11.02.2012

Գայանե Բաբայան «Էլ մեզ իր մեջ կրողը չկա »


Ահա 5 տարի է, որ մենք չենք տեսնում Հրանտ Մաթեւոսյանի դեմքը, չենք որսում պահը, որ մի խոսք ասենք նրան` ցանկացած, որովհետեւ կարեւորը այն զգացողությունն էր, որ մենք խոսում ենք Հրանտի հետ, իսկ նա գիտեր այն հայացքները, որոնք սիրահարվածի էին, ու հետագայում ինքն էլ, երբ գրողների միության միջանցքում հանդիպում էր, բարեւում էր Հրանտավարի` «ա-հա, բա-րեւ, ո՞նց ես» ու հետո ծուռ սուլելով գնում-գալիս էր միջանցքում...

Նրա մահվանից հետո բազմաթիվ «հիշատակի խոսքերից» հիշում եմ Արտակ Մաթեւոսյանի` Հրանտի եղբոր տղայի գրածը: Հրանտ հոպարիս «Այլեւս թվում է ոչ մերը, մեզնից, իր հողից հեռու, մեծ աշխարհի իր անկյունից, այսինքն` ինքն իրենից դուրս, խորթ մի Ծմակուտ, Հոպարիս օտար, ուրիշ մի կյանք ճամփու դրեցինք` անունը թեկուզ Վերնատուն: Զանգը գուժեց ուսուցչի մահը: Խոսքը կիսատ մնաց: Վզներս ծուռ թողեց. էլ սանձը պահող չկա: Մահը երկրի տիրոջը տեղահան արեց. մոխրի միջի կրակը հանգավ: Ցուրտ է: ` որբացանք: Հիմա ես որտեղ փնտրեմ Հոպարիս: Իմ մեջ: Իմ հետ»: Հետո Հրանտ Մաթեւոսյանին միայն իր գրքերում փնտրեցինք, եւ իբրեւ բողոք այն բանի, որ նա չկա, այլեւս չերեւացինք այն տեղերում, որտեղ ինքն էր լինում, եւ նաեւ մի քիչ փնտրեցինք նրան իմացողներ` Հրանտին լավ իմացողներ, որ խոսենք ու պարծենանք, որ խոսենք ու գոհանանք...
1999թ. հոկտեմբերի 27-ին հաջորդած օրն էր, ես գրողների միությունում էի` տպելու բան էի տարել, եւ տեսա, որ Հրանտի մոտ էին եկել բազմաթիվ լրագրողներ, այդ սպանդի պատասխանը նրանից իմանալու, հարցնելու, թե հայը հային ինչու՞ մորթեց: Եւ Հրանտն էլ` ջղաձիգ, ցավահար դեմքով պատասխանում էր լրագրողների հարցերին, կարծեմ այդ պատասխաններից մեկը «թուրքից էլ թուրք ենք»-ն է եղել... հիմա ու՞մ մոտ են գնում, ո՞ր մտավորականին են զանգում, երկրի աղետների, սպանությունների ու համատարած ստի մասին հարցերը ու՞մ են տալիս, եւ ո՞վ պետք է լինի, որ իրեն մեղավոր զգա երկրում կատարվող ոճիրների համար: Շատերն ասում են, որ պետք չէր, որ Հրանտ Մաթեւոսյանը գրողների միության նախագահ դառնար, ասում են` նա կգրեր, այդ պարտականությունները ստանձնելու փոխարեն: Ես կարծում եմ, որ պետք էր եւ երջանկություն էր նրանց համար, ովքեր հնարավորություն ունեցան շփվելու նրա հետ, իսկ նրա տեղը սովորել ու գալիս էին ոչ միայն գրողները, այլեւ... ժողովուրդ, մայրեր` բազմազավակ, բազմաթիվ խնդիրներից խելագարվածներ, միայնակներ... Հրանտը շատ սովալլուկ երեխաների է իրենց մայրերի հետ Ծաղկաձորի հանգստյան տուն ուղարկել, այդ երեխաները լողացել են տաք ջրով, միս են կերել... միայն այդ երեխաների ապահով այդ մի քանի օրվա համար արժեր, որ Հրանտը գրողների միության նախագահ լիներ, էլ չեմ ասում այն գրողների համար, որոնք գրականություն ստեղծող էին, մաֆիա չէին ու մենակ էին` իրենց բազմաթիվ խնդիրների հետ: Հրանտը կարողանում էր անտուններին մի անկյուն դասավորել եւ հիվանդներին բուժման ուղարկել, որովհետեւ այն ժամանակվա իշխանությունը Հրանտ հարգելու, մեծ գրող պահելու հասկացողություն ուներ` լսում էր նրան, ու մեկ-մեկ, ինձ թվում է հիմա, որ Հրանտը գնաց, որովհետեւ այս իշխանությունները ոչ մեծություն հարգող, ոչ Հրանտ ընդունող, ոչ ճշմարտության հետ որեւէ աղերս ունեցող...են: Հրանտից հետո եկավ իսպառ կեղծիքի Հայաստանը, ուր ընդունված է դիմակը, դիմակ` հայրենասերի, դիմակ` գրողի, դիմակ` ընդդիմադիրի, դիմակ` մարդու... Նրանք, ովքեր իրենց կյանքում կարողացել են Հրանտի արձակը պեղել` արդեն այնպիսի մի գանձի տեր են, որ իրենք էլ են հասկանում, որ այլեւս նյութական ինչ-որ գանձերի հույսը չպիտի ունենան, ու չի էլ տրվելու, եթե իսկականն են, այդ պեղածները իրենք իրենց Հրանտի գործերից մեկում գտած, իրենց ծանոթներին գտած, մնացած կյանքում իրենց այդ հերոսների հետ համեմատելու վիճակի մեջ են, իսկ ով շփվել է Հրանտի հետ, խոսել-զրուցել է, այդ հուշերը ունի իր մեջ: Երբ Հրանտը ողջ էր, մարդիկ իրենց կյանքն ու դժբախտությունները Հրանտին պատմելով` նրան մասնակից էին դարձնում իրենց կյանքին, մտնում էին նրա մեջ, իրենց կյանքը հանձնում էին նրան, ու գոնե այդ օրը թեթեւացած, շվշվացնելով դուրս էին գալիս փողոց, որովհետեւ իրենց դարդին տեր էին գտել, իրենց ճակատագիրն արդեն անտեր չէր, Հրանտի պես վկա ուներ... Մենք` նրանք, ովքեր գյուղացի ու որոնող են, եղան Նրա կերպարները` սկսած Արայիկ տղայից, եթե չհասկացված կին էին (եթե չասեմ` ծեծված անցյալով), եղան Աղուն, հետո եղանք Սաթիկ գոմշուհի, անտղամարդ ետպատերազմյան այն ժամանակներում մի մեղք կատարած Շուշան...հերթով եղանք նրա բոլոր հերոսները ու հասկացանք, որ նա մեր գրողն է, եւ մեր կյանքը նրան պիտի պահ տանք... Հատված Հրանտ Մաթեւոսյանի` Հովիկ Վարդումյանին տված հարցազրույցից. «...Ահա...Ահա այդպես...Մի օր ես բանաստեղծ դառա...Մի օր, ես գիտեմ, որ իսկապես մի օր ես բանաստեղծ դառա: Վահագնաձորում, Շահալլվի ձորում...Սովետներից առաջ ուրիշ անուն է ունեցել էդ ձորը, որու Թումանյանը պարծենում էր, թե էդ տեղերով թշնամին չպիտի անցնի: Շահալլվի ձորն էր, էն նեղ կիրճը ...Էնտեղ...Արթնացել եմ գնացքի մեջ: Առավոտվա ժամն էր: Դեմի անտառով, երբ էստեղից գնում ես, աջ թեւով, անտառի մեջ, ամպերը դանդա~ղ, ձորն ի վե~ր, լանջերն ի վե~ր բարձրանում էին: Ես գիտեմ, որ էդ օրն եմ անպայման բանաստեղծ դառել: Էդ օրն եմ լիցքավորվել, լցվել...»: 
  
Արտատպված է 1in.am կայքից

Комментариев нет:

Отправить комментарий