե ինչ էի փնտրում, երբ ոչ մի անգամ չեղար նրանց մեջ. դու գիտե՞ս թե ինչ ուժ ունի արդարության հաղթանակի Կամքը, գիտե՞ս, թե ինչ մթնոլորտ կա երկու, հինգ, տասը, քսան համախոհների կազմած շրջանի կենտրոնում..ես հենց այդ ուժն էի փնտրում ու այն խաղաղությունը, որը մինչ այս առավո կար այս մարդկանց դիմագծերում. կարծես նույն մարդիկ չեն.. մարդկանց ջղաձիգ դեմքերի ու հայացքների մեջ գտա  ընկերներիս...ուզում էի ինչ-որ բան հարցնել, բայց քայլել քայլելով ու տարբեր մարդկանց մեջ կանգ առնելով այնքան բան էի լսել, որ հարցնելու ոչինչ չէր մնացել...
   երդվում եմ, ամեն ինչ կարող էր և այլ կերպ դասավորվել, բայց ամեն ինչ ընթանում էր անկախ իմ կամքից այնպես, որ ես ամեն վայրկյան հիշեմ, թե ինչպես ձեռքդ անզորությունից սեղանին զարկեցիր...շարժվում ենք Լեոի փողոցի ուղղությամբ: Ներսում , մարդկանց մեջ, ԱՊԱՀՈՎ է, նույնիսկ չես էլ երևակայում, թե իրականություն է այն, որ  հայոց բանակը գեներալներով ու զինվորներով շղթա է կազմել սեփական ժողովրդի շուրջ: Մութ է, ու դրանից օդում պայթող , չգիտեմ, թե ինչ է դրա անունը...ազդանշա՞ն...ազդանշան ինչի՞., դրանց պայթյուններն արդեն այնքան վախեցնող էին, որ ես ստիպված եղա ամեն ինչ արհամարհել ու առաջին հերթին արհամարհել վախս, որովհետև ինչ-որ պահից կար արդեն «մենք ու նրանք»-ը: Նրանք հոծ շարքերով կիսեցին մեզ Մjասնիկյանի արձանի մոտ միասնական ու ապահով կանգնած մարդկանցից...Մենք փողոցի մի կողմում էինք ու չգիտեմ, թե ինչի էինք սպասում,  իսկ նրանք մյուս կողմում սպասոմ էին հրամանի. «Գրո՛հ»  երևի, կամ« հարձակվե՛լ», կամ «առա՛ջ », կամ «ոչնչացնե՛լ թշնամուն», կամ....ինքներդ մտածեք , ինչ հրաման կարող էր ստիպել հայ զինվորին  ինձ այդպես անխնա ոտատակ տալ, ես միամտաբար մինչև վերջ հավատում էի. սրանք պարսկական փղեր չեն, մարդիկ են ինձ պես, ես էլ ավարայրի դաշտում չեմ, Լեոյի խաչմերուկում եմ կանգնած ու չեն կարող նրանք ինձ գետնով տալ...ես պարզ տեսնում էի անհասկանալի տեսք ունեցող ինչ-որ զանգված մոտենում էր մեզ..միամտությանս, չէ՝ հիմարությանս համար, իհա՛րկե հատուցեցի, կարծես քիչ առաջ պատվանդանի մոտ այտուցված, ճղված ու այլանդակված դեմքով մարդկանց  ես չէ, որ տեսել էի, կարծես ես չէի , որ լսում էի նրանց պատմած պատմությունը...վազելու համար ուշ կողմնորոշվեցի..տեսադաշտումս ընկերուհիս էր, որին գետնին գցեցին.. դա վերջին բանն էր, որ այդ պահի տեսա, ոտատակի տակ գլուխս ձեռքերիս մեջ առա ու փակեցի աչքերս հենց այն պահին, երբ նրանցից մեկն ասաց «տո՛ւր դրան»...տվեց՝ չխնայեց, ինչպես ասում են...այս ամենը  տևեց երևի քառորդ ժամ միայն, մինչ նրանք քայլեցին մեր վրայից, հետո մի երրորդ կամ չորրորդ ձեռք ինձ քարշ տվեց շարքից դուրս ու թողեց պատի տակ, արյունը լցվեց բերանս, աչքերս բացեցի, ինչ-որ մուտքի առաջ էլի նկատեցի ընկերուհուս, բայց կորցրեցի նրան էլ, կողմնորոշվելու ունակություններս էլ...թե որտեղ էի, ու ինչ ուղղությամբ էի քայլում արդեն հասկանալ չէի կարող., փախչելու ցանկությունը կորել էր. ինձ տեսնողը հազիվ թե մի անգամ էլ հարվածելու ցանկություն ունենար, լացս կոտրում էի կոկորդումս...կոկորդումս արյունի համ կար...մայթից աչքերիս մեջ շաղվում էին փողոցի պատկերները.արդեն անզուսպ լաց եղա, որովհետև մենակ մնացի. փողոցում  զինվորները մահակները թիթեղներին խփելով հետապնդում էին մարդկանց, կամ մի գուցե արդեն ուղեկցում...կրակահերթ..մի շենքից դալան կար բացված. անցա դալանով ու թակեցի առաջին պատահած դուռը. բացեցին...այդ տունը լիքն էր մարդկանցով. մերոնք էին...
  ....հավատացնում եմ, այս ամենը տևեց մի կարճ քնի չափ, ընդամենը քառորդ ժամում այլանդակեցին դեմքս , մեջքիս մաշկը հարվածից պայթել ու բացվել էր: Հայելում սրբեցի քթիցս հոսող արյունը, արդեն լաց չէի լինում.. Հեռուստացույց էր միացված այդ անծանոթ տանը, հեռուստացույցից շատ ծանոթ մի ծամածռություն պատմում էր ինչ-որ բան, իսկ թե ինչ էր կատարվում հիմա Մjասնիկյանի արձանի մոտ, ես գաղափար անգամ չունեի ու վախենում էի պատկերացնել...պարզվեց. ապահով է այնտեղ, որտեղ մերոնք շատ են...Հեռախոսս զանգեց. արդեն բավական քառորդ ժամեր էին անցել նրա արթնանալուց..ես չպատասխանեցի, դա 12-րդ զանգն էր, նախորդ տասնմեկ զանգերը չէի լսել, այս մեկն էլ.  չլսելու տվեցի...երդվում եմ. նույնիսկ այն պահին, երբ այդ  նույն տանը ոտքից վիրավոր ու արնաշաղախ մի զինվորի բերեցին պատգարակի վրա, նույնիսկ այդ պահին ես քառորդ վայրկյան անգամ չմեղադրեցի քեզ հետկեսօրյա քո խաղաղ քնի համար: Գիտե՞ս, ինձ այս ամենն իսկապես մի պահ խաղ թվաց, երբ դրսի դուռը բացվեց ու ներս մտան երկու տղամարդ. նրանք արագ մոտեցան գետնին դրված պատգարակին, տղամարդկանցից մեկը խոնարհվեց զինվորի վրա, մյուսը՝ իմ ...նստած էի հատակին, պատգարակի կողքին. - «Այ պոռնի՞կ, դու խի ես գույնդ գցե, բա էդքան աղջիկ ես հել դուս»: Լացս վերսկսվեց այս անգամ ավելի ահավոր. չիտես ինչու ընդունեցի պոռնիկ լինելս ու պատգարակի առաջ նստած մեղադրում էի ինձ: Մեզ տուն ընդունած մորը մի երկու քաղցր խոսք ասելուց հետո  ստիպեց նրան մեզ բոլորիս դուրս ուղարկել..  Քառորդ ժամ էլ չմնացինք երևի այդ տանը, բոլորս դուրս եկանք:
  Դալանի տակ մարդիկ կային հավաքված, նրանց մեջ մի ծանող դեմք գտա, մի ուսանող ընկերուհի..լուռ կանգնցինք նրանց մեջ երևի երեք  քառորդ ժամ անցավ. ու հանկարծ. ավետիս... մի ձայն ասում է. « միլիցեն ՄԵՐ կողմն ա անցե, էդ բոզի տղերքի վերջն եկավ...» քիչ էր մնում հավատայի, որովհետև տեսնում էի  դալանի առջևից անց ու դարձ անող այլայլված դեմքերով ոստիկաններին, ովքեր հորդորում էին մեզ տուն մտնել...«Միլիցեն ՄԵՐ կողմն ա անցել», շրջեցի դեմքս ձայնի ուղղությամբ, քիչ առաջ նա էր, որ ասաց «Այ պոռի՞կ, էս դու խի ես գույնդ գցե...» օրեր հետո պետք է տեսնեի նույն դեմքը հեռուստացույցով. խանութի ապակիներ կոտրելիս... պատվանդանի վրա անգիր արած հայհոյանքներս հենց հիմա էլ հիշում եմ, բայց այդ պահին ոչինչ չասացի...
  Մեջքս սարսափելի այրվում էր...էդ ցավից էլ հիշեցի ընկերուհուս, որին վերջին անգամ տեսա ինչ -որ մուտքի մոտ. զահգահարեցի, գտա. դիմացի շենքում է, իսկ սա նշանակում է որ մենք պետք է փողոց անցնեինք, իսկ փողոց անցնելու համար այդ օրն իսկապես քաջություն էր պետք, պարզապես ես, Տիրոջ հովանավորությամբ, այդ մասին դեռ չէի գիտակցել...
  փողոցի մեջտեղում լսեցինք ոստիկանական հրահանգը...«վազքո՛վ, մտի  շենք ու չշարժվես»...այրվող ավտոբուսի ու ջարդուխուրդ եղած մեքենաների կողմից էր ձայնը...դա երևի քառորդ վայրկյան էլ չտևեց. ես մեխանիկորեն դարձրեցի գլուխս ձայնի ուղղությամբ..ես կարող էի ինձ համոզել, թե այդ օրն իսկապես անձրև էր եկել ու այրվող ավտոբուսի բոցերի մեջ , ասֆալտին ոչ թե արյան փոքր կուտակումներ, այլ պարզ, անձրևային ջրափոսեր էի տեսնում, իսկ հոտը. տարօրինակ ծանր հոտ կար , օդում էլ, ասֆալտին էլ. ամենուր ու դա  նման չէր անձրևիցհետոյի երանելի մաքուր օդին..Ոստիկանական հրահանգն ու տեսածս ինձ շփոթմունքի մեջ գցեց..կանգ առա փողոցի կենտրոնում, արդեն չէի հիշում, թե որ կողմից ուր էի անցնում..օդային կրակոց արձակվեց ու կատաղի կրկնվեց հրահանգը...ուսանող ընկերուհիս քարշ տվեց ինձ արդեն չգիտեմ, թե որ ուղղությամբ ու պատսպարվեցինք շենքի մուտքերից մեկում.. Դռներից մեկի վրա գտա այն ազգանունը, որ ընկերուհիս ասաց ինձ հեռախոսով. սեղմեցինք զանգի կոճակը, ճիշտ տեղում էինք...Բժիշկը վիրակապում էր նրա մոր գլխի խոր բացվածքը, որին մայրն արժանացել էր զինվորներին, սեփական ժողովրդի դեմ զենք չգործածելու, հորդորների համար: Լուռ էինք, բժիշկն առաջին բուժօգնությունն էր ցույց տալիս նրան. համարձակություն չունեի ասելու, թե մեջքիս արյունը ներծծվում է արդեն վերարկուիս մեջ...լուռ նստեցի...երդվում եմ , նույնիսկ քառորդ վայրկյան չէի մեղադրում քեզ այդ ցավի համար: Մինչ հետճաշյա քունդ ինձ զգուշացրել էիր այս Խաղի հետևանքների մասին.հանգամանորեն...

 ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է.
Մի քեռի ինձ  տուն հասցրեց, ընկերուհուս ու նրա մորն էլ. հիվանդանոց տարավ, թե՞ հակառակը, արդեն չեմ հիշում...այո՛, կարծես , թե հակառակը, որովհետև դեպի հիվանդանոց ճանապարհին մտածում էի. ասել, թե չասել ...հետո որոշեցի չասել, որոշեցի որ ինքդ կարող ես վիրակապել մեջքս..

---
 Նրան այս ամենը քառորդ ժամում պատմեցի, որպես կեսօրվա հետճաշի երազ...դանակն ու պատառաքաղը դեռ գետնին էին...նա չսպառնաց ինձ դրանցով կտոր-կտոր անել,  համաձայնեք, որ ուներ դրա իրավունքը...ու այդ իրավունքի առաջ էլ լռեցի...Նրա ասածը շատ չտարբերվեց դալանի շենքում այն կնոջ տղայի ասածից...նույնիսկ բոլորովին չտարբերվեց...մենք պարզապես տարբեր էինք, դրա համար էլ նախընտրեցի լռել ու դուրս գնալ...
  Իմ ուսանողական սենյակի դարակներիցս մեկում գտա բինտն էլ, մաքուր շապիկն էլ...քանի քառորդ ժամ էր անցել այս ամենից .հաշիվը կորցրել էի. հեռուստացույցն ուշացած հաղորդեց.
   «Արտակարգ Իրավիճակ»...

Հ.Գ. Չորրորդ գարունն է. շնորհակալ եմ, որ խնամեցիր ինձ  արտակարգ դրության 20 և ավելի օրերին.. հուսամ ներել ես ինձ համառությունս, գիտե՞ս..ես համառորեն տեսածս ներել չեմ կարողանում..ու չեմ հաշտվելու: ես դեռ ունեմ իմ մեջ այն ուժը, որ կոչվում էր արդարության հաղթանակի կամք..ու դեռ չեմ պարտվել իմ Ո՛չ մի պայքարում...

Комментариев нет:

Отправить комментарий