Կատուն մկան ծառա. Եգիպտոս, մ.թ.ա II հազարամյակ |
Ռեպրեսիվ մշակույթներում փոքր կրծողների` հատկապես մկների նկատմամբ, վախը, զզվանքն ու արհամարհանքն առավել վառ են արտահայտված: Այս առումով ժամանակակից աշխարհում մշակույթի ազատականության յուրատեսակ չափորոշիչ է դարձել մուկը` որպես կերպար: Արեւելյան մշակույթներում (տես օրինակ Հինդումուկիա) անհիշելի ժամանակներից առայսօր մուկը կարեւոր դերակատարում ունեցող կենդանի է: Ցավոք, Արեւտմյան եւ քրիստոնեական մշակույթը դարեր շարունակ առավելապես հակամկնային դիրք է գրավել:
Կատվի թաղումը. Ռուսաստան,1760 թ. |
Աստվածաշնչում Մովսեսն այս կենդանուն անմաքուրների դասին է կարգել` չնայած հրեաները մեծ ախորժակով ուտում էին նրանց, ինչի համար արժանացել են Եսայի մարգարեի ամոթանքին: Նպատակ չունենալով վերլուծել մկան կերպարը համաշխարհային կրոնների եւ առասպելաբանության մեջ, նշենք սակայն, որ 20-րդ դարը բեկումնային էր նաեւ մարդկության կողմից մկների պատմական արժեւորման տեսակետից, երբ հատկապես Արեւմտյան մշակույթներում հիրավի վերարժեւորվեց այս տեսակի նկատմամբ վերաբերմունքը:
Մկնառնետային հարսանիք, Չինաստան 16-րդ դար |
Համաշխարհային գեղարվեստական միտքը վաղուց է ազատվել մուսոֆոբիկ հակումներից: Սթեյնբեքի հայտնի վիպակում` “Մարդկանց եւ մկների մասին” ճշմարտությունն է բարձրաձայնվում. մկները մեր սիրո զոհերն են: Կաֆկայի հերոսուհի Ժոզեֆինան երգարվեստով ապրեցնում է իր մուկ ժողովրդին: Դենիել Կիզը ծաղիկներով է զարդարումը Ալջերնոնի` մարդու լավագույն բարեկամ, հազար մարդուց էլ խելոք նահատակ մկնիկի գերեզմանը (Ծաղիկներ Ալջերոնին. պատմվածք Դենիել Կիզ, 1959թ.): Մայքլ Հոուքի “Հերմաս Տանտամոքի արկածները” դետեկտիվ վիպաշարում ժամագործ մկնիկ Հերմասն ի զորու է դուրս գալ ամենախճճված իրավիճակներից եւ դա անում է Շերլոք Հալմսից էլ լավ: Սթիվեն Քինգի “ Կանաչ մղոնում” բանտախցում ապրող մուկը չմեռնող ազատության փոքրիկ խորհրդանիշն է, որ սատկում ու վերստին հարությունն է առնում: Բանտախցում ապրող մուկը ազատ էակ է, շնորհիվ իր չափսերի նա կարողանում է ազատ ելումուտ անել: Բանտում ապրող ազատատենչ մկնիկի կերպարը հաճախ է հանդիպում համաշխարհային գեղարվեստական մտքի պատմության մեջ (հիշեք թեկուզ “ Կոմս Մոնտե Քրիստոյի որդին”): Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Հետեւողական վերհիշելու պարագայում մկների մի ամբողջ լեգեոն է հառնում համաշխարհային արվեստին քիչ թե շատ ծանոթ ամեն մարդու առջեւ: Մկներ, որոնք ինքնամոռաց նվիրումով, իրենց վարժեցրած տերերի կամոք` ոսկի, կամ թանկարժեք քարեր են դիզում նրանց համար, ներկայացումներ են տալիս ու քնած բանտապանից բանալիներ են գողանում:
Լենինը, Միքին եւ Հիսուսը. ԱՄՆ, 20-րդ դար |
Մկները վխտում են ոչ միայն գրական ստեղծագործությունների էջերում, այլ գրավել են նաեւ էկրանը եւ այնտեղից էլ են մեզ աչքով անում: Ամերիկյան կենսուրախ “հզոր” մկնիկ Միքին վաղուց դարձել է յուրատեսակ ազգային հերոս: Լիթլ Սթյուարտը մարդկանց հետ հավասար` ընտանիքի լիիրավ անդամ է: Մկնիկ Ռատատույի խոհարարական գլուխգործոցները շոյում են անգամ ամենքհամաճ գուրմանի քիմքը. նա կերակրում է մարդկանց: Լեգենդար մկնակերպար Ջերին իր պայքարունակության, կենսուրախության եւ ճարպկության շնորհիվ Թոմ կատվի հետ անվերջանալի հակամարտություններից մշտապես հաղթող է դուրս գալիս: Նա մարմնավորում է փոքրի հաղթանակը մեծի նկատմամբ. սա անչափ ուսանելի կերպար է փոքր ազգերի համար: Ի վերջո, անգամ խորհրդային անիմացիայում քաղաքային խուլիգաններ, այլ կերպ ասած, քուչի լավ մուկ տղեք Բելին ու Սեռին ավելի հետաքրքիր էին, քան Լեոպոլդ “ինծիլիգենտ” կատուն:
Մեր ռազմավարական բարեկամ ռուսները վաղուց են բռնել մկնարժեվորման ճշմարիտ ուղին. հիշենք թեկուզ Միշկին քաղաքում գործող իր տեսակի մեջ աշխարհում միակ մկնային թանգարանը: Իհարկե այս հաջողությունների համար դարերով հող է նախապատրաստվել. մանկուց մեզ քաջածանոթ ռուսական հեքիաթներում առանց մկների միջամտության գործը գլուխ չի գալիս` “Պապն ու շաղգամը”, “Չալ հավիկը”:
Առաջադեմ մարդկությունն այսօր վերջապես սթափվել ու կարողանում է ըստ արժանվույն գնահատել մեր փոքրիկ նվիրյալներին:
Կես հատիկ մկան բաժին ցորենն ու գարին ափսոսացող հայերն այն ժողովրդներից են, որոնք այդպես էլ չգիտակցեցին իրենց մեղավորությունն այս տեսակի նկատմամբ: Մենք տներից չվերացրեցին միջնադարյան կտտանքի գործիքներ թակարդները եւ շարունակում ենք պատերի եւ հատակի անցքերը լցնել փշրված ապակով: Դարեր շարունակ թուրքերի, պարսիկների, մոնղոլների եւ այլ նվաճողների հալածանքներից ճնշված հայ ժողովուրդը լիցքաթափվել է` իր ագրեսիան տեղափոխելով փոքր ու անպաշտպան էակների վրա: Առայսօր ոչինչ այդքան չի զվարճացնում հայ գյուղացուն, ինչպես ճանճասպանի մի հարվածով սատկացված ճանճն ու թակարդն ընկած մուկը: Ժամանակն է, որ մենք` հայերս, խոստովանենք, որ խնդիրներ ունենք այս տեսակի հետ:
Այսօր, երբ մեր պատմության վերաիմաստավորման պահանջն առավել արդիական է, ի թիվս այլ խնդիրների առաջ է գալիս նաեւ հայոց մկնային ուղու մութ էջերի վերանայման անհրաժեշտությունը:
Բավական է տեսնել, թե ինչպիսին են հայ գրական մտքի ստեղծած մկները եւ ամեն ինչ հասկանալի է դառնում: Խնկո Ապոր Մկստանում հավաքվածները չեն գտնում իրենց մեջ զանգ կախելու համարձակությունը. նույնիսկ կաղ ձեւացող Չալոն իր կիսատ ես-ի փրկությունն առավել թանկ է գնահատում, քան համընդհանուր անվտանգություն ապահովող “Զանգ” ռազմա-քաղաքական հիանալի նախագծի իրագործումը: Թումանյանի “Մուկիկի մահը” բալադում մուկիկը դառնում է “գործող անձ” միայն մեռնելուց հետո` “գնա մեռի, արի սիրեմ” ավանդույթի վերածված վատ հայկական սովորույթի ուժով:Դերենիկ Դեմիրճյանի հայտնի հեքիաթում կենսուրախ հեդոնիստ Պույպույը ինքնամոռաց տրվում է երկրային վայելքներին. իր դժբախտությունը չտեսությունն է, բայց նա կոկոսի մեջ, ըստ էության, քրիստոնեաբար ապաշխարում է ` քանդելով մկների շուրջ հյուսված անմեղսունակության միֆը: Սա խորապես կրոնական կերպար է: Ըստ արժանվույն գնահատելով Դեմրճյանի անուրանալի ներդրումը հայալեզու մկագրության պատմության մեջ`հարկ է նշել, որ Պույպույը հայ մուկ չէր: Սարոյանի Արշակ անունով հայ մուկը, թերեւս միակ դրական կերպարն է, որի մասին կարելի է առանց երկմտանքի ասել` սփյուռքահայ ազգային գրական հերոս:
Անխոս, իրավիճակը մտահոգիչ է: Հերթական անգամ մենք կորցնում ենք հայ մշակույթի ազատականացման պատմական հնարավորությունը: Կոչ ենք անում բոլոր գրողներին, մանկագրերին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, բոլոր նրանց, ովքեր կերպար են ստեղծում, կարծիք են ձեւավորում, մտածողություն են փոխում, ակտիվորեն անդրադառնալ մկների թեմային: Մենք պատրաստ ենք ձեզ սատարել: Հուսով ենք, որ մեր իմաստուն ժողովրդի ստեղծարար հատվածն առաջիկայում կդրսեւորի համարձակություն եւ կմիանա մեր սկսած գործին` իր ստեղծագործություններով ներողություն խնդրելով բոլոր նահատակ հայ մկների ժառանգներից:
Բոլոր հայտերը ներկայացնել մուսոֆիլիայի ազգային ինստիտուտ
Комментариев нет:
Отправить комментарий